[ARM]     [RUS]     [ENG]

ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ

Մարտունու մշակույթի և երիտասարդության պալատում օրերս տեղի ունեցած համերգը նվիրված էր  կոմպոզիտոր, քանոնահար Խաչատուր Ավետիսյանի ծննդյան 90-ամյակին։

 Խաչատուր Ավետիսյանը ծնվել է ազգային երաժշտության ավանդույթներով հարուստ Գյումրի քաղաքում։ Պարի պետական անսամբլում շուրջ տասնհինգամյա, այնպես Էլ Թ. Ալթունյանի անվան ժողովրդական երգի ու պարի անսամբլում՝ վեցամյա աշխատանքի (գեղարվեստական ղեկավար) ընթացքում կոմպոզիտորն ուշագրավ գործունեություն ծավալեց՝ նպաստելով  ազզային ավանդույթների ամրապնդմանը, հարստացմանը և տարածմանը նաև մեր երկրի սահմաններից դուրս։ Մեծ է հատկապես նրա վաստակը հեռավոր ափերում մեր ազգային գեղարվեստական արժեքների տարածման գործում։ Նշված անսամբլների կողմից  Ասիայի, Աֆրիկայի, Եվրոպայի ավելի քան 30 երկրներում մեծ հաջողությամբ են կատարվել հայոց երգն ու պարը՝ արժանանալով բազմաթիվ պրոֆեսիոնալ երաժիշտների և երաժշտասերների բարձր գնահատականներին։ Կոմպոզիտորի գեղարվեստական մտածողությունը, նրա գեղագիտական մղումները ձևավորվել ու հասունացել են ժողովրդական երաժշտության հուսալի ու կայուն ավանդույթների հիման վրա։ Մշակված  սկզբունքները բնութագրական են տարբեր ժամանակաշրջաններում գրված գործերի համար։

Իր արվեստի քնարական ուղղվածությամբ, ստեղծագործության մեջ տեղ գրավող հայրենասիրական թեմայով կոմպոզիտորը որոշակիորեն կապված է իր սիրած բանաստեղծների՝ Գ. Սարյանի, Ս. Կապուտիկյանի, Լ. Դուրյանի, Գ. Բանդուրյանի ստեղծագործություններին։ 

Խաչատուր  Ավետիսյանի ուշադրության կենտրոնում մշտապես  եղել է վոկալ մեղեդին, որը մարմնավորում է հիմնական կերպար-գաղափարը, կերպար-հույսը՝ մտորումն ու կսկիծը, կարոտն ու տենչը, հավատն ու բերկրանքը։ Կոմպոզիտորի ստեղծած մեղեդիներն ունեն ավանդույթներով հարուստ, ընդգծված ազգային նկարագիր։ Նրա ստեղծած մեղեդիներին հատուկ է շարադրանքի բնական, երբեմն օժանդակ հնչյուններով համեմված սահուն ընթացքը։

ՙԻմ անուշ տավիղ՚, ՙՄախմուր աղջիկ՚, ՙԱսում են թե՚, ՙԻմ եղեգ՚, ՙՈրտեղ գտնեմ քեզ՚, ՙԾաղկած բալենի՚, ՙՍիրո գիշեր՚, ՙԿռունկներ՚, ՙԿապույտ թռչուն՚, ՙՍիրունս, կսպասեմ՚,- ահա երգերի ոչ լրիվ ցանկը, որոնք ամեն օր հնչում են բեմից և ժողովրդի շուրթերից։ 

Հոբելյանական համերգին ակտիվորեն մասնակցում էին Մարտունու հանրակրթական դպրոցների և Ա. Խաչատրյանի անվան արվեստի դպրոցի սաները, ՙՔնար՚ համույթի երգչուհի Ն. Դանիելյանը։

Արմինե ԴԱՆԻԵԼՅԱՆ

ք. Մարտունի