Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԱՐԱՐԱՏԸ՝ ՀԱՅԻ ԱՉՔԵՐՈՎ

Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումների շարքում առանձնանում է ՙԱրարատը՝ հայի աչքերով՚ լուսանկարչական ցուցահանդեսը, որը բացվեց սեպտեմբերի 21-ին, Շուշիի արվեստի կենտրոնում։ Ցուցահանդեսը նախաձեռնել են ՙԹեքեյան կենտրոն՚ հիմնադրամը և ՀՀ մշակույթի նախարարությունը։

Առաջին ցուցադրությունը եղել է Հայաստանի մայրաքաղաք Երևանում, հունիսին, սա երկրորդն է։ 

Ցուցահանդեսը խմբային է, մասնակցում են 26 հեղինակներ Հայաստանից և արտերկրից, որոնց թվում՝ լուսանկարիչներ, որ հայտնի են, բայց արդեն մեզ հետ չեն, ասենք, Անդրանիկ Քոչարը, Պողոս Պողոսյանը։ Ցուցադրությունն ընդգրկում է  32 աշխատանք. Մասիսները օրվա տարբեր ժամերի, ամենատարբեր երանգներով, լուսապայծառ կամ մուժի մեջ, բայց միշտ՝ վեհատեսիլ, Աստծո դրոշմը գագաթին՝ լուսանկարված տարբեր անկյուններից՝ Արարատյան դաշտավայրից կամ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից, եկեղեցուց կամ որևէ բնապատկերից։ Անցնում ես նկարից նկար և չես կարող չհիշել մեծն Չարենցի տողերը. ՙԱշխարհ անցիր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա, Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սարն եմ սիրում՚։ 

Միջոցառումը ողջույնի խոսքով բացեց Շուշի քաղաքի ՙԹանգարաններ՚ ՊՈԱԿ-ի  տնօրեն, արվեստաբան Լուսինե Գասպարյանը՝ ներկաներին շնորհավորելով Անկախության տոնի առթիվ, ապա թվարկեց հեղինակների անունները, ովքեր, ցավոք, չեն կարողացել ներկայանալ ցուցահանդեսին։ Նրանք են՝ Ալեքսանդր Խանբեկյան, Անդրանիկ Քեշիշյան, Արեգ Նազարյան, Արմեն Իսկանդարյան, Արթուր Բաբայան, Նունե Քարամյան, Ռուբեն Մանգասարյան, ուրիշներ։ 

ՙԹեքեյան կենտրոն՚ հիմնադրամի տնօրեն Արմեն Ծուլիկյանը ողջունեց նվիրական տոնի առթիվ, երախտագիտության խոսք ասաց ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությանը՝  ցուցահանդեսի բացմանն օժանդակելու համար, ապա տեղեկացրեց, որ ցուցադրությունը շրջիկ է, հաջորդը կդիտեն Գյումրիում, ապա՝ Ռուսաստանի Դաշնություն, Եվրոպա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ և այլ երկրներ։

Ցուցահանդեսը դիտելու էին եկել նաև Բերձոր քաղաքից դպրոցականներ՝ ուսուցիչների հետ։ 

Նշենք, որ այցելուներից շատերը լուսանկարվում էին... Արարատի ֆոնին։

Մեր այն հարցին, թե ինչպես մտահղացվեց գաղափարը, հիմնադրամի տնօրեն Արմեն Ծուլիկյանը պատասխանեց. ՙԹեքեյան կենտրոն՚ հիմնադրամն ինքը բարեգործական կազմակերպություն է, որ ծրագրեր է իրականացնում կրթության, մշակույթի, սոցիալական, մարզական ոլորտներում։ Մեր կողմից  վերջին տարիներին կազմակերպված 14-րդ ցուցահանդեսն է, որի նախապատրաստական  աշխատանքները տևել են շուրջ 2 տարի։ Առիթից օգտվելով՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել ՀՀ մշակույթի նախարարությանը՝ համագործակցության, իսկ ԼՂՀ  մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությանը՝ օժանդակության համար։ 

Ցուցահանդեսի գաղափարը մտահղացել են Անդրանիկ Քոչարի որդին՝ նույնպես համբավավոր լուսանկարիչ, արվեստաբան Վահան Քոչարն ու լուսանկարիչ Արմեն Ենգոյանը։ 

Շուշիում ցուցահանդեսը ևս խորհրդանշական է, հատկապես այս՝ Հայաստանի անկախության տոնական օրը։ Միջոցառումը խորհրդանշում է հայի երազանքը, մեր միասնությունը, Արարատը՝ որպես բոլորիս իղձերի, երազանքների խորհրդանիշ։ 

Արարատը ներկայացված է տարբեր լուսանկարիչների հոգու աչքերով, պատկերացումներով։ Կան կադրեր Արևմտյան Հայաստանի կողմից և արշավախմբերի կողմից։ 

Ինչ վերաբերում է օրվա խորհրդին, կասեմ հետևյալը. անկախության խորհուրդը միացնում է բոլոր հայերին՝ որպես յուրաքանչյուրի, նաև բոլոր ժամանակների սերունդների երազանքի իրականացում։ Փա՜ռք ու պատիվ նահատակներին, որոնց զոհողության գնով ազատություն ձեռք բերվեց։ Չկա ավելի նվիրական բան, քան անկախ և ազատ երկիր ունենալը և նրա քաղաքացին լինելը։ Մենք սա երազել ենք վեց հարյուր տարի։ Շատ անգամ ձեռքբերվածը չենք գնահատում, բայց ուզում եմ, որ գնահատենք, վայելենք, յուրաքանչյուր մեր լուման ներդնենք, պահենք-պահպանենք՚։

Յուրի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Շուշիի ՙԳյուրջյան՚ կիրառական արվեստի ինստիտուտի տնօրեն, քանդակագործ.- Անկախության 25-ամյակի դիտապատկերի վրա այս ցուցահանդեսի բացումը խորհրդանշական է։ Մասիսը խորհրդանշական ՙշերտեր՚ շատ ունի, և այն նույնացվում է մեր անկախության հետ։ Իսկապես որպես անհաս փառքի ճամփա, ինչպես ասել է հայ հանճարեղ բանաստեղծը։ Մասիսի և Սիսի չափերը երկնքի ֆոնի վրա աստվածային, տիեզերական են։ Նույնիսկ տեսակետ է արտահայտվում, որ եգիպտական բուրգերը կառուցված են Մասիսների հենքի պարագծի  հիման վրա։  Ցուցահանդեսում, իհարկե, կան շատ հաջողված նկարներ, կան նաև այնպիսիք, որ չեն բացահայտում սարի հմայքը։ Մեծ բանաստեղծը սիրահարված էր Արարատին։ Նա սիրում էր նստել Գառնիի ճանապարհի մի հատվածում, դիտել, և այժմ այդ վայրում կանգնեցված է Չարենցի Կամարը։ Արարատը Աստվածային, առեղծվածային էություն ունի, և այն գաղտնազերծման կարիք ունի։ Սարը հայ ժողովրդի գոյության խորհրդանիշն է։ 

 

Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ