[ARM]     [RUS]     [ENG]

ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆԽՈՆՋ ՆՎԻՐՅԱԼԸ

Պատմությունը հիշեցնում է մի անժխտելի ճշմարտություն, որ ժողովրդի ամբողջական դիմանկարն ստեղծում ու քաղաքակիրթ աշխարհին է ներկայացնում արվեստը` գրականությունը, երաժշտությունը, նկարչությունը, թատրոնը, կինոն և այլն։ 

 ԼՂՀ մշակույթի վաստակավոր գործիչ Կարինե Ալավերդյանի ուսումնասիրությունները հիշեցնում են, որ արվեստաբանը պետք է լինի նվիրյալ. ՙԻսահակ Ալավերդյան՚ մենագրությունը, ՙԲեմարվեստի մեր վարպետների՚ աշխատության Ա և Բ հատորները, ՙԼեոնիդ Հարությունյան՚, ՙՍտեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոն. 1932-2002՚, ՙԵրկու լուսավոր աստղ՚ գրքերը, թատրոնի երախտավորների մասին պատմող հոբելյանական տասնյակ բուկլետները, Արցախի հանրային հեռուստատեսության հեղինակային՝ ՙԴիմակներ՚ հեռուստանախագծի հաղորդումների խտասկավառակները, Ստեփանակերտի դրամատիկականի երախտավորների մասին ՙԱզատ Արցախ՚ հանրապետական թերթի էջերում պարբերաբար տեղ գտած ակնարկաշարը, ինչպես նաև հոր` Իսահակ Ալավերդյանի ՙԾաղիկների երթը՚, մոր` Քնար Սուլեյմանյանի ՙԱվանդական սրինգ՚ ժողովածուն` կազմված հենց իր ջանքերով ու երախտագիտությամբ։ Իսկ բոլորովին վերջերս հրատարակվեց Կ. Ալավերդյանի ՙԹատերական սևեռումներ... Մտերմիկ անդրադարձներ՚ ժողովածուն, որն իր տեսակի մեջ նոր, խրախուսելի երևույթ է և՜ բովանդակության, և՜ գրական տարբեր տեսակների ընդգրկման առումներով։

Շտապենք նշել, որ գիրքը տաղանդավոր ու աշխատասեր թատերագետի քրտնաջան ու արդյունավետ վաստակի արդյունք է։ Ճիշտ է, ժողովածուն թատերական սևեռումներ են, մտերմիկ անդրադարձներ, սակայն մշակութային հիմնախնդիրների մի հիանալի գանձարան է, որտեղ ներկայացված են ոչ միայն մեր թատրոնի աստղերը, այլև այն հակասական ու դժվարին ուղին, որ անցել է Հայոց Արցախը խորհրդային 70 տարիների ընթացքում` դիմակայելով Ադրբեջանի հայահալած քաղաքականությանը։

Հոդվածների սովորական հավաքածու չէ սույն գիրքը։ Ընթերցողը, ծանոթանալով դրանց, նախ մտքի թևերով հասնում է 20-րդ դարի այն տասնամյակները, երբ ծնվեց, ձևավորվեց ու իր սեփական ուղին հարթեց Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը։ Հեղինակը էջ առ էջ ներկայացնում է թատրոնի պատմությունը, հպարտության զգացումով իր խոսքն ասում հայ բեմի մեծագույն վարպետների արցախյան հյուրախաղերի մասին, այնպիսի վարպետների, որպիսիք են Վահրամ Փափազյանը, Իսահակ Ալիխանյանը, Ժասմենը, Արուս Ոսկանյանը, Վաղարշ Վաղարշյանը, Հրաչյա Ներսիսյանը, Ավետ Ավետիսյանը և ուրիշներ։

Ժողովածուի խոսուն էջերից է այն մասը, որտեղ գնահատվում են  պատմահայրենասիրական պիեսների բեմադրությունները` որպես ազգային ոգու պահպանման կռվաններ։ Նշվում է, որ Ստեփանակերտի թատրոնն առաջին անգամ պատմահայրենասիրական պիեսների բեմադրությանն անդրադարձել է Հայրենական մեծ պատերազմի տարիներին` բեմ հանելով Լ. Միքայելյանի ՙՎարազդատ՚, Մուրացանի ՙԳևորգ Մարզպետունի՚, Մ. Մըսրենցի ՙԹմկաբերդ՚ դրամաները, որով դերասանախումբը ձգտել է հայրենասիրական ոգով տոգորել հանդիսատեսին, նրա մեջ արթուն պահել հավատը հաղթանակի հանդեպ։ Ծանոթանալով այս փաստերին, չես կարող չվերհիշել այն անցյալը, որի մասին Կարինեն ընդգծում է. ՙԱմեն ինչ ռազմաճակատի համար՚ կոչը նաև թատրոնի համար էր։ 1943թ. հունվարին դերասանները հրաժարվեցին իրենց հանգստյան օրերից և ոտքով կամ լավագույն դեպքում սայլերով գյուղից գյուղ խաղացին այդ ներկայացումները և վաստակած 50 հազար ռուբլին ուղարկեցին Մոսկվա` տանկային շարասյան կառուցման ֆոնդին՚։

Ընթերցելով այս տողերը` նորից ու նորից վերհիշում ենք 2016-ի ապրիլյան քառօրյա պատերազմը, մեր ժողովրդի 18-20 տարեկան որդիների հերոսամարտը, ապա հարյուրավոր մեր կամավորների նետվելը մարտադաշտ` ազերի թուրքերի դեմ` հանուն Արցախի պաշտպանության, հանուն ողջ հայության ազգային արժանապատվության, հանուն Հայաստանի Հանրապետության անխաթար ընթացքի։ Ապացուցվում է, որ հայ ժողովրդի հերոսական ավանդույթը Ավարայրից հասել է Սարդարապատ, Սարդարապատից՝ Բեռլին, Բեռլինից՝ Արցախ, և այդ դյուցազնական հերոսամարտերն իրենց արձագանքն են գտել նաև մեր թատրոնում, ու պետք է ազգապահպան այդ ավանդույթը շարունակվի՜և՜  այսօր, և՜ առհավետ։ 

Գրքում քիչ չեն ուշագրավ հաղորդումները։

Ծանոթանում ենք թատրոնի շարունակվող խիզախումներին։ Հեղինակն ինքը որդիական ջերմ հպարտությամբ ընդգծում է, որ 1950-ականների երկրորդ կեսից սկսվեցին Ստեփանակերտի թատրոնի վերելքի տարիները։ Բեմում հայտնվեցին մեծակտավ գործեր, բեմադրվեցին ՙՄելիքի աղջիկը՚, ՙՍամվել՚, ՙԱնահիտ՚, ՙՌուզան՚, ՙՄխիթար սպարապետ՚, ՙՎարազդատ՚ պիեսները։

 Հեղինակը նշում է, որ, հաղթահարելով  դժվարությունները, Ստեփանակերտի թատրոնը որոշ ընդմիջումից հետո պատմահայրենասիրական պիեսներ բեմադրելու իր լավագույն ավանդույթին վերադարձավ Արցախյան գոյամարտի տարիներին։ Բեմադրվեցին Յու. Սումբատովի ՙԴաժանություն՚ (ռեժ.` Մ. Ավագյան), Ն. Զարյանի ՙԱրա Գեղեցիկ՚ (ռեժ.` Ա. Գամջյան), Վ. Միքայելյանի ՙՎարազդատ՚ և Գ. Թավրիզյանի  ՙՄելիքի աղջիկը՚ (ռեժ.` Ի. Հովհաննիսյան) պիեսները։ Չմոռացվեց նաև Հայոց Եկեղեցու ազգապահպան դերը։ Եվ թատրոնը ներկայացրեց Ռ. Աբրահամյանի ՙՍուրբ Շուշանիկ՚ դրաման (ռեժ.` Լ Հարությունյան)։ Այն ասք է հայոց սպարապետ Վարդան Մամիկոնյանի դուստր և վեհափառ Սահակ Պարթևի ծոռ, Սուրբ Գրիգոր Լուսավորչի շառավիղ Շուշանիկ Վարդենու մասին։ 

Կ. Ալավերդյանի պատումները մեր թատրոնի անցած ուղու, նրա փառքն ապահոված դերասանների մասին աչքի են ընկնում անմիջականությամբ, պատկերավորությամբ, հաջողությունները նկարագրելիս` հպարտության, իսկ բացթողումները ներկայացնելիս` ափսոսանքի զգացումներով։ Եվ դա խրախուսելի է, քանզի արվեստի մասին պետք է խոսել գեղագետի լեզվով։

Կարևոր ենք համարում ընդգծել, որ մերօրյա և ապագա սերունդների համար հետաքրքիր աղբյուր կարելի է համարել գրքի այն բաժինը, որտեղ ցույց է տրված թատրոնի մասնակցությունը Արցախյան ազգային-ազատագրական գոյամարտին։ Կարինեն չի մոռացել նաև արցախցի այն գրողներին, ովքեր թատրոնի գործընթացին նպաստել են իրենց դրամատիկական երկերով։

Որպես թատերագետ` Կ. Ալավերդյանը հետևում է Հայոց մեծ երախտավորների  խորհուրդներին։ Հայտնի է Մեծ Լոռեցու կարծիքը թատրոնի մասին։ Նա գրել է, որ թատրոնն առաջին հերթին նրա դերասանական կոլեկտիվն է, նրա նվիրյալները։ Այս առումով, հիրավի, խրախուսանքի արժանի է տվյալ գրքի ՙԴիմանկարներ՚ շարքը` նվիրված մեր թատրոնի վաստակաշատ դերասանների կյանքին ու գործունեությանը։

Գրքում ուշագրավ պատում է ՙՀրապարակումներ...Մտերմիկ անդրադարձներ՚ բաժինը։ Այստեղ ծանոթանում ենք մեծանուն դրամատուրգ Գ. Սունդուկյանի, Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոցի անվան հանրապետական, Մուրացանի անվան քաղաքային գրադարանների, արձակագիր Մաքսիմ  Հովհաննիսյանի, բանաստեղծուհի Ծովինար Բաղդասարյանի, անմոռանալի ինքնուս բանաստեղծուհի  Ելենա Մարտիրոսյանի և այլոց գործունեության մասին։  Ժողովածուում ջերմացնող հետաքրքրություն են ներկայացնում ՙԳնահատականներ՚ և ՙՀարցազրույցներ՚ բաժինները` նվիրված Կարինեի   մշակութային հարուստ գործունեությանը։ 

Գիրքը եզրափակվում է ՙՍտեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի բեմադրությունների տարեգրությունը (1932 – 2016)՚ մասով։ Այդ հսկայական աշխատանքը միայն բավական է, որ հեղինակի վաստակը համարենք անմնացորդ նվիրում մեր թատրոնի պատմությանը։

Նշենք նաև, որ գրքի հաջողությանը մեծապես նպաստում են առանձին բաժիններից հետո ներկայացվող լուսանկարները։

Ընդհանրության մեջ Կ. Ալավերդյանի այս ժողովածուն մի նոր ներդրում է հայ մշակույթի պատմության մեջ, որի տպագրությունը երաշխավորել է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը։ 

 

Սոկրատ ԽԱՆՅԱՆ

Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, 

ԼՂՀ գիտության վաստակավոր գործիչ