ԱՐՎԵՍՏ, ՈՐ ՄԻԱՁՈՒԼՈՒՄ Է ՄԱՐՄԻՆՆ ՈՒ ՀՈԳԻՆ
Ամիսներ առաջ տեղեկացրել էինք, որ ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ Արցախում մնջախաղի թատրոն հիմնելու փորձեր են արվում:
Գաղափարը ծնվեց նախարար Նարինե Աղաբալյանի և Երևանի մնջախաղի թատրոնի տնօրեն Ժիրայր Դադասյանի համագործակցության արդյունքում: Արցախում մնջախաղի պարապմունքներ կազմակերպելու գաղափարը վերածվեց կոնկրետ նախագծի և կյանքի կոչվեց: Այնպես ստացվեց, որ Գերմանիայից Երևանի մնջախաղի թատրոնի հետ համագործակցելու նպատակով Հայաստան ժամանած մնջախաղի մասնագետ Արթուր Բլոխը սիրով ընդունեց Ղարաբաղում պարապմունքներ անցկացնելու հրավերը:
Ըստ նախագծի, պարապմունքներն անց էին կացվում և՜ լսողության խնդիրներ ունեցող, և՜ այդ արվեստով հետաքրքրվող այլ մարդկանց հետ: Ընթացքում ձևավորվեց երկու խումբ, թեկուզ և հաճախ միասին էին աշխատում: Հարկ է նշել, որ պարապմունքները կանոնավոր անցկացնելու, լեզվական խնդիրները հաղթահարելու գործում անփոխարինելի էր Արթուրի ընկերուհու` գեղանկարչուհի Անուշ Ղազարյանի դերը: Նա անվերապահորեն ներկա էր բոլոր պարապմունքներին, քանի որ անգլերենի իմացությամբ օգնում էր հաղթահարել բոլոր նմանատիպ խոչնդոտները:
Թե ինչպիսի արդյունքներ բերեց այդ մի քանի ամսվա քրտնաջան աշխատանքը, ցույց տվեց փետրվարի 8-ին Մշակույթի և երիտասարդության պալատի փոքր դահլիճում տեղի ունեցած ներկայացումը, որն անցավ այս արվեստի սիրահարներով լեփ-լեցուն դահլիճում: Ներկայացումը, այսպես ասենք, մտովի երկու մասերից էր բաղկացած: Առաջին մասում հանդես եկան լսողության խնդիրներ ունեցող մասնակիցները, ներկայացնելով տարբեր թեմաներով փոքրիկ էտյուդներ: Իսկ երկրորդ մասում հանդես եկավ հենց ինքը` ուսուցիչը` Արթուր Բլոխը գործընկեր` Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան Գենադի Առուշանյանի հետ մեկտեղ: Ներկայացումը հիմնված էր Սերվանտեսի ՙԴոն Քիշոտ՚ անմահ վեպի ամենախոսուն ու խորհրդավոր դրվագների վրա:
Անդրադառնանք առաջին մասին: Այստեղ հանդես եկան լսողության խնդիրներ ունեցող մի քանի մասնակիցներ` Անի Ենգիբարյան, Գոռ Գալստյան, Լիլիթ Հակոբյան, Նունե Իսախանյան: Բավականին ազատ, անմիջական էր նրանց խաղը: Այդ մարդկանց հոգեհարազատ մնջախաղի լեզուն կարծես ընդլայնում էր նրանց արտահայտչական հնարավորությունները: Նրանց կողմից ներկայացված կերպարները հանդիսատեսի մոտ առաջացրին անմիջական ու անկեղծ արձագանքներ:
Ներկայացումից հետո նրանց հետ զրույցի բռնվեցինք: Բոլորն էլ այն կարծիքին էին, որ պարապմունքներն ինքնարտահայտվելու մեծ հնարավորություն տվեցին իրենց: Մեծ հաճույքով էին հաճախում պարապմունքներին, սրտանց բարեկամացան Ա. Բլոխի հետ: Մարդ, ով մեծ նվիրումով էր աշխատում` աշակերտներին հաղորդելով իր մտքերը, զգացմունքները, գիտելիքները: Եվ ուսուցչին, վկայում են Անին, Գոռը, Նունեն, Լիլիթը, հաջողվեց հասցնել նրանց այդ ներշնչանքին:
Անշուշտ, նրանք խորապես շնորհակալ են բոլոր այն մարդկանց, ովքեր, մեծ թե փոքր, ներդրում ունեցան այս պարապմունքները կազմակերպելու, դրանք բնականոն անցկացնելու գործում` ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությանը, Երևանի մնջախաղի թատրոնի տնօրեն Ժիրայր Դադասյանին, մնջախաղի նվիրյալ Արթուր Բլոխին, նրա հմայիչ ընկերուհուն` Անուշին: Անշուշտ, ասում են նրանք, եթե նախագիծը շարունակություն ունենա, մեծ հաճույքով կրկին կհաճախեն պարապմունքներին: Չէ՞ որ արվեստի այս ճյուղը նրանց հնարավորություն է տալիս ներգրավվել հասարակության մեջ, շփվել մարդկանց լայն խավերի հետ, դուրս գալ իրենց նեղ շրջանակից, բացահայտել նոր աշխարհներ:
Ներկայացման ավարտից հետո Արթուրին հարցրի. արդյոք գո՞հ մնաց արդյունքից: Նա իրեն հատուկ անկեղծությամբ ասաց. ՙԱնշուշտ, կարելի էր ավելիին հասնել: Արվեստն այնպիսի մի աշխարհ է, որտեղ մարդն ինչքան շատ է աշխատում, քրտինք թափում, հոգի դնում, այնքան նրա առաջ նորանոր հորիզոններ են բացահայտվում, մղում նրան ինքնակատարելագործման: Մյուս կողմից, գոհ եմ այդ մարդկանց նվիրյալ աշխատանքից: Դերասան չլինելով, նրանք ջանք ու եռանդ չեն խնայել խորանալու այս արվեստում` իրենց շատ հոգեհարազատ, բայց և նուրբ ու դժվար հաղթահարելի: Իսկապես, շատ գոհ եմ նրանց աշխատանքից, այսօրվա ներկայացման մեջ նրանց ելույթներից՚: Արթուրի համոզմամբ, անհրաժեշտ է ոչ միայն գործն այս շարունակել, այլ նաև նման խնդիրներով մարդկանց կրթելու, բազմակողմանի զարգանալու հնարավորություններ տալ:
***
Ներկայացման մեջ ընդգրկվածներից Նունե ԻՍԱԽԱՆՅԱՆԸ աչքի էր ընկնում արտիստիզմով, առավել արտահայտիչ մարմնավորած կերպարներով: Նրան էլ հենց խնդրեցինք պատմել իր ապրումների, տպավորությունների մասին:
-Ինչպե՞ս ստացվեց, որ Դուք ներգրավվեցիք այս նախագծին:
-Նախ` ուզում եմ շնորհակալություն հայտնել ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությանը այս հրաշալի հնարավորությունը մեզ ընձեռելու համար: Մենք շատ էինք ուզում զբաղվել մեզ համար մատչելի արվեստով: Մեր կազմակերպության վարչությունը դիմել է մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանին` աջակցելու այս հարցում: Եվ ահա երեք ամիս առաջ մենք սկսեցինք պարապել Արթուր Բլոխի հետ: Նա շատ լավ էր պարապմունքներն անցկացնում:
-Իսկ ինչպե՞ս էիք կարողանում իրար հասկանալ:
-Մեզանից ոմանք ինչ-որ չափով խոսում են: Իսկ Արթուրի ընկերուհին` Անուշը, ով մի շատ հմայիչ անձնավորություն է, անգլերենի իմացությամբ կապող օղակ էր հանդիսանում բոլորիս համար: Օգտվելով առիթից, մեր բոլորի անունից ուզում եմ խորին երախտագիտություն հայտնել և՜ Արթուրին, և՜ Անուշին: Երկուսի հետ շատ բարեկամացանք և սիրով կսպասենք նրանց հետ նոր հանդիպումների:
-Որքան տեղյակ եմ, լսողության խնդիրներով հաշմանդամներն ու ոչ հաշմանդամները միասին էին պարապում: Չէ՞ր խանգարում դա ձեզ բոլորիդ:
-Ոչ, ընդհակառակը, դա մեզ օգնում էր ավելի լավ, լիարժեք հասկանալ շարժումների էությունը, ուսուցչի ասելիքը:
-Դուք բեմում բավականին անկաշկանդ էիք և կարողանում էիք հետաքրքիր ու հասկանալի լինել: Ինչպե՞ս էիք զգում Ձեզ բեմում որպես մնջախաղի դերասան:
-Պետք է ասեմ, որ բեմն ինձ համար նորություն չէ: Դեռ դպրոցում սովորելիս մասնակցում էի դպրոցական բեմադրություններին: Շատ եմ սիրում թատրոնը: Եվ ինձ վստահում էին տարբեր դերեր: Խաղացել եմ տարաբնույթ դերեր` աղվեսի, նապաստակի, Կարմիր գլխարկի, տատիկի և շատ այլ կերպարներ: Այնպես որ բեմը, թատրոնը ինձ համար շատ հոգեհարազատ միջավայր է: Ներկայացման օրը շատ երջանիկ էինք: Իհարկե, հուզվում էինք, բայց և ուզում էինք ցույց տալ մեր կարողությունները, այդ ամիսների ընթացքում ձեռք բերած հմտությունները: Ես չէի լսում ծափահարությունները, բայց տեսնում էի մարդկանց ուրախ, լուսավոր դեմքերը, ժպիտները: Դա ինձ շատ էր ոգեւորում:
-Ինչքան տեղյակ եմ, Արթուրը նախագծի այս փուլը բարեհաջող ավարտին հասցնելուց հետո մեկնում է Երևան` որոշ ժամանակ Մնջախաղի թատրոնում աշխատելու, այնուհետև տուն կվերադառնա: Եթե նախագիծը շարունակություն ունենա, կցանկանա՞ք կրկին հաճախել մնջախաղի պարապմունքներին:
-Մենք ոչ թե կցանկանանք, այլ անչափ ուրախ կլինենք, եթե նախագիծը շարունակություն ունենա: Մնջախաղը մեզ շատ հարազատ արվեստ է: Եվ ամենակարևորը. այդ արվեստի միջոցով մենք կարողացանք շփվել մարդկանց հետ, մեր արվեստով ուրախություն պատճառել նրանց, ինքներս լիցքավորվել ջերմ ընդունելությունից, հուզմունք ապրել, նոր տպավորություններ ստանալ:
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ