ՙԵՍ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆ ԵՄ՚
Հանդիսավորությամբ նշվեց մաեստրո Գևորգ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ 70¬ամյա հոբելյանը
Մարտի 1-ին մայրաքաղաքի Մշակույթի և երիտասարդության պալատի մեծ դահլիճում կայացած` Արցախի կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Գևորգ Մուրադյանի 70-ամյակին նվիրված համերգն իր հուզականությամբ, անկեղծ խոստովանություններով, դահլիճում տիրող մթնոլորտի ջերմությամբ հիրավի գարնան զարթոնքն էր ազդարարում: Եվ թեկուզ այդ երեկո երաժշտությունը, որպես այդպիսին, քիչ հնչեց, հետաքրքրությունն ու աշխուժությունը գնալով աճում էին, մթնոլորտը՝ թեժանում: Բայց ամեն ինչ՝ իր հերթով:
Գևորգ Մուրադյանն իր ստեղծագործական ուղին սկսեց հարազատ Երևանում, որտեղ և անցավ հասուն կյանքի կայացումը: Ավարտելով Երևանի կոնսերվատորիայի օպերային և սիմֆոնիկ դիրիժորության բաժինը՝ նա երկար տարիներ` 1974¬1990թթ., ղեկավարում էր Հայաստանի հեռուստառադիոյի սիմֆոնիկ նվագախումբը: Ընթացքում` 1986-87թթ., կատարելագործվել է Վիեննայի երաժշտական ակադեմիայի ասպիրանտուրայում: 1991-ին նշանակվել է Երևանի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր, իսկ 1995-ին` ֆիլհարմոնիկ երգչախմբի ղեկավար ու դիրիժորը: Աշխատել է Սուրբ Գևորգ Եկեղեցու և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եկեղեցական երգչախմբերի հետ: Դասավանդել է Երևանի կոնսերվատորիայի օպերային պատրաստման ամբիոնում: 2004-ին նշանակվել է Արցախի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր: 2009-ին արժանացել է ԼՂՀ վաստակավոր արտիստի կոչման:
Համերգը վարող` Արցախի հեռուստատեսության հաղորդավար Ծովինար Բարխուդարյանն իր անմիջական ու հումորով համեմված խոսքով միանգամից տոնական տրամադրություն ստեղծեց: Առաջինը շնորհավորելով հոբելյարին՝ նա խոստացավ նրան բազմաթիվ շնորհավորանքներ, անակնկալներ ողջ երեկոյի ընթացքում:
Առաջին անակնկալը հնչեց ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանի խոսքում. ՙՉգիտեմ, գարնան առաջին օրը ծնված լինելու հանգամանքը, թե մարդու Ձեր տեսակն է որոշիչը, բայց իրականում մեր մաեստրոն իր էությամբ զարթոնք և վերածնունդ է խորհրդանշում: Այդպիսի դերակատարություն և ազդեցություն ունեցավ նա մեր մշակութային կյանքում: Եկավ 2004 թվականին և իր հետ բերեց նոր շունչ, նոր հույսեր, նոր աշխատաոճ` այդ ամենին գումարելով և՜ տաղանդը, և՜ բարձր պրոֆեսիոնալիզմը՚: Այս տարիների ընթացքում, արդարացիորեն նկատել է նա, Գ. Մուրադյանի ստեղծագործական ընթացքին հետևելու և գնահատական տալու հնարավորություն են ունեցել ինչպես հազարավոր արցախցիներ, այնպես էլ Հայաստանից և արտերկրից ժամանած և նվագախմբի հետ համագործակցած շատ երաժիշտներ: Նախարարը շնորհակալություն հայտնեց, որ տարիներ առաջ մաեստրոն ընդունեց այդ կարևոր որոշումը և հետևողական աշխատանքով հասավ այս հանգրվանին: ՙՇնորհակալություն, որ այսօր մեզ հետ եք և շարունակում եք արարումի Ձեր սուրբ առաքելությունը.- հուզմունքը չթաքցնելով, ասաց Ն. Աղաբալյանը:- Դուք անմնացորդ նվիրումով եք վաստակել Արցախի ոչ միայն ժողովրդի, այլև իշխանությունների սերն ու հարգանքը: Ձեր ավանդը մեր մշակութային կյանքում միշտ էլ գնահատվել է ըստ արժանվույն՚: Նախարարն ուրախությամբ հայտարարեց Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հրամանագիրը` Արցախում երաժշտարվեստի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար և ծննդյան 70-ամյակի կապակցությամբ մաեստրո Գևորգ Մուրադյանին Արցախի ժողովրդական արտիստի կոչում շնորհելու մասին:
Հերթական շնորհավորանքն ու անակնկալը մաեստրոն ստացավ ԱՀ Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանից: Արցախում իր գործունեությամբ Գևորգ Մուրադյանին համեմատելով Գևորգ Մարզպետունու հետ, Ա. Ղուլյանն ասաց. ՙԴուք նույնպես այսօրվա Արցախի Գևորգ Մարզպետունին եք արվեստի և մշակույթի ոլորտում: Ես ուրախ եմ, որ Ձեր ճանապարհի հենց առաջին քայլերից ինձ բախտ է վիճակվել լինել Ձեր կողքին, որոշ դեպքերում էլ աջակցել՚: ԱԺ նախագահը կարևորեց Արցախում կամերային նվագախումբ հիմնելու և Գևորգ Մուրադյանին նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր նշանակելու ՀԲԸՄ-ի որոշումը և դա համարեց Սփյուռքում այդ հեղինակավոր կազմակերպության ամենահաջողված նախագծերից: ՙՇատ դժվար է Արցախում հիմնադրել նման գործ ու հաղթահարել ծագած դժվարությունները: Եվ ես ուրախ եմ, որ այդ հանրգվանին Դուք արժանացել եք Արցախի Հանրապետության ժողովրդական արտիստի կոչմանը: Սա մի ամբողջ թիմի աշխատանք է, որը ձևավորվել է Ձեր գլխավորությամբ, Ձեր անմիջական աշխատանքով: Ուզում եմ մեր բոլորի անունից սրտանց շնորհավորել և փաստել, որ Ստեփանակերտում, ընդհանրապես Արցախում, Գևորգ Մուրադյանի ղեկավարությամբ կամերային նվագախմբի համերգները շատ սպասված մշակութային միջոցառումներ են՚: Ի նշան երախտագիտության, Աշոտ Ղուլյանը մաեստրոյին հանձնեց իր շնորհավորական ուղերձը և վարդերի շքեղ փունջ:
Այնուհետև շնորհավորանքներին միացավ Արցախի պետական կամերային նվագախմբի տնօրեն, ԼՂՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր, դաշնակահար Սիմոն Սարգսյանը: Նա հետաքրքիր դրվագներ պատմեց մաեստրոյի առօրյայից, ապա նվագախմբի ողջ կոլեկտիվի և մանկական լարային նվագախմբի անունից շնորհավորեց և մաեստրոյին նվիրեց ՙկախարդական փայտիկը՚` դիրիժորի համար անբաժանելի, անփոխարիների մասնիկը:
Համերգին ներկա էր ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչի տեղակալ Հովհաննես Յորբեկյանը, ով բեմից շնորհավորեց Գևորգ Մուրադյանին, անչափ կարևորեց նրա գործունեությունը: Նա ՀԲԸՄ Հայաստանի ներկայացուցչության անունից ջերմ շնորհավորանքներ հղեց մաեստրոյի ծննդյան 70-ամյակի կապակցությամբ և նվիրեց փոքրիկ հուշանվեր` Արցախի Հանրապետությունում դասական երաժշտության զարգացման գործում ունեցած նրա վաստակի ու նվիրումի համար:
Անշուշտ, հոբելյանական երեկոյի անակնկալների շարքում իր ուրույն տեղն ունեցավ ՀԲԸՄ Հայաստանի նախկին ներկայացուցչության տնօրեն Աշոտ Ղազարյանի ուշագրավ ելույթը: Նա սրտանց շնորհավորեց մաեստրոյին` խոսոտովանելով, որ այսպիսի 70-ամյա երիտասարդ մաեստրո կյանքում չի տեսել: Օգտվելով առիթից, նա խոստովանեց, թե ինչպես ծնվեց Արցախում կամերային նվագախումբ հիմնադրելու գաղափարը և Գևորգ Մուրադյանին գեղարվեստական ղեկավար և դիրիժոր նշանակելու մասին պատմությունը, որը ոչ մի տեղ երբևիցե չի հնչել:
2004 թվականն էր, պատմում է Ա. Ղազարյանը, երբ ՀԲԸՄ-ի նախագահ պարոն Պերճ Սեդրակյանի հետ եկել էին Արցախ: Նրանք կատարում էին այցելություններ ՀԲԸՄ հովանավորության տակ գտնվող օբյեկտները: Ունենում էին հանդիպումներ, քննարկումներ իշխանությունների հետ: Մի հանդիպման ժամանակ պարոն Սեդրակյանն ասաց, որ ՀԲԸՄ-ն նաև կոչված է պահպանելու, զարգացնելու հայոց լեզուն, հայ մշակույթն աշխարհի բոլոր ծայրերում, և, ինչու չէ, ժամանակն է արդեն նաև պատերազմը հաղթած և պատերազմից վերականգնված Արցախում դա անել: Այդ պահին, վերհիշում է Ա. Ղազարյանը, իր մոտ ծագեց Արցախում կամերային նվագախումբ ստեղծելու գաղափարը, թեկուզև մտավախություն կար, որ հնարավոր է` չստացվի իրականացնել այն: Բայց գաղափարը ոգևորեց բոլորին, իսկ Արցախի իշխանությունները խոստացան իրենց կողմից հնարավոր միջոցներ տրամադրել: ՙԲոլորն ուրախացան, իսկ ես տխրեցի,- շարունակում է բանախոսը:- Մտահոգվեցի՝ ո՞նց պիտի անեմ: Հասա Երևան` մտքիս մեջ ունենալով Գևորգ Մուրադյանին: Որտեղ որ մի դժվար գործ կար, ո՞վ պիտի անի` Գևորգ Մուրադյանը… Մտածում էի՝ ինչպե՞ս պիտի հետը խոսեմ, համոզեմ… Խոսքի կեսը բերանումս Գևորգն ասաց` համաձայն եմ: Երեք ամսում նա հավաքեց 11 բարձրպրոֆեսիոնալ երաժիշտներից կազմված խումբ… Մարդիկ եկել էին նրանց ճանապարհելու ընտանիքներով… Այդ պահին մտովի հիշեցի, որ տարիներ առաջ նույն այս տեղում ավտոբուսներով զինվորների էինք ճանապարհում, զենքեր ուղարկում: Հիմա այդ զենքերը փոխարինվեցին երաժշտական գործիքներով… Աստծո կամոք և մաեստրոյի շնորհիվ սեպտեմբերի 11-ին հասանք Արցախ, և հիմնվեց նվագախումբ` 11 երևանցի և երկու տեղացի երաժիշտներից: 13 տարի անց նկարագիրն ուղիղ հակառակն է. այժմ ընդամենը 3 երևանցի երաժիշտներ են նվագախմբում: Այսինքն՝ բալանսը փոխվել է, և դա՝ շնորհիվ Գևորգ Մուրադյանի մեծագույն նվիրումի՚:
Հոբելյանական համերգին ներկա էր ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր, Կոմիտասի անվան քառյակի գեղարվեստական ղեկավար և առաջին ջութակ Էդուարդ Թադևոսյանը, ով իր աշակերտ, արցախցի ջութակահար Դավիթ Հակոբյանի հետ համերգի սկզբում շնորհավորեց մաեստրոյին՝ Բախի երկու ջութակների համար Կոնցերտի կատարմամբ: Հռչակավոր ջութակահարը բեմից շնորհավորեց հին ընկերոջը: Նա նույնպես հումորով համեմված դրվագներ պատմեց մաեստրոյի մասին ու անչափ կարևորեց Գևորգ Մուրադյանի՝ Արցախում իրականացվող առաքելությունը: Խորհրդանշական է, որ համերգի ընթացքում հիմնականում հնչեցին հայ կոմպոզիտորների` Առնո Բաբաջանյանի, Տիգրան Մանսուրյանի և այլ հեղինակների ստեղծագործություններ, դրանով իսկ էլ ավելի հարազատացնելով ու ջերմացնելով դահլիճում տիրող բարեկամական մթնոլորտը: Այս առումով նշենք Արցախի էստրադային նվագախմբի մենակատար Տաթևիկ Բալայանի ելույթը: Բաբաջանյանի հանրահայտ երգերից մեկի կատարումով նա իր շնորհավորանքն այդ ձևով մաղթեց մաեստրոյին։
Անշուշտ, այդքան ջերմ մաղթանքներից մաեստրո Գևորգ Մուրադյանը չէր կարող չհուզվել: Երախտագիտության իր խոսքն արտահայտելու համար հաճախ բարձրախոսին էր մոտենում: Բայց մաեստրոյի առատ մտքերի, հույզերի, իղձերի, մտահոգությունների մասին մենք կպատմենք առանձին հոդվածում, իսկ նրա մեծարման երեկոյի մասին այս հոդվածն ուզում ենք ավարտել նրա ելույթներից մեկում հնչած խոստովանությամբ. ՙԵս Արցախի Հանրապետության քաղաքացին եմ՚: Խոստովանություն, որ ծնվեց Արցախում 13 տարի անմնացորդ ու նվիրումով արված գործից և այն էլ ավելի եռանդուն կերպով շարունակելու պատրաստակամությունից:
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ