[ARM]     [RUS]     [ENG]

ՆՐԱ ՀԱՄԱՐ ԿԱՐԵՎՈՐԸ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԱԿԱՆ ՊԱՀՆ ԷՐ

Գեղանկարիչ Սամվել Գաբրիելյանի 65-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսը`  Ստեփանակերտի պետական պատկերասրահում  և հարթաքանդակի բացումը` Վարդան Մամիկոնյան 9 հասցեում գտնվող արվեստանոցում՝ նոյեմբերի 3-ին, մշակութային իրադարձություն էր։

Երկու վայրերն էլ մարդաշատ էին, որ միշտ չի պատահում նման իրադարձությունների առիթով, եթե չասենք ՙոգու սովի՚, ապա ոգու պակասի մեր ժամանակներում։ Մշակութային իրադարձությանը ներկայացել էին ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար  Նարինե Աղաբալյանը, արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, ԼՂՀ նախագահի խորհրդական Գրիգորի Գաբրիելյանցը, պաշտոնատար այլ անձինք։ Բացառիկ հետաքրքրությունն անժամանակ կյանքից հեռացած Ս. Գաբրիելյանի արվեստի հանդեպ վկայում է նկարչի՝ կենդանության օրոք վայելած հեղինակության ու սիրո մասին։Կենսագրական համառոտ տեղեկություն.

Սամվել Գաբրիելյանը ծնվել է 1951թ. նոյեմբերի 3-ին, Լեռնային Ղարաբաղում, որտեղ ապրել և ստեղծագործել է մինչև կյանքի վերջ՝ 2015թ. հուլիսի 22-ը։ 1969-1973թթ. սովորել է Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի, 1973-1979թթ. Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի գեղանկարի բաժիններում։ Մասնակցել է հանրապետական և համամիութենական բազմաթիվ ցուցահանդեսների։ 1983-ից ԽՍՀՄ նկարիչների միության անդամ է։ Սկսած 1993-ից բազմաթիվ խմբային և անհատական ցուցահանդեսներ է ունեցել արտասահմանում (ԱՄՆ, Անգլիա, Իտալիա, Գերմանիա, Հունաստան, Կիպրոս, Ֆինլանդիա, Եգիպտոս, Լիբանան, Բրազիլիա)։ Նրա 1500-ից ավելի գործեր գտնվում են արտասահմանյան երկրների մասնավոր հավաքածուներում։ ԼՂՀ Եղիշեի անվան պետական մրցանակի կրկնակի դափնեկիր է, ԼՂՀ վաստակավոր նկարիչ։ ՙԳԱՄ-արտ՚ Արցախի նկարիչների միջազգային միության հիմնադիրն էր։ 2007-ից մինչև կյանքի վերջ մնաց այդ միության նախագահ։ 

Նկարչի արվեստանոցի պատին հուշաքանդակի բացման արարողությունը վարում էր արձակագիր, հեռուստալրագրող Համլետ Մարտիրոսյանը, ով ընդգծեց Ս. Գաբրիելյանի նվիրվածությունը արվեստին։ Իր գողտրիկ արվեստանոցում տասնամյակներ շարունակ սիրով ու նվիրումով ստեղծել է կտավներ, ստեղծել է իր գունագեղ աշխարհը։

ԼՂՀ ԳՄ  նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վարդան Հակոբյանն իր ելույթում նշեց, որ գեղանկարիչը  դրական էներգետիկ դաշտ ուներ, որ  ինքը հաճախ էր մտնում արվեստանոց, հաղորդակցվում, կիսվում էին Բանախոսն ասաց, որ իրեն ցնցել է նկարչի ինքնադիմանկարը, որի գծերում խոր դրամա կա, ժամանակի ողբերգությունը կա։ Նրա կտավները շնչում են Արցախով, նրա գծի մեջ կա հայ մարդու ոգու մաքառումը։

Հարթաքանդակի հեղինակ, արվեստագետ Յուրի Հովհաննիսյանն ասաց, որ այս անկյունը կդառնա քաղաքի հիշարժան  վայրերից մեկը, իսկ քանդակի վրա ծաղիկը խորհրդանշում է Ս. Գաբրիելյանի արվեստի հմայքը։

Հարթաքանդակի սավանն իջեցնում են քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը և նկարչի այրին՝ Անժելա Գաբրիելյանը։ 

Այնուհետև հավաքվածները շտապում են ոչ հեռու գտնվող պետական պատկերասրահ, որի առաջին և երկրորդ հարկերն զբաղեցրել էին գեղանկարչի 102 աշխատանքներ. ՙՏագնապ՚, ՙԿանայք՚,ՙՍիրո պահ՚, ՙՊայքար՚, ՙԶարթոնք՚, ՙԿենդանակերպ՚, ՙՍիրո հրեշտակ՚, ՙԳիշեր՚, ՙՋրահարս՚,  ՙՑավի բարձունք՚, ՙՏեսիլք՚, ՙԼեռնագնացներ՚, ՙԱնգղներ-1915՚, ՙՍիմոն պապիս նժույգը՚, ՙԳաղթ՚, ՙԿոմիտաս՚, ՙՇուշի՚, ՙՍասնա պար՚ և նկարչի վերջին անավարտ կտավը՝ ՙՀարսանիք՚։ Թեմաները բազմազան են, գույները՝ տաք, լույսով լի, բովանդակությունը երբեմն խորհրդապաշտական, երբեմն՝ առեղծվածային, բայց միշտ կյանքոտ, չափի բնածին զգացում, ընտիր ճաշակ, կրքոտ հոգեվիճակներ։

Գեղանկարչի արվեստը բարձր են գնահատել ոչ միայն հայ, այլև օտարազգի արվեստաբանները։ Ալեսանդրո Տեմպին (Իտալիա) գրել է. ՙՍամվել Գաբրիելյանի ստեղծագործությունները կբնորոշեն արդիականացումի երանգները, որոնց աղբյուրը  կիրքը և երաժշտությունն են, և այդ ստեղծագործություններն ունեն իրենց առանձնահատկությունն ու ինքնատիպությունը՚։ ՙՍամվել Գաբրիելյանի գեղանկարչությունն իր բովանդակությամբ սիմվոլիկ և խիստ արտահայտչամիջոցներով թողնում է տարածություն դիտողական ակտիվ մասնակցության համար՝ պատրաստի պատասխանների փոխարեն անընդհատ առաջադրելով նոր հարցեր,- և դա է երևի նրա արվեստի ամենաարժեքավոր կողմը՚ ( Վիոլետա Վեխեևա, Ռուսաստանի Դաշնություն)։

 ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի  նախարար  Նարինե Աղաբալյանն ասաց, որ ի դեմս հայր և որդի՝ Գուրգեն և Սամվել Գաբրիելյանների, Արցախի մշակույթը մեծ կորուստներ է ունեցել, բայց նրանց թողած ժառանգությունը բարձր արժեքներ են, որ մնացել է ժողովրդին։ Արտերկրից եկած հյուրերն Արցախ աշխարհին ծանոթանում էին Սամվելի արվեստանոցում, նրա կտավների միջոցով։ Նկարիչը հետք է թողել հայ գեղանկարչության մեջ։ 

Անժելա Գաբրիելյանի խոսքն  աչքի էր ընկնում ամուսնու՝ նկարչի ստեղծագործությունների խոր և հուզական  ընկալմամբ. ՙՆա երազանք ուներ՝ երրորդ անգամ հայրենիքում անհատապես ցուցադրվելու, բայց ... 

Նվիրյալ արվեստագետ էր։ Եթե ինչ-որ տեղ նրա վաստակը, հաջողությունները, արած-թողածը լռության են մատնվել, դա նրան չի հուզել, չի անհանգստացրել։ Սամվելի համար կարևորը եղել է ստեղծագործական պահը։ Նկարում էր անմոռաց, ներսում կուտակված էներգիան փոխանցում էր կտավին։ Աշխատասիրությունը հասնում էր մոլեռանդության, առավոտից մինչ երեկո։ Կարծես շտապում էր, կարծես ուզում էր դատարկ, չապրած տարիներ չթողնել։ Իսկ ապրել, նրա համար նշանակում էր աշխատել, վրձնել։ Ստեղծում էր նկար-նկարի հետևից, և նրա ստեղծագործության առանձնահատկությունն այն է, որ իր ներքին հույզերը հոգեբանական թափանցումներով դարձնում էր հայտնություն։ Նա բարձր կատարողական տեխնիկայով է ստացել այն լույսը, որ հորդում է նրա կտավներից։ Երբեք կանգ չի առել, անընդհատ եղել է որոնումների մեջ, և ստեղծել է իր աշխարհը, որը նաև դիտողի աշխարհն է։ Սամվել-արվեստագետի մի առանձնահատկությունն էլ այն է, որ ինքը կտավներում պատրաստի մտքեր չի պարտադրում, այլ տարածություն է թողնում, որպեսզի դիտողը խորհի։ Նա գտնում է, որ արվեստը պիտի ոչ միայն գեղագիտական հաճույք պատճառի, այլև նպաստի մարդու կատարելագործմանը, աշխարհայացքի ձևավորմանը։ 

Սամվելը մի առանձին սիրով ու երևակայությամբ է հյուսել հայի, մասնավորապես արցախցու կերպարը, ներկայացրել  նրա հոգևոր և ֆիզիկական մաքառումները։ Հայրենիքի կերպարը նա բացահայտել է յուրովի և նորովի։ Հայրենիքը նկարչի համար ոչ թե լեռ է, դաշտ, գետ, այլ՝ արյան հասցե։ Դա է պատճառը, որ երկրամասը չփոխեց արտասահմանյան առաջարկների, բարեկեցության հետ։ Առանց այս հող ու ջրի նա չէր կարող ապրել։ 

Ցեղասպանության 100-րդ տարելիցի  առիթով Բրազիլիայում անհատական ցուցահանդես էր բացել։ Օտար մի ուսուցչուհի մոտեցել և ասել է, թե ինքը հայերի մասին այսքան բան չգիտեր, բայց հիմա շատ բան ունի պատմելու իր աշակերտներին, և որպես մեծ ազգի ներկայացուցիչ ցուցահանդեսը նայելուց հետո իրեն մեղավոր է զգում հայ ժողովրդի ճակատագրի համար։ Սամվելն ասում էր՝ քո ազգի  ցավը այնպես պետք է ներկայացնես, որ հասկանալի և ընդունելի լինի օտարին։ 

Կյանքը նրան չփոխեց, նա պահպանեց իր մարդկային նկարագիրը՝ համեստ, ազնիվ, բարի ու լուսավոր։ Եվ այս նկարագիրը կամա-ակամա փոխանցվել է նրա կտավներին։ Նույնիսկ ցեղասպանությունն արտացոլող կտավներում պայքար կա, լույս կա։ Նա ստեղծել է իր հեքիաթների աշխարհը։ Սամարայում իր անհատական ցուցահանդեսը նկարիչն անվանել է ՙԱրցախյան հեքիաթներ՚, որովհետև ուր գնում էր՝ հետը Արցախ էր տանում և կտավի ձևով մի կտոր Արցախ էր թողնում։ Հարրի Գիլմորը, որը եղել է ԱՄՆ առաջին դեսպանը Հայաստանում, իր ձեռք բերած մի նկարի առիթով ասել է, որ ինքը մի երկրի դեսպան է, իսկ Սամվելն Արցախի դեսպանն է ամբողջ աշխարհում։ Երբ ասում ենք՝ 1500-ից ավել գործեր գտնվում են երկու տասնյակից ավելի արտասահմանյան երկրներում, դա սոսկ թիվ չէ, այլ նշանակում է, որ գեղանկարիչը կարողացել է հայկական գեղանկարչության արցախյան հատվածը բարձրացնել եվրոպական մակարդակի։ 

Սամվելը  նաև կարողացել է ստեղծել կերպարվեստի իր դպրոցն ուրույն ձեռագրով և ուրույն ոճով։ Նվիրված մանկավարժ էր, և տարիների ընթացքում պատրաստել է աշակերտներ, ովքեր իրենց խոսքն են ասել և ասելու են կերպարվեստի ոլորտում՚։ 

 

Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ