Logo
Print this page

ՙԱՐԱՐԱՏԻ ՍՏՎԵՐԸ՚. ԻՍՊԱՆԱՑԻՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ

Փետրվարի 10-ին Մադրիդում տեղի ունեցավ իսպանացի ռեժիսոր և լրագրող Միգել Անխել Նիետոյի` հայերի և Հայաստանի մասին պատմող ՙԱրարատի ստվերը՚ վավերագրական ֆիլմի պրեմիերան։ Ֆիլմը նկարահանվել է Ռուսաստանում ապրող հայ բարերարի աջակցությամբ։

 Միգել Անխել Նիետոյի ՙԱրարատի ստվերը՚ վավերագրական ֆիլմն արդեն հասցրել է գրավել մադրիդյան հանդիսատեսի համակրանքը։ ՙՀայաստանում բնակվում է հայերի միայն 30%-ը, մյուս 70%-ն ապրում է պատմական հայրենիքի սահմաններից դուրս։ Աշխարհով մեկ սփռված հայերի շարքում շատ հայտնի մարդիկ կան, որոնց հայ լինելու մասին քչերին է հայտնի՚, - գրում է Մադրիդի Madridpress առցանց պարբերականը։

Վավերագրական ֆիլմի հերոսները տարբեր երկրներում բնակվող հայ քաղաքական և հասարակական գործիչներ են, այդ թվում նաև` ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրն ու երգչուհի Ռոզի Արմենը, ջութակահար Արա Մալիքյանը, հայտնի հայ երաժիշտ Արտո Թունջբոյաջյանը, փորձարկող-օդաչու Ռուբեն Եսայանը։

ՙՀայկական՚ շարքը փակում են աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը, ռեժիսոր Ռոբերտ Գեդիկյանը, գործարար Դավիթ Յանը և Ռուբեն Վարդանյանը, բևեռախույզ Արթուր Չիլինգարովը, պատմաբան Հայկ Դեմոյանը, պրոֆեսոր Կլոդ Մութաֆյանը, հայտնի խոհարար Արմեն Պետրոսյանը, Լիբանանի նախկին նախագահ Էմիլ Լահուդը, Փարիզի քաղաքապետ Ան Հիդալգոն և այլն։ Այս ֆիլմը Հայոց ցեղասպանության կամ Ղարաբաղյան հակամարտության մասին չէ, սակայն այստեղ պատմվում է նաև հայ ժողովրդի պատմության այս իրադարձությունների մասին։ Ֆիլմում հայտնի հայ հերոսների միջոցով ներկայացվում են նաև Հայաստանի գեղատեսիլ վայրերն ու համեղ խոհանոցը։ ՙԱրարատի ստվերը՚ ժողովրդի պատմության մասին է, փոքրիկ քրիստոնեական կղզյակի, որին չի կարողացել կոտրել ոչ ժամանակը, ոչ ողբերգությունը։ Հայաստանն այն եզակի երկրներից է, որը գոյություն է ունեցել աշխարհի քարտեզների վրա 5 հազար և ավել տարի առաջ և որը գոյություն ունի մինչ օրս։ ՙԱյն ժամանակ Հայաստանի կողքին բազմաթիվ երկրներ կային, օրինակ, Միջագետքը, սակայն այսօր, ի տարբերություն Հայաստանի, դրանք այլևս չկան քարտեզի վրա՚, - գրում է մադրիդյան պարբերականը։ Նախագծի գաղափարն առաջացել է Մոսկվայում, 2015 թվականի գարնանը, մայրաքաղաքի հյուրանոցներից մեկում։ Հենց այստեղ  ֆիլմի ռեժիսորը ծանոթացել է հայ միլիարդատեր-բարերարի հետ, ով առաջարկել է նրան Հայաստանի մասին ֆիլմ նկարահանել։ Բարերարը ցանկացել է գաղտնի մնալ, այդ պատճառով նրա անունը լայն հասարակությանը հայտնի չէ։ Նկարահանումներն սկսվեցին 2015 թվականի աշնանը և անցկացվեցին Հայաստանում, Իսպանիայում, Թուրքիայում, Ֆրանսիայում, Լիբանանում, Ռուսաստանում և Իսրայելում։

 

armeniasputnik.am

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.