ՄԵՐ ՄԱԵՍՏՐՈՆ
Արցախի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Գևորգ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ 70-ամյակի առթիվ
2004 թվականն էր: ՈՒրախառիթ լուր տարածվեց. դիրիժոր Գևորգ Մուրադյանն իր համախոհներով ժամանել է Ստեփանակերտ` Արցախում հիմնադրելու պետական կամերային նվագախումբ:
Դուք, Մաեստրո, հայաստանյան և միջազգային փորձով հմտացած ու վարպետացած, կյանքի բովում թրծված արվեստագետ, քաջ գիտակցում էիք, որ յուրաքանչյուր գաղափար, իղձ իրականություն է դառնում, երբ մեկտեղվում են տաղանդը, նվիրումը, անձնազոհությունը, ջանադիր աշխատանքն ու համառությունը: Եվ… մեկտեղվեցին:
Արցախցիները նվագախմբի անդրանիկ համերգը ողջունեցին ցնծությամբ և հպարտության անթաքույց զգացումով, իսկ Ձեր բաց, անկեղծ, անմիջական խոսքը և ուրախությունից փայլող աչքերը գերեցին բոլորին, ու հասկանալի դարձավ` ամեն ինչ լավ է լինելու:
Ապա իրար հաջորդեցին համերգներ` իրարից տարբեր, ինքնատիպ ու յուրօրինակ: Տարիների ընթացքում արցախցի հանդիսատեսն ունկնդրեց հայ և համաշխարհային դասական, նաև` ժամանակակից կոմպոզիտորների բազմազան ստեղծագործություններ, սովորեց ոչ միայն լսել, այլև ըմբոշխնել դասական երաժշտությունը, ընդ որում, նվագախումբն անընդհատ բարձրացնում էր իր նշաձողը երաժշտական ստեղծագործությունների ընտրության և որակի առումով, իսկ Դուք, Ձեզ հատուկ ներշնչանքով ու զգացմունքայնությամբ, նվագավարի կախարդական ձողիկը ձեռքին, նվագախումբ - երաժշտություն -դահլիճ եռամիասնության գլուխ անցած, առաջնորդում էիք ունկնդիրներին դեպի գեղեցիկի, վեհի աշխարհը` հոգու տոն պարգևելով պատերազմի արհավիրքներն ու կորստյան ցավը դեռևս չթոթափած արցախցիներիս:
Լինելով կյանքի փորձով իմաստնացած արվեստագետ, Դուք ՙէն գլխից՚ որդեգրեցիք տեղի ստեղծագործ ուժերի զարգացման ճիշտ ռազմավարություն: Ձեր նախանձախնդիր հորդորներով մայրաքաղաքի երաժշտական ուսումնական հաստատություններում բացվեցին լարային նվագարանների դասարաններ, ապա նվագախմբին կից ստեղծվեց պատանի ջութակահարների անսամբլը: Եվ մենք այսօր հպարտությամբ արձանագրում ենք, որ Արցախի պետական կամերային նվագախումբն ունի երաժիշտների և երկրպագուների նոր սերունդ` հերթափոխ, որը Ձեր նոր, գեղեցիկ մտահղացումների իրականացնողը պետք է դառնա: Շնորհիվ Ձեզ արցախցիները հյուրընկալեցին, ծանոթացան և ունկնդրեցին բազմաթիվ նշանավոր երգիչների, երաժիշտների, ասմունքի վարպետների, ովքեր համերգից հետո, հաճելիորեն զարմացած, ընդգծում էին, որ Արցախի հանդիսատեսն ունի դասական երաժշտություն լսելու հազվագյուտ մշակույթ, բարեկիրթ է ու ջերմ: Իսկ մենք հո գիտե՛նք, որ այդ ամենը Կամերային նվագախմբի և անձամբ Ձեր տարիների տքնաջան աշխատանքի արգասիքն է: Ինչու չէ, նաև Արցախի հանրային հեռուստատեսությամբ Ձեր հեղինակած ՙԴասական ալիք՚ հաղորդաշարի բարեբեր ազդեցությունը:
Արցախցին նաև հրճվանք ապրեց, երբ իմացավ, որ իր Կամերայինը հյուրախաղերով հաջողությամբ հանդես է եկել Նորվեգիայում, ՌԴ-ում, ԱՄՆ-ում` դառնալով Արցախի Հանրապետության մշակութային դեսպանն արտերկրում:
Այսօր, առաջին համերգից 13 տարի անց, կարող ենք վստահությամբ արձանագրել, որ Արցախի պետական կամերային նվագախումբը նոր շունչ ու բովանդակություն է հաղորդել մեր մշակութային կյանքին` դառնալով նրա ոսկե պսակը: Սակայն ակնհայտ է նաև, որ նվագախմբի կայացումն անկարելի կլիներ առանց Հայ բարեգործական ընդհանուր միության գործուն աջակցության և Արցախի իշխանությունների բարեխնամ վերաբերմունքի:
Անժխտելի ճշմարտություն է, որ յուրաքանչյուր բարեկիրթ հասարակության հոգևոր առողջության առաջին պայմանն առողջ մշակույթն ու արվեստն է, իսկ երկրի գեղագիտական պաշտպանական օղակը նրա լավագույն մտավորականներն են: Դուք Արցախի այն մտավորականներից եք, ովքեր իրենց գործունեությամբ նպաստում են արցախցու Հոգևոր հայրենիքի կերտմանը, քանզի երկիրը պաշտպանվում է ոչ միայն սահմանապահներով, այլև մշակույթով և արվեստով` Մաշտոց, Նարեկացի, Սարյան, Իսահակյան, Չարենց, Կոմիտաս, Սպենդիարյան, Խաչատուրյան, Բաբաջանյան… Ահա բոլոր ժամանակների մեր մշտարթուն սահմանապահները…
Մաեստրո, գիտցեք նաև, որ ապրելով ու ստեղծագործելով Արցախում, Դուք ևս զինվոր եք ու Ձեր պապերի կորցրած Խարբերդի կռիվն եք տալիս մեր սրբացած հողում և հաղթանակում եք` արարելով , ավերումի դեմ` ստեղծելով: Արցախ աշխարհը Ձեզ վաղուց իր զավակն է համարում, արցախցին` իր Մաեստրոն: Կարծում ենք` դեմ չեք լինի, եթե ասենք, որ Արցախը նաև Ձեր հայրենիքն է:
Դե, ուրեմն, ապրեք երկար և շարունակեք հոգևոր մաքրագործման ու ազնվացման Ձեր առաքելությունը: Կերտեք մեր ապագան` երիտասարդ երաժիշտների հերթափոխը, գուցե թե օրերից մի օր նրանց շարքերում մի նոր Գևորգ Մուրադյան ծնվի, և դա կլինի Ձեր և մեր ամենամեծ հաղթանակը:
Հուսանք և տոկանք:
Շնորհավոր ծնունդդ, Մաեստրո:
ՙԱզատ Արցախը՚ սիրով միանում է շնորհավորանքին:
Կարինե ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
ԼՂՀ մշակույթի վաստակավոր գործիչ