[ARM]     [RUS]     [ENG]

ՎԱՍՏԱԿԱՇԱՏ ՄԱՆԿԱՎԱՐԺԸ, ՃՇՄԱՐԻՏ ՄՏԱՎՈՐԱԿԱՆԸ

Ալբերտ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ շատերն են ճանաչում` այդ գործունյա, ճշմարիտ մտավորականին, վաստակաշատ մանկավարժին ու հասարակական գործչին, որի  80-ամյակը լրանում է  այսօր:

Խոսել Ալբերտ Խաչատրյանի մասին`  նշանակում է նախ մի հայացք նետել իր ազգանվեր գործունեությամբ Շուշիի հայեցի դիմագիծն ապահոված  գերդաստանի հոր` երջանկահիշատակ Արսեն Խաչատրյանի անցած ուղուն, մի մարդու, ով ժողովրդի կողմից արժանացել է ՙՇուշիի հայոց հայրիկ՚, ՙՄեծ շուշեցի՚ տիտղոսներին, իսկ նրա ՙՇուշիում պետք է հայն ապրի՚ թևավոր խոսքը դարձել էր կարգախոս սերունդների համար:  Արմատներով Գորիսի շրջանի Խանածախ գյուղից`  1930-ական թվականներից նա  հաստատվեց Շուշիում, ստալինյան դժվարին ժամանակաշրջանում Ադրբեջանի տիրապետության ներքո ստանձնեց  մի ուսումնական հաստատության` մանկավարժական տեխնիկումի տնօրենի պաշտոնը,  որը պիտի ամուր վահան դառնար ադրբեջանական հայատյաց, խտրական քաղաքականության դեմ իր թողարկած հազարավոր շրջանավարտներով և անուրանալի ներդրում ունենար Արցախի կրթական գործի պատմության մեջ:Խորհրդային տարիներին հայաթափվող Շուշիի համար այս կրթօջախը հայկականության օազիս էր, հայ բնակչության համար ազգայինի պահպանման փրկօղակ, որը հնարավորինս պահպանեց հայկական տարրը ՙեղբայրական՚ կոչվող ապազգային լաբիրինթոսում: 

Հոր գործի արժանավոր շարունակողն էր Ալբերտ Խաչատրյանը, ով 1990 թվականից ստանձնեց նույն այդ տեխնիկումը (մի կարճ ժամանակահատված այլ կարգավիճակով էր գործում)  գլխավորելու պատասխանատու գործը:     

Հայր ու որդի Շուշիի մանկավարժական տեխնիկումը, այժմ` Արսեն Խաչատրյանի անվան պետական հումանիտար քոլեջը, տնօրինել են շուրջ 40 տարի: ՙՃակատագիրը երկուսիս էլ չի ժպտացել: Երկուսս էլ տնօրինել ենք շատ վատ, պատմական բարդ ժամանակահատվածում: Հորս ղեկավարած ժամանակաշրջանը  ստալինյան բռնապետության, ազգային խլրտումների տարիներ էին: Պատերազմի հետևանքով սովն էր տիրում աշխարհում, հնարավորությունները շատ սուղ էին: Իսկ ես  տնօրինել եմ` սկսած 1990-ական թվականներից, երբ  դարձյալ պատերազմական շրջան էր. Արցախյան պատերազմն էր, բռնություններ, հակահայկական քարոզչություն՚,-հիշում է Ալբերտ Խաչատրյանը: Բայց նա, ժառանգած լինելով պատվարժան հոր մանկավարժական ու մարդկային  հատկանիշները` կրթադաստիարակչական գործի մեծ հմտություններ, բոլորի հետ լավ հարաբերություններ ձևավորելու ունակություն, շրջապատը գեղեցկացնելու մեծ շնորհք, սեր ու բարություն, օջախը շեն պահելու կարողություն և շատ այլ առաքինություններ, կարողացավ պատվով շարունակել Արսենխաչատրյանական   դպրոցի ավանդույթները: Արդեն հայացած Շուշիում  կրթօջախները պետք է վերականգնեին այն գեղեցիկ ազգային ավանդույթները, որոնք բնութագրական էին  հինավուրց հայոց Շուշիի համար:

Այսօր արդեն այդ առաքելությունը դրված է ոչ միայն կրթական հաստատությունների վրա: Շուշիի վաղեմի կրթամշակութային փառքի վերականգնումն իրականացվում է պետական ծրագրով: Տասը տարի առաջ,  երբ այդ մասին հարցրել  էինք Ալբերտ Խաչատրյանին, նա, զուգահեռներ  անցկացնելով իր մանկության և երազած Շուշիի միջև, ասել էր. ՙԻմ հուշերի Շուշին հրդեհված քաղաքն է` կույրաչք ավերակներով ու մոխրի գորշությամբ: Այստեղ-այնտեղ ցցված կիսավեր սյուներն ու քարակույտերը կարծես մանկուց մեզ սովորեցրել են, թե որտեղով է թուրքն անցել:  Դպրոցի ճանապարհն անցնում էր այդ ավերակների միջով,  երբեմնի  ՙեղբայր՚ կոչվող հարևանների ժառանգները  թաքնվում ու ծեծկռտուք էին սարքում ավերակների խորքում: Հետագայում հայրս վերականգնեց ավերակներից մեկը, և շուտով շեն օջախի կամարներն արձագանքեցին  5 երեխաների ճռվողյունին: Իսկ մինչ այդ մեր ընտանիքը ծվարել էր ռեալականի սենյակներից մեկում, ուստի մանկուց մեզ համար տուն և կրթօջախ հասկացություններն անքակտելի էին: Այսպես է կրթական գործը ներծծվել երակներիս մեջ և մնացել մեկընդմիշտ…

Իսկ երազանքիս Շուշին…Քաղաքիս կրթամշակութային փառքի վերականգնումը, չսպիացած վերքերի բուժումը յուրաքանչյուր հայի սրբազան պարտքն է: Եվ այդ պարտքի զգացումով պետք է ապրենք յուրաքանչյուրս՚: 

 Տասը տարի հետո Ալբերտ Խաչատրյանին, որպես հին շուշեցու, նորից նույն հարցն ենք  ուղղում` ինչպե՞ս է տեսնում Շուշիի զարգացումը:ՙՄենք` շուշեցիներս, զգում ենք մեր պետության,  կառավարության  մեծ ուշադրությունը Շուշիի վերականգնման,  վերակառուցման աշխատանքներին: ԼՂՀ Նախագահ  Բակո Սահակյանի նախընտրական ծրագրում մանրամասն նշված էին Շուշի զարգացման հեռանկարները,  և այդ ժամանակվանից  Շուշին օր օրի վերափոխվում է, գեղեցկանում՚: Ու թվարկում է.  բացվել են մի շարք կրթական հաստատություններ` խոստումնալից տեխնոլոգիական համալսարանը, տարածաշրջանում նմանը չունեցող ՙԵզնիկ Մոզյան՚ արհեստագործական ուսումնարանը, մշակութային բազմաթիվ  օջախներ` թանգարաններ, ցուցասրահներ, թատրոններ, ստեղծագործական կենտրոններ, որտեղ ընդգրկված են քաղաքի նախադպրոցական տարիքի  երեխաները, պատանիները, երիտասարդները: Չկա մի երեխա, որ դուրս մնացած լինի հսկողությունից: Բոլորն ըստ հասակի ընդգրկված են բուհերում, միջին մասնագիտական հաստատություններում, մշակութային օջախներում, ինքնագործ խմբերում, այլուր: Նաև բազմաթիվ սոցիալական ծրագրեր են իրականացվում: 

Արդեն յոթ տարի է` Ալբերտ Խաչատրյանը ղեկավարում է Շուշիի շրջանային արհեստակցական կազմակերպությունը, որի նպատակը աշխատավորների շահերի պաշտպանությունն է: Նրա հեղինակությունն օգնում է արհկազմակերպության շարքերը համալրել  նոր անդամներով: Սա ևս մեծ ակտիվություն է պահանջում, և Ա. Խաչատրյանն անդադրում լծված է այդ գործին: Շրջարհմիությունն ակտիվորեն  մասնակցում է  շրջանում կազմակերպվող բոլոր միջոցառումներին, հասարակական կյանքին, շրջանի վաղեմի կրթամշակութային փառքի վերականգնման գործընթացին: Հանդիպումներն  Արցախյան պատերազմի մասնակիցների, քառօրյա պատերազմի զոհվածների ծնողների, փախստականների հետ նրա գործունեության ընդամենը մի մասն են: Նրա հասարակական գործունեությունն ավելի է ընդգծվում համապետական նշանակության ընտրությունների  ժամանակ: Այս օրերին էլ Ա. Խաչատրյանը քարոզչական աշխատանքներ է կատարում զանգվածների գիտակցությանը հասցնելու սահմանադրական բարեփոխումների բովանդակությունը: 

Վաստակաշատ մանկավարժն ու հասարակական գործիչն իր ներդրումն ունի նաև այդ ժամանակաշրջանի Շուշիի կրթագիտական ժառանգությունը սերունդներին պահ տալու գործում: Հեղինակ է ՙՀավերժի ճամփորդը՚. ՙՇուշիի մանկավարժական ուսումնարան-85՚ և նորերս լույս տեսած ՙԱնվանի շուշեցիներ՚ գրքերի:

Տիկնոջ` ԼՂՀ վաստակավոր մանկավարժ Լարիսա Ղազարյանի հետ, Ա. Խաչատրյանը ստեղծել է արցախյան ավանդապաշտ, օրինակելի ընտանիք:  Պարգևատրվել է  ՙԵրախտագիտություն՚ պետական, ՙԼՂՀ արհմիություններ՚ մեդալներով, արժանացել ԼՂՀ վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչման: 

Իր բոլոր գործողությունների հիմքում Ալբերտ Խաչատրյանը դնում է հորից ժառանգած ամենամեծ հարստությունը` բարությունն ու սերը` հոգում ունենալով ՙԲարի հայրիկ, խորհուդներդ լսել եմ, սրտիս բոլոր մուրազներին հասել եմ՚ երգի տողերի պատճառած զգացողությունը:

Շնորհավորում ենք Ալբերտ Խաչատրյանին` հոբելյանի առթիվ, մաղթում, որ եռանդն ու կորովը երբեք չլքեն նրան։ 

 

 

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ