Logo
Print this page

ՄԵՐ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ԱՄՈՒՐ ՊԱՏՎԱՐԸ

Փետրվարյան օրերի շարքում արցախցիներիս համար իր ուրույն տեղն ունի ամսույս 21-ը, որը միջազգային մակարդակով  նշվում է որպես Մայրենի լեզուների իրավունքների ճանաչման և գործածությանն աջակցման օր, իսկ մեր տոնացույցում` ուղղակի Մայրենիի օր:

Եթե աշխարհի ժողովուրդների համար մայրենին  արժևորվել է ընդամենն անցյալ դարի կեսերին`  քաղաքական այն պայքարի հավերժացումով, որը մղվել է բենգալերենն առանձին և պետական լեզու ճանաչելու համար, որի հետևանքով Դաքքայում ոստիկանների կրակոցներից սպանվեցին մի խումբ երիտասարդներ, ապա հայերիս մոտ լեզվի համար պայքարն սկսվել է դեռևս 5-րդ դարում, երբ մեր ժողովուրդը ճակատամարտ էր տալիս հավատի ու հայերենի, ասել է թե` ինքնության  պահպանման համար: Իսկ նրա արցախյան  հատվածը 20-րդ դարավերջին` 1988թ. փետրվարին սկսած Շարժումով դեռ պայքարում էր իր այդ իրավունքի համար:

Ի նշանավորումն Մայրենի լեզվի օրվա` Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարության լեզվի տեսչությունն ամեն տարի հայտարարում է Մայրենիի միամսյակ: 

Միամսյակի շրջանակներում հանրապետության ուսումնական հաստատություններում`  մայրենիի ուսուցանման, տարածման, զարգացման, քարոզման ամենազանգվածային օջախներում  կազմակերպված տարաբնույթ միջոցառումները` ցերեկույթներ, շարադրությունների, պատի թերթերի, ասմունքի մրցույթներ, ինտելեկտուալ խաղեր, գրական ընթերցումներ, ձեռքի աշխատանքի ցուցահանդեսներ և այլն,  մեծ լիցք են հաղորդում մայրենիին ու բովանդակություն` տոնին: 

Արցախի պետական համալսարանն ամեն տարի մեծ շուքով է նշում  Մայրենիի օրը: Ընթացիկ տարին էլ բացառություն չէր: Բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի ամբիոնի նախաձեռնությամբ և բաժնի ուսանողների մասնակցությամբ  փետրվարի 21-ին կազմակերպված  միջոցառումը սիրո ու հարգանքի, մեծարման, հավատարմության տուրք էր առ մայրենին: Ներկա էին Արցախի Հանրապետության ԿԳՍՆ լեզվի տեսչության պետ Արտակ Ղուլյանը, ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը, պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներ, հյուրեր:

Բացման խոսքով հանդես եկավ  հայոց լեզվի ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու Նունե Խաչատրյանը, ով ներկայացրեց տոնի պատմությունը, օրվա խորհուրդը, հայերենի դերը մեր ազգի գոյատևման գործում: Նա  կոչ արեց պահել և պաշտպանել մեր լեզուն, քանզի կորցնել  մայրենին` նշանակում է կորցնել ազգայինն ու պետականությունը, իսկ մայրենիի ուրացումը  հավասարազոր է հայրենիքի դավաճանության:  Բացի այն, որ մշտապես պարտավոր ենք գիտակցել դա, պետք է նաև հետևողական պայքար մղենք լեզվի անաղարտության պահպանման համար: ՙՄայրենիի  նկատմամբ ամեն ոտնձգություն պետք  է համարել ոտնձգություն ներկայի և ապագայի դեմ, մեր ինքնության դեմ՚,-ասաց բանախոսը: 

Ուսանողները ներկայացրին գրական-գեղարվեստական կոմպոզիցիա, որում հայ բանաստեղծների, մեծերի տողերով փառաբանեցին մեր մայրենին: Ներկաները մեկ անգամ ևս ըմբոշխնեցին մեր ոսկեղենիկ մայրենիի  գեղեցկությունը, շքեղությունը, իմաստնությունը:

Օրվա կապակցությամբ ներկաներին շնորհավորեց և միջոցառման կազմակերպիչներին շնորհակալություն հայտնեց  Լեզվի տեսչության պետ Արտակ Ղուլյանը` նշելով, որ մայրենիի անաղարտության պահպանումը յուրաքանչյուրիս ամենօրյա պարտքն է: Փետրվարի 21-ը կրկին առիթ  է սթափվելու, մտածելու դարերով պահպանված և մեզ ժառանգված ոսկեղենիկ հայերենը պահպանելու և այն մեր սերունդներին փոխանցելու մասին:

Մայրենին անաղարտ պահելու գործում ունեցած ավանդի համար Լեզվի տեսչության  պատվոգրով պարգևատրվեցին   ԱրՊՀ հայոց լեզվի ամբիոնի դասախոսներ Նունե Խաչատրյանը, Վեհանուշ Սարգսյանը, խորհրդանշական նվերներով`  հայոց լեզվի ամբիոնը,  համալսարանը:       

Մայրենիի միամսյակն ամեն տարի ամփոփվում է որևէ կրթօջախում: Այս տարի այն տեղի ունեցավ Ստեփանակերտի Ա. Ղուլյանի անվան հ. 2 հիմնական դպրոցում:   Ներկա  էին ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանը,  համակարգի պատասխանատուներ, դպրոցների ներկայացուցիչներ: Հայերենի անաղարտության, զարգացման, տարածման գործում ունեցած ավանդի համար  մայրենիի մի խումբ նվիրյալներ Լեզվի պետական տեսչության կողմից ևս արժանացան պարգևների: 

 

 

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.