Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՄԱՐԳԱՐԵ ԲԱՆԱՍՏԵՂԾԸ

Ականավոր չարենցագետ Սուրեն Աղաբաբյանն, իր Հայաստանի պետական մրցանակի արժանացած  ՙԵղիշե Չարենց՚ երկհատորյա ուսումնասիրության առաջին մասում նշելով հայ դասական բանաստեղծների ստեղծագործությունների բուն էությունը բացող մեկնաբանական բառերի և պատկերների գործածությունները, Եղիշե Չարենցին բնութագրում է որպես ՙարևի ճանապարհի բանաստեղծ՚։ 

 Ուսումնասիրելով մեծ բանաստեղծի գրական ամբողջ ժառանգությունը, կրկին ու կրկին համոզվում ես, որ նա իր հզոր տաղանդի ուժով, թարմ ու անզուգական  պատկերներով ներկայացրել է իր ապրած ժամանակի ոգին ու դիմագիծը, մարդկային կյանքի փիլիսոփայությունն ու խորհուրդը և առանձնապես հայրենիքի ճակատագիրը։ Ուստի կարող ենք ընդգծել, որ անմահ բանաստեղծը ոչ միայն ազգային ճակատագրի երգիչ-մարգարեն է, այլև նրա զինվորն ու նահատակը։

Դժվար ու ողբերգական  ժամանակների ներկայացուցիչ է մեծանուն բանաստեղծը։ Նրա ծննդյան տարին՝ 1897-ը, սև ու արցունքոտ էր հայ ժողովրդի համար։ 1895-97թթ. Արևմտյան Հայաստանում, առանձնապես Վասպուրականում, մարդակեր  Սուլթան Համիդի կազմակերպած ջարդերին զոհ էին դարձել ավելի քան 300 հազար անմեղ հայեր։ Տագնապի մեջ էր նաև աշխարհին Չարենց ընծայած Կարսը, այն Չարենցը, որի պատանեկան տարիներին բանաստեղծական հյուսվածքներում ՙարևի դեղին լույսին՚ փոխարինեց մի ճամփա, ՙերբ մութ էր, ամպ ու մառախուղ՚։ Ու դեռևս իր ՙերազի ուղին՚ չսկսած, ինչպես ինքն է գրում, ՙԻնձ համար փոխվեց  ամեն, ամեն բան -Եվ ես կորցրի երազի ճամփան՚։ Ու արևային ապագա  երազող բանաստեղծը մտնում է իր ժողովրդի համար դալուկ, հուսահատ ու մռայլ  երկրային ճամփաները։ Սակայն բանաստեղծ Չարենցն իր նախորդ ու դեռևս ստեղծագործող մեծերի՝ Հ. Թումանյանի, Ավ. Իսահակյանի, Վ. Տերյանի, Սիամանթոյի, Վարուժանի նման շոյում էր Երկիր Նաիրի արևային հառնումի լեգենդը։ Նա կամավորական հայ զինվորների շարքում  1915-ին մեկնում է Արևմտյան Հայաստան, ականատես լինում ավերված այն երկրին, որտեղ հառնել էր մայր ժողովրդի կենաց ծառը, հաղթանակների աստղաբույլեր էին փնջել Արտաշես արքան ու Տիգրան Մեծը, որտեղ հայոց գրերն ու կանոններն  էին ծածանել Մ. Մաշտոցն ու Սահակ Պարթևը, ուր իրենց թուր-կեծակին էին փայլեցրել Սասնա ծռերը։

Մինչև 1915-ի սարսափելի իրադարձությունները պատանի Չարենցը տերյանական հոգևոր հայրենիքի շոշափելի երանգներով հյուսում է ՙԿապուտաչյա հայրենիք՚ պոեմը, որտեղ Մեծ Լոռեցու հնչերանգների կիրառությամբ ստեղծում է երազ-հայրենիքի գեղարվեստական կերպարը՝ որպես աննման սիրուհի, օրհնում նրա  աստվածային  հմայքը, նաև Աստծուն, որ հովանի լինի  իր ՙՋահել, իմաստուն, Հայրենի Հովիտ՚-ին։

Դաժան էին ժամանակները։ Հայրենիքի ողբերգական  կացությունն այնպես է խոցում բանաստեղծ-զինվոր որդու սիրտը, որ նա դիմում է պատերազմի և հաղթանակի հեթանոսված աստծուն՝ Վահագնին, ու կասկածում նրա գոյությանը, նրա ուժին և ցավով ճչում. ՙՄեր կյանքի հիմերն անդունդն ընկան, և արևոտ  միգում  ճարճատում են դեռ՚։ Անիծելով չար աշխարհի չար ուժերին, Չարենցը հնչեցնում է մի կողմից կորուսյալ հայրենիքի հանդեպ եղած հուսահատությունը, մյուս կողմից խարազանում մեր ոխերիմ թշնամիների անմարդկային էությունը.

 

Հրդեհի աստված, հրդեհ ու կրակ,

Օ, Վահագն արի,-տեսնում եմ ահա,

Որ ծիծաղում ու քրքջում են նրանք 

Արնաքամ ընկած դիակիդ վրա։ 

 

 Չարենցը ՙՍրբազան հայրենիքը՚ փրկելու հույսով, կամավորական ջոկատի հետ հասնում է Վան քաղաքի մատույցներին։ Հայրենիքի փոխարեն նրա առջև փռված էր արյունոտ կոտորածին զոհ դարձած երկիրը։ Ու ծնվում է նրա ՙԴանթեական առասպել՚ պոեմը, որը համարվում է ռազմական տպավորությունների աննախադեպ հուշագրություն։ Չարենցի մտորումներում խաչաձևվում են մարդու և ազգի գոյության հոգեբանական հարցադրումներն ու հոլովվում սեփական ժողովրդի գոյության խնդիրը.

 

Ինչո՞ւ է երազն այս աշխարհավեր

Կախվել մեր գլխին այսպես 

կուրորեն,

Ինչո՞ւ են փռում այսքան ցավ, ավեր,

Հողմերը այս չար ե՞րբ պիտի լռեն։

Եվ ո՞վ է լարում այսպիսի դավեր

Կյանքը դարձնում նզովյալ գեհեն։

 

Հայրենիքի զինվոր-բանաստեղծը լինում է պատերազմի տարբեր վայրերում, 1917-ին գրում է ՙԱզգային երազ՚ պոեմը, որը նույնպես առնչվում է ժողովրդի վտանգված  ճակատագրին, ենթաբնագրային արծարծումներով քննադատում կեղծիքն ու անարդյունք հայրենասիրությունը։

Չարենցը չէր դադարում իր հռչակավոր գրչակիցների հանգույն ազգային փրկության ճանապարհի հարցը հոլովելուց։ Այս հարցում  Չարենցն իրեն դրսևորեց որպես պայծառատես մարգարե։ Նա հայ ժողովրդի ազգային փրկության ճանապարհը տեսավ Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակի, ասել է թե՝ ռուս ժողովրդի հետ ունեցած բարեկամության մեջ, ու հրավառ հավատով գրեց. ՙԵվ ես գիտեմ, որ կգաս, մխիթարիչ ու պայծառ՚։ Պետք է նշել, որ Չարենցը հավատ էր ընծայել իր այս դավանանքին։ Նա Հոկտեմբերը համարեց ՙողջակիզվող կրակ՚ ու մասնակցեց նրա նվաճումների պաշտպանությանը՝ հանուն իր տառապած Հայաստան աշխարհի ազգային փրկության։ 

Այս գաղափարի գեղարվեստական  պատկերը հանդիսացավ  ՙՍոմա՚ (1918) քնարական պոեմը, որտեղ հայ բանաստեղծը հրապարակ է ելնում և հավատով դիմում հնդկական Արևի, Սիրո, ազատության Աստված Սոմային և ընդգծում, որ հրդեհվող ու այրվող չարացած աշխարհի մոխիրներից ճառագած ազատության արևի համար զինվորագրվել է նաև ինքը.

 

Կյանքս կմարի՝ հին, չնչին մի կայծ

Քո ոսկի հրում,

Բայց վառվի՛ պիտի սիրտս մոխրացած

Քո բոլոր գալիք արշալույսներում:

 

ՙՍոմա՚-ն հնչեց որպես ազատատենչության նախերգանք ՙԱմբոխները խելագարված՚ հերոսական վիպերգի համար։ Ցարիցինի տակ Կարմիր բանակի շարքերում մարտնչող բանաստեղծը վստահում ու հավատում էր, որ հին աշխարհի դեմ պատերազմող ամբոխները կարող են փոխել պատմության ընթացքը.

 

Եթե ուզեն՝ արեգակնե՛ր կշպրտեն երկինքն ի վեր,

Եթե ուզեն՝ վա՛ր կբերեն երկինքներից արեգակներ...

Եթե ուզեն՝ կամքով արի ու աշխարհի հրով վառված...

Ինչե՛ր միայն չեն կատարի ամբոխները խելագարված...

 

Ե. Չարենցի ուշքն ու միտքը իր տառապած ժողովրդի, արդեն կորուստների ցավ դարձած պատմական հայրենիքի հետ էր։ Պատահական չէր նրա ՙՈղջակիզվող կրակ՚ շարքը՝ գրված 1918-1920-ական թվականներին։ Կարմիր բանակային բանաստեղծի հոգում ու երգի մեջ դարձյալ մնում էր իր  երկիրն անսփոփ։ Արդի ցավով նա թղթին էր հանձնում աննինջ մորմոքը.

Եվ այս երգերը իմ կարմիր, ա՛խ, 

այս երգերը իմ կարմիր,

Որ երգում է անսփոփ սիրտս կրակուն-

Ինչպե՛ս պիտի արդյոք հնչեն, ա՛խ, 

այս երգերը իմ կարմիր-

Իմ ավերա՛կ, իմ ո՛րբ երկրում...

ՙՄահվան տեսիլը՚ 

հայրենասիրության ճիչ ու պատգամ է.

Թող ո՜չ մի զոհ չպահանջվի 

ինձնից բացի,

Ուրիշ ոտքեր կախաղանին 

թող մոտ չգան.

Եվ թող տեսնեն ի՛մ աչքերի մեջ 

կախվածի,

Իմ բորբ երկիր, լուսապսակ 

քո ապագան։

 

Չարենցը հանգում է Հայրենիքի համար զոհաբերության գաղափարին։ Անձնազոհությունը սերունդների անվտանգ գոյատևման երաշխիքն է։

Չարենցագիտությունը մեծ բանաստեղծի ստեղծագործության մեջ բազմաթիվ երանգներ է նկատել ու լուսաբանել, բայց մեկ է, դեռևս այնպիսի շերտեր ունի նրա գրական ժառանգությունը, որ հնարավոր չէ միանգամից բացահայտել և արժևորել։ Նա սովորական անհատականություն չէր, նա իսկ և իսկ հավաքական իր ժողովրդի հուզաշխարհի ու ճակատագրի խորհող ու արարող խորհրդանիշն էր։ Պատահական չէր հենց իր խոստովանությունը.

 

Իմ մոնումենտն հյուսեցի երգերից 

ես խոր ու կարգին,

Խոհերից, որ բորբ են ու նոր, 

որ կյանքն են կրում իրեն մեջ,

Որ հորդելով բխեցին 

իմ դարի բորբոքուն սրտից։

 

Տաղարանի վերջին՝ ՙԵս իմ անուշ Հայաստանի՚ հավերժածուփ օրհներգում ինչո՞ւ է դարձյալ ցավով ընդգծում.

 

Ինչքան էլ սո՛ւր սիրտս խոցեն 

արյունաքամ վերքերը մեր,

Էլի՛ ես որբ ու արնավառ 

իմ Հայաստան յա՛րն եմ սիրում։

 

Ահա, այս ՙորբ ու արնավառ՚ մակդիրն են, որ պիտի ուղեկցեին նոր Հայաստանին, և որը տեսնում էր Չարենցը մարգարեական պայծառատեսությամբ։ Եվ իրեն լենինյան դարի պատասխանատու ու հանճարեղ երգիչը համարելով հանդերձ, մի կողմից իրավապաշտական գույներով ՙէպիկական լուսաբաց՚ ժողովածուում հաստատում էր հասարակական նոր կեցությունը, մյուս կողմից՝ ՙԳիրք ճանապարհի՚ հավաքածուում սերունդներին կտակում ՙՊատմության քառուղիներով՚ շարքի հարցադրումները՝ անցյալի, ներկայի և ապագայի համեմատական գնահատումներում։ Առանձնապես 1936-ական թվականների հենց սկզբից մեծ բանաստեղծն զգում էր անհատի պաշտամունքի պատճառով ու թույլտվությամբ մոլեգնող քաղաքական մթնոլորտի մարդակերության մահարշավը, որի զոհերը դարձան հայ ժողովրդի նվիրյալ առաջնորդներից Աղասի Խանջյանը, հայ հանճարի աստղալույս խտացումներ Ակսել Բակունցը, Վահան Թոթովենցը, Զապել Եսայանը, Սիբիր աքսորվեցին Մկրտիչ Արմենը, Գուրգեն Մահարին, Վահրամ Ալազանը, Վաղարշակ Նորենցը և ուրիշ տաղանդներ։ Երևանի բանտում, խորհրդային կարգերի տոնակատարության օրը, սպանվեց Մեծն Չարենցը։

Քայլում ես  հայ ժողովրդի քաղաքամայր Երևանի հրապարակներով, իր անկախությունն  ու ազատությունն արյան գնով նվաճած Արցախի  մայրաքաղաքի նորակերտ պողոտաներով, հիացմունքով նայում բազմահարկ-տուֆակերտ շենքերին, անպայմանորեն սիրտդ շոյում, ուժ ու եռանդ են հաղորդում ժողովրդի աշխարհահռչակ բանաստեղծի խորհուրդ-կոչը. ՙՈվ հա՛յ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է՚։ 

 

Սոկրատ ԽԱՆՅԱՆ

Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր