Logo
Print this page

ՈՒՇՈՒԻ ՄՐՑԱՇԱՐ՝ ՆՎԻՐՎԱԾ ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Արցախի քունգ-ֆու ուշուի ֆեդերացիայի նախագահ Նարեկ Ամբարյանի նախաձեռնությամբ փետրվարի 26-ին Մարտունի քաղաքում անցկացվեց ուշուի մրցաշար՝ նվիրված Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի հիշատակին։

Միջոցառմանը մասնակցում էր 10 թիմ, 200 մարզիկ՝ 6-ից բարձր տարիքային խմբերով։ Ընդգրկված էին Կամավոր ֆիզկուլտուրայի կենտրոնի (մարզիչներ՝ Դավիթ Գրիգորյան, Սայադ Բաղդասարյան), Ստեփանակերտի մանկապատանեկան մարզադպրոցի (մարզիչ՝ Բորիս Սարգսյան), ՙՎիկինգ՚ ակումբի (մարզիչ՝ Դավիթ Պետրոսյան), Մարտունու մարզադպրոցի՝ Գիշիի (մարզիչ՝ Համիկ Քոչարյան), Նոր Շենի, Հացիի, Աշանի (մարզիչ՝ Վարդգես Մանասյան) թիմերը։ 

Պաշտոնական բացման ժամանակ ելույթ ունեցավ Մարտունու շրջվարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի վարիչ Զորի Ղուլյանը: Նրա խոսքով` արցախցին ապրում է այնպիսի միջավայրում, որ պարտավոր է ուժեղ, հոգով ու մարմնով կոփված լինել։ Նա ընդգծեց, որ շրջանի ղեկավարությունը շահագրգռված է սպորտի մասսայականացմամբ՝ Մարտունու համայնքներում, աշխատանքներ է տանում այդ ուղղությամբ, և պատահական չէ, որ մրցաշարի մասնակիցների մեջ փոքր չէ  մարտունեցիների թիվը։

Մրցաշարին ցուցադրական ելույթով հանդես եկան ուշու¬թաոլու մարզաձևի մարզիկները (մարզիչ՝ Նանար Սարգսյան)։ Ցուցադրական ելույթից հետո տարբեր տարիքային և քաշային կարգերում հանդես եկան ուշուի զանազան մարզաձևերում  մարզվող մարզիկները։ Արդյունքում  34 հոգի գրավեցին 1-ին և 2-րդ տեղեր։ Մարզիչ Դավիթ Գրիգորյանը տեղեկացրեց, որ հաղթողներն ավելի շատ էին այն խմբերում, որոնք  ավելի մեծ փորձ ունեն, վաղուց են մարզվում։ Նա կարևորեց այն հանգամանքը, որ տարեցտարի ուշուն  ավելի լայն տարածում է գտնում համայնքներում. Գիշի համայնքից մրցաշարին ապահովվել է 20 մարզիկի մասնակցություն, իսկ Նոր Շենի թիմը ներկայացնող 8 մարզիկից 6-ը գրավել են մրցանակային տեղեր (այն դեպքում, երբ ընդամենը 1,5 տարի է, ինչ մարզվում են)։

Դ. Գրիգորյանը հատուկ շնորհակալություն հայտնեց բոլոր մարզիչներին, ում տքնաջան աշխատանքի շնորհիվ էլ հաջողվել է նման թիմեր ձևավորել և զարգացնել ուշու մարզաձևն Արցախում։

Մարտունեցիների համար այս մրցաշարը կարևոր է նաև նրանով, որ նվիրված է յուրաքանչյուր մարտունեցու պաշտամունքի առարկա Մոնթե Մելքոնյանին։ 

Դ. Գրիգորյանը տեղեկացրեց, որ առաջիկայում պատրաստվում են մասնակցել Երևանում կայանալիք  ՀՀ քունգ-ֆուի առաջնությանը, որի արդյունքների հիման վրա կկազմվի ՀՀ հավաքական թիմ՝ մարտի 18-19-ը  Եվրասիայի  գավաթի խաղարկությանը մասնակցելու համար։ Այն տեղի կունենա Վրաստանի մայրաքաղաքում։

 

 

Սրբուհի ՎԱՆՅԱՆ 

 

 

 

 

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.