[ARM]     [RUS]     [ENG]

ԵԹԵ ՄԵԶԱՆԻՑ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԸ ՉՓՈԽՎԻ` ՈՉԻՆՉ ՉԻ ՍՏԱՑՎԻ

ՙՀանուն հայրենիքի՚ ՀԿ-ն օրերս կազմակերպեց  կլոր սեղան` նվիրված կրթության ոլորտի հիմնախնդիրներին: Մասնակցում էին Արցախում գործող բուհերի դասախոսներ, ուսանողներ:

 Մասնակիցները տրամադրված էին ակտիվ քննարկմամբ վեր հանելու առկա խնդիրները և ընդհանուր ջանքերով փորձելու գտնել լուծումներ:

ԱրՊՀ քաղաքագիտության և փիլիսոփայության ամբիոնի դասախոս Դավիթ Կարաբեկյանի տեսակետով` կրթության ոլորտի  հիմնախնդիրը ձևավորվել է հնագույն ժամանակներում. նրա նկատմամբ  մոտեցումով պայմանավորված է տվյալ ազգի առաջընթացը: 

Հին Եգիպտոսում քուրմը, որպես գիտելիքի մարդ, ավելի մեծ տեղ էր զբաղեցնում, քան փարավոնը:  Նույնը` Հին Հայաստանում:  Այսինքն` գիտելիքն առաջնային արժեք էր: Մեր մեծերը` Մ. Մաշտոցը, Ս.Պարթևը, մյուսները` ուսանելով արտերկրում, այնպես են արել, որ այդ արժեքները հարմարեցվեն մեր հոգեկերտվածքին: 

Բանախոսը պատմական էքսկուրս կատարեց՝ ցույց տալու, որ մեզանում մոդել է գործել, որի նպատակն էր ոչ թե տարրալուծվել աշխարհում,  այլ հակառակը` փորձել ինտեգրվել եվրոպական արժեքներին` դրանք հարմարեցնելով մեր ազգայինին: Ըստ նրա` ներկայիս ամենասկզբունքային խնդիրն  է գիտակցել, որ  մենք` որպես քաղաքակրթական միավոր, եթե  մեր տեղը զիջենք, ապա մեր կործանումը շատ շուտ կլինի, այսինքն` ինքնության պահպանման խնդիրն է դրված: Որպես քննարկման հարց՝ Դ. Կարաբեկյանը հետևյալ խնդիրներն  առանձնացրեց. ո՞վ պետք է որոշի առաջնահերթությունն այդ ոլորտում, ինչպե՞ս պետք է իրականացվի կրթության  և գիտության զարգացման գործընթացը, հասարակության և իշխանությունների անելիքները և համագործակցությունը: 

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի դասախոս Արթուր Գրիգորյանը նկատեց, որ միայն հայ ազգն ունի դպրության աստված` Տիրը: Փոքր, բայց իրականում մեծ հայ ժողովուրդը կարողացել է աշխարհին տալ զավակներ, որոնց ստեղծած   աշխատանքների շնորհիվ այսօր աշխարհն ավելի լավն է դարձել: Գիտության բոլոր բնագավառներում հայ ժողովուրդը տվել է ծանրակշիռ ավանդ ունեցող գիտնականներ: Նրա կարծիքով` այսօր մեր թշնամիների դեմ պայքարելու արդյունավետ միջոցը  ինտելեկտուալ ճանապարհն է, մեր գենետիկ հզոր կոդը զարգացնելը: Եթե համապատասխան ֆինանսավորում լինի, մենք կունենանք այդ նվաճումները` հաշվի առնելով, որ դրանով ոչ միայն կապահովենք մեր բարեկեցությունը, այլև մեր անվտանգությունը, համոզված է նա: Մեր գիտությամբ պետք է պայքարենք մեր լինելության համար: Նա բերեց Իսրայելի օրինակը. փոքրիկ  Իսրայելն ինչպե՞ս է կարողանում մահմեդական աշխարհին, որ ավելի քան 1,5 մլրդ բնակչություն ունի, իր կամքը թելադրել: ՙ20-21-րդ դարերում հրեաները տվել են 180 Նոբելյան մրցանակի դափնեկիր գիտության տարբեր բնագավառներում: Դա ահռելի թիվ է. ոչ մի ազգ դրան չի հասել: Իսկ 1,5 մլրդ մահմեդական բնակչությունն այդ նույն ժամանակահատվածում տվել է ընդամենը 3 Նոբելյան մրցանակակիր, այն էլ՝ խաղաղության բնագավառում, այսինքն՝ ոչ մի գիտական նվաճում: ՙԵվ դրա համար է, որ հրեան ուժեղ է, մահմեդականը՝ թույլ: Հետևությունը մեկն է՝ մենք ևս պետք է կարողանանք այդ ուժը ձեռք բերել՚,¬ ասաց Ա. Գրիգորյանը: Երիտասարդ դասախոսի համոզմամբ` ելքը մեր գիտական նվաճումներն են: Ըստ նրա` հայ ժողովուրդն ունի մեծ ներուժ, որը չի օգտագործվում: Նրա խոսքով` պետք է լինի փոխգործակցություն կրթական համակարգի և  աշխատաշուկայի միջև: Տնտեսագիտության լեզվով ասած` պետք է ոչ թե վաճառել, ինչ արտադրվել է, այլ արտադրել այն, ինչ կկարողանան վաճառել, այսինքն` ստեղծել այն աշխատուժը, որը կիրացվի շուկայում: Այսպես՝  մասնագիտական ասպարեզում անընդհատ թողարկվում են կադրեր, բայց  չկան համապատասխան աշխատատեղեր: Միևնույն ժամանակ, աշխատաշուկայում կա աշխատատեղերի բաց, որը չեն կարողանում լրացնել:  Այսօրվա դրությամբ  բարձրորակ ծրագրավորողի 2000 թափուր տեղ կա Հայաստանում, բայց էլի գործազրկության մակարդակը բարձր է: Նույն երևույթն առկա է նաև  Արցախում. բնագիտական առարկաների ասպարեզում, օրինակ, կա ուսուցիչների կարիք: Բանախոսն առաջարկում է  որակյալ մասնագետներին նյութապես և բարոյապես խրախուսել:  Եթե որակավորման խիստ քաղաքականություն տարվի, մեր կադրերի գերակշիռ մասը դուրս կմնա: Բայց քանի որ չունենք փոխարինողներ, ստիպված պահում ենք այն, ինչ կա:  

Նրա համոզմամբ` կրթության բնագավառում ցանկացած ներդրում արդարացված է. ներդրված գումարն անպայման փոխհատուցում է տալու, և դա զգացվելու է մեր տնտեսության մեջ, մեր սահմանին, մեր բանակում: Այդ շարքից խրախուսելի  է դպրոցներում երկարօրյա խմբերի վերականգնումը: 

 ՙՄեսրոպ Մաշտոց՚ համալսարանի դասախոս Հովիկ Ավանեսովի տեսակետով` պետք  է լինի կրթության և գիտության զարգացման հստակ ռազմավարություն, որտեղ  նշված լինեն այն խնդիրները, որոնք դրված են պետության առջև:  

ՙՀանուն հայրենիքի՚ ՀԿ նախագահ, ԱրՊՀ դասախոս  Արթուր Օսիպյանի համոզմամբ` կրթությունը  մեզ մոտ դեռևս գտնվում է լավագույնն ակնկալելու մակարդակին: Ակնհայտ է, որ  այն  արտացոլվում է բոլոր պետական ինստիտուտներում՝ տնտեսություն, բանակ, առողջապահություն և այլն: Ըստ նրա` ցանկալի մակարդակի  հասնելու համար մի շարք քայլեր պետք է արվեն. նախ` պետությունը պետք է տնտեսապես մոտիվացնի դասավանդողներին: Պետք է սկսել դպրոցից` ուսուցիչներից: Բայց դա սպասված արդյունքը  չի տա, եթե ուսուցիչները չունեն անհրաժեշտ որակավորում: Նա այսպիսի տարբերակ է առաջարկում. սկսել մի դպրոցից, հստակ զտում կատարել, թողնել միայն բարձր մակարդակի ուսուցիչներին, նրանց տալ պատգամավորի չափ  աշխատավարձ: Այդ դպրոցում ստեղծել հանձնաժողով, որը հանրապետության բոլոր դպրոցներից  ի հայտ կբերի տաղանդավոր երեխաներին, կազմակերպել որակավորման դասընթացներ: 

Պետությունը պետք է մշակի այն ուղղությունները, որոնք ռազմավարական են երկրի համար: Եթե ագրարային երկիր ենք, հիմնական վեկտորը պետք է ուղղվի գյուղատնտեսությանը:

Մանկավարժական ֆակուլտետը պետք է զարգացնել: 

Կլոր սեղանի մասնակիցները, որոնք  բացառապես երիտասարդներ էին, վերջում եկան այն հիմնական մտքին, որ ցանկացած համակարգ միանգամից փոխելը բարդ է: Այն կփոխվի, եթե յուրաքանչյուրն սկսի իրենից:   

Երիտասարդության վրա է կառուցված երկրի ապագան,  և եթե մեզանից յուրաքանչյուրը չփոխվի՝ ոչինչ չի ստացվի: Ապագա սերունդները դրա համար մեզ չեն ների, համոզված է ՙՀանուն հայրենիքի՚ ՀԿ նախագահը:    

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ