ԱՊԱԳԱՆ ԿԱԽՎԱԾ Է ՄԵԶ ՓՈԽԱՐԻՆԵԼՈՒ ԵԿՈՂ ՍԵՐՆԴԻՑ

Արցախի Հանրապետության կրթօջախներում, որպես բարի ավանդույթ, այս տարի ևս նոր ուսումնականի մեկնարկը տրվեց ԼՂՀ հռչակմանը նվիրված Անկախության դասով։

Ավանդույթ են դարձել նաև  Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ հանրապետության խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանի այցելությունները Արցախի մայր բուհ, որտեղ առաջին կուրսեցիների համար նա վարում է առաջին դասը։ Երեկ ԱրՊՀ-ում ՙԼՂՀ-ն 25 տարեկան է՚ խորագիրը կրող հերթական Անկախության դասը վարելու պատիվը դարձյալ (11-րդ անգամ) տրվեց ԼՂՀ  ԱԺ նախագահին։ 

Արցախի պետական համալսարանում նոր ուսումնականի մեկնարկը շնորհավորելու էր եկել նաև ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանը։ Իսկ յուրաքանչյուր հայրենասիրական դաս կամ միջոցառում համալսարանում սկսվում է Արցախի ազատության և անկախության համար իրենց կյանքը նվիրաբերած ուսանող-ազատամարտիկների հուշակոթողից. մայր բուհի պրոֆեսորադասախոսական կազմի ուղեկցությամբ հյուրերը ծաղիկներ դրեցին հուշաքարին՝ հարգանքի տուրք մատուցելով նահատակների հիշատակին։ԱրՊՀ  նիստերի դահլիճում կայացած դաս-միջոցառմանը Գիտելիքի օրվա կապակցությամբ ուսանողներին առաջինը շնորհավորեց ռեկտոր Մանուշ Մինասյանը։ Կարևորելով գիտելիքի դերը հասարակության կյանքում՝ նա նշեց, որ այն միշտ էլ եղել է ամենաթանկ ու պահանջված կապիտալը, որի շնորհիվ մարդկությունը պահպանել է իր դիմագիծը։ Յուրաքանչյուր սերունդ այն պարտավոր է փոխանցել հաջորդին՝ առանց խաթարելու և ավելի հարստացրած։ Այս առումով համալսարանը, ըստ ռեկտորի,  հպարտանալու տեղ ունի, քանզի արդեն չորս ու կես տասնյակ տարուց ավելի պատվով կատարում է այդ առաքելությունը։ 

Մայր բուհի առկա ուսուցման համակարգում միշտ էլ բարձր է եղել ընդունելության նշաձողը։ Մ. Մինասյանի խոսքով՝ այս տարի փորձել են հեռակա ուսուցման համակարգում ևս խստացնել պահանջները և որակ ապահովել։ Ռեկտորը վստահեցրեց, որ համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը պատրաստ է հավուր պատշաճի կատարել իր առաքելությունը՝ կրթել  ազատ ու անկախ երկրի արժանավայել քաղաքացիներ։ 

Սեպտեմբերյան իրարահաջորդ տոների կապակցությամբ շնորհավորելով ներկաներին՝ ԼՂՀ  ԱԺ  նախագահը կարևորեց ուսանողների դերը ոչ միայն կրթագիտական, այլև երկրի հասարակական-քաղաքական կյանքում։ Նրա հավաստմամբ՝ հանրապետության տնտեսության բոլոր բնագավառներում իր արժանի ներդրումն ունի Արցախի պետական համալսարանը, որն այդ առաքելությունն ստանձնել է դեռ Արցախյան շարժման սկզբնական տարիներին։ Ուստի լինել այնպիսի մի բարձրագույն ուսումնական հաստատության ուսանող, ինչպիսին ԱրՊՀ-ն է՝ մեծ պատիվ է, ասաց Աշոտ Ղուլյանը և հպարտությամբ նշեց իր՝ նույն համալսարանի շրջանավարտ լինելու փաստը։ 

Հաշվի առնելով, որ միջոցառմանը ներկա էր ՙԵվրոպական ազատ դաշինք՚-ի պատվիրակությունը՝ փոխնախագահ Լորենցո Օչոաի և գործադիր տնօրեն Գյունտեր Դաուենի գլխավորությամբ, Ա. Ղուլյանը ողջունեց նրանց՝ ասելով. ՙՆրանք մեր բարեկամներն են, և եկել են մեզ հետ միասին մեր տոնը նշելու։ Այս նպատակով այցելություններ դեռ շատ են լինելու, շատ պատվիրակություններ են գալու, քանզի ԼՂՀ  25-ամյա պատմությունը շատերի համար թերևս զարմանալի է ու լեգենդանման։ Բայց մենք հաղթահարել ենք այդ նշաձողը, անցել ենք այդ ճանապարհը, և սա շատ կարևոր հանգամանք  է ասելու, որ քառորդդարյա կենսագրություն ունեցող պետականությունն իր բոլոր ատրիբուտներով այսօր կարողացել է այնպես ներկայանալ աշխարհին, որ ոչ մեկը իրավական, քաղաքական առումով չի կարող թերացում գտնել մեր կատարած քայլերի մեջ՝ սկսած 1988-ից։ Մեր անկախ պետականության հռչակումը, քաղաքական ակտերն անթերի են և գալիս են լրացնելու, հաստատելու, որ մենք արդարացի ենք մեր պայքարում և այն կհասցնենք վերջնահաղթանակին՚։  

Կրթության և գիտության վերաբերյալ իր դիտարկումներն անելիս Աժ խոսնակն ուսանողներին խորհուրդ տվեց անմնացորդ ու շահավետ օգտագործել ուսումնառության տարիները։ ՙՄեր նպատակն է՝ հետ չմնալ աշխարհում տեղի ունեցող զարգացումներից, քանզի այսօր անհնար է Արցախում կազմակերպել գիտակրթական գործունեություն՝ կտրված լինելով տարածաշրջանային ու միջազգային գործընթացներից,- ասաց Ա. Ղուլյանը։- Այսօրվա երիտասարդությունը լայն հնարավորություններ ունի ոչ միայն լսարանում մատուցածը սովորելու, այլև գիտելիքների պաշարը լրացնելու համացանցի ու կողմնակի ուսումնական ձեռնարկների միջոցով։ Մեր երկրի միջազգայնորեն ճանաչումը դեռ առջևում է, և շատ բան կախված է մեզ փոխարինելու եկող սերնդից, նրանից, թե ինչքանով նա կլինի վճռական և հաստատուն այն նպատակների ու խնդիրների իրականացման մեջ, որ դրել ենք 1988-1991 թվականներին՚։   

Անդրադառնալով օրվա կարևոր թեմային՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձին ու դրա խորհրդին, օրենսդիր մարմնի ղեկավարը հակիրճ ներկայացրեց այն իրադարձություններն ու շարժառիթները, որոնք դրդեցին 1988-ին սկսած Շարժման՝ Հայաստանին վերամիավորվելու գաղափարը փոխել անկախ պետականություն ստեղծելու գաղափարով։ Ա. Ղուլյանի խոսքով՝ 1990թ. կեսերից ակնհայտ դարձավ, որ երկիրը, որն անսասան է թվացել և իր գոյությամբ ահ ու սարսափ է եղել մի շարք պետությունների համար՝ թերությունների պատճառով ճաքեր է տալիս։ Եվ այն թյուր կարծիքը, թե իբր ԼՂ-ն է եղել ԽՍՀՄ փլուզման պատճառը, չի համապատասխանում իրականությանը. խորհրդային պետությունը քանդվեց իր իսկ ղեկավարության վարած սխալ քաղաքականության արդյունքում։ ԽՍՀՄ կազմից դուրս եկած հանրապետություններից առաջիններից մեկը Ադրբեջանն էր, որը 1991թ. օգոստոսի 30-ին հայտարարեց իր անկախության մասին։ Այնժամ Արցախյան շարժման քաղաքական առաջնորդները կայացրին տվյալ ժամանակի համար թերևս միակ ճիշտ որոշումը՝ ԼՂՀ-ն հռչակելով ինքնուրույն պետական միավոր։ 

ՙՄենք անկախ պետականություն ենք հռչակել՝ մեր ազատությունը պաշտպանելու համար։ 1988-ին սկսված մեր ազգային-ազատագրական շարժումն արտահայտվել է 1991թ. սեպտեմբերի 2-ին ընտրած անկախության ճանապարհով, այն օրը, երբ Արցախն ստացավ իր ծննդյան վկայականը։ Մեր քաղաքական նպատակների մեջ ուրիշ ոչինչ չի փոխվել՚,- ասաց ԱԺ նախագահը՝ հավելելով, որ ներկայիս երիտասարդությունը պետք է տեղյակ լինի բոլոր մանրամասնություններին, որպեսզի կարողանա շարունակել անկախ Լեռնային Ղարաբաղի կենսագրությունը։ Այս հարցում խորհրդարանի ղեկավարը կասկած չունի, քանզի ապրիլյան քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ այսօրվա երիտասարդը պատրաստ է պաշտպանել իր երկիրը ավելի լավ, քան դա արել են ավագները 1990-ականներին։  

Ամփոփելով դասը՝ ԱԺ խոսնակը մի քանի կարևոր արձանագրումներ արեց. ՙԼՂՀ-ն հռչակելով՝ մենք մեր ինքնապաշտպանությանը իրավաքաղաքական կազմակերպվածության տեսք տվեցինք։ Սա կարևոր հաստատում է, որն այսօր էլ շարունակվում է։ 25-ամյա անկախության մեր ամենամեծ ձեռքբերումը պետականությունն է։ Թե ինչ կլինի ապագայում՝ կախված է մեր հաստատակամությունից, մեր վճռականությունից։ Համայն հայության համար Արցախը շարունակում է մնալ այն պարծանքը, այն ոգևորությունը, որ 88 թվականից հետո մեր ազգային ինքնությունը ամբողջ աշխարհի համար պարզեց նոր ձևով։ Արցախն իր տնտեսությամբ, իր քաղաքական կամքով ու գիտությամբ, իր զորեղ բանակով աշխարհին պետք է հասկացնի, որ վճռական է իր պայքարում և տեսնում է իր ապագան՚։  

Ուսանողներին շնորհավորեց և սեպտեմբերյան տոն օրերի նշանակությունը կարևորեց  ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարարը։ Խոսելով Սեպտեմբերի 2-ի՝ ԼՂՀ հռչակման օրվա մասին, Սլավա Ասրյանը նշեց, որ ամեն ինչ անցել է իր և իր հասակակիցների աչքի առաջ, ովքեր կանգնած են եղել Շարժման ակունքներում։ Այսօրվա երիտասարդությունը պետք է լինի ինչպես այդ պայքարի, այնպես էլ մեր ազգային արժեքների շարունակողն ու պահպանողը։ ՙՁեր գիտելիքներից է կախված հայրենիքի ապագան։ Իր 45-ամյա գործունեության ընթացքում համալսարանը կադրեր է թողարկել, որոնք այսօր կարողանում են ապահովել մեր երկրի առաջընթացը։ Եղեք ակտիվ, ձեռք բերեք կայուն գիտելիքներ, մասնակցեք մեր պետության տնտեսության զարգացման գործին, բարձր պահեք մայր բուհի պատիվը՚,- այս կոչով ելույթն ավարտեց Սլավա Ասրյանը։

Միջոցառման ավարտին ԼՂՀ  ԱԺ նախագահը ԱրՊՀ ռեկտորին և ԿԳՍ նախարարին նվիրեց վերջերս հրատարակված ՙԱրցախ. վերածնունդ՚ գիրք-ալբոմը։

 

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ