[ARM]     [RUS]     [ENG]

ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑԻՆ ՍՊՈՐՏԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԸ

Հյուրընկալություն ԼՂՀ  ԿԳՍ նախարարի մոտ

 Ի նշանավորումն Ֆիզկուլտուրնիկի օրվա, սեպտեմբրի17-ին ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա  Ասրյանի մոտ հյուրնըկալվեցին սպորտի մի խումբ վետերան մանկավարժներ: Ի դեմս նրանց շնորհավորելով հանրապետության մարզաշխարհի ներկայացուցիչներին   մասնագիտական օրվա կապակցությամբ՝ Ս. Ասրյանը նշեց, որ հատկապես ներկայիս տեխնոլոգիական բուռն դարաշրջանի պայմաններում սպորտով զբաղվելը, մանավանդ երեխաների համար, դառնում է կարևոր գործոն: 

Օրն այդ բոլորիս ուշադրությանն է հրավիրում հետևյալ կարևոր հանգամանքը չմոռանալը. եթե սպորտի այս կամ այն ձևով չենք  զբաղվում, գոնե կատարենք  առավոտյան լիցքային վարժություններ, քանզի դա  է երկար ապրելու գրավականը: 

Ս. Ասրյանը հատկապես շեշտեց  ֆիզկուլտուրայի ուսուցիչների և մարզիչների մեծ դերակատարությունը: Տարեցտարի նկատելի է, թե ինչպես են երեխաները սիրով մասնակցում մարզական տարբեր պարապմունքների, առանձնապես արևելյան մարզաձևերի, որոնք անմիջապես կապված են ֆիզիկական կոփման, առողջ ու առույգ լինելու հետ, և քիչ չեն այն դեպքերը, երբ թշնամու դեմ պայքարում պետք է լինում նաև բազկի ուժի կիրառումը, ու ինչքան շատ երեխաներ զբաղվեն սպորտով, այնքան այդ առումով մեծ խնդիր կատարված կլինի: Նախարարը փաստեց, որ մեր իշխանությունների ուշադրության կենտրոնում է մարզական բազաների կառուցումը: Հենց վերջերս, ԼՂՀ  25-ամյակի կապակցությամբ, հանրապետությունում երեք մարզահամալիր բացվեց. երկուսը՝ Մարտունու շրջանի Գիշի և Ճարտար համայնքներում, մեկը` Ստեփանակերտում: Օգտագործվում են եղած մարզաբազաները, նաև դպրոցների մարզադահլիճներն ու առանձին կառույցներ, որպեսզի հնարավոր լինի ավելի շատ երեխաներ ընդգրկել մարզական խմբակներում: 

Ս. Ասրյանն ընդգծեց նաև վերջին տարիներին սպորտի բնագավառում ունեցած ձեռքբերումները. մեր մարզիկները հաջողությամբ են հանդես գալիս ինչպես Հայաստանի, այնպես էլ միջազգային  մրցումներում, Եվրոպայի և աշխարհի առաջնություններում: Համեմատություն անցկացնելով խորհրդային տարիների հետ` նախարարն ասաց, որ այն ժամանակ հազիվ մեկ-երկու դեպք է եղել, երբ արցախցի մարզիկը դարձել է  ԽՍՀՄ չեմպիոն, բայց վերջին տարիներին ականատես ենք, թե ինչպես է մեր փոքրիկ Ղարաբաղը կարողանում աշխարհի տարբեր երկրների մրցակից լինել, և մեծ հպարտություն է, երբ մեր մարզիկները կանգնում են պատվանդանի վերին աստիճանին` ծածանելով Հայաստանի կամ Ղարաբաղի դրոշը: ՙՄենք հպարտության զգացում ենք ապրում, որ այս գործընթացը մեր հանրապետությունում բավարար հիմքերի վրա է՚,- ասաց նախարարը` ընդգծելով այն միտքը, որ դա շարունակական և հետևողական աշխատանքի արդյունք է, քանզի սպորտում հաջողություն ունենալը հանպատրաստից չի լինում. մարզիկներ աճեցնելը երկար տարիների աշխատանք է։ 

Ս. Ասրյանն առանձնակի ուշադրության արժանացրեց սպորտի վետերան մանկավարժներին` ասելով, որ գնահատում է նրանց վաստակը. նրանցից յուրաքանչյուրն իր ոլորտում մեծ ջանքեր է ներդրել ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման համար, ինչի կապակցությամբ նախարարը   շնորհակալություն հայտնեց նրանց վաստակի համար` հանձնելով շնորհակալագրեր և դրամական խրախուսանք:  Միևնույն ժամանակ նա կոչ արեց նախարարության սպորտվարչության աշխատողներին` վետերաններին հաճախակի մասնակից անել միջոցառումներին, ինչը կոգևորի երիտասարդ մարզիկներին, մարզիչներին, որոնք հաշվի կառնեն վետերանների դիտողություններն ու խորհուրդները:

Պարգևատրվածների թվում էին վետերան մանկավարժներ Հրաչիկ Սարգսյանը, Աբել Աբրահամյանը, Նիկոլայ Հարությունյանը, Օնիկ Առաքելյանը, Ռաֆիկ Գասյանը, Էլմիր Զալյանը, Ասիֆ Սարգսյանը, Շավարշ Ղուկասյանը: Վերջինս իր գործունեությունն սկսելով Ասկերանի միջնակարգ դպրոցից` որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ, այնհուտեև երկար տարիներ աշխատելով ուսուցիչների  կատարելագործման ինստիտուտում և նախարարությունում` իր նվիրյալ աշխատանքով մեծ ներդրում է ունեցել մատաղ սերնդի ֆիզիկական դաստիարակության ասպարեզում: Ոչ միայն օրվա կապակցությամբ հրավիրյալների, այլև սպորտի բոլոր վետերանների անունից նա  շնորհակալություն հայտնեց նախարարությանը` ուշադրության համար և խոստացավ հետայսու ևս իրենց ուժերն ու  կարողությունները ներդնել` օգնելու երիտասարդ կադրերին:

Աբել Աբրահամյանը, որը երկարամյա  գործունեություն է ծավալել Շուշիի մանկավարժական ուսումնարանում, և արդեն բոլորում է նրա իններորդ տասնամյակը, մաղթեց, որ բոլորն զբաղվեն սպորտով և իր պես երիտասարդ մնան: ՙՍպորտը մարդուն դարձնում է և՜ գիտուն, և՜ առողջ,  և՜ ամեն ինչում առաջավոր՚,- ասաց նա` նշելով, որ այն երկիրը, որը սպորտով ուժեղ է, ուժեղ է ամեն ինչում: 

Իրենց սրտի խոսքն ասացին նաև մյուս պարգևատրվածները: Բոլորի ցանկությունը մեկն էր` տարեցտարի ավելի մեծ նվաճումներ ունենալ սպորտի բնագավառում` ի շահ մեր երկրի հզորացման:

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ