[ARM]     [RUS]     [ENG]

ՙԻՄ ՄԱՍԻՆ ԵՎ ՈՉ ՄԻԱՅՆ. ԿԱՏԱԿՈՎ ԵՎ ԼՈՒՐՋ՚

Բլոգեր,  ՙՔաղաքացիական նախաձեռնությունների կենտրոն՚ ոչ կառավարական կազմակերպության նախագահ Ալբերտ Ոսկանյանը հասարակության լայն շրջանակներին ներկայացավ ՙԻմ մասին և ոչ միայն. կատակով և լուրջ՚ գրքով, որը լույս է տեսել ռուսերեն լեզվով։ Մարտի 3-ին՝ Գրողների համաշխարհային օրը,  Մեսրոպ Մաշտոց Համալսարանում (ՄՄՀ) կայացավ ժողովածուի շնորհանդեսը։ 

 Ալբերտ Ոսկանյան անունը հայտնի է ոչ միայն մեր հասարակության լայն շրջանակներում, այլև սոցցանցերում որպես բլոգեր, ով պարբերաբար ներկայացնում է Արցախում կատարվող իրադարձությունները։ Մասնավորապես ՙԿավկազսկի ուզել՚ համացանցային ԶԼՄ-ում նա տեղադրում է  Արցախի անցուդարձը, հասարակական-քաղաքական իրավիճակը ներկայացնող նյութեր, ինչպես նաև հետաքրքիր ու բովանդակալից լուսանկարներ։ Աստիճանաբար նրա հոդվածները դարձան ակնարկներ, պատմվածքներ, որոնք նա  պարբերաբար հրամցնում է համացանցի օգտատերերին, լսում առաջին կարծիքները, գնահատականները։ Հարուստ կենսափորձն օգտագործելով՝ նա շարադրում է իր և մեր շուրջը կատարվող իրադարձությունները։ 

Գրքի  տպագրությանը նպաստել է ժողովածուի խմբագիր Աշոտ Բեգլարյանը։ Նրա կարծիքով՝ Ա. Ոսկանյանն ունի իր ասելիքը, որի համար հիմք են հանդիսանում հենց նրա հարուստ կենսափորձը, գործունեությունը տարբեր ենթակառուցվածքներում, իրավապաշտպան կառույցներում։ ՙԱռաջին քայլն արդեն արված է. մեր գրողների բանակը համալրվեց ևս մեկ անդամով։ Ա. Ոսկանյանը հասարակ բլոգներից կարողացավ անցնել հոդվածների, հետագայում պատմվածքների, ինչը շատ լուրջ քայլ է՚,-ասաց Ա. Բեգլարյանը։ ՙԻմ մասին և ոչ միայն. կատակով և լուրջ՚ ժողովածուն ընդգրկում է հոդվածներ, պատմվածքներ, ակնարկներ, որոնք շաղախված են հումորով-երգիծանքով։ Գիրքը չունի ընդհանուր միասնական թեմատիկա։ Խմբագրի  խոսքով՝ Ալբերտը  գրում է իր մասին, իր ընկերների, հարազատների և վերլուծություններ կատարում, գնահատականներ տալիս  հասարակական-քաղաքական գործընթացներին ու անհատական կարծիքն արտահայտում համամարդկային արժեքների վերաբերյալ։ 

ՄՄՀ  ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը ժողովածուն համեմատեց վերջերս հեղինակի կողմից լուսանկարված և սոցցանցերում տեղադրված ձնծաղիկի հետ, որ ձմռան ցուրտ օրերից հետո ջերմացնում է մեր հոգիները։ Գրքի շապիկը  ձևավորել է նկարիչ Լիանա Քոչարյանը։ Ա. Ոսկանյանը շնորհակալություն հայտնեց իրեն աջակցողներին, նաև ՙՍոնա՚ գրահրատարակչության կոլեկտիվին՝ գրքի տեխնիկական աշխատանքները կարճ ժամանակահատվածում կազմակերպելու համար։ 

Հեղինակի մուտքը գրական աշխարհ ողջունեցին ԼՂՀ գրողների միության ներկայացուցիչ Ժաննա Բեգլարյանը և մյուս փորձառու գրողները։ Նրանք  Ա. Ոսկանյանին  խորհուրդ  տվեցին հետագայում ավելի շատ ուշադրություն դարձնել գրելաոճի պատկերավորությանը, լեզվի գեղարվեստական առանձնահատկություններին, հերոսների հոգեբանությանը։ Պրոֆեսոր Սոկրատ Խանյանը մանրակրկիտ վերլուծեց գրքի բովանդակությունը, նշելով, որ հեղինակը բերում է փաստեր, որոնք առաջին անգամ են տպագրվում։ Շատ նյութեր ունեն նովելային ավարտ։ 

Ա. Ոսկանյանի գիրքը ընթերցվում է հեշտությամբ։ ՙՊարզ է, բայց ոչ պարզունակ, որովհետև այն ցավը, կսկիծը, հումորը, ուրախ նոտաները, որ զետեղված են գրքում, ընթեցողը սիրով ընկալում և իրենն է համարում։ Այո, հեշտ է կարդացվում, բայց հեշտ չի գրվել։ Հավատում եմ, որ Ալբերտը կշարունակի գրել, որովհետև այս նյութերը պարզ վերարտադրություն չեն՚,-հավելեց  Արցախի  գրողների ընտանիքի   նահապետ Մաքսիմ Հովհաննիսյանը։ 

Դժվար է ասել, թե ով է գրքի հերոսը, սակայն յուրաքանչյուր մարդ էլ կարող է իրեն այստեղ գտնել, այսինքն՝ հերոսը մեզանից յուրաքանչյուրն է։

 

Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ