[ARM]     [RUS]     [ENG]

ՊՈԵԶԻԱՆ ՄԱՔՐՈՒՄ Է ՄԱՐԴՈՒ ՀՈԳԻՆ

Փետրվարի 22-ին Ստեփանակերտի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ ասմունքի մանկապատանեկան 10-րդ մրցույթ-փառատոնի արցախյան փուլը, որին շրջաններից, քաղաքներից մասնակցեց 40 հոգի։

Մրցույթ¬փառատոնն այս անգամ նվիրված էր հայ գրականության երևելի ներկայացուցիչներ Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 98 և Մարո Մարգարյանի 100-ամյակներին։ 

Փառատոնի մեկնարկը տրվել է 2016¬ի դեկտեմբերի 5-ին, այն ընդգրկել է Հայաստանի բոլոր մարզերն ու Երևանը, Արցախը, Ջավախքը։ Հանրապետական եզրափակիչ փուլը տեղի կունենա Երևանում, մարտ ամսին։ Փառատոնի նպատակը խիստ արդիական է՝ փորձել մատաղ սերնդի ուշադրությունը բևեռել հայ գրականությանն ու պոեզիային, վեր հանել ասմունքի հարուստ ավանդույթները, մեկ անգամ ևս անդրադառնալ հայ գրական հարուստ ժառանգությանը։

Մրցույթի յուրաքանչյուր մասնակից իր ցանկությամբ ընտրում է պարտադիր երկու ստեղծագործություն վերոնշյալ գրողներից, որոնց տևողությունը չպետք է գերազանցի երկու րոպեն։

Արցախյան փուլի հանձնախմբի կազմում էին Երևանից Մարիետա Մակարյանը (փառատոնի ծրագրի հեղինակ և պատասխանատու քարտուղար), Գուժ Մանուկյանը (ՀՀ ժողովրդական արտիստ), Կարո Վարդանյանը (գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու), Արցախից` Վարդգես Բաղրյանը (գրող, ԼՂՀ ԱԺ պատգամավոր), Ռոմելա Դադայանը (մանկավարժ, ԼՂՀ ԱԺ պատգամավոր)։ 

Նշենք, որ մրցույթ¬փառատոնն անց է կացվում տարիքային երկու խմբով՝ 11-14 և 16-17, և երևանյան եզրափակիչ փուլի համար նախատեսված էր ընտրել 6 հոգու։

Մրցույթի արդյունքներով 11-14 տարիքային խմբում մրցանակային տեղեր են զբաղեցրել Արման Գրիգորյանը (Ստեփանակերտ, թիվ 7 դպրոց, 3-րդ մրցանակ), Լիլիա Սարուխանյանը (Ասկերանի շրջան, Այգեստան, 2-րդ տեղ), Տաթև Գրիգորյանը (Հադրութի շրջան, Ակնաղբյուր, 1-ին տեղ), 15-17 տարիքային խմբում` Յուրա Մարգարյանը (Ասկերանի շրջան, Խաչեն, 3-րդ տեղ), Ռոբերտ Մելիքյանը (Ստեփանակերտ, ռազմական վարժարան, 2-րդ տեղ), Վահե Գրիգորյանը (Մարտակերտի շրջան, Հաթերք, 1-ին տեղ)։ Վեց մրցանակակիրները պարգևատրվեցին ԼՂՀ ԿԳՍ նախարարության դիպլոմներով և դրամական պարգևներով։

ՙՀուզիչ ասմունք՚, ՙՀոգու ճիչ՚, ՙՊոեզիան իմ կյանքում՚ անվանակարգերում համապատասխանաբար հաղթող ճանաչվեցին Ռուզան Սահակյանը (Ասկերան, Նախիջևանիկ), Վահե Կնյազյանը (Ստեփանակերտ, ռազմական վարժարան), Անահիտ Ղահրամանյանը (Ստեփանակերտ, թիվ 7 դպրոց), որոնք պարգևատրվեցին ԼՂՀ ԿԳՍ նախարարության պատվոգրերով և թանկարժեք նվերներով։

Վարդգես ԲԱՂՐՅԱՆ.- Նման փառատոները հնարավորություն են տալիս երեխաներին ավելի մոտենալ հայ պոեզիային։ Շատ լավ է, որ երեխաները շփվում են բարձր պոեզիայի հետ, և միայն այն փաստը, որ որոշակի քանակությամբ անգիր են անում, դա շատ լավ է։ Գուցե և երեխաներից շատ բան պահանջելն էլ ճիշտ չէ, բայց կան բաներ, որ դպրոցում ուսուցիչները պետք է սովորեցնեն. ասենք` ուղղեն սխալ շեշտադրությունը, իջեցնեն պաթոսը, ավելորդ հուզականությունը։ Այս թերությունները  շտկել հնարավոր էր, և տպավորությունն էլ այլ կլիներ։ Իմ կարծիքով, մրցանակակիրները եզրափակիչ փուլին մասնակցելու համար պետք է ավելի լավ աշխատեն։ 

Ռոմելա ԴԱԴԱՅԱՆ.¬  Նման փառատոները հաճելի են, քանի որ երեխաները կապվում են պոեզիային, իսկ պոեզիան մաքրում է մարդու հոգին։ Այսօր տեղեկատվական տեխնոլոգիաները խանգարում են ընթերցանությանը, իսկ ուսուցիչը պարտավոր է հետաքրքրություն առաջացնել պոեզիայի նկատմամբ։ Լավ արտասանող երեխաներ շատ ունենք, բայց ճիշտ արտասանողներ՝ քիչ։ Իսկ այդ քչերի հետ պետք է աշխատել, հատկապես նման միջոցառումներից առաջ։ Մի այլ խանգարող հանգամանք էլ կա. դպրոցական հանձնախումբը ըստ իր ճաշակի և կարողությունների է ընտրում երեխային, շրջանայինը՝ իր ձևով, հանրապետականը՝ լրիվ այլ: Իմ կարծիքով նրբանկատ, զգույշ պետք է լինել, որ երեխայի հոգին չխաթարվի։ Կարևորն այն է, որ երեխան արտասանում է, կարդում է, պոեզիա է սիրում։ Բայց մյուս կողմից էլ հասկանում ենք, որ լավագույնների մեջ ընտրություն պետք է կատարվի։ Մենք ունենք մեծ ներուժ ասմունքը զարգացնելու համար։ 

Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ