[ARM]     [RUS]     [ENG]

ՙԹՇՆԱՄԻՆԵՐԸ՚ ՖԻԼՄԻ ՑՈՒՑԱԴՐՈՒՄԸ ՇՈՒՇԻՈՒՄ

Անցած շաբաթ Շուշիի Նարեկացի արվեստի միության կենտրոնում կայացավ ՙԹշնամիները՚ կարճամետրաժ խաղարկային ֆիլմի ցուցադրումը, որից հետո տեղի ունեցան ֆիլմի քննարկումը և Հրանտ Մաթևոսյանի նոր հրատարակված գրքերի ներկայացումը:

Միջոցառումը կազմակերպվել է Նարեկացի արվեստի միության և Հրանտ Մաթևոսյան հիմնադրամի համատեղ ջանքերով:

Ֆիլմի ռեժիսորը, սցենարի հեղինակն ու պրոդյուսերը Դավիթ Մաթևոսյանն է: Նրա խոսքով, ֆիլմի հիմքում դրված է Վսեվոլոդ Գարշինի համանուն պատմվածքը: Իսկ մտահղացումը, ինչպես վկայում են ֆիլմի տիտրերը, պատկանում է Հրանտ Մաթևսյանին: Թե՜ մտահղացումը և թե՜ Գարշինի պատմվածքը շատ հոգեհարազատ են ֆիլմի ռեժիսեր Դավիթ Մաթևոսյանին, քանի որ, նրա պատկերացմամբ, թշնամու մարդկային կերպարը հենց այդպիսին էլ պետք է լինի:

Ինչի՞ մասին է ֆիլմը, որ ներկայացրեց հենց ինքը հեղինակը` Դավիթ Մաթևոսյանը: 20-րդ դարի 90-ական թվականներն են: Հարավային Կովկասի հակամարտություններից մեկը` ղարաբաղա-ադրբեջանական: Թեժ մարտից հետո մարտադաշտում երկու զինվոր են մնացել` ծանր վիրավոր: Հակամարտ բանակներում կռվող զիվորներ` 20-ամյա Օհանը և 50-ամյա Յուսուֆը: Մահվան շեմին կանգնած` նրանք հասկանում են, որ իրականում նույն ճակատագրի մարդիկ են: Նրանք գիտակցում են, որ կարող են իրենց մարդ համարել ու օգնել իրար` մոռանալով պատերազմի մասին: Ավելի տարեց զինվորը` ադրբեջանցի փորձառու Յուսուֆը, որի դերում հմտորեն խաղում է հայտնի սիրված դերասան Աշոտ Ադամյանը, սկզբում, հասկանալով, որ մյուս՝ ողջ մնացած զինվորը հայ է, ուզում է սպանել նրան, անգամ կարողանում է` ծանր վիրավորված, կրակել: Բայց… նաև հասկանում է, որ այս պահին, երբ շուրջբոլորը ոչ մեկը չկա, իրենք էլ անզոր գետնին ընկած են, գալիս է հետևյալ  գիտակցության` ինչո՞ւ սպանելու, այլ ոչ թե փրկելու մասին մտածել: Նա իր կյանքի գնով փրկում է երիտասարդ հակառակորդին:

Սյուժեն թեժ քննարկումների առարկա դարձավ: Ներկաները հիշեցին և՜ Ապրիլյան պատերազմում ադրբեջանցի զինվորականներին գերի ընկած հայ զիվորների հետ կատարած վայրագությունները, և՜  Սումգայիթում նույն վայրագություններից և մարդկային կերպարը կորցրած ադրբեջանցիների օգնությամբ այդ մղձավանջից փրկված հայերին: Ֆիլմում նկարագրած իրավիճակն արդյո՞ք կարող է  տեղի ունենալ իրականության մեջ. հարցադրում արեցին հանդիսատեսները: Հնարավոր է, համաձայնվեցին հեղինակի հետ՝ եթե զինվորն ադրբեջանական գյուղի, քաղաքի հասարակ, իր մարդկային էությունը չկորցրած բնակիչ է, այլ ոչ կատաղի վարձկան: Ինչպես և ֆիլմի հերոսն է, ինչպես ադրբեջանցի հայտնի գրող Աքրամ Այլիսլին է, տեղին հիշեցին ներկաները, որն իր գրքում դեռ դարասկզբին թուրքերի՝  Ագուլիսում տեղի ունեցած վայրագությունների մասին համարձակություն է ունեցել գրել ճշմարտությունը` քաջ գիտակցելով, որ կարող է ոչ միայն իր երկրում իր 

բարեկեցությունը, համբավը կորցնել, այլև կյանքը: 

ՙԹշնամիները՚ ֆիլմը նկարահանվել է 2003-ից, 2007-2008 թվականներին վերջնական ավարտին հասցվեց հետևյալ ստեղծագործական կազմի շնորհիվ. ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարի հեղինակ  Դավիթ Մաթևոսյան, օպերատոր Աշոտ Մկրտչյան, երաժշտությունը` Շաղիկ Մաթևոսյանի, Վահագն Պապայանի, հնչյունային ռեժիսորներ Վահան Բակունց, Միքայել Մարգարյան, մոնտաժը` Աշոտ Մխիթարյանի, Զառա Այվազյանի, Տիգրան Բաղինյանի, դերերում` Աշոտ Ադամյան, Էդգար Մինասյան, Անի Մաթևսյան: 2008-ին մասնակցել է ՙՈսկե ծիրան՚, հետագայում նաև մի շարք այլ միջազգային փառատոների: 

Ֆիլմը, ռեժիսորի վկայությամբ, մեծ հետաքրքրությամբ նայում էին ինչպես հարավ-կովկասյան ճանաչված ու չճանաչված հանրապետություններում, այնպես էլ օտար երկրներում: Համամարդկային արժեքները հասկանալի և ընդունելի են ողջ աշխարհում, ասում է Դավիթ Մաթևոսյանը:

Ռեժիսորն իր հետ բերել է Հրանտ Մաթևսյանի նոր հրատարակված երկհատորյակը, անտիպ  երկերից  կազմած առանձին ժողովածու, Երևանի, Հայաստանի մասին մտքերից, կարծիքներից բաղկացած ժողովածուն: Այս գրքերից նա հանձնեց ինչպես Նարեկացի արվեստի միության Շուշիի կենտրոնի գրադարանին, այնպես էլ դահլիճում նստած ու մեծ ուշադրությամբ ֆիլմը դիտող երեխաներին:

 

Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ