[ARM]     [RUS]     [ENG]

ՆԵՐԿԱՆ ԱՊԱԳԱՅԻՆ ԿԱՄՐՋՈՂ ՊՈԵԶԻԱ

Հրապարակի վրա է ականավոր բանաստեղծ Վ.Հակոբյանի երկերի 6-րդ հատորը` 21-րդ դարի հայ պոեզիայի նվաճումների տեսականիով:

Նրանում ընդգրկված  են ՚Պոեմ իմ մասին կամ` 24-ն անց 81 րոպեՙ, ՚Ջրի շնչառությունըՙ ժողովածուները, ինչպես նաև թարգմանություններ համաշխարհային պոեզիայի ընտիր նմուշներից:

Գրքի մուտքում բերված է Վ. Հակոբյանի հետևյալ համոզմունքը. ՙԱշխարհում, բանաստեղծությունից բացի, ամեն ինչ բանաստեղծություն է, ահա թե ինչ է պոեզիան՚: Դա ապացույցն է այն ճշմարտության, որ Վ. Հակոբյանը կյանքի բանաստեղծ է, որ նա Արարչի  հետ  հաղորդակցվելու կարողության տեր է, որը շատ քչերին է հատուկ: Այս դիտարկումը մեզ իրավունք է վերապահում ընդգծելու, որ նրա բանաստեղծությունների նույնիսկ վերնագրերը մեկնության կարիք ունեն: Այսպես, իր պոետական վաստակի երգերից մեկը վերնագրված է ՙԲանաստեղծության փոխարեն՚: Բայց այն ամբողջության մեջ ցնցող մի պատկեր է` դեռևս չասված, չհոլովված արտահայտամիջոցներով: Նրբանկատ բանաստեղծը միայն  կարող է խորհուրդ տալ ոչ թե կենդանի մարդկանց, այլ նահատակներին.

Զոհվածներին կխնդրեի ` հրաժարվել 

ծաղիկներից 

նրանց, ովքեր  

պսակներ դնելու պահին հատուկ 

նկարահանվում են`

 հուշարձանները դարձնելով ինչ-որ մի տարրն 

իրենց քարոզչության: 

 

Ապա խորհուրդն ուղղվում է  ռամիկներին, Աստծուն և առանձնապես հանրությանը.

 

Երբեք չվստահել նրանց, ովքեր 

սարեր են խոստանում անվերջ`

մոռանալով, թե քանի սար է արդեն մնացել 

հայոց աշխարհում...  

Վ. Հակոբյանի երգերը, սակայն, փաստարկված հրապարակախոսություններ չեն: Դրանք գաղափարահուզական հյուսվածքներ են` գեղարվեստական պատկերների բազմազանությամբ ու թարմությամբ: Բանաստեղծը համոզված է, որ պետք է ՙՓրկել օդը վերահաս ճահճացումից՚, որովհետև ՙԾառը ծառերից դուրս է զգում, որ ինքը ծառ է՚:

Վ. Հակոբյանի երգերից մեկը կոչվում է ՙՀակացանկություն՚: Բայց, տեսեք, թե  ցանկությունների ինչ աշխարհ է բացում նա.

Բոլոր ուղղությունները սխալ են, բացի  նրանից, որով  ծաղիկները հողից բարձրանում են վեր:  

կամ

Յուրաքանչյուր բառ դիրք է, ոչ թե…ապաստան Ջուրը դաշտի միջով հոսում է այնպես,  որ ամեն խոտ զնգում է:  

ՙԼռության ծիրանի՚ բազմաշերտ բանաստեղծության մեջ Վ. Հակոբյանը խոստովանում է.

…Չեմ գնում այն ճանապարհով, որը իմը չէ, ոտքերս սովոր են միայն արգելքների:    

Քանի որ արվեստը, այդ թվում և գրականությունը, պայմանական է, ապա նշված խոստովանանքի մեջ պետք է տեսնել որոնումների և գտնումների  ճամփաները, որ Վ.Հակոբյանինն են, ուրիշ ոչ ոքի: Վերընթերցում ես տաղանդաշատ բանաստեղծի ՙԽաչելություն առանց խաչի՚, ՙՀամաստեղություն Ցուլից հետո, Երկվորյակներից առաջ՚, ՙԽաղ՚, ՙՈւշացած թուղթ` մի աղջկա, որն այլևս չի հիշում՚, ՙՀենց այնպես՚, ՙԹևերդ` շուրթերիս վրա կամ գիշերը` գնդասեղի ծայրին՚ և այլ գործեր, ու թվում է, թե Վ. Հակոբյանը ոչ թե ուղեկցում է ընթերցողին, այլ դիմավորում է հեքիաթային իմաստունի պես` մի դեպքում զգուշացնելով, մյուս դեպքում՝ վստահելով, ամեն դեպքում հնչեցնելով կենսահաստատ իր խորհուրդը:

Անվանի բանաստեղծի երգերը կոնկրետ հասցեներ ունեն: Դրանք Հայաստանն է, Արցախը, Սփյուռքը, դրանց երկնակամարներում հուրհրատող աստղերն են, որոնք շողշողում են հայրենիքի հանդեպ ունեցած կարոտի ու տագնապի, վստահության ու հավատի երանգներով, երկրի սահմանապահը լինելու ցանկությամբ.

ՙԵրկրիս սահմանները ճշտելու համար` որպես չափման միավոր, Ընտրում եմ սերը … չկա Արցախից ավելի մեծ մի երկիր, Արցախից ավելի հզոր մի հայրենիք՚: 

Վ. Հակոբյանի երգերում բառերը բուրում են մեռոնով: Նա չի հաշտվում չարի հետ, ընդվզում է, երբ տեսնում է, թե ինչպես`

Սահմանները հորինում են մարդիկ,  Սահմանալարերի փշերը նույնպես, և նրանցով բարուրում են հայրենիքները: 

Այսպես, կրկին դիմենք Վ. Հակոբյանի  բանաստեղծությունների փիլիսոփայությանը: Վերցնենք, թեկուզ, նրա ՙՄարդակազմություն` անհատի բաղադրատարրերով՚ գործը: Երեք մասից բաղկացած այս երկի առաջին և երկրորդ մասերում նա բանաստեղծական պատկերավորությամբ բնութագրում է ՄԱՐԴԸ  ԵՎ ԼՈՒՅՍԸ` ոչ թե կենսաբանության օրինաչափություններով, այլ բարոյահոգեբանական դրսևորումներով` գեղարվեստական պատկերների հյուսվածքով: Սույն բանաստեղծության երրորդ մասը կոչվում է ՓՈՇԻՆ: Ինչից է բաղկացած փոշին մարդկային կյանքի հոսքում.

ՓՈՇԻՆ բաղկացած է թագավորներից ու 

բուրգերից, աշխարհի

ամենամեծ զորավարներից, զորքից, 

ամենաշքեղ սիրուց ու երազներից,

հարեմներից, հավատարմությունից ու

կուռքերից, տաճարներից, 

երբեմնի հավերժականից, 

մոլորակներից ու ոչնչից, մի խոսքով`

           ՄԱՐԴՈՒՑ ՈՒ ԼՈՒՅՍԻՑ:  

Ու ոնց չապրես հոգու ներքին խանդաղատանք, երբ չճանաչված երկրի բանաստեղծը խորն է հասկանում կյանքը և աշխարհի հետ խոսում է անժխտելի օրենքներով: Դեռ ավելին, ի հեճուկս մեր ոխերիմ թշնամիների, նա դիմում է հային հայ պահող Հայաստանին և ի լուր աշխարհի ասում.

Ինչքան անպաշտպան կլինեիր, Հայաստան,

եթե հանկարծ թշնամիներ չունենայիր 

(չի էլ հնչում`

անոսոխ հայրենիք), և հիմա որքան 

անպարտելի ես, Հայաստան:   

Միաժամանակ բանաստեղծը գիտակցում է իր (ասել է թե` բոլորիս) պարտքը հայրենիքի հանդեպ .

Հայաստան, ինչպես ապրեմ այսօրը, որ այն վաղվա վրիպումը չդառնա: 

Թե հայ պոեզիայում, թե` համաշխարհային, քիչ չեն այն անհատները, որոնց պոետական խոսքը, մտահղացումից մինչև ընդհանրացում, հնչում է որպես ասացվածք, որպես թևավոր միտք, որը կարող է ճեղքել դարերի պատնեշներն ու սերունդներին հասնել որպես չհնացող դաս ու խորհուրդ: Նման  անհատներից  է Վ.Հակոբյանը: Բերենք օրինակներ ՙԵլք՚ հյուսվածքից.

ՙՃանապարհին նա չէ, ով ճանապարհին է, այլ նա, Ով ճանապարհը կրում է իր մեջ… 

Դրախտում նա չէ, ով դրախտում է, այլ նա, ով դրախտը կրում է իր մեջ…Ցավի մեջ նա  չէ, ով ցավի մեջ է, այլ նա, ով իր մեջ կրում է ցավը՚:                   

Հավերժաթև  կենսափիլիսոփայության օրինակների  յուրովի  փնջեր են ՙԱմեն գիշեր երկնքից մի  սպիտակ թել է իջնում՚, ՙՎարդը, որ բուսնում է 1000 տարին մեկ, Մասիսների ձյունների մեջ՚, ՙՃախրանք՚, ՙԱռանց տեղանունների՚, ՙՏարաժամ՚ և այլ բանաստեղծություններ:

Վ. Հակոբյանի պոեզիան ամբողջության մեջ ներկայացնում է արդի համարյա բոլոր հրատապ հիմնախնդիրները` փիլիսոփայական խորհրդածություններով: Նրանում զուգահեռ խոսք է գնում հայրենիքի, ժողովրդի, գոյամարտի, նահատակության, Սումգայիթի, Հրանտ Դինքի, Ավոյի, Բեկորի, որբացած տղայի, ժողովրդի ցավի ու հույսի, սիրո, ընտանիքի և այլ ավանդական արժեքների մասին:

Վ. Հակոբյանի նրբանկատությունը, զգացողությունը, ստեղծագործական ավյունը արարման պաթոսը, ճախրանքը, ոգևորությունը, հիասթափությունը, լավատեսությունը, ցավը, սփոփանքը, հույսը և այլ բարեմասնություններ, ժողովրդի իմաստասիրության, արյան կանչի, դարավոր փորձի արդյունք են: Կարող ենք նրա հանդեպ կիրառել Մեծ Լոռեցու ընդհանրացումը. ՙԲանաստեղծը  ժողովրդի  սիրտն է՚: ՙՀայր մեր՚-ից` մի մեղեդի՚, ՙԲուրգ՚, ՙԼուսնային իմ սայթը՚, ՙԱյժմ՚-ը և ՙՎաղը՚, ՙԱշնանային ռեպորտաժ՚ և այլ գործեր հավաստիացումներն են այն ճշմարտության, որ նրա խորհուրդները Հայոց հազարամյակների նորօրյա, ինքնաբուխ դասեր են: Ասացվածքների թևեր ունեն ՙՀայրենիքը միակն է, որ չեն մուրում՚, ՙՀիշողությունը տարողունակ է ավելի, քան գույները՚, ՙՅուրաքանչյուր ծաղիկ թագուհին է ծաղիկների՚, ՙԺամանակի մեջ ՙվաղը՚ գոյություն չունի՚, ՙՀեռացող յուրաքանչյուր վայրկյան իրենով է սկսում հավերժությունը՚ և այլ իմաստություններ:

ՙՊոեմ իմ մասին կամ` 24-ն անց 81 րոպե՚ գրքի խորիմաստ բանաստեղծություններից մեկը կրում է ՙԲառերս ոտնահետքեր են, որտեղով մի օր անցել է իմ նախահայրը՚ վերնագիրը: Երկու մասից բաղկացած այս քերթվածքը պարունակում է մի ամբողջ  պոեմի բովանդակություն` յուրաքանչյուր տողի ենթատեքստում ունենալով յուրովի մի աշխարհ: Դա բանաստեղծ քաղաքացու հավատամքն է հայրենի ծննդավայրի հանդեպ, որի առջև բացում է սիրտը և շշնջում որդիական իր երախտագիտությունը, ընդգծելով. ՙԻմ մանկությունը լիքն է հորս սիրով: Եվ շնորհակալ եմ Մասրուտի հովտից,  որ ես հենց այնտեղ եմ ծնվել, ուրիշ տեղ ծնվեի` ես չէի լինի ես՚: Եվ իր ՙԵս՚-ի կայացման համար նա շնորհակալություն է հայտնում ՙԹառամնի աղբյուրին՚, ՙԳյոլեն տանձենուն՚, ՙՍաքունց սարին՚, ՙՄեծ քարին՚, ՙԽոտհարքների ՙշնացած՚ արևին՚ և այպես շարունակ: Դրանք լոկ տեղանունների թվարկումներ չեն, այլ բանաստեղծի արյան կանչը, հիշողությունը, կարոտը, հպարտությունը, երգի աղբյուրը, աշխարհի հետ խոսելու իր իրավունքը: Դրանք բառի թռիչքադաշտն են, լույսի տնկարանը: Դրանք աստվածանվեր այն վայրերն են, որտեղ.

ՙՄանուշակները` ճեղքելով Ժայռուտները, քարերին վերադարձնում են նրանց կորսված տեսողությունը: Կոշիկներս օտարում են  հողը, որին դաջված իմ նախահոր ոտնահետքերը հիշողություն են և  ընթացավորում են հորիզոնը: Թեև , համոզված եմ, ծննդավայրս այն բառն է լինելու, որ դառնալու է ինձ ափ հանող իմ միակ նավակը՚:  

Երկերի 6-րդ հատորի առյուծի բաժիններից մեկը հեղինակի ՙՋրի հիշողությունը՚ ժողովածուն է`բանաստեղծությունների և տիրադների ներառմամբ: ՙՄանիֆեստ ունայնության՚ բնաբանում Վ.Հակոբյանը քննարկում է ՙաշխարհի ամենալավ բանաստեղծության ՙծննդի խնդիրը՚, ՙոր երբևէ գրվել  է կամ, գուցե, պիտի գրվի՚: Կատարյալ արվեստի դարավոր ճանապարհը զարդարված է բազում անձեռակերտ հուշարձաններով, որոնց արարողները, այնուամենայնիվ, դժգոհ են եղել իրենց ստեղծածից, արդարացիորեն հաստատելով այն կարծիքը, որ արվեստի բարձունքներն անհասանելի են, եթե համոզվեն, որ արդեն կատարյալ արվեստը ստեղծվել է, նշանակում է, որ արվեստը  կնքել է իր մահկանացուն: Նման համոզմունքով էլ Վ. Հակոբյանը հերթական անգամ բացել է իր երգասան սրտի դռներն ու զարմանալիորեն նկատել, որ ջուրը հիշողություն ունի: Բայց այստեղ ՙջուրը՚ փոխաբերական լայն իմաստով է  օգտագործված: Դա մի այնպիսի հիշողություն է, որ բանաստեղծի առջև շատ փակագծեր է բացում, հուշում, որ ՙԲառերը թռչուններ են՚, որ թռչունը ՙգտնում է իր ճյուղը տիեզերքում, հետո նա գտնում է իր երգը տիեզերքում, հետո ծառը թռչում-գնում է իր ճամփան՚, բայց կրկին ՙթռչունը մնում է դարձյալ մենակ՚, մենակության մեջ լուծելու այն առեղծվածը, թե ինչպես են պարզում ՙջրերի տարիքը… լեռների տարիքը… լույսի տարիքը՚: Եվ այս առեղծվածային հարցերը քննարկելով, թռչունը ՙթևերը լայն բացելով…իրեն վերադարձնում է անտառին՚: Եվ այստեղ բանաստեղծը ներքին խանդաղատանքով բացականչում է, որ անտառում ՙՍտվերներն առանձնանում են լույսերի մեջ` քանի դեռ անտառի ծառերից մեկը ես եմ՚: 

Վ. Հակոբյանի մտահղացումների արմատները խրված են հողի մեջ, իսկ ճյուղերը լույս են առնում աստղերից, շաղկապելով երկիրը երկնքին, նյութականը`  հոգևորին, որոնումը` հույսին, հույսը` ապագային: Նրանցում մարդկային կերպարներ են, որոնց շնորհիվ խոսքը դառնում է անմիջական, զգացմունքային, խոհական, առինքնող: Այդ երգերում նախ բանաստեղծն է, որպես քնարական հերոս, Ասոն ու  Գիրոն են` իրենց ստվերախաղերով, Գանձասարի զանգերն են, Մեղրագետն է, Ծաղրն ու Ծիծաղն են, Զոհվածի այրին է, Խաչքարն է, իրար ոչնչացնող տերություններն են, Ջրվեժն ու Սահյանն են, տխուր և  ուրախ մարդիկ են: Եվ ամենուրեք աշխարհի հոգսերով ապրող բանաստեղծը կենսահաստատ է: Նա ՙՄենության տխուր արծաթը՚ փռում է ՙգիշերվա թևին՚, ՙՔանդված եկեղեցիներից լսում է մանկական լացի ձայներ՚, տեսնում, թե ինչպես է ՙՄասրուտի ձորում, հողի մեջ ծխում մի արմատ՚, բացականչում. ՙՔո ծիրանավոր թևերի վրա լեզուս համտեսում է արևը… բառերս վերածնվում են գույների` վառվող, վառվող, վառվող ու չմարելի…՚: Ապա ընդհանրացնում է. ՙԵս  սիրում եմ հորիզոնը կոդավորել իմ աչքերով, և  հեռուն, ուր դու  ես, դառնում է իմ գաղտնաբառը, Իսկ ձյունախառն  քամին, հակառակ ուղղության մեջ, վարդի թերթեր  է բերում ինձ` կարմիր, կարմիր, կարմիր ու ….չմարելի՚:  

Կան նշանավոր բանաստեղծներ, որ իրենց տաղանդը դրսևորում են որոշակի թեմաների հոլովմամբ: Վ.Հակոբյանն իրեն թևավոր է զգում թեմաների անսպառ տարածքներում: Նա կյանքի բոլոր  շերտերի մեջ ամենատես է, խորհող ու մտորող, հողասեր` իր Հաբի պապի պես, որն օգնում է իր պոետ թոռանը հայացքն ուղղել աշխարհին ու խոստովանել. ՙԵս փաթաթում եմ ոտքերս մշտադալար ճանապարհների երազներով՚: Նրբանկատությունը Վ. Հակոբյանին հնարավորություն է ընձեռում զգալու ՙԿարապի ծարավը` վերջին երգից առաջ՚, կազմակերպելու ՙԲառի մենաթատրոնը՚, լսելու Եսենինին, տեսնելու, թե ինչպես է ՙՏոլստոյի գավազան-գայիսոնը՚ զայրագին իջնում այն մի քայլաչափ հողին, ուր կանգնած է Շեքսպիրը և հնչեցնելու նորօրյա խոսքի կարևորությունը.

ՙԲանաստեղծությունը ոչ թե այնտեղ է, ուր է՜, այլ ավելի  հեռու այն վայրից, ուր   գտնվում է: Ու խորն է ավելի, ու անվերջ` ավելի՚:  

Վ. Հակոբյանի տեսիլքային պատկերներում վրնջում են հրեղեն նժույգներ, որ իրեն ճանաչում են մանկության տարիներից, ինչպես ինքն է հաստատում, ՙիրենց մեջքի վրա, վարգ ու վրնջյունով, իրեն հասցնում են ՙհեռու-հեռավոր հորիզոնները՚: ՙԻսկ հեռու-հեռավոր՚ այդ հորիզոնները վերացական հասկացություններ չեն, կամարված ծիածաններ են` բխած հայրենի եզերքից, …ՙՈրը բուրում է մեր Մասրուտի բոլոր գույներով, և ձայներ են  ականջիս հասնում, որ ես իբրև, դրախտում եմ՚:  

Ճշմարտությունը պահանջում է նշել, որ Արցախում ստեղծվող պոեզիայում առաջին անգամ Վ.Հակոբյանն է ձեռք մեկնել Տիրադա ժանրին` արտահայտելով իր կենսափիլիսոփայությունը` համոզիչ ու խոհական: 

Վ.Հակոբյանի ՙՏիրադներ՚ շարքը խոսուն վկայություն է այն ճշմարտության, որ Աստծո հրամայականով ծնված բանաստեղծն իրավունք չունի ժամանակի շունչը չդառնալ,  լռել այն պահերին, երբ հրամայում են լռել, չգրել այն ժամանակ, երբ ստիպում են չգրել: Հենց այս իրողության ներկա դրսևորումների փիլիսոփայական արձագանքներն են բանաստեղծի ՙՀիմարության առիթմիա՚, ՙԲառը հասարակածի վրա՚, ՙՍուրբ սատանա՚, ՙԳրառումներ նշանի տակ՚, ՙԵրկու միլիոն զոհերի  ձայնով՚, ՙԼույսի հեղինակը՚ ստեղծագործությունները: 

Վ. Հակոբյանի տիրադների շարքը ժամանակաշրջանի հասարակական կյանքի սոցիալական, քաղաքական, բարոյահոգեբանական դրսևորումների գեղարվեստական մնայուն վավերագրություններ են: Ինչ վերաբերում է ՙԵրկու միլիոն զոհերի ձայնով՚ երկին, կարելի է այն որակել որպես մեր ժողովրդի ցավի ճիչը աշխարհին ներկայացնող կարևոր մի գործ` թշնամուն ճանաչելու , համախմբվելու, ազատ և անկախ ապրելու կոչով:

Անվանի բանաստեղծներն իրենց նկատելի նպաստն են բերում  նաև թարգմանության ասպարեզում: Այդ առումով կարող ենք ընդգծել, որ Վ.Հակոբյանը շարունակում է հայ դասականների, առանձնապես Ե. Չարենցի, Ն. Զարյանի, Պ. Սևակի, Գ. Էմինի ավանդույթը: Այդ են  վկայում նրա բարձրարվեստ թարգմանությունները Ուոլթ Ուիթմենից, Եզրա Փաունդից, Հերման Հեսսեից, Կոնստանտին Բայլմոնտից, Սթիվեն Կրեյնից, Կլոտ Էստեբանից, Մարկ Ստրենդից, Եվգենի Կուպրինովից և Ժաո Սիից:

Ավանդույթը շարունակվում է… Հայոց ազգային պոեզիան համամարդկային անդաստան է մղվում նաև Դիզափայտի օրհնանքով հասակ նետած, Աստծո աջի զորությամբ արարող, տաղանդաշատ գեղագետ Վարդան Հակոբյանի շնորհիվ:

 

Սոկրատ ԽԱՆՅԱՆ

Բանասիրական գիտ. դոկտոր, պրոֆեսոր

ԼՂՀ գիտության վաստակավոր գործիչ