Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԵՐԳԱՐՎԵՍՏԻ ՀՄԱՅՔԸ, ԽՈՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԿՐԿՆԵԼԻ ԵՆ

Ազգային երգի-պարի տոն՝ Վերածննդի հրապարակում

 Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հոկտեմբերի 3-ին առաջին անգամ անցկացվեց ՙԳութան՚ ազգային երգի-պարի փառատոն: Ի դեպ, այն ունի իր պատմությունը: Երեք տարի առաջ ՙԳութանը՚ առաջին անգամ անցկացվեց Երևանում` ՙՄրրո՚ հայ ազգային երգարվեստի կենտրոնի տնօրեն, հայտնի երգիչ, երաժշտագետ, երգահան Արսեն Գրիգորյանի նախաձեռնությամբ: Այն անցկացվում է ամեն տարի։ Փառատոնն Արցախ բերելու նրա մտահղացումն իրականություն դարձավ  շնորհիվ ՙԳագիկ Ծառուկյան՚ հիմնադրամի աջակցության:

Փառատոնին մասնակցել են բազմաթիվ խմբեր: Եվ ուշագրավն այն է, որ նրանց մեջ կային ինչպես խորհրդային տարիներին հիմնված և անկախության առաջին տարիներին ստեղծված փորձառու, այնպես էլ բոլորովին վերջերս  ծնունդ առած խմբեր`ՙԱկունք՚, ՙՄարաթուկ՚, ՙՎան՚, ՙԿարին՚, ՙՍասնա ծռեր՚, ՙՄենք ենք, մեր սարերը՚, ՙՏավրոս՚, ՙՎերադարձ՚, ՙՄշո հավքեր՚, ՙԾովակ՚, ՙՈստան՚, ՙԳորանի՚, ՙՄասունք՚:

Փառատոնն ամեն տարի սկսվում է մեծն Կոմիտասի կատարմամբ ՙԳութանի երգով՚` ազդարարելով հայ ազգային երգարվեստի հմայքը, խորությունը, հարատևությունը: Այն վարում էր  հենց ինքը՝ Արսեն Գրիգորյանը, ում օգնում էր հայտնի սիրված երգծչուհի Լեյլա Սարիբեկյանը: Այս տարի փառատոնը նվիրված էր ապրիլյան պատերազմում զոհված զինվորների, սպաների լուսավոր հիշատակին: Դեռ խմբերը բեմում, ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանն Արսեն Գրիգորյանին հանձնեց նախարարության պատվոգիրն ու հուշանվերը` Արցախում մշակութային ասպարեզում ակտիվ գործունեության համար: Այնուհետև խմբերը հերթով ելույթ ունեցան` ներկայացնելով պատմական Հայաստանի գրեթե բոլոր գավառների երգն ու պարը: Ելույթների արանքում փոքրիկ վավերագրական ֆիլմեր էին ցուցադրվում այս ասպարեզում ակնառու գործիչների՝` Հայրիկ և Մարո Մուրադյանների, Արուսյակ Սահակյանի, Մգրո Սարգսյանի և այլոց մասին: Իսկ թե ինչպիսի խանդավառություն էին խմբերը հանդիսատեսներին հաղորդում իրենց մարտական, աշխատանքային, սիրերգային երգերով ու պարերով, տեսնել էր պետք: Իսկ անմիջապես  հրապարակում Արցախում գործող խմբերն էին, որոնք գրեթե բեմում պարողների հետ  ապահովում էին աշխուժությունը: Փառատոնն ավարտվեց ռազմական ոգեշունչ պարերով: Այդ  երեկո հրապարակում տիրում էր տոնական բարձր տրամադրություն։ 

Փառատոնի նպատակների, խնդիրների մասին է Արսեն ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ հարցազրույցը:

-Պարոն Գրիգորյան, ո՞րն է ՙԳութան՚ փառատոնի նպատակը, ինչպե՞ս ծնվեց այն, և որքանո՞վ եք կարողանում իրականացնել:

-Անկախության տարիներին մշակույթի որոշ ճյուղեր հետընթաց ապրեցին և՜ հասկանալի, և՜ անհասկանալի պատճառներով: Քանի որ ես ազգագրական, ազգային երգուպարի բնագավառում եմ գործունեություն ծավալում, միշտ էլ երազել եմ, որ մի միջոցառում լինի, որտեղ կմիաբանվեն բոլոր այն անհատները, ովքեր առանձին-առանձին անում են այդ գործը։ Բայց դա չի կարող արդյունավետ լինել, եթե միասնական չեն: Տեսնում ենք` չորս կողմը փառատոներ կան` ջազ, ռոք, դասական երաժշտություն, բայց ազգային արվեստի այս տեսակը չկա: Տարիներ շարունակ իմ երազանքն է եղել անցկացնել այսպիսի փառատոն: Երեք տարի առաջ կարողացա երազանքս իրականություն դարձնել: Երկար որոնումներից հետո եկա այն եզրակացության, որ փառատոնի անվանումը պետք է լինի մի բան, որ կապ ունի հայ մարդու տեսակի հետ, այսինքն, տեսակ, որ ինքն արարող է։ Իսկ գութանը հենց դա է, մեր տեսակի հետ կապ ունի, որովհետև  այն ևս արարող է: Այդպես որոշվեց անվանել ՙԳութան՚, հատկապես որ Հայաստանի բոլոր գավառներում ունենք գութանի բազմաթիվ երգեր: Այսինքն՝ մեր կապը հողի հետ մեծ ու խոր է: Անշուշտ, փառատոնն ինքը միջոց է: Մի քանի նպատակներ ունենք` պահել-պահպանել մեր ազգային երգն ու պարն իր անաղարտ ձևով, փոխանցել ներկա ու գալիք սերունդներին: Եթե մենք չկարողանանք փոխանցել, տարածել, հատկապես երիտասարդության շրջանում, ուրեմն աննպատակ է դառնում փառատոնը: Ահա թե ինչու նրա շրջանակներում ներգրավված են հիմնականում երիտասարդներ, նորաստեղծ խմբեր: Եվ դա շատ կարևոր ազդակ է բոլորիս համար առ այն, որ ոչինչ չի կորսվելու: Ինչպես մեր 18-20 տարեկան երիտասարդներն են վերցնում զենքը և հողը պաշտպանում, այնպես իրենց ազգային երգն ու պարն են վերցնում ու փորձում ասել՝ չեն կորչելու, սրանք նույնպես մեր երկրի անբաժան մի մասնիկն են: Յուրաքանչյուր ազգային պար, երգ գոհարներ են, որոնք նույնն են, ինչ որ մեր երկիրն է, մեր տեսակն է: Մեր նպատակներից է նաև արժևորել նախորդ տարիներին մեր երախտավորների արած գործն ու մեր երախտիքի խոսքն ասել: Նկատել եք, երևի, որ ամեն մի խմբի ելույթից հետո տեսահոլովակ էր ցուցադրվում, որը պատմում է մեր երախտավորների մասին: Սա սկզբունք է: Մատաղ սերունդն իմանա, որ գնահատվում է, երբ մարդը նվիրվում է ընդհանուրին: Այս ամենը մեր գաղափարախոսությունն է: Իսկ ինչ վերաբերում է գաղափարն այդ իրականություն դարձնելուն, ապա պետք է, այո, մեր աշխարհագրությունն ընդարձակենք: Երեք տարի է՝ կարողանում ենք Երևանում անցկացնել, բայց դա չի նշանակում, որ մեր նպատակն է դրանով բավարարվել: Պետք է հասնենք Հայաստանի յուրաքանչուր գյուղ, հատկապես` սահմանամերձ:

- Ինչպե՞ս:

- Դրա համար ֆինանսներ են անհրաժեշտ...

-Հենց դա է խնդիրը` ինչպե՞ս: Ցանկացած գործի իրականացում բախվում է այս խնդրի հետ:

-Այո, դժվար է: Բայց, գիտեք, նման դժվարություն միշտ էլ կա: Առաջին տարին, երբ որոշեցինք, որ պետք է  փառատոն անցկացնել, շատերն ինձ չհավատացին, նույնիսկ խմբերի ղեկավարները: Ես ասացի` կարևորը, որ մենք նպատակներ ունենք, տեսնում ենք դրանք: Իսկ իրականացնելը մեր կյանքն է, և այդ կյանքից պետք է հաճույք ստանալ: Եվ անիրական թվացողն իրականություն դարձրինք։ Ինձ աջակցել են ՀՀ մշակույթի նախարարությունը, Երևանի քաղաքապետարանը, շատ տարբեր կազմակերպություններ, իմ ընկերները: Ինչո՞ւ: Որովհետև ինձ հավատում են: Մարդիկ հավատում են, որ դու անում ես ոչ թե քեզ համար, կամ ինչ-որ փողեր լվանալու համար, այլ շատ անհրաժեշտ մի գործ: Եվ աջակցում են: Երևանում հաջող ացկացնելուց հետո իմ մտքում անընդհատ Արցախն էր: Շնորհիվ ՙԳագիկ Ծառուկյան՚ հիմնադրամի հովանավորության, մենք կարողացանք նաև Արցախում անցկացնել փառատոնը: Երբ հավատում են, որ ճիշտ գործ ես անում, որ դու իրենց տվածից ավելին ես ծախսում, ոչ թե հակառակը, քեզ աջակցում են: Մենք ներկայացնում ենք ժողովրդի ոչ պրոֆեսիոնալ արվեստը: Բայց մեր նպատակը ոչ պրոֆեսիոնալ արվեստը պրոֆեսիոնալ ձևով ներկայացնելն է: Եթե նկատել եք, բեմում ներկայացված է գրեթե ամբողջ Հայաստանը: Պետք է կամա՛ց-կամաց ընգրկենք բոլոր շրջանները: Անշուշտ, բոլորը միանգամից չես կարող: Շատ դրական եմ գնահատում ընթացքը, հատկապես որ իմ երազանքը կատարվեց: Փա՛ռք Աստծո: Շատ բարձր եմ գնահատում ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանի աջակցությունը: Շնորհակալ եմ սրտացավ վերաբերմունքի համար:

-Պատահական չէր ընտրված փառատոնի վայրը` հնարավորինս շատ մարդկանց հավաքել` մասնակից դարձնել ազգային երգ ու պարին: Եվ իսկապես, հրապարակը լեցուն էր, և գերիշխում էր երիտասարդությունը: Սակայն հենց երիտասարդների զգալի մասը, կարծես, այդքան էլ տարված չէր այդ երգերով ու պարերով: Ինչպե՞ս եք տեսնում նրանց ազգային երգ ու պարին ներգրավելու, հայացքներն ու ճաշակը փոխելու ճանապարհները, միջոցները:

-Մեր ակտիվ գործունեությամբ: Այո, մտահղացումները շատ են: Ցանկություն կա փառատոնի օրերն  ավելացնել, և այդ օրերին փառատոնը հասցնել շրջաններ, գյուղեր, վերջում էլ ամփոփել Վերածննդի հրապարակում: Ամեն ինչ քայլ առ քայլ կանենք: Պահն է, որպեսզի մենք գործը միասնական անենք: Ու կհասնենք մեր նպատակին: Շատ դրականորեն եմ տրամադրված: Դուք տեսնեիք ժողովրդի վերաբերմունքը ֆլեշ-մոբի ժամանակ` սիրով, ուրախացած: Ինչպիսի՛ խանդավառություն էր տիրում ամբողջ փողոցում: Այսինքն, միայն համերգով չպիտի բավարարվել: Պիտի հաղորդակից դարձնես ժողովրդին, պիտի չլինեն հանդիսատես-բեմ հարաբերություններ: Մենք բեմ ենք բարձրանում` ուղղակի տեսանելի լինելու: Բայց դրա հետ մեկտեղ նաև նույն հարթակի վրա ենք. կանք մեր ժողովրդի հետ ու կլինենք:

Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ