ԴԱՍԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՀՀ ԵՎ ԼՂՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 25-ԱՄՅԱԿԻՆ

Սեպտեմբերի 26-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի մեծ դահլիճում կայացավ կամերային երաժշտության համերգ` նվիրված ԼՂՀ հռչակման 25-ամյակին:

Նշենք, որ համերգը տրվել է 10-րդ Երևանյան միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում, որն այս տարի նվիրված էր ՀՀ անկախության 25-ամյակին: Ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր արտերկրից:

Ելույթ էին ունենում երկու աշխարհահռչակ հայ երիտասարդ երաժիշտներ` թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանը, որ Էդուարդ Թոփչյանի հետ Երևանյան միջազգային երաժշտական փառատոնի գեղարվեստական ղեկավարն է, և դաշնակահար Նարե Արղամանյանը: Երաժիշտներ, որ իրենց բարձր կատարողական արվեստով, այնուամենայնիվ, անծանոթ էին արցախցի երաժշտասերներին:

Համերգին հնչեցին Բախի Թավջութակի համար սյուիտը՝ Ալեքսանդր Չաուշյանի կատարմամբ, Բալակիրևի ՙԻսլամեյ՚ դաշնամուրային պիեսը՝ Նարե Արղամանյանի կատարմամբ: Համերգի առաջին մասն ավարտվեց Դեբյուսիի Թավջութակի և դաշնամուրի համար սոնատով` երկու երաժիշտների փայլուն կատարմամբ: Երկրորդ մասում Նարե Արղամանյանը կատարեց Ռախմանինովի ՙԵրկու երգ՚ պիեսը, իսկ Ալեքսանդր Չաուշյանի հետ միասին՝ Ռախմանինովի Թավջութակի և դաշնամուրի համար սոնատը: Սքանչելի կատարումներ, որ բառերով դժվար նկարագրելի են։ Հուրախություն արցախցի երաժշտասերների` նման համերգները ժամանակ առ ժամանակ իրականություն են դառնում՝  հնարավորություն տալով ունկնդրելու և մասնակից դառնալու բարձր արվեստին: Խորին երախտագիտությամբ նշենք, որ բարձր կատարողական վարպետությամբ հրաշալի համերգն այս հնարավոր դարձավ Ալեքսանդր Չաուշյանի և ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության շնորհիվ: Իսկ երաժիշտները, որ առաջին անգամ են հանդես գալիս արցախյան բեմում, հուզված դահլիճի ջերմ ընդունելությունից, խոստացան ավելի հաճախ լինել Արցախում:

Հարցազրույց Նարե ԱՐՂԱՄԱՆՅԱՆԻ հետ։

ՙՔՆՆՈՒԹՅՈՒՆ 

ԻՆՔՍ ԻՆՁ ՀԵՏ՚

- Նարե, մանկության երազա՞նք էր դաշնակահար դառնալը, թե՞ նման բարձր վարպետությունն ինքնըստինքյան եկավ։ 

- Գիտեք, փոքրուց մի անմոռանալի դրվագ տեղի ունեցավ իմ կյանքում: Ծնվել եմ 1989թ. հունվարին, Վանաձորում, երբ երկրաշարժից անցել էր ընդամենը մեկ ամիս: Երեք տարեկան էի: Հիշում եմ, այն ցուրտ ու մութ տարիներին, երբ դժվար էր ցանկացած հարց լուծելը, մայրիկս ինձ խնդրեց բակ դուրս չգալ: Նա հղի էր և դժվարանում էր և՜ տան գործերը հասցնել, և՜ ինձ բակում ման ածել: Մեր տանը դաշնամուր կար, որը երբեք չէր բացվում, ավելի շուտ, անշունչ կահույքի դերում էր: Հայրիկիս կողմից մեր բարեկամության յոթ զոհ կար երկրաշարժից, և տանը երաժշտություն չէր հնչում: Մի օր մայրիկը խնդրեց դուրս չգնալ, քանի որ ուշ էր, իսկ հայրիկը դեռ աշխատանքի էր, ինքն էլ դժվարանում էր ամեն ինչ հասցնել անել: Նա բացեց դաշնամուրը, ցույց տվեց, ինչպես են նվագում և ասաց` կարող ես սրանով խաղալ: Երկու ժամից հետո մայրիկս եկավ տեսնելու, թե ինչ եմ անում: Ես նվագում էի բոլոր իմ տասը մատներով, ինչ-որ հարմոնիաներ էի որոնում, ստեղծում, լսում: Հանգած մոմը մայրիկը փոխարինեց նորով, և ես այդ օրը մի չորս ժամ դաշնամուր նվագեցի: Անչափ սիրեցի գործիքը, նրա ձայնը պարզապես գրավեց, կարծես  երկնային երաժշտություն լիներ... Մանավանդ որ ես կարող էի դա ստեղծել: Մորաքույրս ինձ տարավ  երաժշտական դպրոց, բայց չվերցրին, ասացին՝ շատ փոքր է: Խնդրեցի մայրիկին, քանի որ նա ավարտել է երաժշտական դպրոց, սովորեցնել նոտաները, միանգամից ընկալեցի ու սկսեցի նոտաներով նվագել: Գերագույն հաճույք էր բացել նոտաներն ու մի նոր բան նվագել: Հիշում եմ, առավոտից մինչ երեկո նվագում էի: Շատ էի սիրում նոր ստեղծագործություն սովորել:

-  Եվ հրաշամանուկին ի՞նչ ճանապարհ էր սպասում:

- Յոթ տարեկանում ընդունվեցի Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը՝ պրոֆեսոր Գուրգենովի դասարան, մինչ այդ մասնակցել էի մի քանի մրցույթների: ՙԱմադեուս՚ մրցույթում  առաջին տեղը գրավեցի: Գուրգենովը հանձնաժողովում էր: Նա շատ հավանեց ինձ և առաջարկեց տեղափոխվել Երևան, սովորել այդ դպրոցում: Տասը տարի սովորեցի իր ղեկավարության տակ: 15 տարեկանում, երբ ավարտեցի դպրոցը, քննությունները հաջողությամբ հանձնած` ընդունվեցի Վիեննայի երաժշտության և արվեստների համալսարան: 18 տարեկանում ավարտեցի այն և առայսօր ապրում եմ Վիեննայում:

- Ե՞րբ առաջին անգամ մասնակցեցիք միջազգային մրցույթի:

- Յոթ տարեկանում առաջին անգամ մասնակցել եմ Հարավսլավիայում անցկացվող միջազգային փառատոնին և արժանացել առաջին մրցանակի: Վեց տարեկանում տվել եմ իմ առաջին մենահամերգը Վանաձորում: Հետո եղել են բազմաթիվ այլ մրցույթներ, մրցանակներ… Այո, ամեն տարի մասնակցում էի մի քանի մրցույթների և գրեթե ամենուրեք արժանանում առաջին մրցանակի:

- Ալեքսանդր Չաուշյանի հետ դուետում առաջին անգա՞մ եք հանդես գալիս, թե՞ առիթներ էլի են եղել:

-Ալեքսանդր Չաուշյանի հետ առաջին անգամ եմ դուետով հանդես գալիս: Ու չեք հավատա, առաջին փորձն անկացրինք  երեկ(ծիծաղում է): Երևանում չհասցրինք. ինքն էլ, ես էլ մենահամերգներ ունեինք, այո, այս փառատոնի շրջանակներում:

-Ինչո՞վ եք կարևորում մրցույթներին մասնակցելը: Կայացման համար դրանք անհրաժե՞շտ են երաժիշտին։ 

-Մրցույթներն, առաջին հերթին, ինձ համար քննության նման մի բան են, որպեսզի տեսնեմ՝ որտեղ եմ կանգնած, ինչ է ինձ անհրաժեշտ, որքանով եմ կարող համեմատվել ուրիշների հետ, ինչ ուժեր ունեմ: Նախ և առաջ` դա քննություն է ինքս ինձ հետ: Երկրորդ հերթին՝ մրցույթներն օգնում են երաժիշտին ավելի մեծ բեմերում հանդես գալ: Շահելով մի շարք հեղինակավոր միջազգային մրցույթներում, քո առաջ շատ դռներ են բացվում, հնարավորություններ` աշխարհի լավագույն բեմերում ելույթ ունենալու: Երբ հաղթեցի Մոնրեալի հեղինակավոր մրցույթում, միանգամից շատ առաջարկներ արվեցին խոշոր  մենեջերական ընկերությունների կողմից, և ես սկեցի մեծ բեմերում հանդես գալ հանրահայտ նվագախմբերի, մեծ դիրիժորների, այլ մենակատարների հետ: Կարելի է ասել, մեծ ճանաչում ձեռք բերեցի: Իմ համերգների առաջին մասը սովորաբար նվիրված է լինում ինձ համար շատ սիրելի գերմանական կոմպոզիտորներին, իսկ երկրորդը` ռուս և հայ կոմպոզիտորներին: Երբեմն ողջ համերգը կազմված է լինում հայ կոմպոզիտորների ստեղծագործություններից, իմ` Կոմիտասի կամ այլ հայկական երգերի մշակումներից: Ունկնդիրները շատ էին ուզում այդ ստեղծագործությունների ձայնասկավառակներն ունենալ: Ի դեպ, ասեմ, որ անցած տարի թողարկեցի իմ` թվով 4-րդ ձայնասկավառակը, որում ձայնագրված են Խաչատրյանի և Պրոկոֆևի դաշնամուրային կոնցերտները Բեռլինի ռադիոսիմֆոնիկ նվագախմբի հետ, որը ղեկավարում է հայազգի մեծ դիրիժոր Ալան Ալթունյանը: Այո, փորձում եմ հնարավորինս պրոպագանդել հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները, հայ դասական երաժշտությունը: Կարծում եմ, այս առումով մեծ ճանապարհ ունենք անցնելու հայ դասական երաժշտությունը ներկայացնելու գործում Եվրոպայում, ողջ աշխարհում: Հաճախ այդ համերգներին նվագում եմ Կոմիտասի երգերի իմ մշակումները, որոնք նույնպես մեծ ջերմությամբ են ընդունվում: Իմ համերգային գործունեության մեջ շատ մեծ տեղ ունի Կոմիտասը:

-Համերգն ու փառատոնը նվիրված են ՀՀ և ԼՂՀ անկախության 25-ամյակին: Անկախ Հայաստանի նվաճումներից ո՞րն եք կարևորում:

- Ամենամեծ նվաճումներից համարում եմ հայ տաղանդավոր մարդկանց, որ աշխարհով մեկ սփռված՝  ներկայացնում են Հայաստանը և բարձր պահում նրա անունը: Նրանք շատ մեծ գործ են անում` աշխարհով մեկ ներկայացնում, տարածում են հայ մշակույթը: