[ARM]     [RUS]     [ENG]

ՆԱ ԻՍԿԱՊԵՍ ԱՊՐՈՒՄ ԵՎ ԱՊՐԵՑՆՈՒՄ Է ԻՐ ԱՐՎԵՍՏՈՎ

Անվանի կոմպոզիտոր, արմատներով արցախցի Միքայել Թարիվերդիևի ծննդյան 85-ամյակին նվիրված ՙՀիշիր այս պահը՚ միջազգային փառատոնը, Արցախի մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ, օրերս իր շարունակությունն ունեցավ Ստեփանակերտում:

Ինչպես տեղեկացրեց կոմպոզիտորի այրին` երաժշտագետ Վերա Թարիվերդիևան, փառատոնը նախաձեռնել է ՌԴ մշակույթի նախարարությունը: Այն մեկնարկել է Մոսկվայի մեծ թատրոնում այս տարվա հուլիսի 19-ին, և այս ամիսների ընթացքում փառատոնի շրջանակներում համերգներ են տեղի ունեցել ոչ միայն ռուսաստանյան մի շարք քաղաքներում, այլև Միացյալ Նահանգներում, Գերմանիայում, Փարիզում, այլուր: Փառատոնի շրջանակում նախատեսված է կոմպոզիտորին նվիրված երկու ցուցահանդես, մեկը Լոնդոնում, մյուսը` ՙԱռաջին պահից մինչև վերջինը՚,  Մոսկվայի Գլինկայի անվան երաժշտական մշակույթի կենտրոնական թանգարանում:

Փառատոնի անդրկովկասյան համերգներն սկիզբ առան Թբիլիսիում, որտեղ ծնվել և երաժշտական կրթություն է ստացել ապագա կոմպոզիտորը, հաճախել լուսանկարչական խմբակ, ավարտել երաժշտական ուսումնարանը: Այստեղ էլ 16 տարեկանում ունեցել է իր կոմպոզիտորական դեբյուտը. Թբիլիսիի Փալիաշվիլու անվան օպերայի և բալետի թատրոնում ներկայացվել է նրա բալետային 2 մինիատյուրների առաջնախաղը: Իսկ փառատոնի եզրափակիչ համերգները տեղի են ունեցել Հայաստանում և Արցախում, որտեղ առաջին անգամ չէ, որ Թարիվերդիևի հիմնադրամը համերգներ է կազմակերպում:

Միքայել Թարիվերդիևն ավելի քան 130 ֆիլմերի և հեռուստաֆիլմերի երաժշտության հեղինակ է, ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում` որպես կինոյի համար գրված երաժշտության ամենաշատ պարգևների և մրցանակների արժանացած կոմպոզիտոր։ Բացի այդ, Թարիվերդիևը երաժշտություն է ստեղծել մի շարք թատերական ներկայացումների համար, ինչպես նաև գրել է ավելի քան 100 երգ և ռոմանս, մի քանի բալետ և օպերա, կամերային վոկալ շարքեր, սիմֆոնիա և այլն։ Բարձրագույն երաժշտական կրթությունն ստանալով Մոսկվայում  (ի դեպ, եղել է Արամ Խաչատրյանի ուսանողներից)՝ ողջ կյանքն ապրել ու ստեղծագործել է այնտեղ:

Երեկոն վարում էր Թարիվերդիևի այրին՝ ՙԹարիվերդիև՚ հիմնադրամի նախագահ, նաև նրա անունը կրող երգեհոնահարների մրցույթի հիմնադիր տնօրեն Վերա Թարիվերդիևան: Նա նշեց, որ այս տարի լրանում է ոչ միայն կոմպոզիտորի 85-ամյակը, այլև մահվան 20-րդ տարելիցը, և այդ երկու տարեթվերին է նվիրված այս մեծ փառատոնը: Մասնագիտությամբ երաժշտագետ է և ամուսնու մահից հետո ամբողջացրել ու հրատարակել է նրա սկսած ՙԵս պարզապես ապրում եմ՚ ինքնակենսագրական գիրքը: Որպես հիմնադրամի նախագահ` զանազան նախագծեր է իրականացնում,  ոչ միայն կոմպոզիտորի ձեռագրերի ու ստեղծագործությունների հրատարակչական գործով է զբաղվում։ Նա նաև նախաձեռնել է Թարիվերդիևի անվան երգեհոնահարների միջազգային մրցույթ, որն անցկացվում է 1999 թվականից, 2 տարին մեկ` ՌԴ Կալինինգրադ քաղաքում: Հիմնադրամի գլխավոր նպատակն է հրատարակել և մասսայականացնել կոմպոզիտորի երաժշտական ժառանգությունը, այն   մատչելի դարձնել բոլոր նրանց համար, ովքեր դրա կարիքն ունեն, նաև ձայնասկավառակներ են թողարկում:

Վ. Թարիվերդիևայի խոսքով` ամուսինը պոեզիայի մեծագույն սիրահար էր, հատկապես բարձրարժեք պոեզիայի: Կյանքում հրապուրվել ու տարվել է շատ բաներով` սպորտ, լուսանկարչություն, գրականություն: Նա մի քանի վոկալ շարքեր ունի` գրված լավագույն պոետների գործերով` Մայակովսկի, Իսահակյան, Եվտուշենկո, Ախմադուլինա, Վոզնեսենսկի, Ցվետաևա, Պաստեռնակ և ուրիշներ: Խոսքը նրա համար մեծ հետաքրքրություն էր ներկայացնում. նա բառի, գեղեցիկ խոսքի, բանաստեղծության պաշտամունք ուներ: Կոմպոզիտորի առաջին գործերը, որոնք նրա անհատականության ոճն ու կնիքն են կրում, գրվել են հենց բարձրարժեք պոեզիայի ազդեցության տակ. հիմնականում ռուսական պոեզիան է գրավել նրան, հազվադեպ դիմել է նաև հայկական պոեզիային:

 Վ. Թարիվերդիևան նաև  նշեց, որ արցախյան համերգն առանձնապես հուզիչ է իրենց համար, քանի որ այստեղից է սերում Թարիվերդիևների գերդաստանը: Ասենք, որ հայրը` արմատներով շուշեցի Լևոն Թարիվերդիևը, Թբիլիսի էր եկել Բաքվից, որտեղ ավարտել էր ֆինանսական ակադեմիան: Այստեղ նա ամուսնացել է տեղի հայ մեծահարուստներից մեկի դստեր` Սաթո Ակոպովայի հետ, և 1931թ. օգոստոսի 15-ին ծնվել է ապագա կոմպոզիտորը: Ի դեպ, հայրը եղել է Թբիլիսիի պետական բանկի տնօրենը:

Վոզնեսենսկու՝ Թարիվերդիևին նվիրված բանաստեղծությամբ էլ բացվեց համերգային ծրագիրը: Փառատոնի անվանումը` ՙՀիշիր այս պահը՚ բանաստեղծական տողը, վերցված է համանուն վոկալ շարքից, որի հիմքում Վոզնեսենսկու 4 բանաստեղծություններն են: ՙՄերիդիան՚ վոկալ տրիոյի մենակատարներ Նիկոլայ Սմետանինի և Ալեքսեյ Պոդշիվալովի կատարմամբ հնչեց այս շարքի ՙՀիշիր այս պահը՚ ռոմանսը:

Ապա համերգավարը ներկայացրեց միջազգային մրցույթների դափնեկիր, ՌԴ վաստակավոր արտիստ, դաշնակահար Ալեքսեյ Գորիբոլին և սոպրանո, նույնպես միջազգային մրցույթների դափնեկիր, վիեննաբնակ Թեհմինե Զարյանին, ով հատուկ հրավիրվել է՝ մասնակցելու այս նախագծին: Նրանք կատարեցին միջնադարյան ճապոնական բանաստեղծների խոսքերով ստեղծված վոկալ շարքը, որը կոմպոզիտորը գրել է դեռևս 1957-ին: Ծրագրի մաս էին կազմում Բելա Ախմադուլինայի բանաստեղծություններով գրված երկու ռոմանս և ՙՋուր՚ ստեղծագործությունը Լեոնիդ Մարտինովի խոսքերով գրված վոկալ շարքից, որոնք կատարեց Թ. Զարյանը Ալ. Գորիբոլի նվագակցությամբ:

Համերգին մասնակցում էր նաև Արցախի պետական կամերային նվագախումբը` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Գ. Մուրադյանի ղեկավարությամբ: Ծրագրի երկրորդ մասը նվիրված էր Թարիվերդիևի կինոերաժշտությանը, որը նրա ստեղծագործության անբաժանելի մասն է:  Դժվար թե գտնվի երաժշտարվեստում մի ժանր, որում կոմպոզիտորն իր ուժերը փորձած չլինի: Նա գրել է ռոմանսներ, ջութակի կոնցերտներ, սիմֆոնիաներ երգեհոնի համար, բազմաթիվ երգեր, հատկապես ֆիլմերի համար ստեղծած նրա երգերը լայն մասսայականություն են վայելում երաժշտասերների շրջանում. հիշենք ՙԳարնան 17 ակնթարթը՚, ՙԲաղնիքդ անուշ, կամ Ճակատագրի հեգնանքը՚ ֆիլմերի համար գրած նրա երգերն ու երաժշտությունը: Վ. Թարիվերդիևայի խոսքով` կոմպոզիտորն իսկական նվեր էր կինեմատոգրաֆիայի համար` 134 ֆիլմի երաժշտություն, որին այսօր էլ դիմում են  նոր ֆիլմեր ստեղծելիս: Մենակատար Ալ. Գորիբոլի կատարմամբ հնչեցին պրելյուդներ ՙՑտեսություն, տղաներ՚ և ՙԻմ կրտսեր եղբայրը՚ ֆիլմերից: Ապա նվագախմբի հետ համատեղ կատարվեցին ՙՌեզիդենտի ճակատագիրը՚, ՙՕլգա Սերգեևնա՚, ՙԳարնան 17 ակնթարթը՚ ֆիլմերի համար գրված երաժշտությունից: Արցախցի երգիչ, միջազգային մրցույթների բազմակի դափնեկիր Սար Սարգսյանը կատարեց ՙԱկնթարթ՚ և ՙԵրգ հեռավոր հայրենիքի մասին՚ երգերը ՙԳարնան 17 ակնթարթը՚ ֆիլմից:

ՙՄերիդիան՚ վոկալ տրիոյի մենակատարներ Նադեժդա Լուկաշևիչի, Նիկոլայ Սմետանինի և Ալեքսեյ Պոդշիվալովի կատարմամբ հնչեցին սիրված երգեր ՙՃակատագրի հեգնանքը՚ ֆիլմից: Իսկ վերջին` ՙշ րտՐՏրՌս ց ÿրպվÿ՚ երգին միացավ նաև հանդիսատեսը: Համերգը եզրափակվեց մեծ կոմպոզիտորի հեղինակային կատարման տեսագրությամբ: Ողջ համերգի ընթացքում դահլիճում իշխողը ջերմ ու հուզիչ տրամադրությունն էր. հանդիսատեսը հիացմունքով ու ոգևորությամբ էր արձագանքում սիրված կոմպոզիտորի յուրաքանչյուր բարձրարվեստ կատարման, իսկ երաժիշտներն, իրենց հերթին, գոհ էին այդպիսի զգացմունքային հանդիսատեսի հետ շփվելու առիթի համար:

Փառահեղ համերգային ծրագիր էր պատրաստվել, որն ընդմիջվում էր համերգավարի կողմից կոմպոզիտորի կյանքի ու ստեղծագործության անչափ հետաքրքիր դրվագների փոքրիկ պատմություններով: Վ. Թարիվերդիևայի հետ ճեպազրույցում հետաքրքրվեցինք` ինչ սկզբունքով են կազմվել փառատոնի համերգային ծրագրերը: Նա մանրամասնեց. ՙԲոլոր քաղաքներում տարբեր ծրագրեր էին, իսկ երաժիշտ կատարողները` նույնը: Թեհմինե Զարյանը Թբիլիսիի Փալիաշվիլու անվան թատրոնում կատարել է ՙՍպասում՚ մոնոօպերան, Երևանում` ՙԿոնցերտ ձայնի և նվագախմբի համար՚: Այստեղ նա կատարեց վոկալ շարքեր, քանի որ այստեղ չկա մեծ սիմֆոնիկ նվագախումբ, և մոնոօպերան հնարավոր չէր լինի, թեպետ այս նվագախմբի հետ հաջորդ անգամ այն կարելի է կատարել: Մենք առաջին անգամ ենք համագործակցում Արցախի պետական կամերային նվագախմբի հետ և, ի դեպ, ծրագիրը հրաշալի կատարվեց. այն մատուցվեց և՜ գունեղ, և՜ հետաքրքիր, ընդհանրապես, նման դիրիժորի հետ կարելի է և սիմֆոնիկ ստեղծել: Հիմա ես ձեզ հետ միասին երազում եմ այդ մասին, քանի որ հիմքը գերազանց է դրված՚: 

Անդրադառնալով փառատոնի անդրկովկասյան ծրագրին` Վ. Թարիվերդիևան նշեց. ՙԻնձ համար այն ամենադժվարն էր, որովհետև օրումեջ տեղափոխվում էինք, նաև, իհարկե ամենահոգեհարազատն էր, որովհետև Թբիլիսիում, Երևանում և Ստեփանակերտում մերոնք են: Ծրագիրն առանց կինոերաժշտության չէր լինի. բոլորը դրան են սպասում, ուստի մենք բոլոր վայրերում այն ներկայացրել ենք: Երևանում և Թբիլիսիում հնչել է սյուիտը ՙԵղջերու արքա՚-յից` տեղի մենակատարների մասնակցությամբ: Սա ևս սկզբունք է մեզ համար: Այստեղ, օրինակ, ելույթ է ունեցել մեր լավ բարեկամը` Սար Սարգսյանը, ով կատարում է կոմպոզիտորի ստեղծագործությունները: Գլխավոր սկզբունքը` տեղի երաժիշտներին, նվագախմբերին ու մենակատարներին անպայման մասնակից դարձնել փառատոնի համերգային ծրագրերին: Սա շատ կարևոր է նախ և առաջ համագործակցության առումով, քանի որ համատեղ ստեղծագործելն առավել հետաքրքիր է: 

Միքայել  Թարիվերդիևի 85-ամյակին նվիրված ՙՀիշիր այս պահը՚ միջազգային փառատոնի ստեփանակերտյան համերգը մասնակիցներին հիրավի անմոռաց պահեր պարգևեց: Այն հաստատեց, որ սիրված կոմպոզիտորի` ՙԵս պարզապես ապրում եմ՚ ինքնակենսագրական գրքի վերնագիրը հիրավի մարգարեաբար է ընտրվել… Համերգը հաստատեց, որ այսօր էլ, երկրային կյանքին հրաժեշտ տալուց 20 տարի անց, նա իսկապես ապրում և ապրեցնում է իր արվեստով։

 

Մելանյա ՄԻԼՈՆՅԱՆ