Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՄԵՆԱՄՐՑՈՒՆԱԿԸ ՉԷ

Ուսուցչի մասնագիտությունը հաճախ առաքելություն ենք անվանում  եւ` միանգամայն հիմնավոր:

Այդ առաքելությունը, սակայն, աստիճանաբար դառնում է ոչ այնքան գրավիչ: Այսօր սա դեռ մտահոգություն է: Վաղը կարող է լուրջ մարտահրավեր դառնալ: Նախապայմաններն արդեն ուվագծվում են:

ՙԱյսօր Արցախում ունենք 214 դպրոց եւ 4420 ուսուցիչ՚,- ԼՂՀ կրթության, գիտության եւ սպորտի փոխնախարար Միքայել Համբարձումյանը զրույցը վիճակագրական ցուցանիշներով է սկսում: Փոխնախարարի ներկայացրած թվերը կրթության ոլորտում ձեւավորված աշխատաշուկան բնութագրում են դեռ մոտավոր: Հաշվարկներում ներառված են միայն ուսուցիչները: Եթե դպրոցների թիվը վերջին տարիներին գրեթե անփոփոխ է մնում, ապա նախադպրոցական հաստատությունների թիվն անընդհատ աճում է: Գրեթե ամեն տարի մի քանի նոր մանկապարտեզ է ավելանում: Եվ դրանց պահանջարկը շարունակում է աճել: Համապատասխանաբար աճում է նաեւ այդ ոլորտում ներգրավված մասնագետների թիվը: Իսկ ահա ուսուցիչների թիվը գրեթե անփոփոխ է: ՙԴեռ չենք կարող ասել, թե ուսուցիչներով 100 տոկոսով ապահովված ենք: Խնդիրներ դեռ կան՚,- չի թաքցնում Միքայել Համբարձումյանը: Խնդիրն այս դեպքում դպրոցում այս կամ այն մասնագետի բացակայությունն է: Հարցը սուր է դրված հատկապես Քաշաթաղի շրջանում: Արդեն մի քանի տարի է՝ կառավարությունը որոշակի արտոնություններ է սահմանել ուղեգրով, այսինքն՝ ըստ պահանջի շրջաններում աշխատելու մեկնող ուսուցիչների համար: Սակայն անգամ այդ դեպքում եւ այդ գործիքներով միշտ չէ, որ հաջողվում է մասնագետների պակասը լրացնել:  

Կրթության ոլորտի Քաշաթաղի շրջանի պատասխանատուն գնահատում է կառավարության ջանքերը՝ ուղղված հրավիրված մասնագետների միջոցով պահանջարկի բավարարմանը: Սակայն համոզված է, որ հարցի իրական լուծումը ուսուցիչների նոր հերթափոխում հենց շրջանի երիտասարդներին ընդգրկելն է: ՙԻհարկե, ողջունելի է, որ նախարարությունը ջանքեր է գործադրում եւ մասնագետներ է ուղեգրում Քաշաթաղ,-ասում է Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի կրթության բաժնի վարիչ Վարդուշ Մովսիսյանը,- սակայն կարեւոր է, որ հենց մեր շրջանի երիտասարդներին ուղղորդենք բուհեր հենց այն մասնագիտությունների գծով, որոնց կարիքը շրջանն այսօր ունի: Սա կլինի հարցի վերջնական եւ հիմնավոր լուծում՚:

Մեկ այլ երեւույթ, որը մեզանում աստիճանաբար ավելի ընդգծված բնույթ է ստանում՝  կրթական համակարգից տղամարդկանց աստիճանաբար դուրսմղումը։ Միքայել Համբարձումյանն իր ուսումնառության տարիներն է հիշում՝ հարազատ կրթօջախի օրինակով: Թվաքանակով դպրոցում տղամարդիկ գրեթե չէին զիջում կանանց. ՙԵս Ստեփանակերտի համար 7 դպրոցի օրինակով եմ կարող ասածս հաստատել: Իմ ուսումնառության տարիներին կին ու տղամարդ ուսուցիչների հարաբերակցությունը մոտավորապես 40/60 էր կազմում: Կանայք էլի շատ էին, բաց ոչ այսքան ընդգծված՚:

Կրթության, գիտության եւ սպորտի փոխնախարարը կատակում է՝ իսկ այսօր անգամ նախարարության ապարատում է նկատելի կանանց ՙգրոհը՚: Իսկ ահա դպրոցներում տարբերությունն ավելի ընդգծված է: 2009-2010 ուստարվա ընթացքում հանրապետության դպրոցներում դասավանդում էր 3797 կին եւ 795 տղամարդ ուսուցիչ: 2014-15 ուստարվա ցուցանիշերով՝ ուսուցիչներից 3945-ը կանայք էին, 806-ը՝ տղամարդիկ: Այլ կերպ ասած՝ միայն 45 տարվա ընթացքում կանանց՝ առանց այդ էլ ընդգծված առավելությունը տղամարդկանց նկատմամբ ավելացավ եւս 100-ով: Ընդ որում, այդ երեւույթն ակնառու  է հատկապես մայրաքաղաքում: ՙԱյսօրվա դրությամբ դպրոցում 53 ուսուցիչ ունենք: Տղամարդիկ 5-ն են. ֆիզկուլտուրայի ուսուցիչն է, մաթեմատիկայի 2 եւ պատմության 1 ուսուցիչը՚,- թվարկում է Ստեփանակերտի համար 8 ավագ դպրոցի տնօրեն Լյովա Գեւորգյանը եւ վստահեցնում՝ այդ առումով մայրաքաղաքի շատ դպրոցների համեմատ  8¬րդ դպրոցը  շահեկան դիրքերում է: Վրեժ Հարությունյանը նշված  դպրոցի պատմության ուսուցիչն է: Քչերից մեկն է, ով համալսարանն ավարտելուց անմիջապես հետո դպրոց մտավ.  դպրոցի ամենաերիտասարդ ուսուցիչներից մեկն է. տղամարդկանց թվում՝ հաստատ: 

Կրթության ոլորտի պատասխանատուները չեն թաքցնում. իրենք էլ գիտեն, որ այսօր ուսուցչի աշխատանքը գրավիչ չէ հատկապես աշխատավարձի պատճառով: Բայց մյուս կողմից էլ հիշեցնում են՝ կրթության ոլորտում աշխատավարձերը պարբերբար վերանայվում են, եւ տարիների կտրվածքով աճն ակներեւ է: ՙ1998թ. միջին դրույքաչափը կազմում էր 18 190 դրամ, 2005-ին՝ 43 533, 2007-ին՝ 62 հազար դրամ: 2014թ. ուսուցչի միջին դրույքաչափը հասավ 114 հազարի, նույն թվականի կեսին՝ 124 հազար դրամ: Եթե հավանական հավելումները՝ դասղեկության, կաբինետի եւ այլնի համար ավելացնում ենք, ստացվում է, որ  ուսուցչի միջին աշխատավարձը կազմում է մոտ 145 հազար դրամ՝ 1998-ի 21 հազարի դիմաց՚,- մանրամասնում եւ համեմատում է Միքայել Համբարձումյանը: Ֆորմալ առումով՝ այդպես էլ կա: Բայց քաղաքային բնակավայրերում եւ հատկապես մայրաքաղաքում ոչ բոլոր ուսուցիչներն են կարողանում մեկ դրույքի համար սահմանված ժամաքանակն ունենալ: ՙԵթե այսօրվա դրությամբ 22 ժամն է մեկ դրույքը, ապա մեր ուսուցիչներից շատերը ունեն 18, 16 ժամ, անգամ՝ քիչ: Եթե նայենք մեր դպրոցի աշխատավարձի ցուցակը, 53 ուսուցիչներից մի քանիսն են ստանում 100 հազար դրամից բարձր աշխատավարձ՚,- ասվածը թվերով է հիմնավորում Ստեփանակերտի համար 8 ավագ դպրոցի տնօրենը:

Գյուղական բնակավայրերում մասնագետների նման առատություն չկա: Անգամ հակառակն է: Սակայն շատ դեպքերում անգամ տեղի ուսուցիչներին չի գրավում այս կամ այն առարկայի դասավանդման հեռանկարը: Այս դեպքում էլ ժամաքանակը սահմանված դրույքին չի հասնում: Բնագիտական մի շարք առարկաների դեպքում դա առավել ընդգծված է: ՙՖիզիկան, կենսաբանությունը, քիմիան. այս առարկաները շատ քիչ ժամաքանակ են կազմում՚,- մանրամասնում է Միքայել Համբարձումյանը:  Բնականաբար, դա արտացոլվում է աշխատավարձում: Պակասը յուրաքանչյուրը յուրովի է լրացնում: Գյուղական բնակավայրերում ուսուցչի եկամտի այլ աղբյուրը, հաճախ՝ հիմնական աղբյուրը, գյուղատնտեսությունն է դառնում: Ասենք, քաղաքային բնակավայրում ապրող-աշխատող ուսուցիչներից ոմանք էլ, ինչպես, օրինակ՝  Վրեժ Հարությունյանը, նախընտրում են գյուղատնտեսությամբ եւս զբաղվել: Կրկնուսուցումը որպես եկամտի աղբյուր չի պատկերացնում: Առավել եւս, որ ինքն էլ ավագ դպրոցի ուսուցիչ է: ՙԵթե իմ դասից հետո իմ աշակերտը պետք է նորից գա ինձ մոտ պարապմունքի, նշանակում է՝ ես իմ աշխատանքում՝ դպրոցում, ինչ-որ բանում թերացել եմ՚,- սա Վրեժ Հարությունյանի կարծիքն է, ինչը կարող ենք բացառությունների շարքին դասել: Հատկապես քաղաքաբնակ ուսուցիչներից շատերի համար եկամտի լրացուցիչ աղբյուրը մնում է կրկնուսուցումը։ 

Նորայր ՀՈՎՍԵՓՅԱՆ