[ARM]     [RUS]     [ENG]

ԶԳԱՑՄՈՒՆՔԻՑ ԾՆՎԱԾ ԿԵՐՊԱՐՆԵՐ

Հոկտեմբերի 18-ին Ստեփանակերտի պատկերասրահում ԼՂՀ նկարիչների միությունը կազմակերպել է  Հայաստանում հայտնի նկարիչ Խաչատուր ԱԶԻԶՅԱՆԻ անհատական ցուցահանդեսը:

Ներկայացված է  մոտ 60 կտավ, որոնք արտացոլում են նրա ստեղծագործական գրեթե ողջ ուղին: Ներկա էին ԼՂՀ նկարիչների միության անդամներ, արվեստասեր հասարակայնության ներկայացուցիչներ, ԱրՊՀ գեղարվեստական բաժնի և Գյուրջյան կիրառական արվեստի ինստիտուտի ուսանողներն ու դասախոսները: 

Տեղեկացնենք, որ Խաչատուր Ազիզյանը Հայաստանի նկարիչների միության անդամ-քարտուղարն է, ՀՀ վաստակավոր նկարիչ: Բազմիցս է եղել Արցախում, մասնակցել հավաքական ցուցահանդեսներին: Բայց Արցախում առաջին անգամ է կազմակերպվում նրա անհատական ցուցահանդեսը: Այս կարևոր իրադարձության ուրախությունը կիսելու էին եկել նրա ընտանիքի անդամները։Հանդիսավոր արարողությունը բացեց ԼՂՀ նկարիչների միության նախագահ Հովիկ Գասպարյանը` հակիրճ բնութագրելով նկարչի անցած ուղին: Այնուհետև նա խոսքը փոխանցեց քանդակագործ Յուրի Հովհաննիսյանին, ով ձգտեց հնարավորինս լիարժեք ներկայացնել նկարչի ներաշխարհը, ոճը, նրա մարդկային կերպարը: Խաչատուր Ազիզյանի` նկարչի, մարդու կերպարը լրացնելու ցանկությամբ իրենց խոսքն ասացին Գորիսից ժամանած նկարիչ Ժիրայր Մարտիրոսյանը, Պրահայից` նկարիչ Աշոտ Առաքելյանը, նկարիչ Լավրենտ Ղալայանը: 

Խաչատուր Ազիզյանն սկսել է ստեղծագործել դեռ մանուկ հասակից: Ավարտել է Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարանը, ապա` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: Խորհրդային բանակում ծառայելուց հետո բուռն ստեղծագործական կյանքով է ապրել, վերհիշում է նա: Ու դեռ երիտասարդ տարիներից ձգտում էր արվեստի աշխարհում գտնել իր ուրույն  տեղը: Նկատենք, այդ մասին են վկայում ներկայացված կտավները, որոնք արարված են տարբեր տեխնիկայով, տարբեր ժանրերում, ժամանակակից արվեստի տարբեր ուղղություններին համահունչ: Արդյո՞ք կարելի նրա ստեղծագործական ուղին վերածել փուլերի: Հարցին ի պատասխան  անկեղծացավ` դա իմաստ չունի, քանի որ նույն ժամանակաշրջանում կարող ես ստեղծագործել տարբեր ուղղություններին պատկանող ոճով, տեխնիկայով: Ցանկացած ժանրին, տեխնիկային նա տիրապետում է, սակայն ամենահոգեհարազատը գեղանկարչությունն է։ ՙԲոլոր ժանրերում էլ աշխատում եմ` և՜ գրաֆիկայում, և՜ գեղանկարչությունում: Բայց հիմնականում ես գեղանկարիչ եմ, դա իմ պրոֆիլն է՚,- ասում է նա։

Խաչատուր Ազիզյանի կտավներում կարելի է մեջընդմեջ հանդիպել մերկ կանանց, որոնք իրենց  մարմնի կատարելությամբ լավագույնս արտացոլում են նկարչի զգացմունքներն ու ապրումները: ՙԻնձ հարցրին` ինչո՞ւ են իմ կտավներում տղամարդիկ հագնված, իսկ կանայք` մերկ: Ասացի` որովհետև տղամարդն է գովերգում կնոջը, կնոջ մարմնի գեղեցկությունը, կատարելությունը՚: 68-ամյա նկարիչը խոստովանում է, որ նկարում է ողջ կյանքը և լի է նոր մտահղացումներով:

Ինչպե՞ս է վերաբերվում արվեստի ժամանակակից ուղղություններին, արդյո՞ք ընդունվում են դրանք իր կողմից հարցին ասաց. ՙԻհարկե, ընդունում եմ լավը, ճիշտը, բարձր արվեստը: Բայց չեմ ընդունում, երբ կեղծվում է` ձևացնելով դա իբրև ժամանակակից արվեստ՚: Իմիջիայլոց, նկատում է, նա, լավ նկարիչը և՜ աբստրակցիայի, և՜ ռեալիզմի մեջ տեսնում է ճիշտը, իրականը և կարողանում համոզիչ լինել, հուզել: Ընդունում եմ, կրկնում եմ, բայց միայն լավը՚:

Ինչի՞ց են ծնվում Խաչատուր Ազիզյանի կտավները` մտքի թռիչքի՞ց, գաղափարի՞ց, զգացմունքի՞ց… Անշուշտ, ամեն կտավ յուրովի է ծնվում և ունի իր պատմությունը, բայց ավելի հաճախ, խոստովանում է նկարիչը, ծնվում են զգացմունքից: ՙԲուրմունք՚ կտավի մասին խոսելով, նա վերհիշում է, թե ինչպես է այն ծնվել. ՙԸնկերոջս բակում էինք: Բակում ծաղկել էին ծառերը: Ես հուզվեցի, ընկերոջս սեփական տանն էի, վերցրի իր վրձինը, ներկերը, կտավը ու արագ-արագ նկարեցի: Ընդամենը երկու ժամ տևեց: Ուժեղ բուրմունք կար օդում, այդպես էլ անվանեցի՚: 

Ցանկացած նրա կտավը, լինի բնության հուզիչ տեսարան, հերոսի մտորում, նատյուրմորտ, խոսում է, անշուշտ, հենց նկարչի ապրումների և փոփոխվող ներաշխարհի մասին, որ ներկայանում է հանդիսատեսին զուսպ, հասուն գույներով, նուրբ կանացի կերպարներով, հետաքրքիր կոմպոզիցիայով, բազմիմաստ ասելիքով: 

 Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ