Logo
Print this page

ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԱՐՑԱԽՑԻ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆ Է

Շուշիի արվեստի կենտրոնում կայացած Արմեն Ենգոյանի ՙԱռաջնագծում՚ խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը մի յուրօրինակ ֆոտոձոն էր՝ նվիրված հայրենյաց պաշտպանին։

Ցուցահանդեսի կազմակերպումը հովանավորվել է ՙԹեքեյան մշակութային կենտրոն՚ հիմնադրամի և  Գրիգոր Մանթաշյանի միջոցներով։ Ցուցահանդեսին ներկա էին Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Ն.Աղաբալյանը, շրջվարչակազմի ղեկավար Վ. Կասյանը, ինչպես նաև զինվորականներ և հասարակության՝ մշակութային կյանքով ապրող ներկայացուցիչներ։ 

ՙԹեքեյան մշակութային կենտրոն՚ հիմնադրամի Արցախի ներկայացուցիչ Կ.Ավետիսյանը իր բացման խոսքում շնորհավորեց հեղինակին՝ այդքան հաջողված գործերի համար։ Ա. Ենգոյանը խոստովանեց, որ ՙՄերգելյան՚ ջոկատի կազմում քառօրյա պատերազմին մասնակցելու մղումով եկել էր Արցախ։ Առաջնագծում հանդիպելով  երիտասարդ տղաների անօրինակ սխրանքներին, չկարողացավ անտարբեր մնալ և չլուսանկարել մերօրյա հերոսներին։ 

Արմեն Ենգոյանը մի շարք միջազգային ցուցահանդեսներ է կազմակերպել, որոնց մասնակցել են լուսանկարիչներ աշխարհի տարբեր երկրներից։ Սակայն նա մի առանձին գորովանքով է հիշում ՙԱրարատը՝ հայի աչքերով՚ և ՙՊատուհան դեպի աշխարհ՚ խորագրերով ցուցահանդեսների մասին։ Առաջինը աշխարհի տարբեր ծագերում ապրող հայ լուսանկարիչների հայացքներն են՝ ուղղված Հայոց մեծ ուխտին՝ Մասիսին։ Մասիսն այստեղ  ՙէրգրի՚ այցեքարտն է, նրա մարմնավորման կարոտը, որը սոսնձած է պահում աշխարհի բոլոր  հայերի հույսերը, այդպես էլ այլազգիների համար առեղծված թողնելով հայերի միասնական լինելու գաղափարի խորհուրդը։ Իր խոսքում հեղինակը շնորհակալություն հայտնեց ցուցահանդեսի կազմակերպմանն աջակցած հովանավորներին՝  ազգային մշակույթի շտեմարանում իր փոքրիկ ավանդը ներդնելու  իրեն ընձեռված հնարավորության համար։ ՙԵս ցանկացա, որ հենց Շուշիում ցուցադրվի իմ լուսանկարների ցուցահանդեսը։ Ես հիանում եմ այդ տղաներով։ Նրանցից յուրաքանչյուրը հերոս է։ Նրանք թշնամի կամ մեկ ուրիշ արհամարհական բառով չեն կոչում նրանց, ովքեր կանգնած են սահմանի այն կողմում, այլ ասում են ՙհակառակորդ՚, որովհետև  չեն թերագնահատում թշնամուն։ Նրանք սիրում և գնահատում են ընկերոջը, քանի որ  միայն նրան կարելի է վստահել։ Նրանք չեն հասկանում ՙնահանջել՚ բառը, որովհետև գիտեն. թիկունքում հող հայրենին է, հարազատ մայրը, սիրած աղջիկը։  Նրանք հայրենասիրության մասին չեն բարձրաձայնում. նրանք պահպանում են խաղաղությունը,  նրանք պաշտպանում են Հայրենիքը։ Նրանք պատերազմով չեն ապրում. ուզում են ճարտարապետ, բժիշկ, արհեստավոր դառնալ։ Ցանկանում են արարել։ Սա իմաստուն սերունդ է, և գիտեմ, մեր ապագան և անկախությունը ապահով ձեռքերում է։՚ 

Ցուցահանդեսն արծարծում է զինվորի առօրյային վերաբերող թեման և շատ սրտամոտ էր ներկաների  հոգուն։ Այն մեկ անգամ ևս եկավ հաստատելու, որ ողջ Արցախն առաջնագիծ է, յուրաքանչյուր արցախցի՝ հայրենիքի պաշտպան։ 

 

Անահիտ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

ք. Շուշի

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.