Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՙԻՄ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԵՐԺ ՓԱՌԱԲԱՆԵԼՈՒ Է ՄԵՐ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԵՐՈՍՈՒԹՅՈՒՆԸ՚

Արցախի երաժշտական կյանքի զարգացման գործում մեծագույն ավանդ ունի կոմպոզիտոր, երաժշտագետ, մանկավարժ, հասարակական գործիչ Էդուարդ Երվանդի Ղազարյանցը:

Այս տարի անվանի երաժիշտը կդառնար 80 տարեկան, եթե անժամանակ մահը 20 տարի առաջ չկտրեր նրա կյանքի թելը հայրենիքից հեռու, օտար ափերում, որտեղ հայտնվել էր իր կամքին հակառակ` խոցված սրտով ու հալածական: Բնիկ շուշեցի ծնողների զավակը 1936-ին ծնվել ու մեծացել է Բաքվում` երաժշտասեր ընտանիքում: Բուհական երկու կրթություն ունեցող հայրը նաև վարպետ թառահար էր, իսկ մայրը սիրում էր երգել: Հետպատերազմյան ծանր տարիներին  թիթեղագործի արհեստում հմտացած հայրն իր ձեռքերով էր վաստակում ընտանիքի հանապազօրյա հացը` օգնական ունենալով նաև որդիներին: Վեց տարեկան էր Էդուարդը, երբ հայրը նրա համար ակորդեոն գնեց, որից օր ու գիշեր չէր բաժանվում:  12 տարեկանում տարբեր առիթներով ելույթներ էր ունենում ընկերական շրջապատում, ակումբներում, իսկ ավելի հաճախ` տանը, երբ հյուրեր էին հավաքվում` զարմանք ու հիացմունք պատճառելով վիրտուոզ տեխնիկայով ու երաժշտական նուրբ զգացողությամբ: 

16 տարեկանում Էդ. Ղազարյանցը Բաքվի ՙՆիզամի՚ կինոթատրոնի նվագախմբի ակորդեոնահարն էր: Աշխատել է Բաքվի պետական էստրադային նվագախմբում, որտեղ հաճախ էր հանդես գալիս նաև սեփական ստեղծագործություններով:

 1956-ին Գրոզնիի պետական էստրադային նվագախմբում համատեղում էր երաժիշտ կատարողի և գեղարվեստական ղեկավարի աշխատանքը, միաժամանակ ստանձնել էր նաև Մահմուդ Իսամբաևի անսամբլի գեղարվեստական ղեկավարությունը` իր ավանդը բերելով Չեչնիայի երաժշտարվեստի զարգացման գործին:

Վերադառնալով Բաքու`  նա ընդունվել է երաժշտական ուսումնարանի խմբավարական բաժինը: 1959-1969 թթ.` շուրջ տասը տարի, Ադրբեջանի հեռուստատեսության և ռադիոյի պետական նվագախմբի մենակատարն էր:

Նրա վիրտուոզ նվագը հնչել է միջազգային մի շարք մրցույթ-փառատոներում։ Խորհրդային անվանի գիտնական, մանկավարժ-ակորդեոնահար, երաժշտության պատմության և տեսության պրոֆեսոր, ակորդեոնի և երաժշտական այլ գործիքների վերաբերյալ ուսումնական ձեռնարկների հեղինակ Ալֆրեդ Միրեկն իր ՙՄՍՏսՈ ՌչՐօ վՈ ՈՍՍՏՐՊպՏվպ՚ գրքի նախաբանում աշխարհի վեց լավագույն ակորդեոնահարների շարքում նշել է և Էդ. Ղազարյանցի անունը:

1970-ականների սկզբին Կասպիական նավատորմի նվագախմբի դիրիժորն էր: 1971-ին համերգային շրջագայությամբ եղել է Իրանում, իսկ 1972-ին ընդունվել է Բաքվի պետական կոնսերվատորիայի տեսական բաժինը` միաժամանակ կոմպոզիտորական դասեր առել հանրահայտ կոմպոզիտոր, պրոֆեսոր Կարա Կարաևի մոտ: Ղազարյանցի ստեղծագործական աճի լավագույն ապացույցը դարձավ առաջին լայնակտավ գործը` ՙՂարաբաղ՚ սիմֆոնիան, որը դիպլոմային աշխատանքն էր: Արդյո՞ք կոմպոզիտորներից շատերը  կարող են հպարտանալ, որ պետական ավարտական քննությանը ներկայացրել են սիմֆոնիկ ստեղծագործություն: Հատկանշական է, որ 1990 թ. սիմֆոնիան ձայնագրվել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ` դիրիժոր Գևորգ Մուրադյանի ղեկավարությամբ (ի դեպ, Գ. Մուրադյանի և կոմպոզիտորի համագործակցության արդյունքում ձայնագրվել են մի շարք գործեր, որոնք Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության սիմֆոնիկ նվագախմբի ոսկե ֆոնդի մաս են կազմում): Ուշագրավ մի հանգամանք ևս` Կ. Կարաևը, շնորհավորելով և խրախուսելով Ղազարյանցի ստեղծագործական հաջողությունները, ցանկություն հայտնեց հանձին նրա` տեսնել հայկական բազմադարյա երաժշտարվեստի հարուստ ավանդների հետևորդին ու զարգացնողին:

Էդ. Ղազարյանցը ստեղծագործական վերելքներով լի բեղմնավոր ուղի է անցել. բազմաթիվ երգերի, գործիքային և նվագախմբային ստեղծագործությունների, կոնցերտային վալսերի, պարային սյուիտի, պոեմների, բալլադների հեղինակ է:  1978 թվականին վերջապես իրականություն է դառնում հայրենի հողում հաստատվելու` տարիների նրա երազանքը: Արդեն հասուն այր և տաղանդավոր ու հմուտ երաժիշտ Ղազարյանցը տեղափոխվում է Արցախ` իր հայրենիքին օգտակար լինելու լավագույն ցանկություններով: Լեցուն ցորնահասկի նման նա եկավ հայրենի հողում արմատ գցելու  և իր  ստեղծագործական հունդերը  լիաբուռ շաղ տալու հայրենի մշակույթի անդաստանում: Նամակներից մեկում կարդում ենք. ՙ…Ես ուրախացա, որ ճակատագիրն ինձ բերեց Արցախ, որով ես ապրել եմ 1968-ից ի վեր։ Գլխիվայր մխրճվելով իրադարձությունների հորձանուտը` ես հետզհետե մի կողմ թողեցի այն ամենը, ինչ վերաբերում էր իմ անձնական կյանքին, և ձգտում էի առավել օգտակար լինել ինձ շրջապատող մարդկանց՚: Նա իր ժողովրդի հետ էր ամենաբախտորոշ և ճակատագրական ժամանակաշրջանում, իր ստեղծագործություններում արտացոլել է արցախյան հերոսամարտը, ապրել հաղթանակի բերկրանքը, բայց…1995թ. նորից բռնել օտարության ուղին, հաստատվել Իսրայելում: 

Արցախում սկսվեց նրա ստեղծագործական կյանքի մի նոր շրջանը` բուռն ու արգասաբեր: Սկզբում կարծես ամեն ինչ լավ էր, տեղի մտավորականներից շատերը նրան գրկաբաց ընդունեցին, բայց նախանձն ու չկամությունը, մարդկային ինչ-ինչ թուլությունների չափազանցումը հասցվեց հալածանքի, չխորշեցին անգամ պարսավանքից ու ստահոդ լուրեր տարածելուց: Աստծո` ՙՄի’ դատիր, որ չդատվես՚ պատվիրանին անհաղորդ` ոմանք քարկոծեցին նրան։ Եվ նրա մեծագույն ցանկությունը` Արցախում երաժշտական մշակույթը սիրողական մակարդակից  բարձրացնել վեր` հասցնելով պրոֆեսիոնալիզմի, վերածվեց անձնական մեծագույն ողբերգության` մինչև վերջին շունչը թունավորելով նրա կարճատև կյանքը: Աստվածաշնչյան ՙՈւմ շատ է տրված, նրանից էլ շատ է պահանջվում՚ խոսքի հանգույն` նրանից միայն խոշոր գործեր ու մեծ արարքներ էին սպասում, չհասկանալով, որ նա էլ բոլորիս պես սովորական մահկանացու էր` մարդկային թուլություններով հանդերձ: 

 Մնում է միայն զարմանալ Էդ. Ղազարյանցի տաղանդի զորությամբ, որ կարողանում էր վեր կանգնել անցողիկ կյանքի մանրահոգ կրքերից ու ստեղծել հավիտենարժեք գործեր, որոնցով նա ընդմիշտ մնաց հայ երաժշտարվեստի երևելի դեմքերից մեկը: Անդրադառնալով այդ տարիների նրա գործունեությանը, նշենք, որ 1978-79թթ., լինելով Լեռնային Ղարաբաղի երգի-պարի պետական համույթի գեղարվեստական ղեկավար, արվեստագետը ջանք չխնայեց, որպեսզի համույթը ունենա պրոֆեսիոնալ կատարողականություն և պահպանի ազգային դեմքը: 1985-89թթ. նա ղեկավարել է Ստեփանակերտի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցը, 1990-94թթ.` մայրաքաղաքի Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանը: 1991-95թթ. ԼՂՀ կոմպոզիտորների միության հիմնադիր-նախագահն էր: 

ՙԵրաժշտությունը նույնպես զենք է՚,- ասում էր նա և այդ զենքն օգտագործում շատ դիպուկ ու նպատակային: Նրա կարծիքով` յուրաքանչյուր սուրբ գործ պետք է սկսվի արվեստից, որի անբաժան մասն է կազմում երաժշտությունը: Արվեստում իր հավատամքն այսպես է ձևակերպել. ՙԱրվեստն ապրում է միայն այն դեպքում, եթե օգնում է ժողովրդին պայքարել և պայքարի ճանապարհին հեշտությամբ հաղթահարել ցանկացած փորձություն՚:  Ղարաբաղյան շարժման միտինգային փուլում ջերմ հայրենասերի կրակոտ խոսքը ոգևորության ալիք էր բարձրացնում հրապարակում ծովացած ժողովրդի մեջ` բորբոք պահելով նրա ազատատենչ ոգին ու պատմական արդարությունը վերականգնելու կամքը: Գոյապայքարի ողջ ընթացքում փայլուն երաժիշտը, մշակութային գործիչն ու քաղաքացիական ակտիվ կենսադիրքով մտավորականը միաձուլվել էին նրա մեջ: Ի հեճուկս հայտնի ասույթի` ՙԵրբ որոտում են հրանոթները, մուսաները լռում են՚, պատերազմի տարիներին նրա ստեղծագործական տաղանդն առավել վառ դրսևորվեց. ՙՎերջին տարիներին ես գրել եմ իմ ստեղծագործությունների մեծ մասը: Որպես երգահան արտացոլել եմ մեր պայքարի ամեն մի րոպեն, ամեն մի ժամը, գովերգել մեր ժողովրդի մարտական սխրագործությունները… Ես պատրաստ եմ մինչև վերջին շունչս ծառայել իմ ժողովրդին՚: 

Ռումբերի ու արկերի պայթյունների ներքո ծնվեցին նրա երեք սիմֆոնիաները` ՙԱկնարկներ – 88՚ կամ ՙՄիացում՚, ՙԶորավար Անդրանիկ՚, ՙԱսք չկայացած հայտնության մասին՚, ՙՌեքվիեմը՚, պարային սյուիտը: Տարիներ շարունակ նա հոգու խորքում փայփայում էր ՙՌուզան՚ բալետի ստեղծման գաղափարը. Շարժումը յուրօրինակ խթան դարձավ, որն ստիպեց իր ժողովրդի պատմությանը քաջատեղյակ կոմպոզիտորին հայացքն ուղղել մեր հերոսական անցյալին: Նա գրեց ՙԱրցախի դուստր` Ռուզան՚ բալետը` ըստ Մուրացանի համանուն դրամայի: Բացի վերոհիշյալ ծավալուն գործերից,  ստեղծել է նաև փոքր կտավի մի շարք երկեր. բազմաթիվ քնարական երգեր, օրհներգային և հերոսական երգերի շարք երգչախմբի, մենակատարի և սիմֆոնիկ նվագախմբի համար, ՙՇուշի՚ պոեմ-օրատորիան, բալլադներ, դաշնամուրի, տրոմբոնի, քանոնի և այլ գործիքային  ստեղծագործություններ, վոկալ երգաշարեր` արցախցի բանաստեղծների տեքստերով: 

Ղազարյանցի երաժշտական ժառանգությունը հայ մշակույթի անքակտելի մասն է կազմում, ինչն իրավունք էր վերապահում նրան 1995թ. դեկտեմբերին Իսրայելից իր ընկերոջը` երաժիշտ Ալբերտ Սաֆարյանին ուղարկած նամակում գրելու. ՙՄի բան հաստատ գիտեմ. Արցախն ընդմիշտ կապրի իմ գիտակցության մեջ, ես հավերժ կմնամ արցախցի կոմպոզիտոր: Մի բանում ես համոզված եմ` իմ աշխատանքը, իմ երաժշտությունը հավերժ փառաբանելու է մեր ժողովրդի հերոսությունը՚:

Ազգային-ազատագրական պայքարի ողջ ընթացքում Արցախը չլքած մտավորականը հեռանում է երկրից հրադադարի հաստատումից մեկ տարի անց, երբ թվում է` ձեռքբերված փխրուն խաղաղությունը սպառնալիք չէ կյանքին: Հատկապես որ հրադադարից օրեր անց առաջին նշանակալից իրադարձությունը մայրաքաղաքի մշակութային կյանքում կոմպոզիտորի հեղինակային երեկոն էր: Այն անցավ ջերմ մթնոլորտում, հնչեցին գնահատանքի ու մեծարանքի բազմաթիվ խոսքեր, նրա ստեղծագործությունների կատարմամբ հանդես եկան ոչ միայն երաժշտական ուսումնարանի ուսանողները, այլև դպրոցականներ, որոնց թվում և իր զավակները` Անահիտը և Էֆրայիմը: Ինքը` Մաեստրոն, նույնպես նվագակցում էր:

 

 

Էդ. Ղազարյանցը վառ անհատականություն էր. նրա մարդկային տեսակը և կոմպոզիտորական ուրույն մտածելակերպն ու ոճը բարձր են գնահատել նրա հետ համագործակցած շա՛տ-շատերը: Հիմա դժվարանում եմ որոշել` նրա տաղանդի ու մեծության գնահատողնե՞րն էին սակավաթիվ, թե՞ պղտոր ջրում ձուկ որսացողներն էին շատ… Նա ստիպված եղավ լքել վերագտած երազի հայրենիքը` ինչպես ինքն էր ասում` ՙարցունքն աչքերին, հեղձուկը` կոկորդում՚: Ազգությամբ հրեա կինը ՙՍոխնուտ՚ հրեական միության օգնությամբ 1995թ. սեպտեմբերին ընտանիքը հասցրեց Իսրայել, որտեղ Ղազարյանցին գրկաբաց ընդունեցին: Այստեղ նա հանդիպեց Բաքվից տեղափոխված իր երաժիշտ ընկերներին, ովքեր ամեն հարցում սատարեցին նրան: Միխայիլ Բասինն ընկերների հետ տեղի ռուսական ռադիոալիքով հաղորդում կազմակերպեց Էդ. Ղազարյանցի մասին` որպես առասպելական երաժիշտի: Նա  դարձավ այդ երկրի կոմպոզիտորների միության անդամ, իսկ շուտով նրան շնորհեցին առաջին դասի կոմպոզիտորի կոչում: Միության աջակցությամբ մեկ տարվա ընթացքում հրատարակվեցին նրա բոլոր ստեղծագործությունները: Իսրայելը նրան շնորհեց Շապիրոյի մրցանակ  (այն տրվում է շնորհալի երաժիշտների, գիտնականների և այլ ոլորտներում ակնառու հաջողությունների հասած գործիչների): Թել¬Ավիվ և Բեն Գուրիոն քաղաքների սիմֆոնիկ նվագախմբերը հանրությանը ներկայացրին կոմպոզիտորի առաջին և չորրորդ սիմֆոնիաները: Մինչև տեղի պոլիկլինիկայում հաշվառվելն ու լրիվ բժշկական հետազոտություն անցնելը նա նույնիսկ մենահամերգներ ունեցավ Թել Ավիվում, Երուսաղեմում և Իսրայելի այլ քաղաքներում: Սակայն ոչ մի հաջողություն ու մեծարանք ի զորու չեղան խլացնելու հայրենիքի հանդեպ օրավուր թանձրացող կարոտը:  Երբ բժիշկները կոկորդի քաղցկեղ ախտորոշեցին, անհապաղ վիրահատությունն անգամ չփրկեց նրա կյանքը: Վիրահատությունից հետո գրած նամակում այսպիսի տողեր կան, որոնք ցավի ու հիացմունքի անմեկնելի զգացումներ են ծնում. ՙՇատ ափսոս, որ ես հիմա զրկված եմ խոսելու հնարավորությունից. իմ կոկորդը հատել են, բայց հույս կա, որ կապրեմ, ուրեմն,  մինչև վերջին շունչս հավատարմությամբ ու ճշմարտությամբ ծառայելու եմ իմ հարազատ Արցախին՚… 

Չանցած մեկ տարի` 1996 թվականի սեպտեմբերի 6-ին, 60 տարեկան հասակում նա իր մահկանացուն կնքեց հայրենիքից հեռու, օտար ափերում, որտեղ ննջում է նրա հայրենաբաղձ սիրտը …  Կնոջ` տ. Ռուզաննայի վկայությամբ` անգամ մահվան մահճում, արցունքն աչքերին պաղատել է իր աճյունը տեղափոխել Արցախ: Նրա վերջին իղձը մնացել է անկատար. մոսկվաբնակ եղբայրը նրա անվամբ շիրմաքար է տեղադրել քաղաքի գերեզմանատան իրենց ընտանեկան դամբարանում, թեպետ աճյունն ամփոփված է Թել-Ավիվի մերձակայքում գտնվող գերեզմանոցում: Ուզում ես հավատալ` Երկիր մոլորակի որ ծայրում էլ գտնվի նրա հոգու ժամանակավոր կացարան-մարմինը, հոգին միայն Արցախի երկնքում է բնակվում…

Հավելենք, որ նա թողել է ոչ միայն հարուստ երաժշտական ժառանգություն, այլև հրաշալի ու տաղանդավոր զավակներ: Առաջին ամուսնությունից ունի դուստր` Լենան, և որդի` Դավիթը. երկուսն էլ դաշնակահարներ են: Դավիթ Ղազարովը, ով 4 տարեկանից դաշնամուր է նվագում, երաժշտական աշխարհում ճանաչված անուն է` վիրտուոզ երաժիշտ, միջազգային բազմաթիվ հեղինակավոր մրցույթների դափնեկիր: Վաղ տարիքից նրա երաժշտական ճաշակի ձևավորման և երաժշտական կրթության վրա մեծ ազդեցություն է ունեցել հայրը: Փայլուն երաժշտական կրթություն ստացած երաժիշտն այսօր ապրում և աշխատում է Գերմանիայում` աշխարհի երաժշտասերներին գերելով իր կատարումներով: 

Մենահամերգներով հանդես է եկել Դրեզդենի օպերային թատրոնում, Ավստրիայում, Մյունխենում, Մոսկվայում, Շվեյցարիայում, այլուր: Համագործակցում է ֆիլհարմոնիկ և սիմֆոնիկ  հայտնի նվագախմբերի  և հեղինակավոր այլ երաժիշտ կատարողների հետ, մասնակցում դասական երաժշտության միջազգային տարբեր փառատոների: Բազմաթիվ ձայնասկավառակներ ունի թողարկած: Վերջին շրջանում Դավիթ Ղազարովը շրջագայում է ՙխառը՚ համերգային ծրագրով, որի առաջին մասում կատարում է հայտնի դասականների գործերը` երկրորդ մասում ներկայացնելով իր սեփական ջազային կատարումները:

Արցախում ծնված  Էդ. Ղազարյանցի  զավակների` Անահիտի ու Էֆրայիմի կյանքից նույնպես անպակաս է երաժշտությունը: Թեպետ Անահիտն այսօր մասնագիտությամբ իրավաբան-միջազգայնագետ է, բայց նաև հիանալի դաշնամուր է նվագում: Հոր մահից մեկ տարի անց` 1997թ. սեպտեմբերին Երուսաղեմի ռադիոյի դասական երաժշտության ալիքի հրավերով Անահիտը ձայնագրություններ է կատարել հոր գործերից (հատված ՙՌուզան՚ բալետից, ՙՓեսայի և հարսի պարը՚, ՙՔոչարի՚, ՙԵրիտասարդության չորս վալս՚, ՙՍյուիտ՚): Էֆրայիմը կամ Էֆիկը, ինչպես քնքշանքով կոչում էին նրան, ջութակահար է և հոր մահից հետո նվագում էր ակումբներում, ինչն այնքան էլ հեշտ չէ Իսրայելի նման երկրում, որտեղ երաժիշտների պակաս չկա: Նա օդաչուական բարձրագույն դպրոցն ավարտել է գերազանց, ստացել ռազմական օդաչուի մասնագիտություն:

Որպես կոմպոզիտոր՝ Էդ. Ղազարյանցն անջնջելի հետք է թողել ոչ միայն Արցախի մշակութային կյանքում, այլև հայ երաժշտարվեստում: Նրա երաժշտական ժառանգությունը դեռևս կարոտ է լիովին ուսումնասիրման ու հրատարակության: Այսօր մեր բեմերից գրեթե չեն հնչում կամ շատ հազվադեպ են հնչում նրա ստեղծագործությունները, որոնք խորապես ազգային են, կարելի է ասել` մեր զարթոնքի ու գոյապայքարի նոտագրությունն են: Մինչդեռ Իսրայելում մեր տաղանդավոր հայրենակցի կյանքի ու ստեղծագործության մասին գիրք է հրատարկվել: Օտարն ավելի է գնահատում մեր ունեցածը, քան ինքներս, որ այնքան անփույթ ենք մեր տաղանդների ու ոգու մշակների հանդեպ: Նա կարող էր ցանկացած ազգի հպարտությունը լինել։ 

Հ.Գ. Երբ Արցախ հասավ Էդ. Ղազարյանցի մահվան լուրը, Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանում հրաժեշտի արարողություն կազմակերպվեց. ամբողջ օրը` առավոտից երեկո մարդկանց հոսքը չէր դադարում. ծանոթ-անծանոթ գալիս էին ծաղիկներով` հարգանքի տուրք մատուցելու տաղանդավոր երաժշտի ու արցախապաշտ հայի հիշատակի առջև… Կոմպոզիտորի եղբայրը` Ռուդիկ Ղազարովը, իմանալով այդ մասին, նամակով իր անկեղծ երախտագիտությունն է հայտնել բոլոր արցախցիներին` եղբոր լուսե հիշատակի հանդեպ ժողովրդի հարգանքի համար` մեկ անգամ ևս վկայելով եղբոր անսահման սիրո մասին առ հայրենիքն ու ժողովուրդը. ՙՆա անսահմանորեն սիրում էր ձեզ, միշտ ձգտել է առավել օգտակար լինել իր ժողովրդին: Ավաղ, ծրագրերի մեծ մասը չհասցրեց իրագործել: Մինչև վերջին օրը երազում էր իր երաժշտությամբ նորից ու նորից երջանկացնել ղարաբաղցիներին: Ցավոք, ամեն ինչ արվել էր, որպեսզի դա չիրականանա… Ծանր է այդ մասին հիշել… Բոլորիդ իմ խոնարհումը՚:

Տաղանդավոր մեր հայրենակցի արվեստի հանդեպ սիրո ու հարգանքի տուրք այս հոդվածը թող դառնա վառվող մոմ` նրա պայծառ հիշատակի առջև:

 

Մելանյա  ՄԻԼՈՆՅԱՆ