[ARM]     [RUS]     [ENG]

ԲԵՄՈՒՄ` ՙԵՐԿՈՒ ԹԽԿԵՆԻ՚ ՀԵՔԻԱԹԸ

Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի կոլեկտիվը դպրոցական և նախադպրոցական տարիքի երեխաների համար հաճելի նվեր էր պատրաստել` բեմադրելով Եվգենի Շվարցի ՙԵրկու թխկենի՚ հեքիաթը (մեկ գործողությամբ)։

Բեմադրությունը, երաժշտական և նկարչական ձևավորումները կատարել է կոլեկտիվին նոր անդամագրված Յունոնա Մալենկոն, գործող անձինք  և դերակատարներն են՝ Վասիլիսա (Մարիաննա Գրիգորյան), Արջ (Հովհաննես Հակոբյան, Էդվարդ Դավթյան), Իվանուշկա (Տիգրան Գալստյան), Կախարդ պառավ (Աննա Ավետիսյան, Անժելա Աղաջանյան), Կոտոֆեա Իվանովնա (Մարիա Խաչատրյան, Յունոնա Մալենկո), Շարիկ (Գենադի Առուշանյան, Գագիկ Հարությունյան)։Առաջնախաղը տեղի է ունեցել անցած տարվա դեկտեմբերի 25-ին, ապա նաև 26-ին, 27-ին՝ օրական երկու սեանսով: Խաղացվել է  մայրաքաղաքի  տարրական դասարանների աշակերտների համար։ Նշենք,  որ բեմադրությունը նախապես հարմարեցվել է  ամանորյա տոներին, այսինքն՝ բեմադրիչը հեղինակի  տեքստի և ռեժիսորական  լուծումների մեջ ներմուծել է ամանորյա շեշտադրումներ. Կախարդ պառավը գողացել էր եղևնին, որը գործող հերոսները գտնում են, իսկ կախարդի  ճակատագիրը որոշում է Ձմեռ պապը, ով դահլիճի երեխաների մասնակցությամբ ու համաձայնությամբ  ներում է նրան, այն պայմանով, որ վերջ տա իր չարագործություններին։

ՙԵրկու թխկենու՚  ցուցադրությունը հանդիսատեսի և դպրոցականների համար վերսկսվեց  փետրվարի 1-ից, բնականաբար` որոշ փոփոխություներով. սյուժեի զարգացումը կատարվում է առանց ամանորյա բաղադրիչների։ Թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուզաննա Խաչատրյանը տեղեկացրեց, որ առաջիկայում ներկայացումը կտանեն շրջաններ, գյուղական համայնքներ՝ ցուցադրելու դպրոցական և նախադպրոցական երեխաների համար։

Ներկայացնում ենք մեր հարցազրույցը ռեժիսոր, բեմադրիչ  Յունոնա Մալենկոյի հետ։

-Բարդ մասնագիտություն ես ընտրել։ Ու նաև քո մասին։

-Հորս պապը ուկրաինացի է եղել, Մեծ Հայրենականի ժամանակ կռվել է հայկական դիվիզիայում, վիրավորվել ու Դիլիջան է  ուղարկվել։ Ամուսնացել է հայի հետ, մնացել Հայաստանում։ Իմ ընտանիքում արվեստագետներ չկան, մայրս՝ բժշկական, հայրս՝ տեխնիկական կրթություն ունեն։  Ավարտել եմ Երևանի  Գ. Մահարու անվան  դպրոցը, ապա` Երևանի  կինոյի ու թատրոնի պետական ինստիտուտի դրամատիկական թատրոնի ռեժիսորական կուրսը (ղեկավար` Երվանդ Ղազանչյան) 2014 թվականին։ Բեմադրություններ եմ արել Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի էքսպերիմենտալ բեմում (Եղիշե Չարենց՝ ՙԱքիլլես և Պիերո՚)։ Մեկ տարի աշխատել եմ Գավառի Լևոն  Քալանթարյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, հետո առաջարկ եմ ստացել Ստեփանակերտի Վ. Փափազյանի  անվան պետական դրամատիկականի գեղարվեստական ղեկավար Ռուզաննա Խաչատրյանից ու եկել։

Ճիշտն ասած, ուզում էի կինոռեժիսոր դառնալ, բայց դա ավելի դժվարին ճանապարհ է: Կինոյի ճանապարհը ենթադրում է միջոցներ, որպեսզի կարողանաս քո ունակությունները, գիտելիքներն իրացնել։ Բեմադրելիս ինձ մոտ մի քիչ հակասություններ են ստեղծվում մտածողության լայն կտավի ու փոքր բեմում տեղավորվելու միջև։

-Պիեսի ընտրությունը ինչպե՞ս կանգ առավ հեքիաթի ժանրի և Եվգենի Շվարցի վրա։ 

-Թատրոնի ծրագրում նշված է եղել մանկական ներկայացում։ Երկար փնտրտուքներից հետո կանգ առա դասական հեղինակի վրա։ Եվգենի Շվարցը հետաքրքիր գրող է, իսկ ՙԵրկու թխկենի՚ հեքիաթը գաղափարական խոր բովանդակություն ունի, հեռու է չարի և բարու պարզունակ ընկալումից։ Մենք փորձել ենք հեքիաթն իր ամբողջ բարդությամբ հանդերձ հասանելի դարձնել երեխաներին։ Կոնֆլիկտը, կերպարները բավականին բարդ են։ Օրինակ, Կախարդ պառավի կերպարը բավականին շեղված է ավանդականից։ Իմ կարծիքով՝ նա միայնակ մարդ է, որին  չարացրել է կյանքը։ Նա բարդույթավորված է, ասում է՝ ՙմենակ չմնալու համար մարդուկներ եմ որսում՚։ Հեքիաթի հիմքում դրված է նաև ընտանիքի գաղափարը. Վասիլիսան աշխատասեր, ընտանեսեր կին է, որ համառորեն փնտրում է կորած որդիներին։ Անչափահաս զավակները լքել են տունը՝ իրենց դյուցազն երևակայելով, որը հատուկ է շա՛տ-շատ երեխաների։ Այս երևույթը խոսում է երեխաների հերոս լինելու ձգտման մասին, որը հեքիաթին տալիս է խոր դաստիարակչական բնույթ։ 

-Յունոնա, դու կերպարների հարցում բավականին շեղվել ես պիեսից։

-Այո։ Բնօրինակում Արջը ծանրաշարժ է, բարի է, միամիտ, եթերային, երազկոտ՝ որպես երաժիշտ։ Նա փորձել է չար կախարդի ճանկերից փրկել Կատվին ու Շանը և գերի է մնացել։ Հեքիաթում Կատուն տղամարդ է, բայց ես դերակատարը աղջիկ եմ ընտրել, որն ավելի ճկուն ու պլաստիկ խաղ է ենթադրում։ 

-Մարիա Խաչատրյանը (Կոտոֆեա Իվանովնա) բավականին ինքնատիպ կերպար է ստեղծել։ Նույնը կարող ենք ասել նաև Գենադի Առուշանյանի մասին (Շուն)։ 

-Այո, ես շատ եմ հավանում Մարիայի խաղը։ Կատվի կերպարին ես երանգներ եմ ավելացրել։

-ՙԵրկու թխկենու՚ մոտիվով խորհրդային շրջանում մուլտֆիլմ է նկարահանվել։ 

-Մեր բեմադրությունը բավականին տարբերվում է մուլտֆիլմից։ Այդ ստեղծագործությունն ինձ գրավել է նաև նրանով, որ կարծես տարիքային սահմանափակում չունի։ Օրինակ՝ կախարդը բարդ կերպար է, իմ կարծիքով, նա տառապող մարդն է, խոր հոգեբանական շերտեր ունի, որ փորձել ենք բացել։ Կյանքն է նրան չարացրել, երբ ասում է. ՙՉեմ սիրում, որ մարդիկ ուրախ են լինում...՚։ Նույնիսկ երեխաների հետ եկած ծնողները հաճույքով են դիտում ներկայացումը։

-Դժվար չէ՞ր, որ քեզ վրա ես վերցրել նաև երաժշտական ու նկարչական ձևավորումների ՙբեռը՚։

-Իրականում, իհարկե, դժվար էր։ Քանի որ երաժշտություն գրելը կամ ընտրելը բավականին լուրջ մասնագիտություն է։ Ես այս նշվածների հաշվառումով եմ  կպել գործի։ Եթե հեքիաթի ժանրը չլիներ, ես ինձ վրա չէի վերցնի, իհարկե։ Երբ կարդացի պիեսը, պատկերացնում էի և՜ բեմավիճակները, և՜ այն լույսը, երաժշտությունը, որ բխում էր տողատակերից։ Ներկայացումը բեմադրել եմ որպես մեկ ընդհանուր երաժշտական ստեղծագործություն։ Նույնիսկ դերասանների հետ աշխատելիս մշտապես կանգ էի առնում երաժշտական կտորների վրա։ Նրանք խաղացել են ռիթմով, երգ ու երաժշտությամբ (խոսքը ներքին խաղի մասին է)։ Եթե երաժշտական ձևավորումը ես ինքս չանեի, ապա մեկ ուրիշը կարող էր ինձ չհասկանալ, ու խնդիր կստեղծվեր...

-Գուցե երաժշտական կրթություն ունես։

-Չէ, չունեմ։ Երաժշտական կտորները ընտրել եմ տարբեր տեղերից, և հնչող տեքստը փորձել եմ իմաստավորել երաժշտությամբ։ 

-Բեմանկարչությունը, հավանաբար, ավելի հեշտ է տրվել, քանի որ գործի մեջ, հեղինակային խոսքում բավականին ուղղություն կա տված։

-Այո։ Տեքստում կան  երկու թխկենի, անտառ, բացատ, տնակ, ջրաղաց և այլն։ Իմ մտահղացումը եղել է ավելացնել կախարդի գահը։ 

-Անծանոթ միջավայրում ինչպե՞ս ես կողմնորոշվել դերակատարների ընտրության հարցում։

-Միջավայրը շատ կարևոր նշանակություն ունի ստեղծագործելու համար։ Ստեփանակերտի թատրոնում կա այդ դրական միջավայրը, կան շնորհալի երիտասարդներ, և բեմադրելու ընթացքում ոչ մի խնդիր չի ծագել։ Գագիկը, Աննան, Հակոբը Երևանից եկած, Գենադին, Մարիան, Անժելան, Էդուարդը տեղի դերասաններից են։ Ասեմ նաև, որ միջավայրն ինձ անծանոթ չէր, գալիս-գնում էի, և բեմում տեսել էի տեղացիների խաղը։ Հաճույքով աշխատեցինք և կարճ ժամկետում (գրեթե մեկ ամիս) հանձնեցինք գործը։ Ի դեպ, բոլոր կերպարներն ունեն կրկնակ դերակատարներ, քանի որ դա խաղացանկային ներկայացում է, որպեսզի մշտապես մնա։

-Ներկայացման ավարտը տպավորիչ է։ 

-Այո։ Չար կախարդը պարտված է։ Հարց է ծագում՝ ի՞նչ անել Պառավի հետ։ Հերոսներից մեկն առաջարկում է՝ վերցնենք մեզ հետ, հետո կորոշենք։ Այսինքն՝ չարը միշտ կա, չարի և բարու պայքարը մշտնջենական է։ Սա կյանքն է՝ բարին հաղթում է, բայց չարը միշտ կա։ Ես հարազատ եմ մնացել տեքստին, հեքիաթի մեջ ևս նույն վերջնավարտն է։ 

Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ