[ARM]     [RUS]     [ENG]

ԱՇԽԱՏԱՆՔ, ՈՐՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ Է ՀԱՎԱՍԱՐԱԶՈՐ

Արցախում նշվել է Ուսուցչի մասնագիտական տոնը

 Հոկտեմբերի 5-ը Ուսուցչի մասնագիտական տոն օրն է: Տոնը նշվում է աշխարհի 100 պետություններում: Օրվա առթիվ շնորհավորանքներ են ստացել հանրապետության հազարավոր դասավանդող  ուսուցիչներ: Փոքր չէ նաև թոշակառուների բանակը, նրանց համար եւս օրը տոնական շունչ ու երանգ ուներ: Ուսուցիչների մասնագիտական օրվա առթիվ տոնական միջոցառում է կազմակերպվել մայրաքաղաքի Մշակույթի եւ երիտասարդության պալատում: Ներկա էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, Նախագահի աշխատակազմի ղեկավար Մարատ Մուսայելյանը, Կրթության, գիտության եւ սպորտի նախարար Սլավա Ասրյանը, Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարը, Ստեփանակերտի քաղաքապետը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:

Համակարգի աշխատողներին օրվան նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ շնորհավորել է կրթության, գիտության եւ սպորտի նախարար Սլավա Ասրյանը: Արցախի ամենամեծ աշխատանքային կոլեկտիվներից մեկի ղեկավարը վստահեցնում է՝ ոլորտում առկա խնդիրներին երկրի ղեկավարությունը քաջատեղյակ է եւ ձգտում է ամեն տարի թեկուզ եւ փոքր, բայց քայլ կատարել դրանց լուծման ուղղությամբ: ՙԴժվար է գերագնահատել ուսուցչի աշխատանքը: Աշխատանք, որն ավելի շատ առաքելություն է, ծառայություն է՝ նվիրված մեր հայրենիքին, մեր ապագային: Առկա դժվարություններին դիմակայելու ձեր կարողությունը յուրօրինակ ուղերձ է ապագա սերունդներին, ովքեր վաղը պետք է ստանձնեն հայրենիքի զարգացման առաքելությունը՚,- իր շնորհավորական խոսքում ընդգծել է կրթության, գիտության եւ սպորտի նախարարը: Անկախության 25 տարիներին կրթության ոլորտը եղել է իշխանությունների ուշադրության կենտրոնում: Հետպատերազմյան տարիներին մեծ ուշադրություն է հատկացվել դպրոցաշինությանը: Այդ կարեւոր ոլորտին են ուղղվել մեծ միջոցներ ինչպես պետական բյուջեից, այնպես էլ բարեգործական ծրագրերից: Արդյունքում, այսօր հանրապետության դպրոցները հիմնականում բարեկարգ են. այդ ուղղությամբ աշխատանքները դեռ շարունակվում են: Շարունակվում է նաեւ դպրոցների վերազինումը: Որպես կրթական համակարգի նախնական օղակ՝ ուշադրության կենտրոնում նաեւ նախադպրոցական հաստատություններն են: Ու  եթե դպրոցների թիվը գրեթե անփոփոխ է արդեն տարիներ շարունակ, ապա նախադպրոցական հաստատությունների թիվն աճում է, եւ պահանջարկը դեռ կա: Նախարարն անդրադարձել է նաեւ առկա թերություններին. տարիների հետ դրանք պակասում են, բայց այդպիսիք դեռ կան եւ ազդում են աշխատանքների վերջնական արդյունքի վրա: ՙՄենք ցավով ենք արձանագրում, որ կրթության ոլորտում շատ հարցեր դեռ լուծված չեն: Դրանք, անշուշտ, իրենց հետքն են թողնում կրթության որակի վրա: Բայց հույս են ներշնչում ոլորտին պետական բյուջեից ուղղվող մեծ միջոցները եւ իշխանությունների մեծ ուշադրությունը, որի շնորհիվ կրթությունն Արցախում վաղուց արդեն գերակա ուղղություն է ճանաչվել՚,- արձանագրում եւ վստահեցնում է Սլավա Ասրյանը: 

Միջոցառումը շարունակվել է տոնական համերգով: Ուսուցիչներին շնորհավորել են իրենց գործընկերները, նախարարության պատասխանատուները: Իսկ Երեւանի մանկական ֆիլհարմոնիկ նվագախմբի շնորհավորանքները երաժշտական համարների տեսքով էին:

Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ