Logo
Print this page

ԾՐԱԳԻՐ, ՈՐ ՍՏՈՒՅԳ ՆՊԱՏԱԿԱՈՒՂՂՎԱԾՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ

Տաղանդավոր երաժիշտ-կատարողների  համերգը  Ստեփանակերտում

 Հոկտեմբերի 31-ից մինչև նոյեմբերի 2-ը Արցախում էին ՙՀՀ և ԼՂՀ տաղանդավոր պատանի երաժիշտ-կատարողների զարգացման և կատարելագործման նպատակային ծրագրի՚ պատանի կատարողները` ՀՀ վաստակավոր արտիստ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Արմեն Բաբախանյանի գլխավորությամբ: Հոկտեմբերի 31-ին Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի դահլիճում նրանք  հանդես եկան մայրաքաղաքի երաժշտասեր հասարակության առջև:

Բացման խոսքով հանդես եկավ ծրագրի գեղարվեստական ղեկավար Արմեն Բաբախանյանը: Նա պատմեց, թե ինչպես ծնվեց գաղափարը և ինչ նպատակներով է կյանքի կոչվել այն։ ՙԾրագիրը կարևոր է նրանով, որ մենք փորձում ենք հնարավորինս վաղ տարիքում բացահայտել բացառիկ տաղանդ ունեցող երեխաներին, որոնք  ժամանակի ընթացքում կարող են լավագույնս իրենց դրսևորել և Հայաստանը միջազգային բեմերում դարձնել ավելի մրցունակ՚,- մեկնաբանեց Ա. Բաբախանյանը: Ծանոթացնելով ծրագրում ընդգրկված  շնորհաշատ  պատանիներին՝  մաեստրո  Բաբախանյանն ընդգծեց, որ նրանք մեծ աշխատասիրությամբ, նվիրվածությամբ կարողանում են հասնել բարձր կատարողական վարպետության, հաջողություններ արձանագրում  միջազգային հարթակներում։  Ծրագիրն ընդգրկում է երեք դասական գործիքներ` դաշնամուր, ջութակ, թավջութակ: Սակայն միայն տաղանդ ունենալը քիչ է, շեշտում է բազմափորձ պրոֆեսորը, պետք է նաև լինել աշխատասեր, ներդնել մեծ ջանք ու եռանդ: Աստծո տվածը՝ գումարած  համառ ու տքնաջան աշխատանք. ահա թե ինչ է պետք մեծ երաժիշտ դառնալու համար:

Ծրագրում ընդգրկված 15 պատանի և երիտասարդ երաժիշտներից համերգին ելույթ ունեցան հինգը՝ մեր քաղաքում արդեն հանրահայտ դարձած Անահիտ Առուշանյանը, ով արդեն կոնսերվատորիայի 4-րդ կուրսի ուսանողուհի է, Խաչիկ Անդրեասյանը (1-ին կուրսի ուսանող), Անի Աթայանը, Արմեն Պուչինյանը և Արթուր Գրիգորյանը (վերջին երեքն էլ` Երևանի Չայկովսկու անվան դպրոցի աշակերտներ): Նրանց փայլուն կատարմամբ երեկոյին հնչեցին Բաբաջանյանի, Աբրահամյանի, Հայդնի, Մոցարտի, Շոպենի, Լիստի, Բրամսի  ստեղծագործություններից: Ամեն մի  ելույթ մեծ ջերմությամբ էր ընդունում երախտապարտ հանդիսատեսը: Նման համերգները, ասում են հանդիսատեսներից շատերը, երբ կատարողները տաղանդավոր երեխաներ ու երիտասարդներ են, իրենց կատարողական վարպետությամբ պարզապես հրաշքներ են  բեմում գործում։ Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի տնօրեն Կարինե Դադամյանը համերգի վերջում խորին շնորհակալություն հայտնեց ծրագրի գեղարվեստական ղեկավարին՝ նման հիանալի համերգ պարգևելու համար և հույս հայտնեց, որ դրանք ավելի հաճախ կկազմակերպվեն:

Ծրագրի խնդիրներից է հնարավորինս հաճախակի լինել  թե՜ Հայաստանի մարզերում և թե՜ Արցախում և ներկայացնել հետաքրքիր ստեղծագործություններով հագեցած համերգներ՝ տաղանդավոր այս երաժիշտների մասնակցությամբ: 

Ծրագիրը նախաձեռնողների համոզմամբ, հայ ժողովուրդը պետք է լավ իմանա իր տաղանդավոր զավակներին, քանի որ նրանք մեր ազգի ապագան են։ 

Նշենք, որ այդ երկու օրվա ընթացքում Արմեն Բաբախանյանը վարպետության դասեր է անցկացրել  Արցախի մասնագիտական հաստատություններում սովորող շնորհալի երեխաների հետ, ինչը, գտնում է նա, մեծ խթան է այդ երեխաների համար, սակայն չի կարող բավարար լինել, քանի որ նման դասեր անհրաժեշտ է կազմակերպել ավելի հաճախակի: Հավելենք նաև, որ խումբը հանդես եկավ Շուշիի կերպարվեստի թանգարանի համերգասրահում։ 

Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.