[ARM]     [RUS]     [ENG]

ՙՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԼԻՆԵԼ ԱՇԽԱՏԱՆՔԻԴ` ԻՆՉՊԵՍ ԸՆՏԱՆԻՔԻԴ ՀԱՆԴԵՊ՚

ԼՂՀ հռչակման 25-ամյա հոբելյանի կապակցությամբ մշակույթի տարբեր ասպարեզներում աշխատանքային  հաջողությունների հասած հմտավարժ մի խումբ մասնագետներ հանրապետության նախագահի հրամանագրերով արժանացան պետական բարձր պարգևների, կոչումների։

Այս պատվավոր շարքում է և Արցախի պետական երգչախմբի հիմնադիր և անփոփոխ գեղարվեստական ղեկավար, խմբավար Նինա Գրիգորյանը, ով այս նույն հոբելյանական տարում նոր համերգային ծրագրերով նշում է ի՜ր խմբի քառորդդարյա  գործունեությունը: 

Այո, Արցախի պետական երգչախումբը  մեր նորանկախ հանրապետության  հասակակիցն է։ Նշենք, որ Նինա Գրիգորյանը  չնայած իր  գործունեությունն սկսել է Տող գյուղում դպրոցական երգչախմբի ղեկավարությամբ, հիմնական պրոֆեսիոնալ աշխատանքը  ծավալել է  Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան  երաժշտական ուսումնարանի պատերի ներքո: 1991-ին ուսումնարանի ուսանողներից կազմված խմբի հիման վրա նա ստեղծել  է ՙՎարարակն՚ երգչախումբը, որը հետագայում պետական հովանավորություն է ստացել, իսկ 2003-ին` Արցախի պետական երգչախմբի կարգավիճակ: Խումբը, տարեցտարի կատարելագործելով կատարողական մակարդակը, բազմիցս մասնակցել է միջազգային մրցույթների, զբաղեցրել  մրցանակային բարձր տեղեր: Այսօր էլ Արցախի պետական երգչախումբը շարունակում է հետաքրքիր ծրագրերով հանդես գալ, թե՜  մայրաքաղաքի և թե՜ շրջանների, գյուղերի հանդիսատեսին հիացնել նոր համերգային ծրագրերով, մտահղացումներով, ունկնդրին ծանոթացնելով նոր անունների, նոր ստեղծագործությունների հետ:

Այդպես եղավ և այս անգամ: Արցախի պետական երգչախումբը  Կոմիտասի անվան երաժշտական դպրոցի նորակառույց շենքի դահլիճում տվեց երկու համերգ.   հոկտեմբերի 21-ին` մայրաքաղաքի երաժշտասերների և 27-ին` քաղաքի ուսանողության համար: Ամբողջությամբ նորացված ծրագրում հնչեցին հիմնականում ժամանակակից հայ կոմպոզիտորների` Արթուր Ավանեսովի, Խաչատուր Մարտիրոսյանի, Տիգրան Մանսուրյանի, Դավիթ Հալաջյանի ստեղծագործությունները, որոնք խմբի երգացանկում առաջին անգամ են կատարվում: Իսկ արցախցի երիտասարդ կոմպոզիտոր Նունե Երեմյանի ստեղծագործությունն ընդհանրապես առաջին անգամ էր հնչում բեմից, այն էլ՝ հարազատ խմբի կատարմամբ, կոլեկտիվ,  որտեղ նա երգում է ուսանողական տարիներից սկսած: Նշված ստեղծագործությունները թեկուզ քիչ են կատարվում, բայց մեծ արժեք ունեն, վկայում է Ն. Գրիգորյանը: Հանդիսատեսն էլ, առաջին անգամ լսելով այդ ստեղծագործությունները, ուշադրությամբ ու հետաքրքրությամբ էր ունկնդրում և ընդունեց  ջերմությամբ: Անշուշտ, ավանդույթի համաձայն, հնչեցին Կոմիտասի երգերը։ Հնչեց նաև Հայդնի Նելսոն մեսսայից հատված։ 

Երգչախմբի անցած ուղու, այսօրվա և վաղվա անելիքների մասին է Նինա ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ ճեպազրույցը:

- Եվ այսպես՝ 25 տարիների  ճանապարհ, ինչը և՜ շատ է, և՜ քիչ ցանկացած աճող օրգանիզմի համար: Ինչպե՞ս էր ընթանում Ձեր խմբի անցած ուղին, ինչ-որ փուլերի՞ այն  կարելի բաժանել:

- Չեմ կարող ասել, որ մեր խմբի անցած ուղին կարելի է  փուլերի բաժանել: Ավելի շուտ, քայլ առ քայլ էր  ընթանում խմբի զարգացման գործընթացը, քանի որ իմ նպատակը ինչպես խմբի անդամների, այնպես էլ ժողովրդի գեղագիտական զարգացումն է, ինչը ենթադրում է ծրագրի աստիճանական բարդացում: Որպեսզի և՜ երաժիշտի, և՜ հանդիսատեսի  մոտ ձևավորվի  իսկական արվեստը` ինչպես ազգային, այնպես էլ համաշխարհային:

- Ձեր խումբը մասնակցել է բազմաթիվ միջազգային մրցույթների, փառատոների: Ի՞նչ է տալիս այդ  մասնակցությունը:

- Նախևառաջ, բարոյական բավարարվածություն: Մի բան, ինչը մեզ այստեղ՝ հայրենիքում պակասում է, քանի որ մեր դահլիճներում ձայնի, հնչողության որակը  լիարժեք չի ապահովվում: Իսկ այնտեղի դահլիճներում հոյակապ ակուստիկա է, ինչից առաջին հերթին հենց ինքդ ես հաճույք ստանում: Եվ իհարկե, լավ խթան է` ավելի լավ պատրաստվելու, կատարելագործվելու:

- 25 տարիների  ընթացքում նոր սերունդներ են հասցնում գալ խումբ: Ինչպե՞ս է ընթանում սերնդափոխությունը:

- Զարգացման գործընթացը ենթադրում է նոր սերնդի հետ հատուկ աշխատանք: Զարգացումը միայն նոր ծրագրերի պատրաստում չէ, այլ նաև նոր երաժիշտների ընդգրկում խմբի կազմի մեջ: Կարելի է ասել, դա ամենածանր աշխատանքն է, ամենապատասխանատու ու նաև պատվաբեր: Ինչու: Որովհետև խումբ են գալիս երիտասարդ, երգչախմբային արվեստում անփորձ երաժիշտներ, որոնք հենց խմբի մեջ պետք է թրծվեն, կայանան:

- Այս տարի մենք տոնում ենք երիտասարդ մեր  երկրի համար կարևոր  հոբելյան: Խումբն էլ է նշում իր 25-ամյակը: Որքան տեղյալ եմ, Դուք այս ամռանը նշեցիք կեսդարյա հոբելյանը: Ո՞ր տարեդարձն եք ավելի կարևորում: 

- Ճիշտ ասացիք, այս տարի անձամբ ես տոնում եմ մի քանի հոբելյանական տարեդարձեր: Բայց կուզենայի նշել ևս մեկը, որն ինձ համար նույնչափ հոգեհարազատ է: Դա Տողի ազատագրման 25-ամյակն է, որ պետք է նշվի հոկտեմբերի 30-ին:  Մասնագիտական կենսագրությունս սկսել եմ հենց այդ գյուղում։ Իսկ, ընդհանրապես, ձևական վերաբերմունք ինչ-որ կարևոր բանի հանդեպ չեմ ընդունում: Կոլեկտիվն  ինձ համար՝ ինչպես իմ ընտանիքը: Եթե չես կարող սիրել, պատասխանատվություն կրել աշխատանքիդ՝ ինչպես ընտանիքիդ հանդեպ, ապա պետությունը չի կարող կայանալ: Ուզում եմ ասել, որ պետք չէ ինչ-որ մեկի վրա բարդել քո  սխալների մեղքը: Պետք է պարզապես ամբողջ ուժերով լծվել աշխատանքի, պատասխանատվություն կրել աշխատանքիդ համար:

- Ինչպիսի՞ն ես տեսնում խմբի զարգացման վաղվա օրը:

- Շատ դժվար է առանց հովանավորի լիարժեք զարգացում ապահովել: Թող անհամեստություն չլինի. մեր խմբի ծրագրերը գրեթե նույն բարդության են, ինչպես Երևանի լավագույն խմբերինը: Բայց նրանք, հուրախություն իրենց, ունեն հովանավորներ, ինչը նշանակում է և՜ լավ աշխատավարձ, և՜ հաճախակի համերգաշարեր արտերկրում: Մեր խմբին ևս  մշտական հովանավոր է պետք: Դա կնշանակի նյութական կայունություն, ուստի և՜ հնարավորություն շատ ավելի բարձր մակարդակի զարգացում ապահովելու համար։

Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ