Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԿԱՅԱՑՄԱՆ 35-ԱՄՅԱ ՃԱՆԱՊԱՐՀ

Օրերս մայրաքաղաքի Մշակույթի և երիտասարդության պալատի մեծ դահլիճում տեղի ունեցավ Ստեփանակերտի Հ. Գյուրջյանի անվան արվեստի դպրոցի  35-ամյա հոբելյանին նվիրված համերգը:

Ներկա էին ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, պաշտոնատար այլ անձինք: 

Մինչ համերգն սկսվելը հանդիսատեսը կարող էր ծանոթանալ դպրոցի գեղարվեստական, ինչպես և նորաբաց կիրառական բաժինների սաների գործերի ցուցահանդեսին, կարծիք կազմել այդ բաժինների ձեռքբերումների մասին: 

Համերգն էլ առանձնանում էր յուրահատուկ ծրագրով: Հոբելյանական երեկոն բացեց Արցախի պետական ջազ-նվագախումբը` Տիգրան Լալայանի ղեկավարությամբ՝ երաժիշտ, ով նախնական մասնագիտական կրթությունը ստացել էր այս կրթօջախում:  Այո, մեկնաբանում է ծրագրի յուրահատկությունը երեկոն վարող, մայրաքաղաքում հայտնի դերասան Աշոտ Սարգսյանը, տոնական համերգին մասնակից կդառնան դպրոցի ոչ միայն ներկայիս լավագույն սաները, այլև նախկին շրջանավարտները:  

Դպրոցի տնօրեն Էվելինա Լալայանը  շնորհավորեց բոլորին տարեդարձի կապակցությամբ, նշելով, որ անցած 35 տարիների ընթացքում դպրոցի կյանքում եղել են և՜ վերելքներ, և՜ անկումներ: Գյուրջյանի անվան արվեստի դպրոցում, ասում է նա,  դաստիարակվում են մեր երկրի ապագան կերտողները։  Անցած 35 տարիների ճանապարհն այնքան էլ դյուրին չի եղել, խոստովանում է կրթօջախի ղեկավարը: Իսկ այսօր նոր սերունդը պատվով է շարունակում մեր ավագների աշխատանքը` բարձր պահելով հայ արվեստը: Անբասիր ու պատասխանատու  աշխատանքի արդյունքում, արձանագրում է տնօրենը, դպրոցն իր նպաստն է բերում հայոց մշակույթի, հայ երգի ու պարի, արվեստի այլ ճյուղերի զարգացմանը։ 

Այդ մասին են վկայում դպրոցի տարեցտարի աճող երեխաների թիվը, վերջին տարիներին բաժինների ավելացումը՝ հատկապես հայկական ազգային պարերի, երգերի, գործիքների, արհեստների վերածնումն ու զարգացումն ապահովող դասարանները: 

Է. Լալայանը խորին շնորհակալություն հայտնեց ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանին, քաղաքապետ Սուրեն Գրիգորյանին կրթօջախի կայացման ու զարգացման գործում աջակցություն ցուցաբերելու համար: Բազում 35-ներ կգլորվեն, կփոխվեն սերունդները, բայց կրթօջախի նպատակը կմնա մեկը` արվեստի հարուստ աշխարհի լավագույն ավանդույթներին մասնակից դարձնելով, դաստիարակել հայ ազգի նոր սերունդներ: 

Վերհիշենք դպրոցի հիմնադրման ու զարգացման տարիները: Դեռևս 1981թ. սկսվեց ուսուցիչների և աշակերտների հավաքագրումը, ու մեկնարկեց արվեստի դպրոցի բացման գործընթացը: Նույն թվականի նոյեմբերի 2-ից դպրոցն սկսեց իր աշխատանքը։ Առաջին տնօրեն Յուրի Ավետիսի Ալեքսանյանի ղեկավարությամբ արվեստի այս կրթօջախը կյանքի կոչվեց 47 աշակերտով ու 7 ուսուցչով: Առաջին ուսումնական տարում դպրոցում գործում էին երաժշտական բաժնի դաշնամուրի, ակորդեոնի, կլառնետի և ջութակի դասարանները:  Բազմաթիվ դժվարություններ հաղթահարելով՝ այսօր կրթօջախը մայրաքաղաքի մշակութային կյանքում իր արժանի տեղն ունի: Մեծարման են արժանի  բոլոր ուսուցիչներն ու տնօրենները, ովքեր այս 35 տարիների ընթացքում ունեցել են իրենց ներդրումը դպրոցի զարգացման ու կայացման գործում: Առաջին տնօրենին հաջորդեցին Ալբերտ  Սաֆարյանը, Էլմիրա Կարապետյանը, Իննա Հովսեփյանը, Էլվիրա Դավթյանը և ներկայիս տնօրեն Էվելինա Լալայանը: 

Գյուրջյանի անվան արվեստի դպրոցն այն մշակութային կրթօջախներից է, որտեղ հնարավորինս ներկայացված են արվեստի տարբեր ճյուղերը:  Տարեցտարի դպրոցի ձեռքբերումներն ավելի նկատելի են դառնում, աշակերտների թիվը մեծանում է, նոր բաժիններ են բացվում: Այսօր դպրոցն ունի  դասական բաժին` դաշնամուր, ջութակ՝ այս տարվանից արդեն թավջութակի դասարաններով հանդերձ: Գործում են  երգեցողության,  ինչպես և ժողովրդական գործիքների բաժինները` ակորդեոնի, քանոնի, դուդուկի դասարաններով, փողային գործիքների՝ կլառնետի, սաքսոֆոնի դասարաններով: Գործում են նաև պարարվեստի, կերպարվեստի, քանդակագործության, դեկորատիվ կիրառական արվեստի և տեսական բաժիններ: Այս տարվանից  գործում  են նաև թատերարվեստի բաժինը, քսիլաֆոնի և վիբրաֆոնի, սեղանի ձևավորում-ֆուրշետի դասարանները, ինչպես և մշակույթի ազատ զարգացման բաժինը` հարվածային գործիքների, դհոլի դասարաններով: Ընթացիկ 2016-ի ուսումնական տարին դպրոցում մեկնարկել է 67 ուսուցչով և 623 սաներով: 

Իսկ այդ օրը հանդիսատեսի առջև ելույթ ունեցան երեքուկես տասնամյակի  պատմություն ունեցող դպրոցի նախկին ու այժմյան սաները: Գեղեցիկ, հմուտ նվագով հանդիսատեսին ուրախություն պատճառեց Արցախի կոմպոզիտորների ստեղծագործությունների մրցույթի առաջին տեղի մրցանակակիր, դպրոցի շրջանավարտ Սվետլանա Ստեփանյանը՝ Առնո Բաբաջանյանի ՙԷլեգիա՚ պիեսի կատարմամբ: Իսկ ՙՎերածնունդ՚ 6-րդ միջազգային մրցույթ¬փառատոնի մրցանակակիրներ Թամարա Լալայանը, Անի Մանուչարյանը դպրոցի սաներ  Աննա Մկրտչյանի, Սյուզաննա Սեյրանյանի հետ կատարեցին հայկական երգերի շարան` էստրադային մշակմամբ: Համերգային ծրագիրը շարունակեցին պարի բաժնի 7-րդ դասարանի աշակերտները` Սարգիս Պարսամյանի բեմադրած ազգագրական պարի կատարմամբ: Հանդիսատեսի ուշադրությունը գրավեց նորաբաց վիբրաֆոնի ու թավջութակի դասարանների ուսուցիչների` Հովհաննես Սարդարյանի, Լուսինե Սանոսյանի կատարումը`դպրոցի շրջանավարտ ու ներկայում ուսուցիչ Լուսինե Լալայանի նվագակցությամբ: Հանպատրաստից այս տրիոն կատարեց Բրամսի ՙՀունգարական պարը՚:  

Դպրոցն ամբողջ  իր գործունեության ընթացքում, իր  մասնակցությունն է ունենում տարբեր մրցույթների, փառատոների ոչ միայն Արցախում, այլև արտերկրներում: 

Մի պահ կազմակերպիչները  հանդիսատեսին հիշեցրին դպրոցում աշխատած ուսուցիչներին, շրջանավարտներին՝ նրա ուշադրությանը ներկայացնելով լուսանկարների   օգնությամբ պատրաստված տեսանյութը:  

Դպրոցի դհոլահարների համույթը (դասատու՝ Ավետ Սարգսյան), կովկասյան ռիթմերի հմուտ կատարումով, դահլիճին մեծ աշխուժություն հաղորդեց: Վերջինիս հակառակ տրամադրություն ներշնչեց Էդուարդ Միրզոյանի` Կոնսուելա Վելասկեսի ՙԲեսամե մուչո՚ կատարումը: 

Հետաքրքիր էին դպրոցի նախկին լուսահոգի ուսուցիչներ, ԼՂՀ վաստակավոր արտիստներ Ռոբերտ Գրիգորյանի և Ելենա Սարգսյանի կողմից տարիներ առաջ բեմադրված  ՙԵղնիկներ՚ և ՙԿակաչներ՚ պարերը: Դպրոցի նախկին շրջանավարտ, այժմ Հադրութի շրջվարչակազմի մշակույթի բաժնի վարիչ Երազիկ Հայրիյանը Համբարձումյանի ՙՊար՚ պիեսի թեթև ու գեղեցիկ կատարմամբ շնորհավորեց հարազատ կրթօջախի հոբելյանը: Նրան հաջորդեց դպրոցի ուսուցիչ Հելբերթ Ասծատրյանը, ով իր և իր աշակերտների հետ մեկտեղ շվիի և դուդուկի վրա հայկական երգերի  կատարումներով մեծ հաճույք պատճառեց: Իսկ դպրոցի ջութակի դասատու Դոնարա Ասրյանն իր շրջանավարտների ու  ներկայիս աշակերտների հետ (Օքսաննա Ասկարյանի նվագակցությամբ) կատարեցին Մոցարտի հանրահայտ ՙՄենուետ՚-ը: 

Էդուարդ Ղազարյանցի ՙՊատանեկան վալսի՚ կատարմամբ հանդիսատեսին  հաճույք պատճառեց ՙՎերածնունդ՚ 6-րդ միջազգային մրցույթ¬փառատոնի դափնեկիր Վիլեն Լալայանը: Պատանի դաշնակահարը վերջերս է  վերադարձել Վիեննայում և Սլովենիայում կայացած վարպետաց դասերից ու համերգից: Իսկ պարի բաժնի 5-րդ և 6-րդ դասարանի սաները աշխուժություն հաղորդեցին   պարուսույց Անահիտ Ահարոնյանի բեմադրած ՙԼոխ լյավա՚ պարով: 

Դահլիճը հաճույքով դիմավորեց սիրված մի երգչուհու, ով որոշ ժամանակահատվածում դպրոցում ուսուցիչ էր աշխատում՝ ԼՂՀ վաստակավոր արտիստ Տաթևիկ Բալայանին: Նա մեծ ջերմություն հաղորդեց իր հզոր ու գեղեցիկ երգեցողությամբ: Անշուշտ, համերգի վերջում դպրոցի ուսուցչական երգչախմբի կազմով կատարված Էդգար Հովհաննիսյանի ՙԵրևան-Էրեբունի՚ երգը մեծ ոգևորություն առաջացրեց դահլիճում։ 

Ուսուցիչների ու աշակերտների ամբողջականությունը միայն կարող է մեծ արդյունքների բերել, համոզված է տնօրեն Է. Լալայանը: Նա անթաքույց հպարտությամբ է արձանագրում վերջին տարիներին ազգային արվեստների զարգացմանը մեծ թափ հաղորդելու մասին: Չէ՞ որ խորհրդային տարիներին պապերից ժառանգած ազգային արվեստն անարդարացիորեն մոռացվել է, ասում է նա: Ով, եթե ոչ մենք պիտի այն վերականգնենք: Ժամանակն է, որ նվիրական աշխատանքով մեր ազգային արվեստը վերածնվի ու ծաղկում ապրի, համոզված է դպրոցի տնօրենը:

Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ