[ARM]     [RUS]     [ENG]

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՃԻՇՏ ԿՈՂՄՆՈՐՈՇՈՒՄԸ` ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ

ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության ծրագրերի մեջ ներառվում են երիտասարդության հիմնախնդիրներից ամենակարևորի`  զբաղվածության հարցի լուծման ուղղությամբ տարվող աշխատանքները:

Ինչպես տեղեկացնում է նախարարության երիտասարդական բաժնի աշխատակից Աշոտ Սարգսյանը, հաշվի առնելով, որ մասնագիտական ճիշտ կողմնորոշումը, աշխատաշուկայի մասին  պատկերացումները պետք է ձևավորվեն դեռ դպրոցական տարիքից, նախարարությունը նախաձեռնել է Արցախում առավել պահանջված և հեռանկարային մասնագիտությունների մասին դպրոցականների իրազեկվածության աստիճանի բարձրացում` այդ նպատակով կազմակերպելով տարբեր միջոցառումներ:Նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ՄԵ նախարարությունը նախաձեռնել է  Ստեփանակերտի դպրոցների 8-9-րդ դասարանների աշակերտների համար  էքսկուրսիաների  կազմակերպում Շուշիի ՙԵզնիկ Մոզյան՚ արհեստագործական ուսումնարան: Այդ նպատակով նաև կազմակերպվում են հանդիպումներ, որտեղ անցկացվում են  Արցախում գործող միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների, տնտեսության տարբեր ճյուղերում գործող  ընկերությունների շնորհանդեսներ, բաց դռների օրեր, որոնց ընթացքում դպրոցականներն  իրական պատկերացում են կազում մեր կրթական համակարգի ընձեռած հնարավորությունների, տնտեսության առավել հեռանկարային ճյուղերի մասնագիտությունների մասին: 

Ծրագրի շրջանակում  Արցախում գործող մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ նոյեմբերի 23-ին այցելեցին  քաղաք Մարտակերտ, որտեղ մշակույթի պալատում հավաքված 

բարձրդասարանցիներին և ուսուցիչներին ներկայացրին իրենց կողմից առաջարկվող ծարգրերը:

Առաջինը ներկայացավ ՙԹումո՚ ստեղծարար տեխնոլոգիաների Ստեփանակերտի կենտրոնի ղեկավար Կորյուն Խաչատուրյանը: Տեսանյութերի միջոցով նա միջոցառման մասնակիցներին տեղեկացրեց, թե ինչ է իրենից ներկայացնում ՙԹումո՚-ն: Հայաստանում և Ստեփանակերտում գործող 4 ՙԹումո՚  կենտրոնները ներկա պահին 10 հազարից ավելի ուսանող ունեն: Դպրոցական առարկաներից ստացած գիտելիքների հիման վրա այստեղ ձևավորում են 21-րդ դարի հմտություններ, որոնք պահանջված են բոլոր բնագավառներում:   Կ. Խաչատուրյանը  կենտրոնացավ  ՙԹումո՚-ի չորս հիմնական ոլոտների և դրանց կից   10 հմտությունների վրա: Ներկայացրեց, թե ինչ են սովորում` ինչպես, ինչ ընթացքով, ինչ փուլերով:  ՙԹումո՚-ն դպրոցից տարբերվում է նրանով, որ այստեղ  երեխաներն են ընտրում  իրենց սիրած ոլորտը: Սովորում են ոչ միայն կարդալով, հիշելով, այլև  խաղալով, դիտելով, լսելով, նկարելով, սարքելով և այլն, ընդ որում` ինքնուրույն կերպով: Նրանց ուղղորդում են մարզիչները, դասընթացավարները: Վերջիններս բարձր պրոֆեսիոնալ մարդիկ են` աշխարհի տարբեր երկրներից եկած:  2-3 տարվա ընթացքում հիմնականում ավարտում են ծրագիրը: Ի նշան դասընթացների ավարտման` ուսանողները ոչ թե ստանում են փաստաթուղթ, այլ պորտֆոլիո, որում հավաքված են ՙԹումո՚-ում նրանց բոլոր ստեղծագործությունները (թե ինչ են կարողանում նրանք անել, որպեսզի  բուհ կամ աշխատանքի ընդունվելիս ներկայացնեն): Կ. Խաչատուրյանը նաև տեղեկացրեց, որ շուտով կառավարության աջակցությամբ կլուծեն տրանսպորտի հարցը, որպեսզի մարտակերտցի երեխաները կենտրոն հաճախելու խնդիր չունենան: Այսօրվա դրությամբ Մարտակերտից կենտրոն հաճախում է 4 երեխա:   

Արամ Կարապետյանն ու Արմեն Ավագիմյանը ներկայացրին Synergyս International Sistems-ը, որը  ծրագրավորմամբ զբաղվող ընկերություն է:  Բոլորը լավ են հասկանում, որ IT  ոլորտն Արցախում ամենահեռանկարայինն է, որովհետև ոչ մի ռեսուրս չի պահանջում. ընդամենը համակարգիչ է, ինտերնետ և դեմը նստած լավ ուղեղ, ու կարելի է շատ փող վաստակել: Դրա համար պետք է ունենալ լավ  տրամաբանություն:  Այստեղ աշխատանքի ընդունվում են պարզ սխեմայով`  տրամաբանությունը ստուգող թեստերի միջոցով:  Դիպլոմին չեն նայում: էականը գիտելիքն է, ունակությունները: Այնուհետև կազմակերպվում են  2-3¬ամսյա դասընթացներ` հասկանալու համար, թե տվյալ մարդը որքանով է աշխատասեր, պատասխանատու: Դրանից հետո նրան վերցնում են աշխատանքի: Աշխատատեղերի սահմանափակում չկա, կա որակի խնդիր:  Չորս տարում ընկերության աշխատակիցների թիվը 4-ից հասել է 30-ի: Ընդ որում, պարտադիր չէ, որ անձը ներգրավված լինի որևէ կազմակերպության մեջ.  տանը, համակարգչի առաջ նստած նա կարող է ինքնուրույն գումար վաստակել։ 

 ՙInstigate՚ ՍՊԸ Ստեփանակերտի մասնաճյուղի տնօրեն Սմբատ Պետրոսյանը, ի տարբերություն մյուսների,  նախքան կխոսեր իր կազմակերպության հնարավորությունների մասին, որը դարձյալ ՏՏ ոլորտից է, երեխաներին  մասնագիտության մեջ կողմնորոշվելու  երեք  հարցի շուրջ խոսեց. ինչ  պետք է անել, ինչու է պետք անել, ինչպես անել:

Առհասրաակ մարդ պետք  մտածի`  ամեն ինչ փողով առնե՞լ, թե՞ ինչ-որ բան ստեղծել: Այսինքն` լինել սպառո՞ղ, թե՞ արտադրող: Իհարկե, լավագույն տարբերակը արտադրող լինելն է, բայց դա կամքի լարման  հարց է:  Ս. Պետրոսյանը սկսեց նրանից, որ բարձր աշխատավարձ Արցախում  կարելի է ստանալ նաև լավ արհեստավոր լինելով:   Օրինակ բերեց  զոդողին, որն ավելի շատ գումար է վաստակաում, քան ծրագրավորողը: ՙՈրքան  ձեզ խորհուրդ եմ տալիս զբաղվել ծրագրավորմամբ, նույնքան էլ խորհուրդ եմ տալիս զբաղվել եռակցմամբ կամ զոդմամբ: Մասնագիտությունները չեն լավ կամ վատ, այլ՝ կատարած գործը: Ուստի հարցերից մեկն այն է, որ ինչ անում եք, լավ արեք՚-ասաց նա` հավելեով, որ   Հայաստանում ու Արցախում լավ գործ անողի պակաս շատ կա: Կարևոր հանգամանքը միայն շատ փող վաստակելը չէ, այլ նաև սիրած գործին նվիրվելը:   Նրա խորհուրդներից մեկն էլ լավ օգնական-առաջնորդ գտնելն է, մարդ, որը  կօգնի նրանց  փորձ ձեռք բերելու, որովհետև գիտելիքը մի բան է, փորձը` մեկ այլ: Առաջարկության կարգով նշեց, որ իրենց ընկերությունը ՏՏ փորձ ձեռք բերելու համար  բաց է բոլորի առաջ: Պատրաստ են նաև հոգալ որոշ ծախսեր:

Ի տարբերություն վերը նշված կազմակերպությունների, որոնք այլ երկրների մասնաճյուղեր են,  Աշոտ Ավանեսյանի ստեղծած ընկերությունները`ՙOtecsus՚ և ՙMiananq՚-ը,  արցախյան են, սկսել են զրոյից: Դա նույնպես ՏՏ ոլորտից է:  Ներկայացրեց` ինչպես կարելի է առանց ռեսուրսի գործ սկսել:

Արցախում կա մի չկանգնող, զարգացող ոլորտ.  դա շինարարությունն է: ՙԵզնիկ Մոզյան՚ արհեստագործական ուսումնարանի աշխատակցուհի Իզա Նազարյանը ներկայացրեց այս ուսումնական հաստատության ստեղծման պատմությունը: Այն  հիմնադրվել է Եղեռնից մազապուրծ,   ֆրանսահայ բարերար, արհեստով հարստացած Եզնիկ Մոզյանի կտակի համաձայն։ Շինարարական ուղղվածության է, երկրորդ տարին է` ինչ գործունեություն է ծավալում: Սկսել են 3 մասնագիտություններից, այս ուսումնականում ավելացել է ևս մեկը` էլեկտրատեխնիկա և մետաղամշակում, որը հեշտացնում է շինարարության գործը: 

Վարպետ Էրիկ Վերդյանն էլ ներկայացրեց հաստատության  պայմանները: Ուսումն անվճար է, տրվում է կրթաթոշակ, անվճար սնունդ, հանրակացարան: Բացի դրանից, գործում է աշկերտութան համակարգ, որի էությունն այն է, որ աշկերտը պայմանագրով աշխատում է շինարարական կազմակերպությունում` վարպետի մոտ փորձ է ձեռք բերում ու նաև գումար վաստակում: Ավարտելուց հետո ցանկացողները կարող են ուսումը շարունակել բուհում: Այն միտքը, որ դու ապրում ես քո հայրենիքում, ստեղծում ես նրա համար, երկիրդ ես շենացնում, մի առանձին զգացողություն է, հաճույք, ասացին ՙԵզնիկ Մոզյանի՚ ներկայացուցիչները, քանզի ուսումնարանն ունի մի գաղափարախոսություն`

ՙՄենք մնում ենք, քանզի մենք ենք Արցախը՚, որովհետև ոչ մի տեղ ավելի լավը չէ, քան Արցախը: 

 ՄԵ նախարարության ներկայացուցիչ Ա. Սարգսյանը տեղեկացրեց, որ աշխատանքներ են տարվում նաև երիտասարդության հետ: Նրա    զբաղվածության խնդրի կազմակերպումը   ենթադրում է ոչ ֆորմալ կրթության մշակում, որի ոչ պակաս կարևոր գործոններից են  կարճ ժամանակահատվածում մասնագիտության ձեռքբերումն ու աշխատանքի անցնելու հնարավորությունը` առանց ուսումից  և հիմնական գործունեությունից կտրվելու: Դա սոցիալական տարբեր խմբերի ներկայացուցիչների թույլ է տալիս ձեռք բերել միջավայրի շարունակ փոփոխվող պահանջներին համապատասխան հմտություններ, կարողություններ և գիտելիքներ: Վերամասնագիտացման  հնարավորությունների ստեղծման ուղղությամբ կիրականացվեն վերապատրաստման դասընթացներ: 

Հաշվի առնելով, որ զբոսաշրջության և սպասարկման ոլորտները արագ զարգացող և հեռանկարային են, ծրագրի շրջանակներում կիրագործվեն դասընթացներ զբոսավարների և սպասարկման ոլորտի մասնագետների պատրաստման և վերապատրաստման ուղղությամբ:  

 

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ