Logo
Print this page

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՕՎԿԻԱՆՈՍԱԳԵՏ ԱՐՏԵՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԵՏ

Նոյեմբերի 4-ին ԱրՊՀ-ում հյուրընկալվել էր օվկիանոսագետ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԽՍՀՄ և ՌԴ ԳԱ ակադեմիկոս, ԽՍՀՄ պետական մրցանակակիր, Ժողովուրդների բարեկամության շքանշանակիր Արտեմ Սարգսյանը։

 Ներկայացնելով մեր հայրենակցին՝ ԱրՊՀ պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը ողջունել է նրան հարազատ երկրի մայր բուհում և բարձր գնահատել նրա ավանդը գիտության բնագավառում։ Պրոռեկտորը հույս է հայտնել, որ օվկիանոսագետի հետ հանդիպումը երիտասարդների համար խթան կհանդիսանա՝ ուղղորդվելու դեպի գիտության օվկիանոսը։

Ա. Սարգսյանը ծնվել է ԼՂԻՄ Մարտունու շրջանի Ճարտար գյուղում։ Բարձրագույն կրթություն է ստացել Բաքվի պետական համալսարանում, ապա ուսումը շարունակել ՌԴ Գիտությունների ակադեմիայի ասպիրանտուրայում, որտեղից էլ սկսել է գիտական գործունեությունը։

Անվանի գիտնականի աշխատությունները վերաբերում են համաշխարհային օվկիանոսի   ջերմաստիճանի, հոսանքների և կլիմայական այլ բնութագրերի տեսության ու հաշվարկների մշակմանը, ծովային հոսանքների տեսությանն ու հաշվարկներին։ Աշխատանքներ ունի նաև Սևանա լճի  մակարդակի բարձրացման եղանակների մասին։

Անդրադառնալով իր արմատներին՝ ակադեմիկոսը նշել է, որ ամենուրեք հպարտությամբ է խոսում իր  հայ լինելու մասին և հաջողության գաղտնիքը տեսնում է ղարաբաղցուն բնորոշ աշխատասիրության մեջ. ՙԱյն ամենը, ինչին ես հասել եմ, աշխատասիրության հետևանք է, որը ժառանգել եմ հայի ազգային գենոֆոնդից՚։

Հայրենիքում հաճախ չի լինում Ա. Սարգսյանը, սակայն խոստովանում է. ՙՊարբերական այցելությունները հայրենի գյուղ և հայրենի դպրոց լիցքավորում են  ու ներշնչանքի աղբյուր դառնում։ Արցախում նոր լիցքեր եւ եռանդ  եմ ստանում՚։

Չնայած պատկառելի տարիքին՝ գիտնականը շարունակում է կապված մնալ իր ծննդավայրի  դպրոցին և հավաստիացնում, որ ՙառանց դպրոցի հայրենիքի համ չկա՚։

 

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.