ՙԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԿԱՆԳԱՌ՚-Ի ՎԵՐՋԻՆ ԿԵՏԸ` ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
Մարտի 5-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատի մեծ դահլիճում տեղի ունեցավ Հայաստանի պետական ջազ-նվագախմբի համերգը` Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ:
Ստեփանակերտյան համերգը, ասում է Արմեն Հյուսնունցը, ՀՀ մշակույթի նախարարի կողմից հովանավորվող ՙԵրաժշտական կանգառ՚ նախագծի հարավային ուղղությամբ կազմակերպված վերջին կետն էր: Ներկա էին Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը:
Չենք չափազանցնի, եթե ասենք, որ ջազային երաժշտության սիրահարների համար երեկոն վերածվեց իսկական տոնի: Բարձր պրոֆեսիոնալ երաժիշտների կատարմամբ հնչեցին Չիկ Կորեայի, Ստիվ Ուանդերի, հանրահայտ այլ հեղինակների դասական ջազային կոմպոզիցիաներ, այս ոճում գրված հայ կոմպոզիտորների` Առնո Բաբաջանյանի, Կոնստանտին Օրբելյանի, Արտեմի Այվազյանի, Ռոբերտ Ամիրխանյանի հանրահայտ ու սիրված երգեր: Իրենց կատարողական հմտությամբ փայլում էին նվագախմբի թե՜ երաժիշտները, թե՜ երգող մենակատարները: Շաբաթվա վերջին օրվա ինչպիսի՛ հիանալի ավարտ:
Ներկայացնում ենք Արմեն ՀՅՈՒՍՆՈՒՆՑԻ` համերգից հետո լրագրողներին տված հարցազրույցը:
-Պարոն Հյուսնունց, ինչպիսի՞ ճանապարհ է անցել Հայաստանի պետական ջազ-նվագախումբը և ե՞րբ այն սկսեցիք ղեկավարել Դուք:
-Նվագախումբը պետական կարգավիճակ է ստացել 1938 թվականին: Այդ տարիներին նվագախումբը ղեկավարել է և հիմնադիրն է համարվում Արտեմի Այվազյանը, իհարկե, ոչ առանց շեփորահար Ցոլակ Վարդազարյանի աջակցության: Եվ հենց առաջին տարիներից շատ մեծ համբավ ձեռք բերեց և ճանաչում վայելեց ամբողջ Սովետական Միությունում: Այնուհետև նվագախումբը ղեկավարել է Կոնստանտին Օրբելյանը` մոտ 36 տարի: Նա էլ ավելի բարձրացրեց նվագախմբի ռեյտինգը` մեծ հաջողությամբ հանդես գալով նաև արտասահմանյան երկրներում, ընդհուպ մինչև ջազի հայրենիք` ԱՄՆ, կարծեմ, դա եղել է 1974 թվականին: Հետո եկան ծանր տարիներ: Շատ կարճ ընդմիջում ունեցավ նվագախումբը 90-ական թվականների սկզբներին: Եվ 1997-ին այն ժամանակվա նախարար Արմեն Սմբատյանի նախաձեռնությամբ խումբը վերակազմավորվեց արդեն կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանի ղեկավարությամբ: Այդ թվականներին Արմեն Մարտիրոսյանը, Արթուր Ասատրյանը, ովքեր այժմ էլ ներկայացնում են խումբը. որպես պրոդյուսեր, և ես` որպես երաժշտական ղեկավար, հավաքեցինք նոր, բնականաբար, երիտասարդ կազմ, որն էլ առ այսօր փորձում է շարունակել այն հարուստ և բարի ավանդույթները, որոնք հիմնադրվել են դեռ 20-րդ դարի 30-ական թվականներին: Որպես գեղարվեստական ղեկավար աշխատում եմ արդեն 7-րդ տարին, բայց նվագախմբի հետ վաղուց եմ, էլ չեմ ասում, որ ինձ բախտ է վիճակվել նվագել մաեստրո Կոնստանտին Օրբելյանի նվագախմբում:
-Սա, փաստորեն, նվագախմբի առաջին ելու՞յթն է Արցախում:
-Ոչ, Արցախում նվագախումբը ելույթ է ունեցել Կոնստանտին Օրբելյանի հոբելյանական համերգների շրջանակում: Բայց դա բավականին վաղուց էր: Այո, մեծ դադարից հետո սա առաջին մեր ելույթն է նման համերգային ծրագրով:
¬Ինչպե՞ս ծնվեց ՙՄշակութային կանգառ՚ նախագծի գաղափարը։
-ՙՄշակութային կանգառ՚¬ը Հայաստանի մշակույթի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանի նախաձեռնությունն է: Եվ, ասեմ ձեզ, վաղուց հասունացած, սպասված պահանջ: Որովհետև մարզերը տարիներ շարունակ զուրկ են եղել նման մշակութային այցելություններից: Իսկ արտիստի համար շրջագայության գնալը պարզապես անհրաժեշտություն է: Շրջագայել` անպայման չէ արտասահման գնալ: Ամեն մի շրջագայություն մեր հրաշք երկրով մեկ՝ մի մեծ լիցք է, որ ցանկացած արտիստ դրա կարիքն ունի: Այո, համերգները անց են կացվում պետական աջակցությամբ, մեր նվազագույն ծախսերի հոգածությամբ:
-Նախագծի վերջին կանգառը Ստեփանակերտն էր, իսկ առաջինը՞:
-Մենք սկսեցինք Սիսիանից, մարտի 1-ին: Ստեփանակերտում տված համերգը հինգերորդն է: Ամեն օր ունենում էինք մեկ համերգ տարբեր վայրերում` Սիսիան, Գորիս, Խնձորեսկ, Կապան և այսօր Ստեփանակերտ:
-Ինչպե՞ս էին դիմավորում ձեզ:
-Շատ լավ: Ամեն տեղ մենք վայելում էինք հանդիսատեսի կարոտը, ջերմությունը, ճաշակը և ըմբռնումը, թե ինչ ես մատուցում և ինչ ես կատարում: Մեծ հույս ունեմ, որ այս շրջագայությունները պարբերաբար կլինեն: Մենք էլ մեծ պատրաստակամությամբ կպատրաստենք նոր ծրագրեր, նոր ելույթներ:
-Ակամա շոշափեցինք մի հարց, որ շատ հնչում է հայկական մամուլում: Գոյություն ունի՞ հայկական ջազ ձևակերպումը:
-Ճիշտն ասած, այդ ձևակերպումը բերում է վեճերի: Ավելի լավ է խուսափենք դրանից: Կրկնեմ, ջազը համաշխարհային երևույթ է: Ջազային մտածելակերպը կա, անշուշտ, առաջին հերթին, ամերիկյան ջազի տիպի մեջ: Անշուշտ, դա հատուկ լեզվամտածողություն է: Բայց ջազը ենթադրում է ազատություն, բարձր պրոֆեսիոնալիզմ և իմպրովիզացիա: Իսկ իմպրովիզացիան դարերի խորքից եկած մեր երաժշտության հիմքում է: Այսինքն, մեր երաժշտությունն ինքնին իմպրովիզացիոն երաժշտություն է: Ջազի այդ սկզբունքը շատ մոտ է հայկական ազգային երաժշտությանը: Իսկ ջազային երաժշտության մտածելակերպն ինչո՞վ է հետաքրքիր ու հարուստ: Նրանով, որ ինքն ընդունակ է հարմարվել ցանկացած ազգի էթնիկ երաժշտությանը:
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ