[ARM]     [RUS]     [ENG]

ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՄԵՐԳԱՅԻՆ, ԱՅԼ ՆԱԵՎ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՄԲ

Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնն իր գործունեությամբ էլ ավելի հարստացրեց մայրաքաղաքի մշակութային ներկապնակը:

Ի՞նչ արդյունքներով Կենտրոնը եզրափակեց 2016¬ը և ի՞նչ նոր ծրագրեր ու մտահղացումներ ունի 2017-ին: Այս և այլ հարցերին պատասխանում է Կենտրոնի տնօրեն Արմեն ՀՈՎՍԵՓՅԱՆԸ:

-Պարոն Հովսեփյան, ինչպե՞ս եք գնահատում Կենտրոնի գործունեությունը 2016 թվականին: Ի՞նչն եք առավել կարևորում անցած տարվա արած-թողածից:

¬2016¬ը հաջող տարի էր մեզ համար: Մենք ոչ միայն կարողացել ենք բավականին ակտիվ լինել  ավանդական` համերգային գործունեության մեջ, այլև իրականացրել ենք  ուսումնական ծրագրեր: Այո, ինչ-որ իմաստով դա մեզ համար նոր ուղղություն է: Պարզաբանեմ. նախկինում էլ էինք պահում պարի, երգի խմբակներ: Բայց 2016 թվականից ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության թույլատվությամբ Կենտրոնում  բացել ենք պարի և երգի դասարաններ, որտեղ դասավանդումն ընթանում է հանրապետությունում մշակութային կրթություն իրականացնող հաստատությունների համար ընդունված ուսումնական պլանների համաձայն: Դա մեզ համար նորույթ է, ինչը հնարավորություն է տալիս ուսումը հասցնել ավելի բարձր մակարդակի: Արդյունքում՝ 2016-ի սեպտեմբերից սովորողների  թվաքանակի  բավականին  մեծ աճ տեղի ունեցավ: Այսօրվա դրությամբ պարի և էստրադային վոկալի դասարաններում սովորում է մոտ 180 երեխա: Սա շատ եմ կարևորում և, կարծում եմ, տարեցտարի այս ուղղությունը զարգացման էլ ավելի մեծ թափ կունենա: Դա կլինի յուրատեսակ  դարբնոց, որտեղ երեխաները կստանան գեղագիտական լավ դաստիարակություն և ուսում:

-Այնուամենայնիվ, որքան տեղյակ եմ, Կենտրոնի հիմնական անելիքը համերգային գործունեությունն է: Այս ասպարեզում ի՞նչն եք ավելի  կարևորում:

-Այո, համերգային գործունեությունը մեր հիմնական ՙգործառույթն է՚: Տարվա կտրվածքով բավականին հաճախ ենք անցկացնում համերգներ, ընդ որում՝ ոչ միայն մեր ուժերով կազմակերպված, այլև քաղաքի  ստեղծագործական  այլ կոլեկտիվների հետ: Համագործակցում ենք Պարի քոլեջի, ՙՄենք ենք, մեր սարերը՚ համույթի, Մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի և այլ խմբերի հետ: Հաճախ  ենք համատեղ համերգներ  կազմակերպում: Նաև Կենտրոնի դահլիճն ենք տրամադրում  տարբեր  խմբերի` իրենց մշակութային ծրագրերն իրականացնելու համար: Անչափ կարևորում եմ ամռան ամիսներին Կենտրոնի բակում ամեն ուրբաթ անցկացվող համերգները: Ասում են՝ չկա չարիք՝ առանց բարիքի: Գիտեք, ապրիլյան քառօրյա պատերազմից  հետո մեծ լարվածություն առաջացավ  հանրապետության կյանքում: Երբ ամռանը լարվածությունն ինչ-որ չափով թուլացավ, Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ Կենտրոնի բակում ամեն շաբաթ սկսեցինք անցկացնել համերգներ, մշակութային այլ միջոցառումներ: Գիտեք և այն, որ Կենտրոնի մերձակա տարածքում վերջերս կառուցվել են բազմաթիվ բնակելի շենքեր,  ամբողջական թաղամասեր, որտեղ հիմնականում ապրում են զինվորականների ընտանիքներ: Համերգներն անց էինք կացնում այդ շենքերում ապրող բնակիչների համար` ցանկանալով նրանց տրամադրությունը բարձրացնել, փոքր-ինչ լարվածությունը թուլացնել: Մեր այդ ցանկությունից ծնվեց գեղեցիկ մի ավանդույթ. ամեն ուրբաթ բնակիչները հավաքվում էին  հերթական համերգին։ Ավանդույթն այդ որոշեցինք պահպանել նաև 2017-ին. ամռան ամիսներին, երբ երեխաներն արձակուրդում լինեն, կշարունակենք ամեն ուրբաթ համերգներ, ցուցահանդես-վաճառքներ կազմակերպել: Նման միջոցառումները, կարծում եմ, հնարավորություն կտան Կենտրոնի շուրջ հավաքել ոչ միայն մերձակա թաղամասերի բնակիչներին և լավագույնս կազմակերպել նրանց ժամանցը, այլև մայրաքաղաքում գտնվող զբոսաշրջիկներին հետաքրքրել, ծանոթացնել մեր ազգային մշակույթին, ինչպես դա տեղի ունեցավ 2016-ի ամռանը: Մենք կշարունակենք համերգները զորամասերում ծառայող զինվորների համար: Ճիշտ է, քաղաքից դուրս գտնվող զորամասերում, շրջկենտրոններում ավելի դժվար է կազմակերպել, բայց նախարարության աջակցությամբ կաշխատենք դրանք ավելի հաճախակի դարձնել: Մտադրություն կա համերգներ կազմակերպել նաև երկրից դուրս,  հայ համայնքների համար։ Անշուշտ, գիտակցում ենք, որ դա շատ ավելի դժվար իրականացվող խնդիր է:  Ռուսաստանի մի քանի հայ հայմայնքների հետ  նախնական պայմանավորվածություն ունենք: Հուսանք, որ կստացվի:

-Կարողանում ե՞ք ինքներդ նոր պարերն ապահովել նոր հանդերձանքով:

-Մոտ 60-70 տոկոսով մեր սեփական ուժերով  ենք  կարում անհրաժեշտ զգեստները: Խնդիրներ են առաջանում կոշիկներ հայթայթելու հարցում: Այստեղ նախարարությունն է օժանդակում:

-Դուք հիմնադրման օրվանից ղեկավարում եք  մշակութային այս օջախը: Ո՞րն է Կենտրոնի գլխավոր նպատակը: Ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել տարիների ընթացքում:

-Քանի որ Կենտրոնն ունի համերգային դահլիճ, ի սկզբանե  մեր  նպատակն էր աշխուժացնել մայրաքաղաքի մշակութային կյանքը զանազան համերգներով` թե՜ սեփական ուժերով,  թե՜ այլ խմբերի ընդգրկմամբ: Այո, տարեցտարի կարողանում ենք ավելի հարուստ, ավելի հետաքրքիր ծրագրեր նախաձեռնել: Մեր  մյուս նպատակը՝ գեղագիտական դաստիարակություն տալ  երեխաներին պարի և երգի միջոցով: 

-Ունե՞ք մտադրություն ընդլայնելու Կենտրոնի ուսումնական  գործունեությունը:

-Մտադրությունը կա, հնարավորություն չունենք: Դահլիճը մեկն է, դասասենյակները շատ քիչ են: Այո, ամբողջ համալիրը պատկանում է Կենտրոնին, բայց շենքում տեղակայված են բազմաթիվ մշակութային հաստատություններ, հիմնարկներ: Այնքան շատ են, որ յուրաքանչյուրին հազիվ է հերիքում իրեն տրամադրած տարածքը:

-Քանի՞ հիմնարկ, հասատություն կա Կենտրոնում:

- Այժմ Կենտրոնում տեղակայված է 11 պետական ոչ առևտրային կազմակերպություն:

-Եթե փոքր-ինչ թեթևանա շենքը, մտադրություն ունե՞ք ընդլայնելու Կենտրոնի այդ ուղղությունը, ունե՞ք մշակած զարգացման ծրագիր:

-Գուցե երկու-երեք հիմնարկ եթե տեղափոխեն, տարածք ազատվի, ինչո՞ւ չէ, ավելի մեծ թափով կկազմակերպենք Կենտրոնի ուսումնական գործունեությունը: Իմիջիայլոց, նախարարությունն էլ մտադիր է  Կենտրոնում կիրառական արվեստի ճյուղեր բացել: Նախորդ տարի փորձ արեցինք կավագործության խմբակ բացել, բայց չստացվեց նույն պատճառով` ազատ տարածք չկար: Այնպես որ, առայժմ անում ենք այնքան, ինչքան մեր հնարավորություններն են թույլ տալիս` շեշտը դնելով պարի և երգի վրա:

-Այսինքն, կարելի է ասել, շենքում տեղակայված ՊՈԱԿ-ների ապակենտրոնացման խնդիր կա:

-Համամիտ եմ: Ավելին կասեմ, որոշ հիմնարկներ անգամ խանգարում են իրար: Առաջին, երկրորդ հարկերում հնչող երաժշտությունը հասնում է մինչև երրորդ, չորրորդ հարկ, էլ չեմ խոսում հարևան դասասենյակների մասին: Ինչ արած, համակերպված բոլորն էլ աշխատում են:  Եթե մի քանի կազմակերպություն տեղափոխվեն քաղաքի մեկ  այլ վայր, դրանից կշահեն բոլորը` և՜ Կենտրոնում մնացածները, և՜ քաղաքի այն թաղամասերը, որտեղ կտեղափոխվեն մյուսները: Մեծ տոների առթիվ համերգներ կհնչեն ոչ թե քաղաքի մեկ, այլ մի քանի վայրերում: Տա Աստված, այդ օրն էլ տեսնենք:

-Ձեր համերգներով նպատակադրված եք հանդիսատեսին դահլի՞ճ բերել, թե՞ գնալ դեպի հանդիսատես` դրսում կազմակերպելով դրանք:

-Երկու ուղղություններն էլ չենք բացառում: Անգամ մտադրություն ունենք տոմսերով դա անել, մեր համերգներով գումար վաստակել, ինչն առայսօր չէինք անում: Տեսնենք կհաջողվի՞ դա  իրականացնել, մեր եկամուտները նաև այս եղանակով փոքր-ինչ լրացնել:

-Իսկ ինչպիսի՞ն է Կենտրոնի տեխնիկական հագեցվածությունը:

-Ուզում եմ օգտվել առիթից և խորին շնորհակալություն հայտնել Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությանը՝ մեզ աջակցելու համար: Մի 5-6 տարի առաջ նախարարությունը նոր երաժշտական սարքավորումներ էր տրամադրել Կենտրոնին: Ցավոք, այսօր դրանք հնամաշ են: Նախարարությունը տեղյակ է և նոր սարքավորում ձեռքբերելու ուղղությամբ արդեն քայլեր է ձեռնարկում: Ընդհանրապես նախարարությունը միշտ մեր կողքին է։ Ցանկացած հարցում, եթե օգնության կարիք է լինում, հնարավորինս աջակցում է: Տա Աստված՝ խաղաղ երկինք լինի մեր գլխավերևում, մենք էլ  կաշխատենք անել ամեն ինչ՝ ուղղված երկրի մշակութային կյանքի զարգացմանը: 

Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ