ՇՈՒՇԻԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ. ԽՆԴԻՐՆԵՐ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ
1992 թվականին Շուշիի ազատագրումից մի քանի շաբաթ անց բերդաքաղաքում հիմնվեց Պատմաերկրագիտական թանգարան, որը սկսեց գործել հասարակական հիմունքներով` Վեհանուշ Այվազյանի ղեկավարությամբ: 1993-ից թանգարանը պետական հովանավորություն ստացավ:
Տնօրեն նշանակվեց Ջուլիանա Գաբրիելյանը, ով աշխատեց մինչև 1997-ը եւ հավաքագրեց մոտ 500 ցուցանմուշ: 1997-ից առ այսօր թանգարանի տնօրենն է պատմաբան Աշոտ Հարությունյանը, ում խնդրեցինք պատմել անցած տարիների ձեռքբերումների, խնդիրների և հեռանկարների մասին:
-Պարոն Հարությունյան, երբ Դուք նշանակվեցիք տնօրեն, ի՞նչ խնդիրներ էին առկա թանգարանում և ինչպե՞ս կարողացաք լուծել դրանք:
-Առաջին հիմնական խնդիրներից էր ցուցանմուշների ավելացումը։ Անցած տարիների ընթացքում ցուցանմուշների քանակը 500-ից հասցրել ենք մինչև 5000-ի: Դա հաջողվեց իրականացնել՝ հավաքագրելով բնակչությունից, հնագիտական պեղումներից, նվիրատվություններից: Մեծ ֆինանսական աջակցություն է ցուցաբերել և մինչ օրս էլ շարունակում է օգնել Շուշիի շրջվարչակազմի ղեկավար Վրադիմիր Կասյանը` և՜ պաշտոնապես, և՜ որպես անհատ: Երկրորդ խնդիրը, որ շատ հրատապ էր, դա ցուցանմուշները գիտական տեսքի բերելն էր: Գործընթաց, որ մինչ օրս շարունակվում է ու դեռ կշարունակվի: 2013թ. հունիսի 1-ից թանգարանը զուտ պատմական ուղղվածություն է ստացել: Եվ այդ խնդիրն էլ ավելի հրատապ է դարձել` կապված Շուշիի պատմության ճշգրտման հետ:
-Ի՞նչ ճշգրտումների մասին է խոսքը:
-Պատմական աղբյուրներում ընդունված պաշտոնական կարծիքը մեծամասամբ ապազգային է և հիմնվում է 19-րդ դարում գործող Միրզա Ջեմալ Ջիվանշիրի ՙՂարաբաղի պատմությունը՚ գրքի վրա: Ե՜վ ռուսական, և՜ հայկական հեղինակներն այս կամ այլ կերպ հենվում են այս գրքի վրա: Իսկ այդ գրքի ուղղվածությունը հասկանալի է, թե ուր է տանում: Առաջինը, ով այս ուղղության դեմ է արտահայտվել, եղել է հանրահայտ պատմաբան Լեոն: Իսկ 2005-ին հնագիտական պեղումների արդյունքները, ինչպես և 2009թ. Շուշիում, հենց քաղաքի հիվանդանոցի տարածքում հայտնաբերված վաղ քրիստոնեական շրջանի գերեզմանոցը (V-IX դ.) հիմք են հանդիսացել արմատապես փոխել մեր վերաբերմունքն այս ուղղության հանդեպ: Թանգարանի ներկայիս ցուցադրությունը դրսեկ այցելուներին ներկայացնում է Շուշիի պատմությունը` սկսած վաղ պալեոլիթից (Հին քարե դար) մինչև մեր շրջանը: Ճշգրտումները շարունակվում են, թեկուզ և զգացվում է աղբյուրագիտական տվյալների պակաս: Օրինակ, մեր ձեռքի տակ չկա Գոհար Միանձնուհու ՙՀայոց պատմությունը՚, Աբրահամ Երևանցու ՙՀիշատակարանը՚ և այլ աղբյուրներ: Որոշ չափով ծանոթ լինելով այդ գրքերին, վստահ կարող եմ ասել, որ դրանք մեծ հեղաշրջում կկատարեն Ղարաբաղի 18-րդ դարի պատմության վերաբերյալ մեր ունեցած պատկերացումների մեջ:
-Իսկ որտե՞ղ կան այդ գրքերը, և հնարավոր չէ՞, արդյոք, այդ գրքերի պատճենները ստանալ և որպես հավաստի աղբյուր օգտագործել ոչ միայն թանգարանում, այլ դասագրքերում, գիտական աշխատություններում:
-Այս աղբյուրներով հարստացված Շուշիի մասին որոշ տեղեկություններ տեղադրել ենք հայտնի Վիքիպեդիա էլէկտրոնային հանրագիտարանում` ՙՇուշի՚ վերնագրով: Մինչ օրս գիտական շրջանակներում ոչ մի արձագանք չկա: Բացառություն է կազմում իմ հոդվածները նույն տեղեկությունների մասին` փոքր-ինչ ծավալուն, որոնք տպագրվել են ՙԿաճառ՚ գիտական կենտրոնի պարբերականում և ՙՇուշի՚ թերթում: Ցանկություն կա նաև ՙԱզատ Արցախ՚ թերթում հրապարակել այն` ավելի մանրամասն տեղեկություններով: Վերադառնալով թեմային՝ ասեմ, որ ավելի խորը ուսումնասիրման կարիք ունեն 1905-06 և 1920 թվականներին տեղի ունեցած իրադարձությունները, և այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են։ Ինչո՞ւ, ինչպե՞ս, ի՞նչ պատճառների հրամայականով դրանք տեղի ունեցան, ո՞վ է պատասխանատու պատահածի համար. հարցեր են, որոնք նոր հայտնաբերված փաստաթղթերի շնորհիվ այլ լույսի տակ են պարզաբանվում, նոր մեկնաբանությունների կարիք ունեն:
-Ի՞նչ պայմաններում է գործում թանգարանն այսօր: Արդյո՞ք, դրանք բավարարում են արդի պայմաններին:
-2005-06թթ. ՙԹուֆենկյան՚ հիմնադրամի հետ մեկտեղ նախաձեռնել ենք թանգարանի մասնակի վերանորոգում, ջեռուցման համակարգի անցկացում: Նախաձեռնել ենք նաև ցուցադրության ժամանակակից կազմակերպման փորձ: Աշխատանքն այցելուների հետ ցույց է տվել ցուցադրության թույլ կողմերը: Դրանք են` ցուցանմուշների ժամանակագրական կապի, Խամսայի մելիքության և խանության շրջանի մեկնաբանման բացակայությունը:
-Ինչ-որ քայլերի դիմե՞լ եք իրավիճակը փոքր-ինչ շտկելու համար:
-Իմ մտահոգությունները կիսել եմ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանի հետ: Եվ նրա աջակցությամբ Երևանի պատմության թանգարանից մասնագետներ են եկել, ուսումնասիրություններ կատարել: Արդյունքում նախապատրաստվում ենք ընդհանուր ցուցադրության մեջ արմատական փոփոխում կատարել` հասցնելով այն միջազգային մակարդակի:
-Այսօր Շուշիում գործում են ոչ քիչ թանգարաններ: Պատմության թանգարանը կարողանո՞ւմ է պահպանել իր գրավչությունը զբոսաշրջիկի համար:
-Ձեր հարցին միանշանակ պատասխանել չեմ կարող. թանգարան այցելող զբոսաշրջիկը գալիս է հիմնականում ճշտելու իր ունեցած տեղեկությունները: Կան սովորական այցելուներ: Բայց կան նաև դրսեկ եկող զբոսաշրջիկներ, ովքեր պատրաստ են ոչ միայն նստել ու քննարկել Շուշիի վերաբերյալ հարցեր, այլև առաջարկություններ են անում` ինչպես առավել հայեցի դարձնել Շուշին:
-Կարո՞ք եք օրինակներ բերել:
-Անշուշտ: ԱՄՆ-ից մի զբոսաշրջիկ մտավ թանգարան, ցանկացավ ինձ հետ ավելի մանրամասն զրուցել: Զրույցի ժամանակ նա ասաց, թե մինչ թանգարան մտնելը հասցրել է շրջել քաղաքը, դիտել քանդված տները: Նա հարցրեց, որոնք են հայկական տները, ես բացատրեցի, թե որ թաղամասերում են դրանք գտնվում: Նա զարմանքով հարցրեց, թե ինչո՞ւ այդ տների վրա ցուցանակներ չեք տեղադրում, որտեղ գրված լինեն նախկին ապրողների, իսկական տերերի անունները: Օրինակ, ասում է նա, այսինչ տունը կառուցել է այս մարդը, ով ապրել է իր կառուցած տանը մինչև այսինչ թիվը: Հրաշալի գաղափար է մարդն առաջարկում:
-Ի՞նչն է խանգարում նման բան ձեռնարկել:
-Միջոցների սղությունը, գաղափարին պատշաճ վերաբերմունքի պակասությունը: Իմ նախաձեռնությամբ թանգարանի սուղ միջոցներով, ինչպես նաև պատմաբան Սլավա Սարգսյանի աջակցությամբ, մի քանի առանձնատների և շինությունների վրա տեղադրված են նման ցուցանակներ: Բայց որպեսզի գործընթացը շարունակվի, անհրաժեշտ են երկարատև ուսումնասիրություններ (պարզելու` որ տուն ում էր պատկանում), նոր ցուցանակների պատրաստում, ուղղեցույց-տեքստերից վահանակների տեղադրում: Այսինքն` անհրաժեշտ են հավելյալ գումարներ, որոնք կարող են տրամադրվել մեզ կա՜մ պետական, կա՜մ էլ հովանավորչական միջոցներից:
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ