Logo
Print this page

ՙԱԶՈԽԻ ՔԱՐԱՆՁԱՎԸ ԵՎ ԿՈՎԿԱՍՅԱՆ ՄԻՋԱՆՑՔԸ՚

ԼՂՀ էկոնոմիկայի նախարարության  զբոսաշրջության վարչությունում  տեղի ունեցավ ՚Ազոխի քարանձավը և Կովկասյան միջանցքըՙ անգլերեն հրատարակված գրքի շնորհանդեսը, որին ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք, մտավորականներ։

 Շնորհանդեսին, որը բացեց վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը, մասնակցում էին գրքի չորս հեղինակները. Երևանի ԳԱԱ  մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի էթնոգենոմիկայի լաբորատորիայի վարիչ Լևոն Եպիսկոպոսյանը, Իռլանդիայից երկրաբան Ջոն Մյուրրեյը, Անգլիայից թանգարանի գիտաշխատող, դոկտոր Թանյա  Քրիստինե Քինգը, որը նաև ծրագրի ղեկավարն է, Մադրիդի բնության պատմության թանգարանի  բաժնի վարիչ Յոլանդա Ֆերնանդես¬Խալվոյը։Կարևորելով գրքի գիտական նշանակությունը՝ Ս. Շահվերդյանը տեղեկացրեց, որ հեղինակները պարգևատրվել են  ԼՂՀ ՙՎաչագան Բարեպաշտ՚ մեդալով։

Նշելով, որ գիրքը 15 տարիների համառ ու տքնաջան գիտական ուսումնասիրությունների արդյունք է, Լ. Եպիսկոպոսյանը երախտագիտություն հայտնեց Արցախի իշխանություններին, տեղի մասնագետներին և բնակչությանը համագործակցության և օժանդակության համար, որի արդյունքում աշխատանքը կատարվեց բարձր մակարդակով։ Գրքի նշանակությունը դժվար է թերագնահատել։ Այն նաև միջոց է միջազգային հանրությանը ցույց տալու համար, որ Արցախում կատարվում են նման մակարդակի գիտական աշխատանքներ։

Գրքի բովանդակությունը ներկայացրեց երկրաբան Ջոն Մյուրրեյը։ Ազոխի քարանձավը  գոյություն ունի 150-200 միլիոն տարի, բաղկացած է կրաքարային նստվածքներից։ Ցուցադրվեցին սլայդներ աշխատանքային գործընթացներից, քարտեզը՝ եռաչափ պատկերով, տարբեր հարթություններով, սրահներն իրենց նեղ, դժվարամատչելի անցումներով, մուտքերով։ Ամենահին նստվածքը, որի բարձրությունը 13 մետր է, 800 հազար տարվա վաղեմություն ունի և կովկասյան տարածաշրջանում համարվում է երրորդը։

Ազոխի քարանձավի կարևորության և եզակիության, մշակութային  շերտերի  նշանակության մասին խոսեց  Թանյա Քրիստինե Քինգը։ Կան ստույգ  ապացույցներ, որ այստեղ ապրել են մարդու երեք տեսակներ, որ Աֆրիկայից Եվրոպա նախամարդու միգրացիան կատարվել է նաև Ազոխի միջանցքով։ Հիմնական հարցերից մեկն էլ այն է, թե Կովկասը ինչով է գրավիչ  եղել  նախամարդու համար։ Ուսումնասիրության ընթացքում բացահայտվել են մարդկային  կյանքին ուղեկցվող կենդանիների տեսակներ, որոնց հիմնական ներկայացուցիչը խոշոր արջն է, բարձրությունը՝ 4մ, ժանիքի երկարությունը՝ 14սմ։ Մնացորդները ցույց են տալիս, որ եղել է չղջիկների բազմազանություն. պահպանվել է 4 տեսակը, որը պահպանելու համար որոշ չափով սահմանափակվել է մուտքը քարանձավ։ Քինգը խոսեց նաև գտածոների, 1960թ. հայտնաբերված նախամարդու ծնոտի մասին, որը վերջերս մանրակրկիտ ուսումնասիրվել, վերականգնվել է Լոնդոնում և Մադրիդում։ Նախկինում այդ հազվագյուտ գտածոն վերագրում էին նեանդերթալյան մարդուն, բայց ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այն մարդու  ավելի վաղ տեսակին է վերաբերում։ Հայտնաբերվել են նաև նեանդերթալ  մարդու ատամներ, ինչը  մեծ ոգևորություն է առաջացրել արշավախմբի անդամների մոտ։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դրանք  վերաբերում են Եվրոպայում ապրող մարդու տեսակին։ 

Յոլանդա Ֆերնանդես¬Խալվոյն  իր ելույթում ուշադրության առավ, թե մարդը ինչպես է ապրել, ինչպես է աշխատել քարանձավում։ Հնագույն մարդիկ քարե գործիքների պատրաստման համար օգտագործել են տեղական ծագման հումքային նյութեր, օրինակ, շրջակայքում գոյացած կայծքարերի տեսակներ, փոքր քանակությամբ օբսիդիանե գործիքների առկայությունը վկայում է ավելի հեռավոր աղբյուրների մասին։ Ազոխից 100կմ  հեռավորության վրա գտնվող  Սյունիքը, հավանաբար, եղել է այս նյութի ամենամերձավոր աղբյուրը։ Ի դեպ, բնությունը շատ տարբերվում էր ներկայիս բնությունից, օրինակ, գետը հոսել է շատ բարձր ու մոտիկ քարանձավին, որը նպաստավոր է եղել որսի համար։ Գտածոները վկայում են, որ մարդն օգտագործել է ոչ միայն խոշոր արջի միսը, այլև մորթին։

Նշվեց, որ գիրքը նվիրվել է  արշավախմբի անդամ, 10 տարի պեղումներին մասնակցած  Մադրիդի համալսարանի դասախոս, հնէաբան Պատրիսիո Դոմինգոյի հիշատակին՝ կենսաբան, բարձր կարգի մասնագետ, բազմակողմանի հանրագիտարանային  գիտելիքների տեր, բազմաթիվ գիտական հոդվածների հեղինակ, ով  մասնագիտական նորություններով կիսվում էր գիտաժողովներում, ակումբներում, դպրոցներում, սիրում էր Արցախը, մարդկանց։ Տաղանդավոր գիտնականը մասնակցում էր նաև այլ գիտական նախագծերի տարբեր երկրներում։

ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը կարևորեց գիտական արշավախմբի կատարած համառ աշխատանքը, որը շարունակություն պիտի ունենա։ Գիրքը, որը վերաբերում է մարդկության նախապատմությանը, բոլորի՝ գիտնականների, տեղի մասնագետների, իշխանությունների աջակցության, միասնական ջանքերի արդյունք է, հանգրվան, լուրջ աշխատանք, միջազգային գիտական աշխատանքներին Արցախի մասնակցության վկայություն։ Արցախի իշխանությունները պատրաստ են համագործակցել, օժանդակել նման ծրագրերին։

Վերջում գրքի հեղինակները պատասխանեցին լրագրողների հարցերին։ 

Լևոն ԵՊԻՍԿՈՊՈՍՅԱՆ.-Ցանկացած  գրքի հրատարակում կապված է դժվարությունների հետ, գիտնականի աշխատանքը՝ հատկապես։ Առաջին հերթին այն պետք է ունենա գիտական բարձր մակարդակ։ Գրքի ստեղծմանը մասնակցություն են ունեցել նաև եվրոպական 20 համալսարանների գիտնականներ։ Այսինքն՝ գիտական մակարդակը ապահովված է։ Մենք բախվել ենք նաև մի դժվարության, որը ստեղծել էին մեր հարևանները։ Նրանք օգտագործել են պետական քարոզչական ողջ զինանոցը՝ կանգնեցնելու աշխատանքը, և մենք ստիպված ենք եղել  բացատրություն տալու, որ Ազոխի քարանձավը պատմական հուշարձան է և ոչ թե զենքի պահեստ, և այնտեղ կատարվում են գիտական ուսումնասիրություններ։ Իսկ գիրքը շարունակություն կունենա թե՞ ոչ, դա ցույց կտա հետագա աշխատանքը, լույս կտեսնեն գիտական հոդվածներ, կարվեն հետևություններ, գուցե ուսումնասիրությունները կտևեն  5 կամ 10 տարի, գուցե կգտնվի շատ լավ նյութ, որը կդառնա նոր գրքի հիմք։ Մեր հիմնական նպատակն է առաջիկայում ավարտել պեղումներն այն հատվածում, որը ներառում է նեանդերթալ մարդու գործունեությունը։ Մեր ամենամեծ սպասելիքն այն է, որ ամբողջական կմախք գտնենք, բայց սա երազանք է։ Ինչ վերաբերում է գրքի տպաքանակին, այն հրատարակվում է ըստ պահանջարկի. սկզբում լույս է ընծայվում որոշակի քանակով՝ համալսարանների համար, մի քանի հազար օրինակ, հետո, ըստ պահանջարկի, շարունակվում է հրատարակումը։ Սա նաև բիզնես է։ Գրքի ստեղծմանը մասնակցել են 40 գիտնականներ։ Ուսումնասիրություններն սկսվել են 2002-ին, մինչ այդ 3 տարի կատարվել են նախապատրաստական աշխատանքներ։ 

Պեղումների հետ կապված՝ գալիս է մի պահ, երբ  ֆինանսները չեն հերիքում։ Նույնը կատարվեց նաև մեզ հետ։ 2008-ին՝ կապված միջազգային տնտեսական ճգնաժամի հետ, բախվեցինք դժվարության, և ֆինանսավորումը շարունակվեց  ԼՂՀ պետական բյուջեից։ Առայսօր աշխատանքները կատարվում են  և՜ մեր հայթայթած գումարների, և՜ պետական  աջակցության շնորհիվ։ Սա ընդունված ձև է։

Այն հարցին, թե նեանդերթալ մարդը ինչ  տեսք ուներ, Յոլանդա Ֆերնանդես¬Խալվոյը պատասխանեց, որ շատ հեշտ է այդ հարցին պատասխանել, քանի որ տարածաշրջանում բազմազանություն չի եղել, մարդիկ  իրար նման են եղել. նեանդերթալ մարդը ունեցել է բավականին բաց գույնի մաշկ, բաց գույնի աչքեր, նրանք ունեցել են շատ ամուր կազմվածք,  բավականին հարմարված են եղել բնական միջավայրին։ Նույնիսկ երբ սառցապատումը իջավ, գրավեց շատ տարածքներ, ունենք վկայություն, որ նեանդերթալ մարդն ապրում էր և՜ տափաստանում, և՜ հարթավայրում, և՜ բարձրավանդակում։ Վերջին 5 տարվա գիտական ուսումնասիրության  արդյունքում կա վկայություն, որ Եվրասիայի ժողովուրդները, մենք բոլորս ներառյալ, կրում ենք նեանդերթալ մարդու գենետիկական ազդեցության հետքերը. մեզնից յուրաքանչյուրը 2-5 տոկոս կրում է նեանդերթալ մարդու  բաղադրիչ։ Ֆերնանդես¬Խալվոյը նշեց, որ մենք կլիմայական դաժան պայմաններին հարմարվել ենք  նեանդերթալ մարդու շնորհիվ։ Ի միջի այլոց, ապացուցված է, որ մարդու մաշկն ամենաարագ փոփոխվողն է։ Մեր նախնիները եղել են մուգ մաշկ կրողներ, և մենք մեր հիշողության մեջ պետք է ամրագրենք, որ այսօրվա մարդկության 99,9%-ը ծագել է նույն նախամարդուց, և կարևոր է իմանալ նաև, որ մարդու տեսակներից միայն մեկ ճյուղն է գոյատևել։  

Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.