[ARM]     [RUS]     [ENG]

ՎԵՐԱԴԱՐՁԱՎ ԱՐԾԱԹԵ ՄԵԴԱԼՈՎ

Փետրվարի 4-5-ը Մոսկվայում խուլուհամր մարզիկների միջև կայացած սամբոյի մրցաշարում արցախցի 26-ամյա աթլետ Նարեկ Հայրիյանը ՀՀ հավաքականի կազմում 57 կգ քաշային կարգում զբաղեցրել է 2-րդ մրցանակային տեղը։ Փետրվարի 9-ին ԼՂՀ խուլուհամրերի միավորումում մարզիկին պատվով դիմավորեցին կազմակերպության նախագահ Բելա Գրիգորյանը, կառույցի պատասխանատուներն ու ներկայացուցիչները։ 

 Կազմակերպության ղեկավարն  ուրախ ու հպարտ է, որ Ն. Հայրիյանը կարողացել է բարձր պահել կոլեկտիվի պատիվը, օրինակ հանդիսացել կազմակերպության մյուս ներկայացուցիչների համար։ Մարզիկի հայրը զոհվել է Արցախյան գոյամարտում, և որդին իր հնարավորությունների սահմաններում ջանում է լինել հայրենիքի արժանի զավակ։ 

Սամբո մարզաձևով Նարեկը պարապում է արդեն 7 տարի։ Ամենօրյա մարզական, հետևողական պարապմունքների շնորհիվ նա արդեն մասնակցում է ոչ միայն հայաստանյան, այլև սամբոյի և ձյուդոյի խուլուհամրերի միջև ընթացող միջազգային և այլ առաջնությունների։ Ստեփանակերտի ՙԴինամո՚ մարզական ընկերության սամբոյի մարզիչ Մարտին Միրզոյանի խոսքով` Ն. Հայրիյանն առաջին անգամ մասնակցեց նման կարգի մրցաշարի և նվաճեց արծաթե մեդալ։ Առաջին և երկրորդ գոտեմարտերում հաղթելով Բելառուսի և Ռուսաստանի Դաշնության մարզիկներին` նա անցավ եզրափակիչ փուլ։ Այստեղ մենամարտեց Ղրղըզստանի ներկայացուցչի հետ և միայն մեկ միավորի տարբերությամբ պարտություն կրեց։ Ընդհանուր առմամբ՝ մրցաշարին մասնակցել է շուրջ 100 մարզիկ 10 երկրներից։ 

Մ. Միրզոյանի խոսքով՝ առաջին անգամ կազմակերպված միջազգային այդ մրցաշարն անց է կացվել բավականին կազմակերպված:  ՙՄասնակիցները մարզական առումով լավ էին պատրաստվել: Այս տարվա հունիսին  Թուրքիայում տեղի կունենա խուլուհամրերի ձյուդոյի առաջնություն, որին կպատրաստվի մասնակցել Նարեկը՚,- նշեց Մ. Միրզոյանը։ Ի դեպ, Ն. Հայրիյանը 2015թ. խուլուհամրերի միջև կայացած ձյուդոյի Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը։ Նա արդեն կարող է որպես մարզիչ աշխատել և պարապել հենց խուլուհամր պատանիների հետ: Այդ հանգամանքը եւս կնպաստի հասարակությանը նրանց ինտեգրմանը:

 

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ