Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ՝ ՆՎԻՐՎԱԾ ԼՂՀ 25-ԱՄՅԱԿԻՆ

Հոկտեմբերի 22-ին Արցախի պետական համալսարանում անցկացվեց միջազգային գիտաժողով` նվիրված ԼՂՀ հռչակման 25-ամյակին:

Ավանդույթի կարգով այն մեկնարկեց Արցախյան պատերազմում զոհված ուսանողների հիշատակը հավերժացնող հուշարձանին ծաղիկներ խոնարհելով: Այնուհետև մասնակիցները ծանոթացան համալսարանի ճեմասրահում բացված` Արցախյան գոյապայքարին  նվիրված գրքերի ցուցահանդեսին:     

Գիտաժողովին մասնակցում էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանը, Արցախի ու Հայաստանի շուրջ երկու տասնյակ բուհերի և կազմակերպությունների, հեռակա կարգով` ԱՊՀ չճանաչված երկրների, ՌԴ և արտերկրի բուհերի ներկայացուցիչներ:

Բացման արարողությունը տեղի ունեցավ ԱրՊՀ մեծ դահլիճում` Արցախի օրհներգով: 

Ռեկտոր Մանուշ Մինասյանն  իր ողջույնի խոսքում հպարտությամբ նշեց, որ Արցախի մայր բուհը մեկ ամսվա ընթացքում երկրորդ միջազգային գիտաժողովն է անցկացնում, որտեղ արտացոլվում է ազատ, ժողովրդավարական հիմունքների վրա կառուցված պետականության կայացման դժվարին գործընթացը: Արցախի ժողովուրդը ողջ հայության հետ մեկտեղ կարողացել է պատվով տեր կանգնել ազգային-ազատագրական պայքարին, դիմագրավել հետագա գրեթե բոլոր մարտահրավերներին։ Անշուշտ, այսօր էլ շատ են նաև խնդիրները կյանքի տարբեր ասպարեզներում, որոնք կրում են օբյեկտիվ և սուբյեկտիվ բնույթ:  Այսօր, սակայն, ունենք ազատ ու անկախ,  ժողովրդավարական հայկական պետություն, հպարտությամբ ընդգծեց նա` հավելելով, որ մեր անկախության արշալույսին, երբ ազգովին անկախության հռչակագիրն էինք մշակում, մի բան շատ հստակ էր, պետք  է շատ արագ մշակել զարգացման ռազմավարական ուղղությունները, նախանշել գիտության այն ոլորտները, որտեղ  իսկապես կարող ենք տալ մրցունակ արտադրանք: 

Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը: Հաջողություն մաղթելով գիտաժողովի աշխատանքներին` նա վստահություն հայտնեց, որ դրանցում անպայման ամփոփված կլինի, թե ինչ է հաջողվել կամ չի հաջողվել անել անցած 25 տարիների ընթացքում, ինչ անելիքներ ունենք առաջիկա տարիներին, ինչ մարտահրավերներ են կանգնած մեր պետականության առջև և միահամուռ ուժերով, գիտական հարթակն օգտագործելով,  օպտիմալ լուծումներ գտնել: Ընդ որում, շատ կարևոր է կարողանալ այդ գիտական միտքն ամփոփել բազմաթիվ լեզուներով ու ներկայացնել աշխարհի գիտական մտավոր ներուժի ընդունելի ձևով, որը կարժանանա համընդհանուր ուշադրության, ինչի արդյունքը կլինի նաև ԼՂՀ միջազգային ճանաչումը:

ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանն իր ելույթում նշեց, որ Արցախի Հանրապետության քառորդդարյա հոբելյանը ևս մեկ անգամ կվերարժևորի և կվերագնահատի այն բացարձակ ձեռքբերումը, որ կոչվում է անկախություն, որի յուրաքանչյուր տարեդարձը համազգային տոն է։  

Նրա կարծիքով` գիտաժողովների անցկացումը կարևորվում է նաև գիտական ձեռքբերումների հանրայնացման, մասնավորապես երիտասարդ գիտնականների գործունեությունը խթանելու, ժամանակակից նորարարություններին ինտեգրելու, Հայաստանի և արտերկրի գիտնականների միջև համագործակցության ակտիվացման, համատեղ նախագծերի ավելացման, հասարակության մեջ գիտնականի դերի բարձրացման տեսակետից: 

Գիտաժողովի լիագումար նիստում հնչեցին երեք զեկուցումներ:

Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանը (ԵՊՀ) նախքան ՙԱրցախի Տիգրանակերտը և Վաչագան Բարեպաշտի կրոնական բարեփոխումները՚ թեման ներկայացնելը ԱրՊՀ-ին նվիրեց իր նորահրատարակ ՙԽաչքար՚ գիրքը` հույս հայտնելով, որ հաջորդ առիթով հրապարակի վրա կլինի, և կնվիրի իր մյուս` Արցախի Տիգրանակերտին նվիրված աշխատությունը:  

Նրա խոստովանմամբ` Տիգրանակերտն Արցախի անկախության պտուղն է, քանզի եթե չլիներ այդ անկախությունը, պեղումները չէին իրականացվի:

Ըստ բանախոսի՝ Արցախի Տիգրանակերտի հայտնագործումը, նրա ներկայացումը միջազգային տարբեր գիտաժողովներում, քաղաքական տարբեր հարթակներում իրոք մեծ հաջողությունների է հասել։ Միևնույն ժամանակ նա ընդգծեց, որ հայագիտական հետազոտությունների ասպարեզում լուրջ անելիքիներ կան, մասնավորապես աղվանագիտության, հայ-աղվանական փոխհարաբերությունների ասպարեզում: Այսօր ասպարեզում կան ընդամենը 2-3 հետազոտողներ, որոնք խորապես գիտակցում են այս խնդիրը, բայց շատ հաճախ գիտական լսարանը պատրաստ չէ լսելու դա: Այնուհետև գիտնականը  ներկայացրեց, թե Տիգրանակերտի պեղումներն ինչ խնդիրներ են առաջադրել,  հատկապես Վաչագան Բարեպաշտի կրոնական բարեփոխումների, աղվանից եկեղեցու ստեղծման դրդրապատճառների հետ կապված: 

Հայ-ռուսական (սլավոնական)  համալսարանի քաղաքականության և իրավունքի ինստիտուտի տնօրեն Լարիսա Ալավերդյանի թեման Արցախի Հանրապետության ձևավորման լեգիտիմության և նրա պետական կառույցների լեգալության խնդրի շուրջ էր։ Սրանք տարբեր` հստակ առանձնացվող քաղաքական հասկացություններ են, բայց, ցավոք, քաղաքական տիրույթում այդ արժեքները խառնում են: Բանախոսն առաջարկում է միջազգային հանրության մեջ մեր իրականությունը ներկայացնել   ինչպես որ կա, ընդ որում` օգտագործելով հենց այն բառապաշարը, որը հասկանալի կլինի միջազգային հանրությանը։

ԱրՊՀ պրոռեկտոր, հոգեբանական գիտությունների թեկնածու Վիտյա Յարամիշյանը արծարծեց հետևյալ թեման. անկախության սերունդը պատրա՞ստ է  տեր կանգնելու առկա նվաճումներին: Ի դեպ, այս գաղափարը ծնվել է ապրիլյան օրերին, երբ Արցախի վրա դամոկլյան սրի պես կախվեց նրա լինել-չլինելու հարցը, և աշխարհը հայացքը հառեց հայ զինվորին: Բանախոսը, ինքն էլ լինելով Արցախյան պատերազմի մասնակից, հետագայում` բանակի անձնակազմի, իսկ այժմ` ուսանողների հետ տարվող աշխատանքների պատասխանատու, իրեն թույլ տվեց ականատեսի աչքերով զուգահեռներ անցկացնել այն և ներկա օրերի միջև և պատասխան որոնել` հոգեկերտվածքով փոխվե՞լ է, արդյոք,  ներկա սերունդն այնքան, որքան փոխվել է իր հագուկապով, արտաքին տեսքով և այլնով: 

ՙԱմենալավ սպասումներն անգամ գերազանցեցին. անկախության սերունդն  անվարան նետվեց ռազմի դաշտ, մեր համալսարանում կոնկրետ տղա ուսանող գրեթե չմնաց: Նրանք կռվեցին քաջաբար, որոնցից երեքը համալրեց նահատակված ուսանող ազատամարտիկների շարքը, տասնյակներն արժանացան պետական և ծառայողական պարգևների: Տղաներից հետ չմնացին աղջիկները, ովքեր 30-40-հոգանոց խմբերով կամավոր աշխատանքներ էին կատարում պահեստներում` բաշխելով մթերքը, հագուստը, հանգանակված իրեր: Այդպիսի վարքագիծը վկայում է, որ անկախության սերունդն իր հոգեկերտվածքով մնացել է ազգային բնավորության, ազգային մտածողության և ավանդույթների արժանի կրողը և շարունակողը՚,- այսպիսի եզրակացության է եկել բանախոսն իր ուսումնասիրությունների արդյունքում: 

Գիտաժողովն այնուհետև իր աշխատանքները շարունակեց 8 մասնախմբերում, որտեղ լսվեցին հետաքրքիր զեկուցումներ տարբեր ոլորտների վերաբերյալ: 

 

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ