[ARM]     [RUS]     [ENG]

ԳԻՆՈՒ ՓԱՌԱՏՈՆԸ` ՄԵԾ ՏՈՆԱԽՄԲՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՌԻԹ

Վերջին տարիներին մեր հանրապետությունում բավականին հաճախ են կազմակերպվում փառատոներ` միտված ազգային ավանդույթների ու  ազգային արհեստների զարգացմանը:

Այս շարքում, անշուշտ, իր ուրույն տեղն  ունի ԼՂՀ էկոնոմիկայի նախարարության  զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության նախաձեռնությամբ կազմակերպվող Գինու փառատոնը, որ ամեն տարի անց է կացվում Հադրութի շրջանի Տող գյուղում:

Պատմական այս միջավայրը պատահական չէ  ընտրված։ Դարերի ընթացքում տեղի մելիքական տոհմի համար նստավայր հանդիսացող Տող գյուղը ձգում է մարդկանց առ այսօր: Գուցե այն պատճառով, որ բավականին  պահպանվել են  մելիքական ապարանքի շինությունները, ընդհանրապես՝ տեղանքը, գյուղը: Իսկ գուցե Աստծո կամոք է այդպես ստացվում: Չէ՞ որ Աստծո ճանապարհներն անքննելի են: Հիշեցնեք՝ մի քանի տարի առաջ Տողում ավարտվեցին Մելիք Ավան-Եգանի ընդունարանի վերականգնողական աշխատանքները: Հիմա այնտեղ պահպանվում են այն իրերը, որոնք հայտնաբերվել են հնագիտական պեղումների ժամանակ։

Վերջին երեք տարիների  աշնան ամիսներին, այս անգամ սեպտեմբերի 17¬ին, գյուղը կերպարանափոխվում է: Գյուղի կենտրոնում գտնվող մելիքական ապարանքի և մերձակա տարածքում, ինչպես սնկերն անձրևից հետո, աճում են բազմաթիվ տաղավարներ, որտեղ տեղակայվում են փառատոնի բոլոր մասնակիցները` գինեգործներ, ազգային խոհանոցի վարպետներ, արհեստավոր, արվեստագետ մարդիկ: Շեշտենք, փառատոնին մեծ պատրաստակամությամբ են մասնակցում և՜ գյուղացիք` իրենց իսկ ձեռքերով աճեցրած, պատրաստած մթերքներով, և՜ ազգային խոհանոցի վարպետները` այն հրամցնելու, ինչու չէ, նաև վաճառելու համար։ Իսկ ամենակարևոր մասնակիցներն, անշուշտ, գինեգործներն են, որոնց համար փառատոնը լավ առիթ է և՜ արտադրանքը ներկայացնելու, և՜ այն վաճառելու, և՜ իրացման համար նոր հասցեներ գտնելու:

Ինչպես տեղեկացանք, փառատոնին մասնակցել են արցախյան գինու և այլ ոգելից խմիչքների արտադրությամբ զբաղվող ԼՂՀ 5 շրջանների, ինչպես և Ստեփանակերտի ձեռնարկություններն ու անհատ գինեգործները:  

Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը, էկոնոմիկայի նախարար Անդրանիկ Խաչատրյանը, մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, պաշտոնատար այլ անձինք, գինեգործներ ԼՂՀ-ից և ՀՀ-ից, հյուրեր, զբոսաշրջիկներ, Տողի և մերձակա գյուղերի բնակիչներ։

Սակայն ինչ փառատոն՝ առանց երգ-երաժշտության, պարի, առանց տոնախմբության: Ազգային երգ ու պարով փառատոնի մասնակիցներին ուրախացնում էին և այս տարի ավանդաբար շարունակեցին ՙՄենք ենք, մեր սարերը՚ ազգային երգի-պարի համույթը, Տողում արդեն տասը տարի գործող արվեստի դպրոցի սաների երգի, պարի, նվագողների խմբերն ու մենակատարները: Երկու տարի է՝ իր գեղեցիկ ու հմուտ կատարումներով հաճույք է պատճառում երիտասարդ տաղանդավոր երգչուհի Լիլիթ Ավանեսյանը: Իսկ այս տարի ժողովրդական երգերի յուրահատուկ մշակումներով ու կատարումներով թարմ շունչ հաղորդեցին ՙԱրցախի ձայներ՚ նախագծի երգիչ-երգչուհիները, որոնց շարքում աչքի են ընկել փոքրիկ Միշկան (Միքայել Գրիգորյան) և հայ էստրադայի ծագող աստղ Էռնա Միրզոյանը: Փառատոնը երեք տարիներն էլ վարող զույգում անփոփոխն էր մնում Ստեփանակերտի դրամատիկական թատրոնի դերասան  Աշոտ Սարգսյանը: Այս տարի նրան զուգորդում էր  արցախցի հայտնի  դերասանուհի Թամարա Պետրոսյանը: Փառատոնը միշտ աշխուժացնում են հանրահայտ  մարդիկ: Առաջին տարին իր խրոխտ ու հզոր երգեցողությամբ հետաքրքիր երանգ հաղորդեց  սիրված երգիչ, ազատամարտիկ Մկրտիչ Մկրտչյանը: Երկրորդ տարին՝ ոչ միայն իր ներկայությամբ, այլև փառատոնի ավանդական մաս դարձած աճուրդի վարմամբ դերասան, հեռուստահաղորդավար Հրանտ Թոխատյանը: Այս տարի փառատոնին ներկա էր աշխարհահռչակ հայ շախմատիստ Լևոն Արոնյանի կինը` Արիանա Կաոիլին, որին և տրվեց խաղողը ճզմելու պատիվը:          

Փառատոնի ծրագրի շրջանակներում ցուցադրվել են նաև հայկական գինեգործության հնագույն ծիսակատարություն, արցախյան ավանդական ուտեստների հյուրասիրություն, տեղի են ունեցել արվեստի գործերի ցուցահանդես-վաճառք, Տողի մելիքական ապարանքի հնագիտական գտածոների թանգարանային ցուցադրություն:             

Ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառքում ներկայացվել են Տողի արվեստի դպրոցի, Հադրութի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի, Բերձորի արվեստի դպրոցի, Ստեփանակերտի արհեստագործ վարպետների պատրաստած հուշանվերներ, ավանդական զարդանախշերով գորգեր, կավե սպասքեղեն:

Խաղողօրհնեքի արարողությունը կատարեց Հադրութ քաղաքի եկեղեցու քահանա Տեր Մատթեոս Դրավանցը: Հետաքրքիր դրվագներից էր նաև նախորդ տարվա ճզմած խաղողից ստացված գինու շշալցումը:

Խոսելով Գինու փառատոնի նպատակների մասին, ԼՂՀ էկոնոմիկայի փոխնախարար-զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանն ասաց. ՙՓառատոնի նպատակն էր մեկ անգամ ևս հանրահռչակել Տողի մելիքական ապարանքը՝ որպես Արցախում պետական իշխանության շարունակականության խորհրդանիշ: Գինու փառատոնը նաև ապահովում է զբոսաշրջության հարավային երթուղու զարգացումը: Եվ քանի որ Տողն այդ երթուղու առանցքային բնակավայրերից է, պետք է տարբեր միջոցներով զբոսաշրջիկներ ներգրավել դեպի այս ուղղություն: Իսկ ամենակարևորը՝ նպատակ ունենք նաև Արցախում խթանել գինեգործության զարգացումը՚:

Միջոցառման ավարտին անցկացվեց խաղարկություն, որն ի հայտ բերեց թանկարժեք նվերների երջանիկ շահողներին: Կովսականից հրավիրված ՙԹաթուլ՚ ազգագրական խումբը` Կարեն Մարտիրոսյանի գլխավորությամբ, վերջում անցկացրեց ավանդական խաղեր և ազգագրական երգերի ու պարերի աշխույժ, ուրախ  հնչյուններով ավարտին հասցրեց միջոցառումը: Տոնախմբությունն ավարտվեց մեծ  շուրջպարով՝ երկրի  Նախագահի, հյուրերի, փառատոնի մասնակիցների, երեխաների մասնակցությամբ:   

Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ