[ARM]     [RUS]     [ENG]

ԱԶԳԻ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՉՈՐՍ ՄՈԴԵԼՆԵՐԸ

Ոչ ֆորմալ կրթության ծրագրի շրջանակում Արցախի պետական համալսարանի հերթական հյուրն  ազգագրագետ, պատմաբան, ՀՀ ԳԱԱ  թղթակից-անդամ, մշակույթի վաստակավոր գործիչ Լևոն  Աբրահամյանն էր:

Նա դասախոսություն կարդաց ՙԱզգային ինքնատիպության հաստատման չորս մոդելները՚ թեմայով:

Յուրաքանչյուր ազգի ինքնատիպությունն ունի իր առանձնահատկությունները, որոնք  պատմական, մշակութային կամ հոգեբանական գործոնների միահյուսման արդյունք են: Լ. Աբրահամյանի կարծիքով, սակայն, սեփական անցյալի ճանաչման և ազգային արժեքների գնահատման չափափանիշներով կարելի է առանձնացնել ազգային ինքնատիպության հաստատաման 4 մոդել` ընտրողական, պատմական, հեղինակավոր, ամենակեր: Իհարկե, այդ մոդելները որևէ ազգի չեն արտահայտում բացարձակ ձևով, և սովորաբար իրական պատկերն այդ չորսի սինթեզն է, չնայած դրանցից մեկն  ավելի ցայտուն է լինում արտահայտված, նշեց ազգագրագետը:

Այդ մոդելները նա  ցույց  տվեց ռուսների և մեր տարածաշրջանի ազգերի օրինակով: Դրանք պայմանականորեն  անվանեց ռուսական, հայկական, վրացական, ադրբեջանական:

Ընտրողական կամ ռուսական մոդելը միտում ունի ներկայում ազատվել իր ներսում ունեցած օտարածիններից, չնայած հեռավոր անցյալում չէր նկատում օտարներին: Եթե ազգերի պատմությունը ներկայացվի ծառի տեսքով (ծագումնաբանությունը հաճախ նկարում են ծառի գծապատկերով), ապա ռուսական մոդելը կտրտում է բնի վերին մասի` սաղարթի օտար ճյուղերը, սակայն պահպանում է ծառի ներքևի ճյուղերը, անգամ եթե ակնհայտորեն ծառը պատվաստված է օտար պատվաստանյութով: Ավելին, հենց այդ ճյուղերն են հաճախ համարվում մաքուր ազգային: Լ. Աբրահամյանը բերեց Պուշկինի օրինակը, որի աֆրիկյան ծագումը չի խանգարում, որ նա համարվի մեծագույն ռուս:

Ռուսական մշակույթի մեջ Պուշկինն այն հազվագյուտ անհատականություններից է, որի օտար ծագումը նրան չի դարձնում օտար, և այդ հարցն անգամ չի քննարկվում:

Պատմական (արմատական) կամ հայկական մոդելը, ինչպես և ռուսականը, պայքարում է օտարների դեմ, սակայն այդ պայքարը տարբերվում է ռուսական մոդելից. այն տեղի է ունենում վաղ անցյալում` ազգի ծառի ամենացածր մասում: Եթե ռուսները չեն տեսնում օտար արմատներ ազգի ծառին, ապա հայերը լավ են գիտակցում դա ու այդ պատճառով էլ փորձում են հայացնել նրանց, օտարների դեմ պայքարում են արմատներով: Հայկականում գլխավոր թշնամին արմատներում է: ՙՄեզ մոտ ամեն ինչ ուղղված է դեպի պատմությունը, առաջին հերթին մենք մտածում ենք մեր պատմության մասին: Հետաքրքիրն այն է, որ սովորական մարդիկ, ովքեր այսօր բիզնեսմեններ են, ուրիշ կերպ են մտածում, նրանք  դեպի ապագան են նայում՚- ասաց ազգագրագետը: Արմատականը ցույց է տալիս պետական մտածողությունը, և գլխավոր թշնամին այդ մոդելում ուրարտացիներն են: Այդ դրույթը Լ. Աբրահամյանը կոնկրետացրեց Ուրարտու-Հայաստան կապերի վրա: 88թ. այնքան ուժեղացավ այդ արմատական հայրենասիրությունը, որ ՙՈւրարտու՚ բառը հեռուստատեսությամբ և ռադիոյով չէր արտասանվում, նկատեց ազգագրագետը: Հայկական մոդելը նա նաև արմատահեն անվանեց:

Հայերի ոչ ուրարտացի լինելն օգտագործում են ադրբեջանցիները և ասում, որ Արցախի անվանումը` Ուրտեխինիա, ցույց է տալիս, որ նրա նախնիներն ուրարտացիներ են, իսկ հայերը եկվոր են: Ազգագրագետը դրանում օգտակար բան է տեսնում. դրանով կարելի է հակառակորդի դեմ քաղաքական ոտնձգություն կատարել:

Հայկական մոդելում մի խնդիր էլ է առաջանում. ՙԵթե մեր ծառի վերևի մասում չունես օտարներ, արդեն քեզանից ես օտարներ ստեղծում: Դա տխուր բան է, չգիտես օտարին ճնշես, թե քեզանից դարձնես օտար ու նրան ճնշես: Նա օրինակ բերեց անկախ հանրապետության հենց սկզբից ռուսախոսներին ճնշելը: Փաստորեն հայերեն չխոսողներին ծառից կտրեցին:ՙԵթե ի նպաստ հայկականի մի փոքր բան կարող ես անել, որը թելի նման կքաշի մյուսներին, պետք է անել: Ժամանակին այդպես մեր եկեղեցին քաղքեդոնական հայությանը կտրեց հայությունից, այսօր գոնե նման բաներ չանենք՚,- այս կարծիքին է ազգագրագետը:

Հեղինակավոր կամ վրացական մոդելը հետաքրքրված է միայն ազգի ծառի արմատներով: Ի տարբերություն պատմական մոդելի, նա չի վանում օտար արմատները, ընդհակառակը, ձգտում է ձեռք բերել ամենահեղինակավոր, իր տեսակի մեջ եզակի ազգի նախահորը: Վրացական մոդելը էթնոգենեզում փնտրում է հեղինակավոր նախահոր: Դրանց  ցանկում շումերներն են, ուրարտացիները, բասկերը: Հատկապես տարածված է վերջին վարկածը:

Վրացական մոդելում հեղինակավոր նախահայրերի գործոնը չի հետապնդում քաղաքական նպատակներ: Բայց ազգատոհմաբանական մոդելի ճկունությունը թույլ է տալիս հաջողությամբ օգտագործել դա քաղաքական հարցեր լուծելիս:

Այդ հատկությունը հստակ դրսևորվում է չորրորդ` ամենակեր մոդելում, որը կարելի է անվանել նաև ադրբեջանական: Եթե առաջին երեք մոդելներն օգտագործվում են օտարածին նախահայրերի յուրացման համար ծառի ներքևի մասում, ապա ամենակեր մոդելն զբաղված է դրանով ծառի ամբողջ մասով: Լ.Աբրահամյանն այդ մոդելը դիտարկեց ադրբեջանական մի շարք դասագրքերի լույսի ներքո:

Դասախոսությունից հետո ծավալված հարցուպատասխանի ժամանակ ներկաների կողմից այն եզրահանգումը եղավ, որ հայ ժողովրդի հայեցակարգը խանգարում է նրան առաջ շարժվել, երբ գնում է դեպի արմատները և ոչ թե ապագան: Խորանում են և իրական կյանքից հեռանում:

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ