ԵՐԲ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ՏԻՐՈՒՄ ԵՆ ԱՐՎԵՍՏԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՐՆ ՈՒ ՆՎԻՐՈՒՄԸ

Անկախության այս 25 տարիների ընթացքում Արցախի մշակութային կյանքը  շարունակում է հարստանալ նոր ավանդույթներով: Դրանցից մեկն էլ  կապված է Զաքար Քեշիշյանի  անվան ու գործունեության հետ։

 Դեռ 1992-ին Երևանի պետկոնսերվատորիայի շրջանավարտ, բեյրութաբնակ խմբավար Զաքար Քեշիշյանը եկավ ազատագրված Շուշի։ Նա այնքան էր ոգևորված Հայոց բանակի մեծ հաղթանակով, հին հայկական քաղաք Շուշիի ազատագրումով, որ  խոստացավ իր լուման ներդնել այդ  քաղաքի մշակութային կյանքի վերածնման ու զարգացման գործում: 

Բերդաքաղաքում գործող Արամ Մանուկյան վարժարանում Զաքարը ստեղծեց իր երգչախմբի առաջին կազմը՝ տալով  ՙՎարանդա՚ անունը: Այդ օրվանից անցան  իրադարձություններով լի 24 տարիներ: Երեխաները մեծացան, ընդլայնվեց և խումբը. ՙՎարանդա՚ մանկապատանեկանը համալրվեց երիտասարդական խմբով։ Տարիների ընթացքում ՙՎարանդան՚  ստացավ պետականի կարգավիճակ: Անշուշտ, Զաքարը չէր կարող թողնել հարազատ Բեյրութը, որը  նույնպես իր հայրենիքն է, և որտեղ նույնպես մշակույթ է կերտում: Ամբողջ տարին նա դասավանդում է Բեյրութի կոնսերվատորիայում, Լիբանանի հայկական համայնքում, իսկ ահա ամռանը կրկին վերադառնում Արցախ` ՙՎարանդա՚ երգչախմբերի հետ աշխատելու: Ամեն ամառ կրտսեր և ավագ խմբերի փոքրիկ, պատանի, երիտասարդ երգիչներն անհամբեր սպասում են Զաքարին, իսկ տարիներ հետո՝ նաև նրա սիրելի տիկնոջը՝ Կամիլլային, որպեսզի նոր ծրագիր մշակեն, նոր համերգաշար սկսեն, նոր բարձունքների հասնեն: Եվ ամեն տարի այդ ինտենսիվ աշխատանքի գագաթնակետը լինում են  սեպտեմբերյան տոնական օրերին Ստեփանակերտում և Շուշիում տված եզրափակիչ համերգները:

2016-ը նշանավորվեց ԼՂՀ հռչակման 25-ամյա հոբելյանով: Զարմանալի չէ, որ Զաքար և Կամիլլա Քեշիշյաններն այս տարվա համերգաշարը նվիրեցին ոչ միայն Արցախի, այլև ողջ հայության համար անչափ կարևոր այս տարեդարձին: ՙՀայկական խճանկար՚ անվանմամբ համերգներ կազմակերպվեցին զույգի համար կարևոր շատ վայրերում` Բեյրութում, Երևանում, Գյումրիում…

ԼՂՀ հռչակման 25-ամյակին նվիրված ՙՀայկական խճանկար՚ համերգը տեղի ունեցավ սեպտեմբերի 4-ին Ստեփանակերտում` Մշակույթի և երիտասարդության պալատում, իսկ 5-ին` Շուշիի կերպարվեստի թանգարանում: Համերգային ծրագրում, ինչպես միշտ, ելույթ ունեցան ՙՎարանդայի՚  և՜  կրտսեր, և՜  ավագ խմբերը, հայրենիքին՝ Արցախին, Հայաստանին,  նվիրված երգերով: Բայց համերգի իմաստային բեռը կրեց շվիահար, դուդուկահար Զաքար Քեշիշյան և դաշնակահար Կամիլլա Երկանյան-Քեշիշյան զույգը։ Նրանց կատարմամբ հնչեցին տարբեր ոճերի ստեղծագործություններ: Դահլիճում մեծ հետաքրքրություն առաջացրին Գրիգոր Եղիազարյանի ՙՍևան՚ թատերապարից ՙՇողեր ջան՚ հատվածը, Կոմիտասի երգերով համեմված շարանը, Սայաթ-Նովայի, ժողովրդական երգերի մշակումները: Մեծ ջերմությամբ ընդունվեց Հարություն Դելալյանի՝ դաշնամուրի համար գրված ՙՆվիրում Կոմիտասին՚ սոնատը` Կամիլլայի  կատարմամբ: Հետաքրքիր էին հնչում Խաչատուր Ավետիսյանի ՙԶարթոնք՚ երաժշտական պատկերը, ՙՄախմուր աղջիկ՚, ՙՏաղ հայտնության՚, ինչպես և Մանվել Բեգլարյանի ՙԼեռնականների պար՚ երգերը, պարեղանակները շվի-դուդուկի և դաշնամուրի ներդաշնակ համադրությամբ: Մի խոսքով, երկու հասուն երաժիշտների հմուտ ու ներդաշնակ կատարումներն իսկապես մեծ նվեր եղան Արցախի արվեստասերների համար: Անշուշտ, այս նշանակալից օրը, այսքան գեղեցիկ համերգից հետո անհնար էր զրույցի չբռնվել հիանալի  երաժիշտ ամուսինների հետ:  Ներկայացնում ենք մեր վաղեմի բարեկամ, սիրելի Զաքար ՔԵՇԻՇՅԱՆԻ  հետ հարցազրույցը:

-Զաքար, այս տարի ամուսիններով բավականին բեղմնավոր աշխատանք եք ծավալել: Պատմեք, խնդրեմ, կատարածի  մասին:

-Օգոստոսի 14-ին իմ երկու` Շուշիի ՙՎարանդան՚ և Բեյրութի Համազգային ՙԱյգ՚ երիտասարդական երգչախմբերը հանդիպեցին քաղաքամայր Երևանում, մասնակցեցին ՙԻմ Հայաստան՚ երգչախմբային փառատոնին, համերգով հանդես եկան Կոմիտաս Վարդապետի թանգարան¬ինստիտուտում: Ելույթ ունեցանք նաև Գյումրիում: Ուստի քիչ ժամանակ մնաց նոր ծրագիր պատրաստելու համար: Այնուամենայնիվ, նոր երգեր սովորեցինք, հատկապես երիտասարդական խմբի հետ, որոնք և հնչեցին համերգի ժամանակ: Նաև մեծ ցանկություն կար հանդես գալ ԼՂՀ հռչակման 25-ամյակին նվիրված` իմ և Կամիլլայի կողմից պատրաստած ՙՀայկական խճանկար՚ համերգային ծրագրով: Ե՜վ Ստեփանակերտում, և՜ Շուշիում մեծ հաճույքով կատարեցինք ծրագրի մեջ ընդգրկված ստեղծագործությունները:

-ԼՂՀ հռչակման տարեդարձին էր նվիրված համերգը: Այդ տարիների անկախության ո՞ր նվաճում եք կարևորում և, ըստ Ձեզ, ի՞նչ ճանապարհ ունենք անցնելու:

-Մեր ճանապարհը երկար է, իսկ 25 տարին պատմության մեջ ակնթարթ է, թեկուզ և մենք կարողացանք լցնել այդ տարիները լավ բաներով: Շատ բաների հասանք և անելիքներն են շատ: Գիտե՞ք, անկախությունը երկծայր սուր է: Ամեն հարց, խնդիր ցանկացած ասպարեզում պետք է լուծել,  չարչարվել, ստեղծել: Առանց որևէ  մեկի օգնության երկրիդ զարգացումն ապահովել, ինչն, անշուշտ, շատ դժվար է: Երկրի տերը մենք ենք, մեր սխալների տերը՝ նույնպես: Բայց և ամեն կերպ  կկարողանանք մի բան ավելացնել, ստեղծել մեր երկրի համար: Ուրախալի է, որ ունենք այդպիսի ներուժ, ուղեղ ունենք, կարողություններ, կարող ենք կերտել մեր երկրի փայլուն ապագան: Ես դրան հավատում եմ:

-Կուզենայի իմանալ՝ ո՞վ է այդ երկու երգչախմբերի հետ պարապում ամբողջ տարին, մինչև Ձեր գալը Բեյրութից:

-Այդ հարցը տարիներ շարունակ  լուծվում էր մեծ դժվարությամբ: Տարածքը, որտեղ խմբերն անց են կացնում պարապմունքները, չէր ջեռուցվում։ Ուստի  դասերը շաբաթը մեկ անգամ էին անցկացվում, ինչը, անշուշտ, քիչ է, քանի որ երեխաները մեծ մասամբ երաժշտական կրթություն չունեն: Այդ պատճառով ոչ թե նոր ծրագրի երգերը սովորելու, այլ հինը, երգեցողությունը չմոռանալու խնդիր էր դրված: Իմ բացակայությամբ երեխաների հետ պարապում է երիտերգչախմբի սաներից մեկը՝ Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի շրջանավարտ Լուսինե Եսայանը: Նվիրված է աշխատում: Հույս ունեմ, որ գալիք տարում ավելի լավ հիմքերի վրա կդրվեն, քանի որ այսուհետ պարապմունքները կանցկացվեն ջեռուցված շենքում, ինչը  երեխաներին հնարավորություն կտա  ավելի հաճախ հավաքվել:

-Սովորաբար ամառը հանգստանալու ժամանակ է, Ձեզ մոտ, հակառակը` աշխատելու, այն էլ՝ քրտնաջան: Երեխաները չե՞ն բողոքում, տրտնջում…

-Ամենևին: Անհամբեր սպասում են: Անշուշտ, ծանր աշխատանք է տարվում թե՜ իմ և թե՜ երեխաների կողմից:  24 տարի չեմ գնում հանգստանալու: Գուցե մյուս տարի դա ստացվի (ծիծաղում է): 25 տարին մեկ հանգստանալու մեկ ամսվա իրավունք եմ ձեռքբերում: Այս առումով ուզում եմ շնորհակալությունս հայտնել Արցախի մեր ընկերներին՝ երաժիշտներին, գրողներին, բանաստեղծներին, նկարիչներին՝ փոխադարձ լիցքավորման հնարավորության համար:

- Ինչպե՞ս ստեղծվեց ՙՀայկական խճանկար՚ համերգային ծրագիրը:

-Բեյրութում մենք բավականին հաճախ ենք համերգներ կազմակերպում, ինչն այստեղ չի ստացվում։  Ուրախ եմ, որ այս տարի վերջապես դա մեզ հաջողվեց՝ 15 տարի  անց կրկին միասին հանդես գալ Արցախում:

-Երկու երաժիշտ մեկ տան մեջ շա՞տ չէ, չե՞ն խանգարում իրար:

-Ինչ ասեմ, այնպես չէ, որ ժամերով պարապում ենք և իրար խանգարում: Մենք պարզապես իրար հետ նվագում ենք, երաժշտությունն ենք վայելում…

-Իսկ տան և երեխայի խնդիրներով  ո՞վ է զբաղվում:

-Մայրն, իհարկե: 

-Մաղթում ենք ձեզ համերաշխ ապրել երկա՛ր-երկար տարիներ և արվեստի ասպարեզում էլ ավելի մեծ ձեքբերումներ ունենալ...