[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱ` ՆՎԻՐՎԱԾ ՄԱՅՐ ՕՐԵՆՔԻՆ

Փետրվարի 28-ին ՙԱրցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում՚ (ԱԵԳՄՄ) հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ և ԿԳՍ նախարարության աջակցությամբ կազմակերպվել է  դպրոցականների ՙՍահմանադրություն և իրավունք՚  խորագիրը կրող հանրապետական  օլիմպիադա, որին մասնակցել են  Ստեփանակերտի ու շրջկենտրոնների ավագ դպրոցների 11¬րդ և 12-րդ դասարանների թվով հիսուն աշակերտներ:

Հարկ է նշել, որ նմանատիպ մրցույթ մեր հանրապետությունում կազմակերպվում է առաջին անգամ: 

Միջոցառման անցկացմանը նյութական աջակցություն է ցուցաբերել բարերար Կարեն Սարգսյանը: Մայրաքաղաքի կրթօջախները ներկայացնող դպրոցականները հավաքվել էին Վ. Ջհանգիրյանի անվան 11-րդ ավագ դպրոցում: Նրանց ողջունել և մտահղացումը բարձր է գնահատել ԱՀ կրթության և գիտության փոխնախարար Արմեն Սարգսյանը, իր խոսքում նշել, որ ՙԱրցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորումը՚ կրթության, գիտության և ընդհանրապես հանրային կյանքի տարբեր բնագավառներում  մշտապես հանդես է գալիս հետաքրքիր ծրագրերով և արդեն պատկառելի փորձ ունի տարաբնույթ միջոցառումների կազմակերպման գործում: Հիշեցնելով, որ օրեր առաջ հանրապետությունում կայացած հանրաքվեին Արցախի բնակչությունը հաստատակամորեն ՙԱյո՚ է ասել նոր Սահմանադրությանը` փոխնախարարն անհրաժեշտ համարեց բարձր դասարանների աշակերտներին հանրապետությունում  տեղի ունեցող նման կարևոր իրադարձություններին մասնակից դարձնելը` ընդգծելով, որ մինչև կրթության ներկայիս համակարգին անցնելը, նրանց հասակակիցներն արդեն սովորում էին բուհերում: Փոխնախարարը հույս հայտնեց, որ այս բնագավառում ևս մեր դպրոցականները կցուցաբերեն կայուն գիտելիքներ: 

ԱԵԳՄՄ հիմնադիր, իրավաբանական գիտությունների թեկնածու Ա. Հարությունյանի տեղեկատվությամբ` մեկ փուլով կազմակերպված  օլիմպիադան անց է կացվել միասնական հարցաշարով, որը բաղկացած է 24 ստուգողական հարցերից և իրավական թեմայով շարադրություն գրելու առաջադրանքից: Հարցերը վերաբերում էին գլխավորապես Մայր օրենքին, պետության և իրավունքի պատմությանը: Առաջադրանքներ էին ներառված նաև  հասարակագիտության դպրոցական  դասագրքերից, կրթությանը, ընտանիքին, երեխայի (աշակերտի) իրավունքներին և պարտականություններին առնչվող օրենսդրությունից: Ընտրվել էին շարադրությունների երեք թեմաներ` ՙԻմ երազած ժողովրդավարական և իրավական Արցախը՚, ՙԻրավագիտության դասավանդման կարևորությունն ու  հիմնախնդիրները դպրոցում՚ և ՙՕրինապահ քաղաքացին՝ իմ ընկալմամբ՚ վերնագրերով: Հարցաշարի լրացման տևողությունը 90 րոպե էր: 

Ա. Հարությունյանի խոսքով` դեռևս դպրոցական տարիներին իր երազանքն է եղել իրավական թեմայով մրցույթի մասնակցելը, և ուրախ է, որ այսօր  հնարավոր է դարձել այն կազմակերպել աճող սերնդի համար: ՙԱյսպիսի օլիմպիադաներ կազմակերպվում են շատ երկրներում: Ես համոզված եմ, որ մեր հանրապետության աշակերտները պակաս գրագետ և ակտիվ չեն, և տվյալ դեպքում բոլորովին կապ չունի` աշակերտը միջազգայնորեն ճանաչվա՞ծ պետությունում է մեծանում, թե՞ ոչ,- մանրամասնեց նա: - Մեր նպատակն է բացահայտել ու զարգացնել իրավական առարկաների, իրավունքի ու օրենքի նկատմամբ աշակերտների հետաքրքրությունը, բարձրացնել սովորողների իրավական գիտելիքների մակարդակը, ինչու ոչ` փորձել նաև  նոր մտածողություն ձևավորել, զարգացնել սահմանադրական մշակույթը  և նրանց միջոցով հետագայում անհնարին դարձնել հակաիրավական վարքի ցանկացած դրսևորում՚: 

Նախաձեռնության հեղինակի համոզմամբ` խոստումնալից սկիզբը թույլ է տալիս նախանշել, որ  ապագայում մրցույթը կդառնա  ավանդական` ունենալով նախնական` շրջանային և եզրափակիչ` հանրապետական փուլեր: Ըստ նրա` այս անգամ աշակերտների ընտրությունը կատարվել է դպրոցներում: Օլիմպիադայի արդյունքներն ամփոփվելու են տասնօրյա ժամկետում: Մրցանակային տեղեր գրավածներին սպասվում է անակնկալ` դրամական պարգև և խորհրդանշական նվերներ բարերար Կ. Սարգսյանի կողմից: Հատուկ ուշադրության են արժանանալու նաև լավագույն շարադրությունների հեղինակները: Խրախուսվելու են նրանք, ովքեր  հետաքրքիր մտածողություն ունեն եւ այդ ուղղությամբ կարողություններ են ցուցաբերել։ 

Կարեւորելով ԱՀ Սահմանադրության ընդունմանը հաջորդած միջոցառման նշանակությունը՝ Ա. Հարությունյանը նաև հավելեց, որ իրենց ձեռնարկումը նպատակ ունի նաև աճող սերնդին նորովի ներկայացնել, մեկնաբանել և առավել ընկալելի դարձնել սահմանադրական արժեքները, օգնել, որ աշակերտները կարողանան իրենց գիտելիքներն ու կարողությունները առավել լիարժեք դրսեւորել ու իրացնել։

Օլիմպիադայի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը տեղադրվելու է Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորման www. aegmm.org կայքում։ 

Նունե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ