[ARM]     [RUS]     [ENG]

ՙԼԱՎԱԳՈՒՅՆ ՁԱՅՆ՚-Ը Ի ՀԱՅՏ ԲԵՐԵՑ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԻՆ

Ստեփանակերտի մշակութային կյանքում հոկտեմբերի 3-ին տեղի ունեցավ ևս մեկ ուշագրավ միջոցառում: ԼՂՀ մշակույթի և երիտասարդության պալատի մեծ դահլիճում կայացան պալատի կողմից նախաձեռնած ՙԼավագույն ձայն՚ նախագծի 3-րդ` եզրափակիչ փուլն ու գալա-համերգը:

Հիշեցնենք. նախագծի ընտրական փուլն սկիզբ առավ դեռ անցյալ տարվա վերջին: Ըստ տնօրինության կողմից տրամադրված տեղեկության՝ ընտրական փուլին մասնակցելու հայտ էին ներկայացրել  6-17 տարեկան շուրջ 100 երգիչ-երգչուհիներ Ստեփանակերտից և մերձակա գյուղերից: Առաջին փուլ անցան 55 երեխաներ, որոնցից քչերը կարողացան հաղթահարել երկրորդ փուլը: Պալատի տնօրեն Նաիրա Նաջարյանի խոսքով՝ եզրափակիչ փուլն ու գալա-համերգը պետք է տեղի ունենային ապրիլի 16-ին, սակայն պլանները խախտվեցին ապրիլյան պատերազմի պատճառով:

Եվ այսպես, այդ օրը կայացած գալա-համերգի ժամանակ հայտնի դարձան հաղթողների անունները: Մրցույթն ընթանում էր տարիքային երեք  խմբերով։ 16 մրցանակակիրներ ստացան արժեքավոր նվերներ ու պատվոգրեր: Ահա նրանք՝ մեր փոքրիկ և պատանի շնորհաշատ երգիչ-երգչուհիները. Թորն-Քեզայա Գրեյս (ամենափոքր մասնակից), Արևիկ Քարամյան (օրիգինալ կատարում), Մարատ Աբրահամյան (հանդիսատեսի համակրանք), Արայիկ Ներսիսյան (3-րդ տեղ), Միլենա Աբրահամյան (3-րդ տեղ), Աննա Մկրտչյան (3-րդ տեղ),Գայանե Բեգլարյան (3-րդ տեղ), Դարինե Մամունց (2-րդ տեղ), Արսեն Բաղրյան (2-րդ տեղ), Էլինա Մանգասարյան (2-րդ տեղ), Մարիամ Ավանեսյան (2-րդ տեղ), Ալյոնա Բալույան (2-րդ տեղ), Թամարա Սարգսյան (1-ին տեղ), Մարիա Ադամյան (1-ին տեղ), Անի Բաղդասարյան (1-ին տեղ), Մարիա Դավթյան (Գրան պրի):

Անշուշտ, հանձնաժողովի գնահատականներից կային և՜ գոհ մնացողներ, և՜ դժգոհներ: Համաձայնեք, հակասական կրքերը բնորոշ են ցանկացած մրցույթի: Տնօրինությունը վստահ է, որ հանձնաժողովի անդամները, լինելով հանրապետությունում ճանաչված, սիրված ու հարգված մասնագետներ, գնահատականները տվել են անաչառ և սրտացավ: Սակայն, համոզված է տնօրինությունը, այնուամենայնիվ, եթե կան դժգոհողներ, ուրեմն՝  կանոնակարգի փոփոխության  անհրաժեշտություն կա. թվով ավելի մեծ հանձնաժողովի գնահատականների անաչառությունը կլինի ավելի քիչ խոցելի: Եթե առաջին անգամ անցկացնելու համար թվում էր, թե երեք բարձրակարգ մասնագետները (ժողովրդական, դասական, էստրադային ժանրերի) բավական են անաչառ գնահատական տալու համար, ապա անհրաժեշտություն առաջացավ հաջորդ մրցույթին հանձնաժողովի անդամների թիվը հասցնել   մինչև 7¬ի:

Խոսելով մրցույթի նպատակի մասին, Ն. Նաջարյանն ընդգծեց. ՙՈչ միայն ի հայտ բերել այն օժտված երեխաներին, որոնք առանձնանում են երաժշտական, արվեստի դպրոցների համապատասխան դասարաններում, այլև օգնել նրանց կողմնորոշվելու ապագա մասնագիտության ընտրության հարցում՚: Որպեսզի շատերը կարողանան մասնակցել, ոչ թե  մանկական մասնագիտական  հաստատություններ ուղարկվեց կանոնակարգը, այլ քաղաքի կենտրոնական վայրերում տեղադրվեցին պաստառներ` կանոնակարգի բոլոր տվյալներով հանդերձ: Պալատի  տնօրենը համոզված է. որ ՙԼավագույն ձայն՚ նախագծի շրջանակներում հնարավոր է նման մեծ աշխատանք տանել, պալատն ունի այդ ներուժը: Եվ քանի որ հենց առաջին օրվանից ու մինչև գալա-համերգը երեխաների հետ աշխատում էին բարձրպրոֆեսիոնալ մասնագետներ, հնարավորություն կար երեխաների ելույթների մակարդակը փուլ առ  փուլ բարձրացնել: Իսկ գալա-համերգին ավելի հաջող ելույթներ ունենալու համար վերջին փուլ հասնող մասնակիցների հետ ավելի լավ պարապելու նպատակով տնօրինությունը Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ մասնագետ է հրավիրել Երևանի կոնսերվատորիայից:

Ն. Նաջարյանը գոհունակությամբ նշեց, որ մրցույթը հաջողված է համարում, քանի որ այն իր նպատակին հասել է: Եվ, ոգևորված այդ հաջողություններից, պալատի տնօրինությունը նպատակ ունի հաջորդ մրցույթի շրջանակներն ընդլայնել` ներգրավելով նաև հանրապետության շրջանները: Արդյո՞ք, պալատն ի զորու է նման թափով կազմակերպել մրցույթը: Քանի որ նախարարությունն աջակցում է թե՜ պալատի այս նախագծին և թե՜ ընդհանրապես հիմնարկի նախաձեռնած մեծ մտահղացումներին, տնօրենը համոզված է, որ կկարողանա պատշաճ կերպով կազմակերպել ոչ թե մայրաքաղաքի, այլ ամբողջ հանրապետության մասշտաբով մրցույթ: ՙՑանկացած դժվարություն հնարավոր է հաղթահարել նվիրված ու սրտացավ աշխատանքով՚,¬ իր խոսքը եզրափակեց տնօրենը։