ՄԵՐ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ԱՄՈՒՐ ՊԱՏՎԱՐԸ
Փետրվարյան օրերի շարքում արցախցիներիս համար իր ուրույն տեղն ունի ամսույս 21-ը, որը միջազգային մակարդակով նշվում է որպես Մայրենի լեզուների իրավունքների ճանաչման և գործածությանն աջակցման օր, իսկ մեր տոնացույցում` ուղղակի Մայրենիի օր:
Եթե աշխարհի ժողովուրդների համար մայրենին արժևորվել է ընդամենն անցյալ դարի կեսերին` քաղաքական այն պայքարի հավերժացումով, որը մղվել է բենգալերենն առանձին և պետական լեզու ճանաչելու համար, որի հետևանքով Դաքքայում ոստիկանների կրակոցներից սպանվեցին մի խումբ երիտասարդներ, ապա հայերիս մոտ լեզվի համար պայքարն սկսվել է դեռևս 5-րդ դարում, երբ մեր ժողովուրդը ճակատամարտ էր տալիս հավատի ու հայերենի, ասել է թե` ինքնության պահպանման համար: Իսկ նրա արցախյան հատվածը 20-րդ դարավերջին` 1988թ. փետրվարին սկսած Շարժումով դեռ պայքարում էր իր այդ իրավունքի համար:
Ի նշանավորումն Մայրենի լեզվի օրվա` Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարության լեզվի տեսչությունն ամեն տարի հայտարարում է Մայրենիի միամսյակ:
Միամսյակի շրջանակներում հանրապետության ուսումնական հաստատություններում` մայրենիի ուսուցանման, տարածման, զարգացման, քարոզման ամենազանգվածային օջախներում կազմակերպված տարաբնույթ միջոցառումները` ցերեկույթներ, շարադրությունների, պատի թերթերի, ասմունքի մրցույթներ, ինտելեկտուալ խաղեր, գրական ընթերցումներ, ձեռքի աշխատանքի ցուցահանդեսներ և այլն, մեծ լիցք են հաղորդում մայրենիին ու բովանդակություն` տոնին:
Արցախի պետական համալսարանն ամեն տարի մեծ շուքով է նշում Մայրենիի օրը: Ընթացիկ տարին էլ բացառություն չէր: Բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի ամբիոնի նախաձեռնությամբ և բաժնի ուսանողների մասնակցությամբ փետրվարի 21-ին կազմակերպված միջոցառումը սիրո ու հարգանքի, մեծարման, հավատարմության տուրք էր առ մայրենին: Ներկա էին Արցախի Հանրապետության ԿԳՍՆ լեզվի տեսչության պետ Արտակ Ղուլյանը, ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը, պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներ, հյուրեր:
Բացման խոսքով հանդես եկավ հայոց լեզվի ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու Նունե Խաչատրյանը, ով ներկայացրեց տոնի պատմությունը, օրվա խորհուրդը, հայերենի դերը մեր ազգի գոյատևման գործում: Նա կոչ արեց պահել և պաշտպանել մեր լեզուն, քանզի կորցնել մայրենին` նշանակում է կորցնել ազգայինն ու պետականությունը, իսկ մայրենիի ուրացումը հավասարազոր է հայրենիքի դավաճանության: Բացի այն, որ մշտապես պարտավոր ենք գիտակցել դա, պետք է նաև հետևողական պայքար մղենք լեզվի անաղարտության պահպանման համար: ՙՄայրենիի նկատմամբ ամեն ոտնձգություն պետք է համարել ոտնձգություն ներկայի և ապագայի դեմ, մեր ինքնության դեմ՚,-ասաց բանախոսը:
Ուսանողները ներկայացրին գրական-գեղարվեստական կոմպոզիցիա, որում հայ բանաստեղծների, մեծերի տողերով փառաբանեցին մեր մայրենին: Ներկաները մեկ անգամ ևս ըմբոշխնեցին մեր ոսկեղենիկ մայրենիի գեղեցկությունը, շքեղությունը, իմաստնությունը:
Օրվա կապակցությամբ ներկաներին շնորհավորեց և միջոցառման կազմակերպիչներին շնորհակալություն հայտնեց Լեզվի տեսչության պետ Արտակ Ղուլյանը` նշելով, որ մայրենիի անաղարտության պահպանումը յուրաքանչյուրիս ամենօրյա պարտքն է: Փետրվարի 21-ը կրկին առիթ է սթափվելու, մտածելու դարերով պահպանված և մեզ ժառանգված ոսկեղենիկ հայերենը պահպանելու և այն մեր սերունդներին փոխանցելու մասին:
Մայրենին անաղարտ պահելու գործում ունեցած ավանդի համար Լեզվի տեսչության պատվոգրով պարգևատրվեցին ԱրՊՀ հայոց լեզվի ամբիոնի դասախոսներ Նունե Խաչատրյանը, Վեհանուշ Սարգսյանը, խորհրդանշական նվերներով` հայոց լեզվի ամբիոնը, համալսարանը:
Մայրենիի միամսյակն ամեն տարի ամփոփվում է որևէ կրթօջախում: Այս տարի այն տեղի ունեցավ Ստեփանակերտի Ա. Ղուլյանի անվան հ. 2 հիմնական դպրոցում: Ներկա էին ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանը, համակարգի պատասխանատուներ, դպրոցների ներկայացուցիչներ: Հայերենի անաղարտության, զարգացման, տարածման գործում ունեցած ավանդի համար մայրենիի մի խումբ նվիրյալներ Լեզվի պետական տեսչության կողմից ևս արժանացան պարգևների:
Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ