Logo
Print this page

ՏՊԱԳԻՐ ԳՐՔԻՆ ՄԱՅՐԱՄՈՒՏ ՉԻ ՍՊԱՌՆՈՒՄ

Ստեփանակերտի Մուրացանի անվան քաղաքային գրադարանի տնօրինությունը գիրք նվիրելու օրը նշելու համար այս անգամ հետաքրքիր ձեւաչափ էր ընտրել` հանդիպում գրող, թարգմանիչ, հրատարակիչ, բանասիրական գիտությունների թեկնածու Հրանտ Ալեքսանյանի հետ:

Այս առիթով փետրվարի 18-ին գրադարանի համակարգչային սրահում հավաքվել էին գրքի սիրահարներ, ընթերցողներ, մտավորականներ: 

Բացելով միջոցառումը` գրադարանի տնօրեն Մարիա Խաչատրյանը խոսեց գրքի, գրականության նշանակության, օրվա խորհրդի մասին, ընդգծելով, որ այն արդեն ավանդույթ է դարձել. գրեթե մեկ տասնամյակ է, ինչ խորհրդանշական ընտրված Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը հանրապետությունում կազմակերպվում են տարբեր միջոցառումներ:

Արձակագիր, լրագրող Նվարդ Ալեքսանյանն իր ելույթում ասաց, որ Հրանտ Ալեքսանյանն Արցախի գրական ընտանիքի հետաքրքիր ներկայացուցիչներից է` ուրույն ձեռագրով, ստեղծագործական կուռ համակարգով, բանաստեղծական հավատամքով ու գեղագիտական սկզբունքներով: Բանախոսը նշեց, որ բանաստեղծը որպես հրատարակիչ մեծ գործ է կատարում` գրասեր հասարակությանը թարգմանաբար ներկայացնելով համաշխարհային գրականության լավագույն գործերից, որոնց ընթերցողն սպասում է: 

Գրադարանի ընթերցողները կարդում են Հրանտ Ալեքսանյանի ստեղծագործություններից: 

ՙԱրվեստը նախեւառաջ գեղագիտական խնդիրներ է լուծում: Ունեցել ենք մեծեր, ովքեր ժամանակի խնդիրներին չեն արձագանքել, այլ լուծել են գեղագիտական խնդիրներ, որոնք եւս պակաս կարեւոր չեն: Բայցեւայնպես գրողի խոսքը շատ անգամ պետք է լինում ազգի ցավը սփոփելու համար,- իր ելույթում ասաց Հրանտ Ալեքսանյանը:-Խորհրդային շրջանում տպագրական նման բում չի եղել: Եղեք հանդուգն, համարձակ ձեր նախասիրությունների մեջ, ընթերցանությամբ հարստացրեք ձեր հոգեւոր աշխարհը՚: 

Այնուհետեւ գրողը կարդաց իր նոր բանաստեղծություններից, գրքեր նվիրեց քաղաքային գրադարանին եւ ակտիվ ընթերցողներին:

Մեր ճեպազրույցը Հ. Ալեքսանյանի հետ:

-Պարոն Ալեքսանյան,  Ձեր խոսքը գիրք-ընթերցող կապի եւ օրվա խորհրդի առնչությամբ:

-Նախ, հրաշալի նախաձեռնություն է, քանի որ վերջին ժամանակներում տարբեր սոցիալական, քաղաքական, տնտեսական տեղաշարժերով պայմանավորված, հոգեւոր աշխարհում տեղի է ունենում որոշակի նահանջ, տեղատվություն, ուստի պետք է մտածել մեր հոգեւոր արժեքները պատշաճ բարձրության վրա պահելու մասին, եւ ընդհանրապես մեր հոգեւոր հարստությունը, որ ժողովրդի սեփականությունն է, մշտապես պահպանելու խնդիրը ծառացած է մտավորականության ուսերին: Եվ նախաձեռնությունը գովելի է այն առումով, որ առիթ է լինում հիշելու, թե ինչ է գիրքը, ինչ նշանակություն ունի եւ, որ այն դեռ երկար կպահպանի իր հոգեւոր դերակատարությունը, եւ մենք պետք է առիթներ եւ հնարավորություն ունենանք, որպեսզի գնահատենք գրքի արժեքը եւ գրքով առաջնորդվելու արվեստը, որին մեր ժողովուրդը տիրապետել է իր գոյության ընթացքում, եւ այս արժեքները պահպանելու միտում ունեն նման միջոցառումները: 

-Այսօր ընթերցողն ավելի շատ օգտվում է էլեկտրոնային գրքերից...

-Այո, այդ երեւույթը բնորոշ է բազմաթիվ երկրների, ամեն տեղ նույն մտահոգությունը կա, որ տպագիր գիրքը հետ է մղվում, որ ընթերցողների մեծ մասը տեղաշարժվել է դեպի համացանցը: Ես կասեի, որ խնդիրն առաջին հերթին, տեխնիկական բնույթի է. կապ չունի, թե ընթերցողը ինչ տարբերակով կկարդա` էլեկտրոնայի՞ն, աուդիո՞, մագաղաթի՞, թե՞ սկավառակների վրա, վերջին հաշվով, կարեւորն ընթերցելն է, իսկ տպագիր գիրքն առավելագույնս հարմարավետ է տեղեկատվություն ստանալու համար: Ես, լինելով ոչ միայն տպագիր գրքի ջատագով, այլեւ հրատարակիչ, օգտվում եմ համացանցից, որովհետեւ այսօր բազմաթիվ գրքեր դրվում են էլեկտրոնային համակարգում, այսինքն ժամանակակից ընթերցողը միջոցների ընտրության հարցում լայն հնարավորություն ունի, եւ դա նրա առավելությունն է: Ուրիշ հարց, թե տպագիր գիրքն ինչպիսի ապագա կունենա: Իմ տեսակետը հետեւյալն է, որ մշակութային արժեքները, այդ թվում տպագիր գիրքը, նույնիսկ ձեռագիր գիրքը, պահպանվում են, երկար կուղեկցեն մարդուն: Իմ կարծիքով, տպագիր գրքին մայրամուտ չի սպառնում:

-Հիմա, կարծես թե, ընթերցողական շրջանում գրքին մոտենալու միտում է նկատվում:

-Այո, վերջին տարիներին գիրքը դարձել է ավելի պահանջված: Երբ ինֆորմացիան բազմազան է դառնում, ինչ-որ միջոց մղվում է հետին պլան: Գեղարվեստական գրականությունը վերջին 4-5 դարերի ընթացքում հասարակության համար եղել է ինֆորմացիայի կարեւորագույն աղբյուր: Այսօր պարտադիր չէ, որ ընթերցողին ստիպես Դոստոեւսկի կամ Թումանյան կարդալ տպագիր գրքից: Գեղարվեստական գրականության հանդեպ հետաքրքրության մարումը եւս ունի իր դրդապատճառները. մարդը  տանը նստած կարողանում է առնչվել արվեստի այլ ճյուղերին, իր հոգեւոր պահանջմունքները բավարարել տարատեսակ աղբյուրներից: Այսինքն, գիրքը` որպես տեղեկատվության գլխավոր աղբյուր, կորցրել է իր դերակատարությունը: Սա ժամանակին բնորոշ երեւույթ է, եւ այսօր գրողի եւ հրատարակչի առաջ կանգնած է հետեւյալ խնդիրը. այնպիսի գրքեր ստեղծել, գրել, հրատարակել, որ հնարավոր չլինի անտեսել: Արժեքավոր նյութը բոլոր ժամանակներում պահանջված է լինելու: Մարդը երբեք չի կորցնելու գեղարվեստական գրականության հանդեպ իր հետաքրքրությունը: Մարդն այսօր գտնվում է մշակութային միջավայրում, եւ ինքն իրենից օտարվել չի կարող:

-Քանի որ այսօր գիրք նվիրելու օրն է, ի՞նչ գիրք կցանկանայիք նվեր ստանալ:

-Այսօր հրատարակվում է հրաշալի ժամանակակից գրականություն: Կուզենայի նվեր ստանալ նաեւ հնատիպ գրքեր, որոնց անունները ես լսել եմ, կարդացել եմ մեկնաբանությունները: Սա վերաբերում է մեր հոգեւոր գրականությանը, Հայաստանի պատմությանը, համաշխարհային մշակույթին, սրանք գրքեր են, որոնք գոյություն ունեն Հայաստանից դուրս: 

 

Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.