[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐՑԱԽՑԻ ՁՅՈՒԴՈԻՍՏՆԵՐԸ ՀՀ-ՈՒՄ ՆՎԱՃԵԼ ԵՆ ՄՐՑԱՆԱԿԱՅԻՆ ՏԵՂԵՐ

Փետրվարի 3-5-ը Երևանում կայացավ ՀՀ ձյուդոյի դեռահասների և պատանիների մրցաշար, որին  մասնակցել է շուրջ 400 մարզիկ ՀՀ մարզերից և Արցախից ։ Մեր հանրապետության ձյուդոիստներից 5-ը համառ պայքարի արդյունքում նվաճել են մեդալներ: 

 Մրցաշարն անց է կացվել ձյուդոյի միջազգային կանոնների համաձայն։ Այն նվիրված էր Հայաստանում ձյուդոյի ստեղծման 44-րդ տարեդարձին։ Չափազանց դժվար մրցապայքարում տարբեր տարիքային խմբերում և քաշային կարգերում փետրվարի 4-ին կայացած պատանիների մրցաշարում (206 մասնակից) մեր մարզիկներից 2-րդ տեղեր են զբաղեցրել  Ռուզաննա Բալասանյանը(48-55կգ) և Սևակ Սարգսանը (55կգ), իսկ փետրվարի 5-ին անցկացված դեռահասների մրցապայքարում (ավելի քան 150 մասնակից) 1-ին տեղը նվաճել է Ռոբերտ Պողոսյանը (46կգ), 2-րդ տեղը` Աշոտ Պարսիյանցը (28կգ), իսկ 3-րդ հորիզոնականը գրավել է Խորեն Աբրահամյանը (38կգ)։ Մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկները պարգևատրվել են մեդալներով ու պատվոգրերով։ 

Հանրապետական մանկապատանեկան մարզադպրոցի գլխավոր մարզիչ Իվան Ազիզբեկյանը գոհ է իր սաների ցուցաբերած արդյունքներից։ Նրա մեկնաբանմամբ՝ մրցապայքարը բավականին թեժ էր։ Արցախցի ձյուդոիստները մենամարտել են ըստ արժանվույն։ Նրանցից ոմանք առաջին անգամ էին մասնակցում նման մասշտաբի մրցաշարի։ Գլխավոր մարզիչը սպասելիքներ շատ ունի իր սաներից, իսկ մարզիկների մրցակցային փորձը աճում է հենց տարբեր մրցաշարերի ակտիվ մասնակցությամբ։ Ուստի տարաբնույթ առաջնություններին առավել շատ մարզիկների ներգրավումը կզարգացնի արցախցի ձյուդոիստների մարզական տեխնիկան։ Ի դեպ, մեր մարզիկներից Սևակ Սարգսյանը մարզական լավ տեխնիկայի և հայաստանյան մրցաշարերում լավագույն արդյունքներ գրանցելու շնորհիվ ընդգրկվել է ՀՀ ձյուդոյի հավաքական։ Նա արդեն փետրվարի 7-ից մասնակցում է Երևանում սկսված ձյուդոյի երկշաբաթյա մարզական հավաքներին։ Պրոֆեսիոնալ մարզաձևի կանոններով պարբերաբար և հետևողական պարապվելուց և կոփվելուց հետո Ս. Սարգսյանը ՀՀ ձյուդոյի հավաքականի կազմում կմասնակցի Եվրոպայի առաջնություններին։  

 

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ