[ARM]     [RUS]     [ENG]

ՙԱՐՑԱԽԷԹՆՈՖԵՍՏ՚ ԱՌԱՋԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԸ

Սեպտեմբերի 15-17-ը Արցախում կայացավ ՙԱրցախԷթնոՖեստ՚ առաջին միջազգային փառատոնը:

Մշակութային ինքնության պահպանման, ազգային և ավանդական արժեքների վերարտադրության ու հանրահռչակման, ինչպես նաև միջազգային համագործակցության խթանման քաղաքականության շրջանակներում ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության կազմակերպմամբ Շուշիի ՙԻսահակի աղբյուր՚ ռեստորանային համալիրում մեկնարկեց ՙԱրցախԷթնոՖեստ՚ միջազգային նախագիծը:

Ըստ կազմակերպիչների, փառատոնն անցկացվելու է ամեն տարի` տարբեր երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ: Յուրաքանչյուր փառատոն կունենա իր նշանաբանը և կներկայացնի ազգային մշակույթի մեկ ուղղություն: Այս տարի փառատոնն անցավ ՙԵրկրի համը՚ խորագրի ներքո: Իրենց մասնակցությունը բերեցին ինչպես հմուտ խոհարարներ, այնպես էլ տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ Ֆրանսիայից, Ռումինիայից, Մոլդովայից, Հարավային Կորեայից, Սիրիայից, Վրաստանից և, իհարկե, Հայաստանից ու Արցախից:Փառատոնային ծրագրի շրջանակներում սեպտեմբերի 16-ին նրանք պատրաստեցին և հյուրերին մատուցեցին իրենց ազգային ուտեստներն ու ճաշատեսակները: Խոհարարները հատկացված տաղավարներում ներկայացրին իրենց ազգի ամենասիրված և բրենդային ուտեստները: Արցախը նմանատիպ ուտեստներից զատ հանդես եկավ նաև ժենգյալով հացի թխման վարպետության դասերի և խոհարարների միջև մրցույթի կազմակերպմամբ:

Ֆրանսիան ներկայացվեց այդ երկրում շատ սիրված ու տարածված կրեպ ուտեստով, որի պարտադիր բաղադրիչը սպիտակ գինին է: Ռումինիան ու Մոլդովան հանդես եկան միասնական տաղավարով, քանի որ, իրենց իսկ խոստովանությամբ, արհեստական բաժանումը երկու պետությունների չէր կարող ջնջել ազգային հիշողությունը և հնարավոր չէ զուգահեռ չանցկացնել Արցախի և Հայաստանի վերամիավորման խնդրի հետ: Նրանք ի ցույց դրեցին ազգային մամալըգան` եգիպտացորենից պատրաստած շիլայանման ուտեստը, որը մատուցվում է թթվասերի ու կաթնաշորի հետ մեկտեղ: Սիրիական ուտեստները ներկայացնում էր սիրիահայ Անժել Կարապետյանը, ով ընտանիքով բնակվում է Արցախում 2001 թվականից և ակտիվորեն մասնակցում է հանրապետության կյանքին, մասնավորապես աչքի է ընկել ՙԱրցախյան գորգարվեստ՚ մրցույթում, ՙԱսեղնագործություն՚ անվանակարգում, ներկայացնելով Ուրֆայի ասեղնագործության դպրոցը: Սիրիական տաղավարը գերազանցում էր աղցաններով ու քաղցրավենիքով. շատ համեղ էր թաբուլե աղցանը: Վրաստանը ներկայացնում էր վրացահայ ընտանիքը, որի անդամներն անասնաբույժներ են: Հյուրասիրվեց  վրացական հայտնի շատ համեղ սացիվին, որի հիմնական բաղադրության մեջ են մտնում թռչնամիսը, աղացած ընկույզը և վրացական համեմունքները: Կորեական խոհանոցի առանձնահատկությունն էր կծու պղպեղի և ծովային մթերքների գերակայությունը: Արցախը ներկայացավ բրենդ դարձած ժենգյալով հացով, կորկոտով և ավանդական խորովածով: Հայաստանը ներկայացնում էր ՙՀայ խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում՚ հասարակական կազմակերպության նախագահ, հայտնի խոհարար Սեդրակ ՄԱՄՈՒԼՅԱՆԸ, ով մեծ ու խորը գիտելիքներ ունի հայկական խոհանոցի վերաբերյալ, և ում հետ վարեցինք ճեպազրույցը:

- Պարոն Մամուլյան, ե՞րբ հիմնեցիք ՙՀայ խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում՚ ՀԿ-ն և ի՞նչ նպատակով:

- Նման կազմակերպություն հիմնելու գաղափարը երկար տարիների պրպտումների արդյունք է: 2007թ. այն վերջապես կյանքի կոչվեց: Դրդապատճառները շատ-շատ են: Ամենակարևորն այն է, որ սին կարծիք էր շրջանառվում, թե հայկական խոհանոցն այնքան էլ հարուստ չէ, առատ չէ, մեր տեսականին քիչ է և բազմազան չէ: Եվ ցավալին այն էր, որ այդ շրջանառվող լուրերի մեծ մասը նույնիսկ հենց խոհարարներն էին արտահայտում, այսինքն` խոհանոցի ներկայացման անմիջական պատասխանատուները: Դա ևս մի պատճառ էր, որ ստեղծվի կազմակերպություն, հավաքվեն համախոհներ, ուսումնասիրվեն հին, ծիսական ուտեսները, պատրաստելու և սնվելու մշակույթը:

- Ի՞նչ կասեիք հարևան ազգերի որոշ մեր ուտեստների տեսականիների վերաբերյալ հավակնությունների մասին:

- Օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառների` ազգի պատմության հետ կապված, մեր մշակույթի բոլոր ձևերի նման արտահանվել է նաև խոհարարական մշակույթը: Մեր բոլոր հարևանները ոգեշնչվել են մեր խոհանոցից, զարգացրել, իսկ մենք անուշադրության ենք մատնել: Մեջբերեմ Վիլյամ Պոխլեբկինի (պատմաբան-միջազգայնագետ) ծավալուն աշխատությունից, որտեղ ասվում է, որ տարածաշրջանի խոհանոցի հիմքը հայկական խոհանոցն է, որ կավեղենի մեջ պատրաստվող բոլոր  կերակրատեսակներն ունեն հայկական ծագում, որ ձավարեղենի նախնական մշակմամբ զբաղվել են բացառապես հայերը` դրա բոլոր հետևանքներով:

- Իսկ ինչպե՞ս եք գնահատում այս փառատոնը:

- Կարելի է ասել՝ երազանքի իրականացում: Յուրաքանչյուր միջոցառում, որտեղ ներկայացվում է հայ մշակույթը ազգային խոհանոցի տեսքով, ողջունելի է, քանի դեռ դրա կարիքը շատ ունենք: Շատ ուրախացա հրավերն ստանալու համար:

- Ի՞նչ կերակրատեսակ է այսօր ներկայացվելու:

- Արցախի հագանի (հագանել` սոուսի մեջ պատրաստել) հավի մսից և չիրեղենից պատրաստած, Անիի  թագավորության 5-րդ դարի քաղցրավենիք, Նախիջևանի թելբաց կուբաթի ծիսական կերակրատեսակ, որը մատուցվում էր Զատիկին՝ ձուկ է բանջարեղենով, խմորի մեջ պատրաստած, և ղափամա, որի իսկական անունն է աղանդերային ամիճ (աղանդեր` դեսերտ, ամիճ` ինչ-որ բանի մեջ լցնել): Ղափաման ծիսական կերակուր է, կրում է մայրության և պտղաբերության խորհուրդ: Ըստ դրա հետ կապված լեգենդի, դդումը դիտվում է որպես երկրագունդ, բրինձը` համայն մարդկությունը, չրեղենը և ընկուզեղենը` տարբեր հավատքի մարդիկ, իմաստն էլ այն է, որ մենք բոլորս մի երկրագնդի վրա ենք ապրում, և ագրեսիվ դրսևորումները հղի են մեծ վտանգներով, մի խոսքով` ղափաման խաղաղության կերակուր է:

- Միջազգային այլ փառատոների մասնակցե՞լ եք:

- Այո, չորս օր առաջ եմ վերադարձել Լեհաստանի Լյուբլին քաղաքից, որտեղ արդեն ութերորդ անգամ անցկացվում է Եվրոպական ազգային խոհանոցների փառատոն: Այս տարի այն նվիրված էր Հայաստանին, և մենք մեծ շուքով ներկայացրել ենք մեր ազգային խոհանոցը:

Հավելենք, որ միջոցառումն ուղեկցվեց հետաքրքիր համերգային ծրագրով:

 

Էմմա ԲԱԼԱՅԱՆ