[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ ԵՎ IV ՔԱՂԿԵԴՈՆԻ ԺՈՂՈՎԸ

Ինչպես հայերին հերետիկոս անվանեցին և ինչու նրանք այդպիսիք չեն

 Հավատի դոգմատներն աստվածաբանական, աստվածահայտնության իսկություններ են, որոնք ուսմունքներ են պարունակում Աստծո և նրա արարչագործության մասին։ Եկեղեցին սահմանում է դրանք և կիրառում որպես հավատի հաստատուն և անփոփոխ դրույթներ։ Դա՝ որպես իդեալ։ Իսկ իրականում հավատի դոգմատների մեկնությունը վերածվում է որոշ եկեղեցիների ՙխաչակրաց արշավանքի՚ այլ եկեղեցիների դեմ, որոնց միակ նպատակը սեփական իշխանության հաստատումն էր։

Քրիստոնեական դոգմատները սահմանվում են Տիեզերական ժողովներում։ Գիտակցված շեղումը դոգմատից (լիարժեք մերժում կամ այլ մեկնություն) համարվում է հերետիկոսություն և հաճախ կրոնական բախումների պատճառ դառնում։

Այդ իմաստով Ժողովն իրավամբ է կոչվում Տիեզերական, եթե, առաջինը, ժողովին մասնակցում են բոլոր եկեղեցիների ներկայացուցիչները, և երկրորդը՝ եթե քննարկվում են բոլոր եկեղեցիներին առնչվող ու հուզող հարցեր։

Առաջին երեք Ժողովները, որ իրավամբ կոչվել են Տիեզերական (Նիկիայի ժողով՝ 325թ., Կոստանդնուպոլսի՝ 381թ., Եփեսոսի ժողով՝ 431թ.), տարաձայնություններ չեն առաջացրել, և դրանց որոշումները միաձայն ընդունվել են բոլոր եկեղեցիների կողմից։ Բացի այդ, Ուղղափառ դավանանքն ամբողջապես ձևավորվել է հենց այդ առաջին երեք Տիեզերական ժողովների ժամանակ։ Պառակտումը տեղի ունեցավ 451թ. ՝ Քաղկեդոնի ժողովում։

Քաղկեդոնի ժողովը լուրջ սպառնալիք դարձավ Տիեզերական եկեղեցու միասնությանն ու գործիքի վերածվեց Արևմուտքի, մասնավորապես Հռոմի ձեռքում, բաժանելու և տիրելու համար։ Դա պառակտում էր ոչ այնքան հավատի, որքան քաղաքական հիմքի վրա։ Եկեղեցին տրոհվեց 3 ճյուղի. Հռոմում և ամբողջ Արևմուտքում տարածում ստացավ քաղկեդոնությունը, Բյուզանդիայում՝ Զենոն կայսրի ՙՀենոտիկոնի՚ ընդունումով հաստատվեց միաբնակությունը (հետագայում նրանք ևս ընդունեցին քաղկեդոնությունը), Պարսկաստանում՝ նեստորիականությունը։ Կես դար շարունակ Քաղկեդոնի ժողովի հեղինակության վերաբերյալ տարատեսակ հայտարարություններ են արվել։ Հետո քաղկեդոնությունը դարձավ ուժ ու զենք այլադավանների դեմ մարտնչելու համար։

Մեկնությունը

Դարեր շարոնակ Հայ Առաքելական եկեղեցին մեղադրվել է միաբնակության աղանդի մեջ, որի համաձայն ընդունվում է Հիսուս Քրիստոսի միայն աստվածային բնույթը, որի պատճառով Քրիստոսը համարվում է միայն Աստված, բայց՝ ոչ մարդ։ Աղանդի ստեղծումը վերագրվում է Կոստանդնուպոլսի վանահայր Եվտիքեսին, որը, ընդդիմանալով Նեստորի աղանդին, որը, ի դեմս Քրիստոսի ճանաչում էր երկու անձ, երկու բնույթ՝ մարդկային և Աստվածային, միաբնակության սկզբունքը հասցրեց ծայրահեղության (Քրիստոսի մեջ մարդկային բնությունը կլանված է աստվածայինով)։

Եվտիքեսը դատապարտվեց Կոստանդնուպոլսի 448թ. ժողովում և աղանդավոր է համարվում քրիստոնեական բոլոր դավանանքների համար՝ ինչպես քաղկեդոնական Հռոմի կաթոլիկ և հույն ուղղափառ եկեղեցիների, այնպես էլ ոչ քաղկեդոնական՝ Հին արևելայն ուղղափառ՝ հայ, ասորական, ղպտական, եթովպիական և այլ եկեղեցիների համար։ 

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին աշխարհի հնագույն քրիստոնեական ազգային եկեղեցիներից մեկն է, որ պատկանում է Արևելյան ուղղափառ ոչ քաղկեդոնական եկեղեցիների խմբին։ Այն հիմնվել է առաքելական քարոզչության ժամանակաշրջանում Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների կողմից, իսկ 301թ. քրիստոնեությունը Հայաստանում ընդունվել է որպես պետական կրոն։

Բյուզանդական և Հռոմեական կայսրությունները, վարկաբեկելով ՀԱԵ ուսմունքը, փորձել են պարտադրել Քրիստոսի բնության իրենց ձևակերպումը՝ մեղադրելով հայերին միաբնակության մեջ։ Դա քաղաքական խաղ էր կրոնական նկատառումներով, որը թելադրված էր Հայաստանի արևմտյան մասը կայսրությանը միացնելու և հայ ժողովրդին ուծացնելու Բյուզանդիայի ցանկությամբ։ Այդ պայմաններում հավատարմությունը սեփական եկեղեցուն դարձել էր հայ ժողովրդի գոյատևման միջոց։ Այս կամ այն պատճառներով մինչ օրս շարունակվում են մեղադրանքները ՀԱԵ¬ի հասցեին, մասնավորապես Ռուս ուղղափառ եկեղեցու կողմից։

Քաղկեդոնի ժողովը որպես ներքին նպատակ ուներ նաև մեծացնել Բյուզանդիայի ազդեցությունն արևելքի քրիստոնյա ժողովրդների վրա, զրկել նրանց մշակութային և դավանաբանական ինքնուրույնությունից։

Հայ Առաքելական Եկեղեցին, սկսած 451թ. Քաղկեդոնի ժողովից, այլևս որևէ ժողով չի ընդունում՝ ուղղափառ հավատի համար բավարար համարելով միայն առաջին երեք Տիեզերական ժողովների դավանական որոշումները, այսինքն՝ ընդունում է Սուրբ Երրորդության մասին ուսմունքը՝ Հոր հետ միասին նաև Որդու և Սուրբ Հոգու աստվածությունը, Սուրբ կույս Մարիամին ընդունում է որպես Աստվածածին՝ նրա որդու Հիսուս Քրիստոսի մեջ ընդունելով երկու՝ աստվածային և մարդկային բնություններ, մեկ կամք և մեկ ներգործություն, մերժում է Նեստորի և Եվտիքեսի ուսմունքները։

Հայաստանյայց եկեղեցին 506 թվականի Դվինի եկեղեցական ժողովում դատապարտեց թե՜ եվտիքեսյաններին, թե՜ քաղկեդոնականներին՝ հավատարիմ մնալով 431 թվականի Եփեսոսի տիեզերական ժողովի վարդապետությանը, ըստ որի Հիսուս Քրիստոսի մեջ աստվածայինն ու մարդկայինը միավորված են անխառն ու անբաժանելի կերպով։

Հայ եկեղեցին մերժել է Քաղկեդոնի ժողովի (451 թ.) ընդունած ՙՄի Քրիստոս՝ երկու բնություն՚ դավանական բանաձևը, քանի որ այն հակասում էր սեփական աստվածաբանական ըմբռնումներին և եկեղեցու անկախության պահպանման ձգտումներին։ Հայ եկեղեցին ընդունել է ՙՄեկ է բնությունը մարմին ստացած Աստծու խոսքի՚ Ալեքսանդրյան աստվածաբանական դպրոցի բանաձևը, իսկ Ներսես Բ Բագրևանդցի կաթողիկոսի օրոք գումարված Դվինի 554 թ. 2-րդ ժողովը բացեիբաց նզովել է Քաղկեդոնը և խզել հաղորդակցությունը կայսերական եկեղեցու հետ։

Հայ եկեղեցին ընդունում և հետևում է հետևեալ կանոնին. միություն կարևոր հարցերում, երկրորդականներում՝ ազատություն, իսկ ամեն ինչում՝ սեր։

PanARMENIAN.Net