[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐՑԱԽՑԻ ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ԵՐԿՐՈՐԴ ՄՐՑԱՆԱԿ ՇԱՀԵՑ

 Փարիզի միջազգային օն-լայն ՙLensCulture՚ հրատարակչությունը հրապարակել է իր կողմից անցկացվող ՙExsposure Awards՚ արդի լուսանկարչության ամենամյա մրցույթի արդյունքները:

ՙExsposure Awards՚-ը համարվում է ամենահեղինակային մրցույթներից արդի լուսանկարչական արվեստի աշխարհում: Մրցույթի ՙԱկնարկային լուսանկարչություն՚ անվանակարգում երկրորդ մրցանակն ստացավ արցախցի լուսանկարիչ Արեգ Բալայանը հայկական բանակի մասին լուսանկարների շարքի համար: Սև ու սպիտակ լուսանկարային նախագիծը ՙMOB՚ (Համընդհանուր զորահավաք) անվանմամբ երիտասարդ լուսանկարիչն սկսեց այն ժամանակվանից, երբ ապրիլյան պատերազմն Արցախում համընդհանուր զորահավաք հայտարարելու պատճառ դարձավ: Զորակոչվեց և ինքը` լուսանկարիչը: Հենց դիրքերում էլ ծնվեցին հայրենիքի սահմանները պաշտպանող, դժնդակ առօրյայով ապրող ու պայքարող հայ զինվորի մասին լուսանկարները: Այս լուսանկարներից ծնված շարքը նույն ՙMOB՚ անվան տակ ցուցադրված է Երևանի Միրզոյան լուսանկարչական գրադարանում: Այն բացվեց հոկտեմբերի 30-ին և ընթանում է առ այսօր: Անկրկնելի լուսանկարների հեղինակն ապրում է Ստեփանակերտում և որպես լուսանկարիչ համագործակցում է հայկական և արտասահմանյան տարբեր ԶԼՄ-ների հետ:

Ներկայացնում ենք Արեգ ԲԱԼԱՅԱՆԻ հետ մեր հարցազրույցը:-Նախ` շնորհավորում եմ նման լուրջ հաղթանակի համար: Ինչպե՞ս ծնվեցին այս լուսանկարները, ինչպե՞ս ստեղծվեց շարքը:

-Ապրիլյան գործողությունների օրերին ես նույնպես կամավորագրվեցի: Սահմանները պաշտպանելիս լուսանկարեցի այն, ինչ հուզում էր ինձ: Նկարում էի այն, ինչ  աչքս տեսնում էր: Իսկ շարքի գաղափարը հետո ծնվեց:

-Այսինքն, դու հարուստ նյութ ես հավաքել, ինչը հետո մտածելու, խորհելու, շարք ստեղծելու հիմք տվեց:

-Հա, այդպես էր: Օրինակ, երբ Երևանում ցուցահանդես կազմակերպեցին, գրադարանի կուրատորը` Կարեն Միրզոյանը, այդ լուսանկարներից ստեղծեց մի շարք, որն ուներ այդ օրերի մասին պատմության գծային կառուցվածք: Այսինքն, իր կազմած շարքն ինչ-որ խրոնոլոգիա ուներ` ժամանակային հաջորդականություն: Իսկ այս մրցույթում, որ հաղթել եմ, պայմանները խիստ էին, ընդամենը 10 լուսանկար կարող էի ուղարկել: Այս դեպքում ավելի շուտ իմ զգացմունքների վրա շարք հավաքեցի: Այսինքն, իմ հավաքած շարքում չկա ժամանակի շեշտում, ավելի շատ դեպի խորք գնացող զգացմունք, մտածմունք կա: 

-Իսկ մրցույթի մասին տեղեկություն ունեի՞ր:

-Ոչ, չգիտեի, որ նման մրցույթ է ամեն տարի կազմակերպվում: Իմ ընկերներիցս մեկը խորհուրդ տվեց մասնակցել: Ես էլ փորձեցի...

-Ու միանգամից` երկրորդ մրցանակ: Ի՞նչ զգացմունքներ ունեցար, երբ լուրը հասավ քեզ: 

-Շատ լավ էր: Մի փոքրիկ միջադեպ տեղի ունեցավ: Մինչև արդյունքների հրապարակումը մի շաբաթ առաջ նամակ ստացա, որ լավագույն 25 լուսանկարիչների մեջ եմ մտել: Իհարկե, դեռ չասացին, որերորդ տեղում հայտնվեցի: Բայց նշեցին, որ իմ մասին տեղեկություններն ընդլայնեմ, քանի որ եթե հայտնվում ես այդ 25 ֆինալիստների շարքում, դու ինքնաբերաբար ՙLensCulture՚-ի ցանցի մեջ ես հայտնվում, դառնում ես այդ ցանցի անդամ: Մի խոսքով, ասացին, որ տեղեկություններն իմ մասին ավելացնեմ, և այդ ամենն անելու համար ունեմ մոտ մեկ շաբաթ ժամանակ: Մի երեք օրից նորից նամակ ստացա, որ ես մրցույթում չեմ անցել, ու` շնորհակալություն մասնակցության համար: Զավեշտական և ինչ-որ չափով նյարդային պահ էր: Նամակ գրեցի կազմակերպչին` իրավիճակը պարզելու: Նա հավաստիացրեց, որ երկրորդ նամակը սխալմամբ են ինձ ուղարկել, իսկապես ֆինալիստների մեջ եմ: Իսկ մի քանի օրից հետո էլ նոր նամակ եկավ, որով հայտնվում էր, որ երկրորդ տեղն եմ գրավել: Ճիշտն ասած, չէի հավատում, չնայած ընկերս, ով օգնեց տեքստը կազմելու, թարգմանելու հարցերում, ասաց, որ շարքը շատ լավ է ստացվել և հաղթելու հույս կա: Մրցույթն ամեն տարի է կազմակերպվում մի քանի տարբեր ճյուղավորումներով: Մի ճյուղը հնարավորություն է տալիս պատմություններ ներկայացնել և այստեղ մինչև 10 լուսանկար կարող ես ուղարկել: Մյուսի դեպքում` ընդամենը մեկը կարող ես ուղարկել, երրորդի` հինգ նկար, սակայն, հնարավոր է, իրար հետ կապ չունեցող: Երեք տարբերակներն էլ առանձին մրցանակային տեղեր ունեն:

-Իսկ մրցանակակիրներին դրամական պարգևներ հասնո՞ւմ են:

-Այո, ֆինալիստները որոշակի պարգևներ էլ են ստանում: Իսկ մրցույթի ընդհանուր դրամական ֆոնդը կազմում է 20 հազար դոլար: Եվ այդ գումարի մեջ մտնում են բոլոր կարգի մրցանակները:

-Առիթից օգտվելով, կուզենայի, փոքր-ինչ խոսենք մինչև հիմա տևող քո ցուցահանդեսի մասին: Ինչպե՞ս ծնվեց այդ անվանումով ցուցահանդես կազմակերպելու գաղափարը:

-Ինչպես ասացի, զորակոչվեցի ապրիլյան դեպքերի ժամանակ: Ծառայությունս տանում էի հյուսիսային ուղղությունում: Ցուցահանդեսը Երևանում արեցի, կուրատորն էլ լուսանկարիչ-փաստավավերագրող Կարեն Միրզոյանն էր: Շատ ճանաչված հեղինակ է լուսանկարչային արվեստի աշխարհում: Գրադարանն ինքն է հիմնել ու իր անունով է կոչված: Հենց նա էլ ընտրեց ցուցահանդեսի համար նկարները: Ներկայացված էին երեսունից ավելի լուսանկարներ, ճեպանկարներ: 

-Կա՞ ցանկություն Արցախում նույն ցուցահանդեսը կազմակերպելու:

-Ցանկություն կա: Բայց տեխնիկական հարցեր կան, որ պետք է լուծվեն:

-Քեզ նորանոր հաջողություններ եմ մաղթում, ստեղծագործական էլ ավելի հարուստ գործունեություն:

-Շատ շնորհակալ եմ:

Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ